Մաղաքիա արք. Օրմանյան
18-27. «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն: Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին: Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»:
Սիրո կատարելությունը Հիսուս հասցրել էր մինչև կյանքը զոհելը և մի կերպ հասկացնում էր, որ առաքյալներն էլ Ավետարանը քարոզելու և տարածելու, մարդկանց Ավետարանի հավատքի վրա հաստատ պահելու համար պետք է աչքի առաջ ունենան կյանքերին պատճառվող վտանգը և Ավետարանի հավատքի համար մեռնելը։ Այդ ենթադրությունը առաջ է բերում այն միտքը, որ Ավետարանի հառակորդները սարսափելի ատելություններ, հալածանքներ և խարդավանքներ պիտի գործեն։ Սրանց Հիսուս ընդհանուր առմամբ աշխարհ է կոչում, ի տարբերություն Ավետարանի, որը կոչվում է Երկնքի Արքայություն, և, այդ կերպով, Երկինքն ու Աշխարհը իրար դեմ պայքարի ելած են գտնվում։ Հիսուս տալիս է աշխարհի ընթացքի և գործերի բացատրությունը, պարզում դրանց պատասխանատվության և մեղապարտության կետերը, պատշաճ խոսում է քաջություն և արիություն ներշնչելու համար, մի խոսքով,առաքյալներին նախապատրաստում է հալածանքներին դիմանալու և ցմահ հաստատուն մնալու համար։ Ինչպես տեսնում ենք, այս հատվածն էլ ներքին կապով կապված է նախորդի հետ և կազմում է կտակի ամբողջության լրացուցիչ մասը։
«Մի զարմացեք, - ասում է Հիսուս, - որ աշխարհը ձեզ պիտի ատի, չէ՞ որ ձեզանից առաջ ինձ է ատում։ Ինչպես որ ինձ հետ է վարվում, իմ կողմնակիցների հետ էլ նույն ձևով պիտի վարվի, բոլորս էլ նույն Ավետարանը քարոզողներն ենք, որը հաճելի չէ իրեն։ Եթե դուք էլ աշխարհից լինեիք և աշխարհի ուզածը քարոզեիք, ձեզ էլ անշուշտ կսիրեր, քանի որ նրա բարեկամները կլինեիք։ Բայց քանի որ ես ձեզ առանձնացրեցի աշխարհից և դարձրի Ավետարանի բարեկամները, ապա անպայման աշխարհի ատելության առարկան եք դառնում։ Մեր ընթրիքի սկզբում, լվացման գործողության առիթով ձեզ հիշեցրի այն սովորական առածը, թե ծառան տիրոջից մեծ չէ։ Որպես ծառա կամ բարեկամ, միևնույնն է, ձեր մեծն եմ, ուստի և իմ հանդեպ ավելի ակնածանք պիտի ցուցաբերեին։
Իմ պատվերները պահեցի՞ն, որ ձերը պահեն․ իմ քարոզությունները հավանեցի՞ն, որ ձերը հավանեն, իմ պատիվը հարգեցի՞ն, որ ձերը հարգեն։ Ընդհակառակը, ինձ հալածեցին, ուրեմն, ձեզ էլ պետք է հալածեն, ինչպես որ ինձ հետ վարվեցին, այդպես էլ ձեզ հետ պիտի վարվեն, քանի որ իմ անունով եք գործում և քանի որ չեն ուզում ճանաչել Երկնքի Արքայությունը և այն հաստատելու համար ինձ պաշտոն տվող Երկնավոր Հորը։ Բայց վա՜յ իրենց, վա՜յ իրենց գլուխներին, որովհետև չարաչար կտուժեն արածների համար։ Եթե ես եկած չլինեի, եթե ես չքարոզեի, պետք է հանցավոր համարվեի, որովհետև չլսելով ճշմարտությունը, և ավետարանին տեղյակ չլինելով, կարդարանային իրենց անգիտությամբ։ Բայց քանի որ եկա, քարոզեցի, ավետարանեցի և իրենք էլ լսեցին ու զգացին, այլևս արդարանալու տեղ չունեն։ Եվ ոչ միայն քարոզեցի ու ասացի, այլև սքանչելի օրինակներով և հրաշքներով հաստատեցի ասածներս և այնպիսի հրաշքներ ցույց տվի նրանց, որոնք և՛ հայտնի և՛ճշգրիտ էին, և՛ մեծ ու նշանավոր էին, այնպես որ չիմանալու, չճանաչելու և իրենց արդարացնելու համար նրանք ասելիք չունենան։ Բայց իրենք ինձ ճանաչելու, ինձ սիրելու և ինձ հետևելու փոխարեն հասան այն բանին, որ տեսածները ուրացան, աչքերը փակեցին ստույգ բաների առջև, ջանքերգործադրեցին ճշմարտությունը խեղաթյուրելու համար և սկսեցին ինձ ատել և ոչ միայն ինձ, այլև հանդգնեցին Երկնավոր Հորն էլ ատել։ Որովհետև ով ատում է ինձ, ատում է նաև Երկնավոր Հորը, քանի որ նրա կողմից եմ եկել և նրա անունով եմ քարոզել։ Առաջ էլ այդ ատելության մասին Սուրբ Գրքի մեջ գրված էր, թե ատեցին զիս տարապարտուց , որը նշանակում է ի նանիր ատեցին զիս Սաղմ. 24:19։ Երբ Մխիթարիչն էլ գա, ճշմարտության Հոգին՝ Հորից բխող, որ ես խոստացա Հայր Աստծու կողմից ուղարկել, նա ավելի կբացատրի այս կետերը և ասածներս կհաստատի, եթենոր հաստատման կարիք ունենանք, քանի որ դուք, որ քարոզություններիս առաջին օրից սկսած ինձ հետ ապրեցիք ու գործեցիք, կարող եք ձեր կողմից էլ հաստատել ասածներիս ստույգ լինելը։ Բայց ես էլ պետք է այդ բոլորը նորից կրկնեմ ու հիշեցնեմ ձեզ, որպեսզի չշփոթվեք ու չթուլանաք, երբ տեսնեք, որ աշխարհը իրենից վտարում է ձեզ և աշխատում է վերացնել ձեզ որպես վնասակարներ և նույնիսկ կարծում է, թե ձեզ սպանելով, հանրության համար օգտակար և Աստծուն հաճելի գործ արած կլինի։ Մի՛ զարմացեք տեսնելով, որ ձեր հակառակորդները այդ աստիճանի ստորամիտ կուրության հասնեն։ Ով ինձ և Երկնավոր Հորը չի ճանաչում, Ավետարանի վճիտ աղբյուրից չի խմում, Ավետարանի սկզբունքների ուղիղ ճանապարհով չի քայլում, այդ բոլորը և դրանից ավելին էլ կանի և կուրորեն կկործանվի։ Դրա հետևանքներն են հանդիսանում ձեր դեմ ցուցաբերվող ատելությունները, գործվող հակառակությունները և գործվող չարությունները։ Այս մասին այժմվանից ձեզ ասելու նպատակս է քաջալերել ձեզ, որպեսզի երբ այդ հակամարտությունները տեղի ունենան հիշեք, որ նախօրոք ես ձեզ ասել եմ և իսկույն հիշեք, որ նրանք ո՛չ ձեզ, ո՛չ էլ Ավետարանի գործին իսկական վտանգ ու վնաս չեն բերի։ Սրանից առաջ երբեմն խոսել եմ Ավետարանի հետևողների գլխին գալիք հալածանքների մասին, բայց այսպես մանրամասն և մոտ ժամանակներում ձեզ պատահող փորձանքների և տագնապների մասին չէի խոսել։ Քանի դեռ միասին էինք, կարիք չկար շտապել, բայց քանի որ մեկնելուս ժամանակը և բաժանվելուս պահը հասել է, այլևս հետաձգելու ժամանակ չկա, դրա համար էլ հարկ համարեցի հայտնի բոլոր բաների մասին տեղեկացնել»։
Այդ հատվածը, թեև անձնապես անմիջապես ուղղված է առաքյալներին, բայց բացատրած սկղբունքներն ընդհանուր բնույթ և իմաստ ունեն և տարածվում են Ավետարանի բոլոր հետևողների վրա։ Անշուշտ, Հիսուս էլ այդ մտքին էր և երբ իր աչքի առջև եղող առաքյալների հետ խոսում էր, մտքի աչքի առաջ ներկա եղող հետևորդները նրա տեսությունից չէին կարող վրիպել, ինչպես որ քիչ հետո իր բերանով կհայտարարի․ «Ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլեւ վասն ամենայն հաւատացելոց բանիւ նոցա յիս» Հովհ. 17:20:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: