Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆ - «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»
Արևմտահայերենից փոխադրեց Գայանե Անտոնյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – 2001
Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում անդրադառնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատկություններից մեկին` Մեծ պահքի կիրակիներին տրված առանձին անուններին: Հեղինակը բացատրում է յուրաքանչյուր կիրակիի մեջ խտացված իմաստը, ինչպես նաև ներկայացնում բոլոր կիրակիների ամբողջությունը: Գիրքը գրավում է գեղեցիկ, հյութեղ ու պատկերավոր լեզվով և մատչելի է ընթերցողների լայն շրջանակներին:
«Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ,
այլ՝ այն ամեն խոսքով,
որ դուրս է գալիս Աստծո բերանից»
Մատթեոս 4:4
Հայ Եկեղեցու ծիսակարգում պահոց օրերը շատ են: Այդ օրերին Եկեղեցին թելադրում է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվել բուսական կերակուրներով: Պահքի խորհուրդը, անշուշտ, չի սահմանափակվում միայն կերակուրների ու ըմպելիքների վրա ինչ-որ արգելքներ դնելով. պահոց օրերին Եկեղեցին պատգամում է սնվել նաև կենդանի հացով՝ Աստծո խոսքով: Այս առումով նշանակալի է Մեծ պահքի շրջանը՝ իր յուրահատուկ խորհրդաբանությամբ՝ հրավիրելով հավատացյալներին ինքնաքննության, զղջումի, ապաշխարության:
Մեր Եկեղեցու ծիսակարգում Մեծ պահքի շրջանը «ոսկե շղթա» է կազմում, ուր ամեն օղակ՝ կիրակի, ունի իր խորհուրդը, իսկ բոլորը միասին կարծես ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն՝ մարդկության փրկագործության ուղին:
Առաջին կիրակին՝ Բուն բարեկենդանը, խորհրդանշում է Եդեմական պարտեզում Ադամի և Եվայի՝ Աստծո ներկայությամբ ապրած երանության օրերը: Արտաքսման կիրակին խորհրդանշում է անհնազանդության պատճառով Եդեմական պարտեզից արտաքսվելը: Արտաքսված այդ վիճակը, անշուշտ, միայն Ադամին և Եվային չի վերաբերում, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հեռացած են Աստծուց, Եկեղեցուց դուրս են, սուրբգրային կենարար պատգամներին անհաղորդ: Հենց այստեղ է ի հայտ գալիս Աստծո փրկարար սերը հեռու-հեռվում գտնվող Իր զավակների հանդեպ: Անառակի կիրակին այդ հետդարձի ճանապարհն է նկարագրում:
Տնտեսի կիրակին պատգամում է մեզ տրված տնտեսության մեջ հավատարմություն ցուցաբերել, քանի որ այս աշխարհում ամեն մի մարդ տնտես է իր ունեցվածքի վրա, այդ թվում նաև իր կյանքի, իրեն տրված շնորհների և անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինի այդ տնտեսությունը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ է տալու Աստծուն:
Դատավորի կիրակին անձանձրույթ աղոթելու, ձեռնարկած բոլոր գործերը մինչև վերջ հասցնելու պատգամն է խորհրդանշում, որպեսզի Դատաստանի՝ Երկրորդ Գալստյան օրը (Գալստյան կիրակի) մաքուր սրտով ու անկեղծ հավատով դիմավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Ցարդ, Մեծ պահքի կիրակիներին նվիրված լավագույն գրքերից է համարվում Շնորհք պատրիարքի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գիրքը, ուր հավուր պատշաճի ներկայացվում են վերը նշված կիրակիները: Մայր Աթոռի ՔԴԿ-ն հայ ընթերցողին սիրով ներկայացնում է անգնահատելի և մեզանում մեծ պահանջարկ ունեցող այդ գիրքը՝ արևելահայերեն փոխադրությամբ, որն իրականացրել է ՔԴԿ աշխատակից Գ. Անտոնյանը: Հուսով ենք, որ ներկա հրատարակությունը օգտակար կլինի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, աշակերտների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ Եկեղեցուն նվիրված հարցերով:
ՂԵՎՈՆԴ քահանա ՄԱՅԻԼՅԱՆ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: