Մաղաքիա արք. Օրմանյան
5-15. «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում: Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը: Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ: Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում: Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է: Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ: Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ: . Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»:
Հիսուս իր բացատրություններով, տեսություններով և կանխագուշակումներով աշխատում է ոգևորել առաքյալների սիրտը, քաջալերական մխիթարություններ տալ և սպասում էր, որ բոլորը միաբերան արիության և համակերպության արտահայտություններ անեն, ինչպես քիչ առաջ էին արել,թե բանտն ու մահն հանձն կառնեն, երբ ասում էր, թե իրեն պիտի լքեն և պիտի ցիրուցան լինեն (Մատթ. 26:33-35)։ Սակայն տեսավ, որ առաքյալների վրա ազդեցությունը բոլորովին հակառակն է լինում, նրանց համար վտանգն ու վնասը դատարկ խոսքերի նման էին անցնում, երբ ընդհանուր ձևով խոսվում, իսկ հետզհետե, երբ պարագաները սկսեցին մոտ և զգալի դառնալ,այլ տպավորություն ունեցան նրանց վրա։ Նրանք ազդվեցին ու տխրեցին և հակառակ քաջալերվելու, սկսեցին կշռել վտանգի և վնասի ծանրությունը և շփոթվեցին։ Հիսուս նկատեց նրանց վիճակը։ « Իմ խոսքերը,- ասաց նա, - ձեզ շփոթեցրին, բոլորդ էլ տխրեցիք ու տրտմեցիք, բերաններդ էլ չի բացվում։ Հեռանալս եմ հիշել, բայց դուք այլևս չեք հարցնում, թե ուր եմ գնում։ Ինչ որ առաջ հետաքրքրում էր ձեզ, հիմա դրա նկատմամբ անտարբեր եք»։
Հիսուս տեսավ, որ առաքյալները դարձյալ բերանները չեն բացում,հուզվում, զգացվում և ապշած է մնում, ուստի նորից Իր կտակ- քարոզը շարունակելով ասում է․ «Եթե ցանկանում եք ճշմարիտն իմանալ, եթե ուզում եք ձեզ համար ավելի օգտակար ձևն իմանալ, ամենից լավը իմ մեկնելս է, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա, մինչև փորձանքները տեղի չունենան, մխիթարությունը չի սկսի, բայց երբ ես գնամ, Մխիթարիչին կուղարկեմ և մխիթարություն կունենաք։ Որովհետև երբ Մխիթարիչը գա, նա աշխարհի առջև բացահայտորեն կպարզի ճշմարտության երեք մեծ կետերը, մեղքը, արդարությունն ու դատաստանը։ Մեղքն այն է, որ աշխարհը լսեց ճշմարտությունը և տեսավ հրաշքներ, բայց չուզեց համոզվել, իմ քարոզած Ավետարանին չհավատաց։ Արդարությունն այն է, որ հակառակ Մարդու Որդու դեմ գործած անիրավությունների և նրա դեմ ցուցաբերած հակառակությունների և նրա կյանքի դեմ եղած դավաճանությունների, անիրավությունը չկարողացավ հաղթել և արդարությունը զորացավ, որովհետև եթե ինձ մեջտեղից վերցնեն հաղթանակով ու փառքով կվերադառնամ Երկնավոր Հորս մոտ։ Իսկ դատաստանի հայտնությունն էլ այն է, որ սատանան, որը կարծում էր, թե ինքը աշխարհի տերն է և ողջ մարդկությունը իրեն գերի է դարձել, պիտի իր կարծեցյալ տիրապետությունը կորցնի և իր չարության արժանի դատապարտություն ու պատիժներ պիտի կրի։ Ահա այն մեծ գործերը, որ Մխիթարիչ Սուրբ Հոգին պիտի կատարի և այն մեծ ազդեցությունները, որ պիտի ներգործի, եթե ես ուզենայի ամեն ինչ լիովին ձեզ բացատրել, դեռ շատ ու շատ բաներ ունեի ասելու և շատ ու շատ կետեր բացատրելու, բայց բոլորը չեք կարող հասկանալ և տեսնում եմ, որ ամեն մի ծանր բան լսելիս էլ չեք դիմանում։ Դրա համար էլ այլևս առաջ չեմ գնում։ Թողնում եմ, ճշմարտության Հոգին, որն ինձանից հետո պիտի գա, ձեզ իմացնի, ձեզ սովորեցնի և ձեզ առաջնորդի։ Իհարկե, նա էլ նորահնար ու նորալուր բաներ չի ասելու, այլ պիտի կրկնի նույնը, ինչ որ Երկնավոր Հորից է լսել ու իմացել, ինչպես և ես, և այնուհետև, լինելիք բաներն էլ ժամանակին ձեզ պիտի ազդարարի։ Նրա խոսածն ու հայտնածը պիտի նույնը լինեն, ինչ որ իմ ասածները, որով իմ ասածներն ու արածները հաստատելով, իմ փառքն ու պատիվը պիտի ավելացնի։ Վերջապես նա էլ իմն է, այսինքն՝ իմ աղբյուրից պիտի քաղի ասելիքը և պիտի պատմի ու հաղորդի ձեզ։ Որքան որ Երկնավոր Հայրը ճշմարտություններ և խորհուրդներ ունի, այդ բոլորը ես էլ ունեմ և այս պատճառով էլ, ինչ որ Սուրբ Հոգին էլ Երկնավոր Հորից պիտի ընդունի, արդեն բոլորը իմ ունեցածն է։ Այս նպատակով էլ ասացի, թե իմինից պիտի քաղի և ձեզ հաղորդի»։
Ջանացինք այս հատվածի վերջին մասը, որքան հնարավոր է, Ավետարանի բնագրին նման մեջ բերել, որովհետև Սուրբ Երրորդության դավանությանը վերաբերող մի մաս է։ Ահա բնագրի խոսքերը․ «Նա զիւ փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ. զամենայն ինչ՝ զոր ունի Հայր՝ իմ է, վասն այսորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ անտի առնու եւ պատմէ ձեզ» Այս խոսքերից վերցրած դավանությունները երկու տարբեր կետեր են շոշափում․ մեկը Երեք Անձերին պատկանող աստվածային ստորոգելիները և մյուսը՝ Երեք Անձանց փոխադարձ հարաբերությունները։ Բոլոր եկեղեցիները համաձայն են առաջին կետին, ընդունում են Հոր, Որդու և Հոգու ստորոգելիների կատարյալ հավասարությունն ու նույնությունը, բայց երկրորդ կետի մասին Արևելյաններն ու Արևմտյանները տարբերվում են։ Այդ տարբերությունը Հոգու՝ ի Հօրէ կամ ի Հօրէ եւ յՈրդւոյ բխելու խնդիրն է։ Երբ ասում ենք Արևմտյաններ, հասկանում ենք նրանց միջին և վերջին դարերի վարդապետությունը, քանի որ, ինչպես հաստատված է պատմականորեն, հնագույն դարերում նրանք էլ համաձայն էին Արևելյանների հետ։ Այժմ Արևմտյանները պաշտպանում են ի Հորէ եւ յՈրդւոյ բխելու վարդապետությունը, մինչդեռ արևելյանները ամուր պահպանում են ի Հօրէ բխելու հին բանաձևը, քանի որ Հիսուս Ինքն էլ հայտնապես ասել էր, «Որ ի Հօրէ ելանէ» Հովհ. 15:26 և այստեղ էլ չի ասում Յինէն առնու, այլ ասում է Յիմմէ անտի առնու, որ նշանակում է անտի ուստի և ես, այսինքն ՝ ի Հօրէ։ Այսպես համառոտ կերպով բավարար ենք համարում խոսել այս խնդրի մասին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: