Կեսօրվա ճաշի համար կանգ առան մի ծառի տակ: Մի փոքրիկ վտակ էր հոսում դեպի ներքև` իրենց ընթանալու ուղղությամբ: Հեռվում` ծառերի միջից, երևում էր մի գյուղ, դրանից պիտի անցնեին` իրենցից կես ժամվա հեռավորությամբ: Տոպրակներից հանեցին ճոխ ուտելիքներ, որովհետև Զատկի տոնական մթնոլորտը տակավին շարունակվում էր հայկական գյուղերում, ուտելիքը առատ էր ու ամենուրեք` ճոխ: Ճաշից հետո մի քիչ պառկեցին ծառերի տակ. վայելում էին չքնաղ եղանակը: Քաղցր մի քուն եկավ` տիրելու նրանց կոպերին, բայց Հովհաննեսը Կոլոտի ուրախ ճիչով ընդհատեց մրափը:
– Նայիր, Գրիգոր, այս թիթեռնիկի գեղեցկությանը, նայի՜ր:
Իրենց կռթնած ծառից ներքև մի խոշոր և չքնաղ գեղեցկությամբ թիթեռ եկավ–թառեց Հովհաննեսի աջ թևի վրա: Սև հագուստի վրա ադամանդի տպավորություն էր թողնում իր ակնառու գույներով` կապույտ, դեղին և կանաչ:
– Գիտե՛մ, կրկին պիտի նախանձես, բայց Աստված ինձ ուղարկեց այս գեղեցկուհուն: Սա բարի մի նշան է. հաճելի բաներ պիտի պատահեն այսօր, այո՛, զգում եմ:
Հովհաննեսը իր թևերը չէր շարժում, որպեսզի թիթեռը չթռներ: Սակայն թիթեռն արդեն միտք չուներ ուրիշ տեղ գնալու, անշարժ քնի մեջ էր կարծես: Երբ Հովհաննեսը ձանձրացավ, իր մատով հպվեց նրան, որպեսզի թռչի–գնա: Բայց թիթեռը գետին ընկավ, մի քանի թրթռացումից հետո` անկենդան անշարժացավ: Կոլոտը ուշադրությամբ բռնեց նրան և իր ափի մեջ դրեց:
– Խեղճ թիթեռնիկը մեռավ, տեսնում ես, Գրիգոր: Մեռնելու համար եկել էր իմ թևի վրա:
– Է՛հ, Աստված քեզ մոտ է ուղարկել նրան, որպեսզի թաղումը կատարես, ի վերջո` քո պաշտոնն է, այդպես չէ՞: Հա՛, հա՛, հա՛:
Հովհաննեսը Աստծո հրահանգը կատարեց. մի փոքրիկ փոս բացեց իր աջ կողմում` թաղելու համար ննջեցյալը: Սակայն թաղելուց առաջ, իր ափի մեջ բռնած թիթեռի դիակը վեր բարձրացնելով, համլետյան մի հարցում ուղղեց.
– Արդյո՞ք դրախտի մեջ էլ թիթեռնիկները մեռնում էին: Գուցե մահ գոյություն ուներ նաև Եդեմական պարտեզի՞ մեջ:
Գրիգորը չպատասխանեց, որովհետև գիտեր, որ Կոլոտը իրեն չէր ուղղել այդ հարցումը, պարզապես բարձրաձայն էր մտածում Վարդան վարդապետի այս աշակերտը: Բնության մեջ ամեն ինչ մի հարցում և աստվածաբանական մի խնդիր կարող էր հարուցել իրենց մտքում: Վարդան վարդապետը իր լավագույն դասերը բնության ծոցում էր բացատրում նրանց, և Կոլոտի արթուն միտքը շատ լավ յուրացրել էր այս մեթոդը: Գրիգորը շտկվեց իր պառկած տեղից: Հարցումը գրգռել էր նաև իրեն և առանց մտածելու հայտնեց իր կարծիքը.
– Եթե մահը մարդո՛ւ մեղանչումով աշխարհ մտավ, ապա թիթեռնիկները և առհասարակ կենդանիները չէին մեռնի:
– Իսկ բույսե՞րը, նրա՞նք էլ չէին մեռնի:
Գրիգորի ճակատը կնճռոտվեց, գլուխը խառնվեց: Կոլոտը շարունակեց իր մտածումների շղթան բացատրել.
– Տեր Աստված Ադամին և Եվային ասաց. «Պարտեզի բոլոր պտուղներից կարող եք ուտել»: Ի՞նչ կլիներ պտուղներն ուտելու ժամանակ: Չեմ կարծում, որ նրանք ողջ մնային: Հետո նույնպես Աստված ասում է Ադամին. «Բարու և չարի գիտության ծառից չուտես, որովհետև կերածդ օրը մահով պիտի մեռնես»: Ասա ինձ, որտեղի՞ց գիտեին, թե ի՛նչ ասել է մահ, և ի՛նչ կանի այն մարդուն: Ո՞րտեղ էին տեսել մահը, որ այս գաղափարը օտար չէր նրանց, և լավ հասկացան, թէ հրամանը ին՛չ բան է ակնարկում: Նրանց շուրջը անասուններն անպայման մեռնում էին, և նրանք վկան էին դառնում դրանց վախճանին, ինչպես մենք` այս թիթեռնիկի: Հետո, ապականացու մարմինները միայն ուրիշների մահվան շնորհիվ են կենդանություն ստանում:
– Իսկ առյուծը արդյոք կուտե՞ր գառնուկին Եդեմական այգում:
Գրիգորի այս հարցումից այս անգամ Կոլոտի ճակատը պրկվեց: Մի պահ մտածելուց հետո տվեց իր պատասխանը.
– Այո՛, կուտեր: Եթե չուտեր, առյուծը առյուծ չէր լինի, այլ մի ուրիշ անասուն: Նրա ատամները և թաթերը ստեղծված են գառնուկ ուտելու համար:
– Քեզ հետ համամիտ չեմ, սիրելի եղբայր, որովհետև մենք դրախտի մասին ենք խոսում, այսինքն` կատարյալ խաղաղության և համերաշխության մի վայր, որտեղ մեղք և անեծք կամ վայրագություն հազիվ թե գոյություն ունենար: Քրիստոսի Երկրորդ Գալուստից հետո կրկին պիտի վերահաստատվի նման մի դրություն աշխարհի վրա, ու սրա մասին մարգարեությունը լավ գիտես. «Պիտի չվնասեն իմ սուրբ լեռան վրա, և առյուծը խոտ պիտի ուտի` նման ոչխարին»:
– Այո, մարգարեությունը դու բառացի ես մեկնաբանում: Հավանական է, որ այլաբանական կամ բանաստեղծական մի արտահայտություն է ասվածը, ինչպես բազմաթիվ պատկերները Հայտնության Գրքի:
Հասկացան, որ վիճաբանությունը դեռ երկար պիտի տևեր` նոր հարցումների համար դուռ բանալով: Որոշեցին ճամփա ընկնել` և շարունակելով խոսել մահվան և կյանքի մասին, իսկ գարունը գալիս էր` հարստացնելով կյանքը հազարավոր մահերի և ծնունդների միջից:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: