Մաղաքիա արք. Օրմանյան
16-28. «Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»: Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»: Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս»-ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»: Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի: Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց: Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի: Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ: Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»: «Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ: Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ: Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»:
Սուրբ Հոգու մասին տրված տեղեկությունները առաքյալների վրա պետք է դրական ազդեցություն գործեին և գալիք օգնությունների նախատեսությունը պետք է ցրեր նրանց տխուր մտահոգությունները։ Բայց քանի որ այդ ազդեցությունները նվազ էին, Հիսուս էլ ավելի ուժեղացնելու միտումով դիտավորյալ ավելացնում է, ասելով, թե ոչ միայն Մխիթարիչ Հոգին պետք է ուղարկի, այլ ինքը ևս պիտի վերադառնա ու երևա իրենց։ «Կարճ ժամանակ հետո այլևս ինձ չեք տեսնի, քանի որ ես, ինչպես ասացի, Երկնային Հորս մոտ պիտի գնամ, բայց դրանից քիչ հետո նորից ինձ կտեսնեք»։ Առաքյալներին այս խոսքերը առեղծվածային թվացին, և նրանք սկսեցին իրար մեջ փսփսալ, արտահայտելով, որ ոչինչ չհասկացան և իրարից բացատրություն էին սպասում, տեսնելով թե կա՞ մեկը իրենց մեջ, որը թափանցել էր այդ խոսքերի մեջ և մի բան հասկացել։ Խոսքի բոլոր մասերը խորհրդավոր էին և ծածկված էին գաղտնության քողով, ոչ մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի , որ էլ՝ և ոչ էլ՝ Ես գնում եմ Հօր մոտ խոսքերը պարզ իմաստ չունեին։ Հետևաբար, երբ իրար միջոցով էլ չհաջողվեց ավելին իմանալ, մտածում են բացատրություն խնդրել Հիսուսից, բայց չէին համարձակվում հարցնել։
Հիսուս լսեց առաքյալների իրար հետ խոսելը, տեսավ, որ նրանք երկյուղում են իրեն հարցնել, չցանկացավ խեղճ առաքյալներին տարակուսանքի և կասկածի մեջ թողնել, կանխեց այդ վիճակը և ուզեց նրանց փնտրած բացատրությունները տալ․ «Տեսնում եմ,- ասաց,- որ մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի և մի քիչ ևս, և ինձ կտեսնեք ասածներսձեզ մութ թվաց և ցանկանում եք իմանալ, թե ինչ է նշանակում այդ և դրանով ինչ եմ ցանկանում ասել ձեզ։ ՈՒրեմն իմացեք, երբ որ դուք՝ Ավետարանի աշակերտներդ, տրտմության մեջ ընկնեք և լացի ու ողբի մատնվեք, աշխարհը, այսինքն՝ Ավետարանի հակառակորդները պիտի ուրախանան, բայց ձեր տրտմությունը երկար չի տևի և շուտով ուրախության պիտի փոխվի»։
Հիսուսի այս բացատրությունն էլ առաջին խոսքերից ավելի պարզ չէին և այսօր էլ դրա իմաստը ճշտելու համար մեկնիչները տարբեր կարծիքներ ունեն։ Հիսուսի հեռանալը և առաքյալների տխրելը հեշտ է հասկանալ ողջ Ավետարանից և Հիսուսի կտակ-քարոզից, որ Հիսուսի մահվան մասին է խոսքը, բայց ի՞նչ է նշանակում դարձյալ տեսնելը։ Ոմանք այդ հասկանում են որպես մեռնելուց հետո Հիսուսի հարություն առնելը, երբ վերակենդանանալով Հիսուս մի կարճ ժամանակով երևաց Իր առաքյալներին։ Սրանք նույնիսկ «եւ ապա սակաւիկ մի եւ տեսանիցէք զիս» խոսքերը հասկանում են, թե Ապա սակաւիկ մի տեսանիցէք զիս, իբրև թե ասեր՝ մեռնելուց հետո նորից մի կարճ ժամանակ ձեզ կերևամ։ ՈՒրիշները Հիսուսի վերստին երևալը վերստին գալստյան իմաստով են հասկանում և գալուստն էլ Նոր ՈՒխտի հաղթությամբ են բացատրում, որը Երուսաղեմի և տաճարի կործանումով կատարվեց։ Եվ ասում են, որ իրոք, Հիսուսի մահվան և Երուսաղեմի կործանման միջև ժամանակը կարճ ու սակաւիկ մի կարող է ասվել։ Այս դեպքում Հիսուս ցանկացել է ասել․ «Մի քիչ ժամանակից հետո իմ մահվամբ պիտի կարծեք, որ ես հեռացել, տկարացել և ընկճվել եմ և Ավետարանը վտանգվել է, բայց շատ չի անցնի և նորից Ավետարանի հաղթանակը կտեսնեք, քանի որ մեռնելով ես չեմ տկարանա, այլ Երկնային Տիրոջ մոտ գնալով, դարձյալ կզորանամ և Ավետարանի հաղթանակը կպատրաստեմ»։
Կան և ուրիշներ, ովքեր պարզապես հոգեբանական իմաստով են բացատրում վերստին տեսնելը, այսինքն՝ թե իրոք առաքյալները իրենց մարմնական աչքերից Հիսուսին կորցնելով, սկզբից պիտի տիրեն և կարծեն, որ Նա բոլորովին անհայտացել է, բայց երբ սթափվեն, աստվածային խորհուրդների իսկությունը հասկանան և Ավետարանի զորանալը տեսնեն, պիտի տեսնեն, որ Հիսուս հոգեպես իրենց սրտի մեջ է։ Պիտի վստահ լինեն, որ նա մարմնով հեռու, բայց հոգով մոտիկ է, իրենց հետ է և ներքուստ պիտի ուրախանան, և կարծես պիտի հավատան, որ Հիսուս միշտ իրենց հետ կլինի։ Երբ նայում ենք նրանց ներքին ու բուն իմաստին, այս երեք մեկնություները իսկապես իրարից չեն տարբերվում, որովհետև, վերջին հաշվով, երեքի մեջ էլ Հիսուսի մահանալով հեռանալու և հզորացած վերադառնալու մասին է խոսքը կամ Ավետարանի նախապես տկարանալը և հետո հաղթանակելն է գուշակվում։ Հիսուս շարունակում է իր քաջալերական խոսքերը և ավելի զգալի դարձնելու համար մի օրինակ է բերում․ «Երբ որ,- ասում է,- մի հղի կնոջ երկունքի ժամանակը գալիս է և սկսում են ցավերը, նա սաստիկ մտածմունքի մեջ է ընկնում և տխրում է և նույնիսկ վախենում է, թե հասել է իր վերջին ժամը։ Բայց երբ ծննդաբերում է և մի փոքրիկ մանուկ է աշխարհ գալիս, նա շատ է ուրախանում, մոռանում է բոլոր ցավերն ու նեղությունները, նույնիսկ չի էլ հիշում,քանի որ մի նոր մարդ է ավելանում աշխարհում։ Դուք էլ խորասուզված եք ճիշտ դրա նման տրտմության մեջ, բայց ձեր ցավերը կանցնեն և երևան կգա բարոյական երկնքի պտուղը։ Ես նորից ձեզ պիտի տեսնեմ և ձեր սրտերը ուրախությամբ պիտի լցվեն, և այլևս այդ ուրախությունը չեք կորցնի, այլ մշտնջենապես կվայելեք և կարիք չեք ունենա կատարվելիքների մասին ինձ հարցեր տալու, Ավետարանի գործի հանդեպ ձեր հավատը պիտի զորանա, պիտի առանց երկյուղի գործեք և ամեն անգամ, երբ մի բանի կարիք ունենաք, իմ անունից պիտի դիմեք Երկնավոր Հորը և անմիջապես կընդունվեք նրանից։ Մինչև հիմա առիթ չեք ունեցել իմ անունից Երկնավոր Հորից մի բան խնդրել, քանի որ ես ձեզ հետ էի և ինչ որ պետք լիներ, ես կհոգայի, բայց իմ մեկնելուցս հետո եղածը խնդրելու համար դուք պետք է դիմեք Երկնավոր Հորը։ Իմ անունից խնդրեցեք և ձեր խնդրանքը անշուշտ կընդունվի և կատարյալ ուրախություն կվայելեք։ Այս բոլորը բացատրում եմ առակավոր ձևով, բայց պիտի գա այն օրը, երբ դարձյալ պետք է խոսեմ ձեզ հետ և ամեն բան պիտի բացատրեմ և այն ժամանակ այլևս առակ, դարձվածք և համեմատություն չպիտի գործածեմ, այլ բացեիբաց և ճշմարտորեն աստվածային խորհուրդների իսկությունը պիտի տեղեկացնեմ ձեզ։ Դուք էլ նորից համարձակություն կստանաք ուղղակի Երկնավոր Հորը դիմել։ Անշուշտ, Իմ անունով պիտի դիմեք, բայց իմացեք, որ ձեզ համար այլևս աղաչող ու միջնորդ լինելու կարիքը չի լինի։ Որովհետև այն ժամանակ դուք արդեն Երկնավոր Հորը կատարելապես սիրելի ու հաճելի պիտի լինեք, ձեր մտքից ամեն մի երկմտություն, ամեն մի կասկած կվերանա։ Այն ժամանակ գործով ցույց կտաք, որ ինձ իսկապես սիրում եք, քանի որ անսասան հավատով պիտի քարոզեք, որ իմ պաշտոնը, քարոզչությունը և Ավետարանը աստվածային է և այդ հավատի համար ամեն տեսակի նեղություն, հալածանք և չարչարանք և նույնիսկ մահ պիտի հանձն առնեք։ Այսպիսով, ամբողջ աշխարհին հայտնի պիտի լինի, որ ես Երկնավոր Հոր մոտից եմ ելել և աշխարհ եկել, աշխարհից ելնելով նորից Երկնավոր Հոր մոտ վերադարձա, երկնառաք պաշտոն կատարեցի, Երկնքի Արքայությունը քարոզեցի և երկնապարգև Նոր ՈՒխտը հաստատեցի»։
Հիսուսի կտակ-քարոզի այս մասը վերևում մեջ բերված մասի ընդարձակումն է և այստեղ հիշատակված երեք տարբեր մեկնություններն էլ դրան կվերաբերվեն։ Հիսուսի հարության վրայով մեկնողները հատուկ ուշադրություն են դարձնում այն խոսքերին, որտեղ ասում է․ «Եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապես զՀօրէ պատմեցից ձեզ»: Որովհետև ընդունված է, թե հարություն առնելուց հետո Հիսուս քառասուն օր առաքյալներին պարզորեն բացատրել է երկնային խորհուրդները, ինչպես գրել է Ղուկասը․ «Յաւուրս քառասուն երեւել նոցա եւ ասել վասն Արքայութեանն Աստուծոյ» Գործ. 1:3:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: