Մաղաքիա արք. Օրմանյան
29-33. Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում: Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է: Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:
Հիսուսի վերջին խոսքերը լավ տպավորություն են գործում առաքյալների վրա, նրանք իրենք իրենց ոգևորված են զգում, մտածում են, որ իրենց ապագայի մասին Հիսուսի հայտնած նպաստավոր կաոծիքները հենց այդ պահից իրենց պատշաճ են և իրենք արդեն իսկ կատարյալ հավատով Հիսուսի հետ միացած և Նրա երկնային պաշտոնին հավատալով, ոչ մի դեպքում նրանցից չպիտի բաժանվեն և Նրան ու Նրա գործը չպիտի լքեն։ Այսզգացումը բոլորի մոտ նույնն էր։ Տասնմեկը կարծես փոխվում են, բոլորն էլ լռությունից և թմրածությունից ազատված, սկսում են խրոխտաբար խոսել․ «Այլևս դիտողություն անելու պատճառ չունենք, հարց տալու կարիք էլ չունենք, որովհետև դու էլ բացահայտ ոճով ես խոսում, առակավոր ու խորհրդավոր դարձվածքներ չես օգտագործում։ Սրա պատճառով է, որ մենք էլ հասկանում ենք ու համոզվում, որ իրոք ամեն բան գիտես և մութ ու անհասկանալի բաներ չես ասում, և մենք էլ այլևս առիթ չենք ունենում մութ և խորհրդավոր բառերիդ իմաստը պարզելու համար անընդհատ հարցերով քեզ նեղել։ Արդեն համոզված ենք ու հավատացած, որ Աստծու կողմից ես երկնքից եկել և ուղարկվել ես Երկնքի Արքայությունը հաստատելու համար։ Այլևս չենք կասկածում և քեզանից չենք բաժանվի և քեզանից չենք հեռանա»։
Առաքյալների տարաժամ աշխուժությունը տեսնելով և հայտարարությունները լսելով, Հիսուս չի կարողանում նրանց թեթևության պատճառով զգացած կարեկցանքը զսպել և սրտառուչ ոճով պատասխանում է․ «Դեռ նո՞ր եք հավատում, դեռ նո՞ր եք համոզվում և այդ նոր հավատո՞վ է, որ այլևս ինձանից չբաժանվելուց խրախուսված եք խոսում։ Ոչ, սիրելիներս, ինչպես ասացի, այդ բանը կլինի, բայց ոչ հիմա։ Ձեր այդ քաջալերությունն էլ դեռ ամենևին ճշմարիտ չէ, քանի որ ահա իմ տագնապների ժամանակը հասավ, իմ բաժին փորձանքները սկսվելու մոտ են և դուք շփոթված ու շվարած, զանազան կողմեր պիտի փախչեք և ինձ մեն-մենակ պիտի թողնեք, թեև մենակ մնացած չեմ համարվ, քանի որ Երկնավոր Հոր պաշտպանությունը ինձ վրա է, և ես Երկնավոր Հորը միացած եմ։ Սակայն, մի վերջին անգամ էլ ասեմ, որ այդ ամեն բաները ձեզ հուսահատության մեջ չթողնեն։ Աշխարհի մեջ նեղություն պիտի կրեք, բայց ինձ հետ միավորված լինելով, սրտի խաղաղություն և հոգու ուրախություն կունենաք։ Աշխարհի փորձանքները թող ձեզ չվհատեցնեն, աշխարհի բռնությունը թող ձեզ չշփոթեցնի, նրա փորձանքներն անցնող են, նրա բռնությունը զորեղ չէ։ Քաջ եղեք, ոգևորվեցեք, ինչպես ես եմ աշխարհին հաղթում, այնպես էլ դուք կհաղթեք
աշխարհին»։
Հիսուս այս զորեղ և քաջալերող խոսքերով ավարտում է Իր կտակը, վերջին խրատը և վերջին հորդորն է, որ տալիս է իր հետևորդներին և իր խոսքերը, ինչպես որ ամբողջ կտակը, եթե անմիջապես ուղղված էին Տասնմեկին, ապա ընդհանրապես և միջնորդաբար ուղղված էին Ավետարանի բոլոր հետևողներին։ Ինչպես որ ամեն մի որդի իր մահամերձ ծնողի վերջին խոսքերը, որպես նվիրական պատվեր, սրտի վրա տպավորված է պահում, նույն ձևով էլ ամեն մի քրիստոնյա իր Երկնավոր Վարդապետի բերանից դուրս եկած այս վերջին պատվերը երբեք չպետք է մոռանա․ «Ընդ իս խաղաղութիւն ունիցեք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցեք, այլ քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: