Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 10:22

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր:
   
    Նավակատիք սովորական ու գործնական իմաստով նշանակում է նոր շինության բացման կամ նվիրագործման հանդիսություն։ Նավակատիք անունը տրվում է նաև նույն հանդիսության տարեդարձի օրերին։ Այսպեղ՝ նոր եկեղեցու նավակատիքը կատարում ենք նրա բացման և օծման օրը և նավակատիքը տոնում ենք նաև բացման օրվա տարեդարձին։ Ավետարանի հիշատակած Նավակատիքի տոնն էլ վերաբերում է Երուսաղմի տաճարին։ Առաջին տաճարը կառուցել է Սողոմոնը, որի նավակատիքը տեղի ունեցավ Քրիստոսից 1008 տարի առաջ, Թշրի կամ Անթան ամսվա մեջ (Գ Թագ․ 8:63-66), սակայն այդ նավակատիքը տարեդարձի տոն չունեցավ։ Երկրորդ տաճարը կառուցել է Զորաբաբելը, որի նավակատիքը կատարվեց Քրիստոսից 517 տարի առաջ, Ադար ամսի 3-ին և սա էլ երբեք նավակատիքի տոն չունեցավ Բ Եզր․ 6:15-16։ Երբ Պաղեստինը սելևկացիների տիրապետության տակ էր, Անտիոքս Եպիփանը կողոպտեց Երուսաղեմի տաճարը և Անգամ տաճարում կուռք կանգնեցերեց Ա Մակ․ 1:23 և Ա Մակ․ 1:57, որի պատճառով պղծված համարվեց Աստծուն նվիրված տաճարը և անհրաժեշտ էր այն նորից սրբել ու նվիրագործել։ Այդ արարողությունը, որ նոր նավակատիքի տեսք ստացավ, կատարվեց Հուդա Մակաբեի կարգադրությամբ որոշվեց այն ամեն տարի հանդիսավոր կերպով տոնել Քասղև ամսի 25-ին։ Այն հրեից մեջ ծանոթ էր Տոն Ճրագաց կամ Ճրագալույց անվամբ, երբ ութ օր շարունակ լուսավորվում էին բոլոր տների մուտքերը Բ Մակ․ 1:8։ Հրեական ավանդությունը պատմում է թե երբ Հուդա Մակաբեն հրամայեց կատարել տաճարը սրբելու արարողությունը, Երուսաղեմում տաճարի լապտերների համար սուրբ ձեթ չգտնվեց, բացի փոքրիկ մի սրվակից, որ մնացել էր քահանայապետական կնիքով՝ որը հազիվ կարող էր բավականացնել մեկ օրվա կարիքները։ Սակայն այս ձեթը, մի ամբողջ շաբաթ տաճարի ջահերի համար գործածվեց ու չսպառվեց։ Ահա այդ տոնն էր, որ հռոմեացիների 782, մեր թվականության 29 և Հիսուսի կյանքի 33 տարում պիտի կատարվեր, որը ամենայն հավանականությամբ համընկնում է մեր դեկտեմբերի 20-ին, որը ճշգրտորեն
համապատասխանում է նաև ավետարանի պատմությանը, որովհետև Հովհաննեսը բացահայտ գրում է․ «Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր»։
    Հիսուս, Տաղավարահարաց տոնից քիչ անց, մեկնել էր Երուսաղեմից (Հովհ. 10:19-21)։ Բերեայի կողմերում շրջելուց ետո, այտեղից կամաց-կամաց նորից սկսել էր մոտենալ Երուսաղեմին
(Հովհ. 10:19-21) և հիմա տեսնում ենք, որ Նավակատիքի տոնին արդեն Երուսաղեմ էր վերադարձել։