Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 17:22

Մաղաքիա արք. Օրմանյան

22-26․ Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք: Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր: Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը: Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել: Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»:
   
    Աղոթքի վերջին մասն ավելի ընդհանուր իմաստներ է պարունակում, այնպես որ չենք կարող հստակ մասերի բաժանել առաքյալների և հավատացյալների համար, այլ դրանք պիտի պահենք իրենց ընդհանրության մեջ։ Թվում է, թե որոշ հատվածներ հատկապես առաքյալներին են վերաբերում, սակայն դրանք նաև ոչ միայն ներկա եղող Տասնմեկին, այլ եկեղեցու ողջ պաշտոնյաներին կարող ենք վերագրել, որ առաքյալների սեփականությունը լինելով՝ եկեղեցում պիտի շարունակեին քարոզելու ու վարդապետելու պաշտոնները։ Եթե առաքելական պաշտոնը որոշակի առանձնահատուկ և ժամանակի համար բացառիկ էր, ապա դրանում մեծամասամբ գերակշռող է հարատևությունը, քանի որ եկեղեցին առանց վարդապետության բնավ ապրել չէր կարող։ Այդ մասում Հիսուս, բացի յուրայիններին հաղորդած սիրուց ու միությունից, նրանց հաղորդվելիք ինչ-որ փառքի մասին էլ է հիշատակում՝ իբրև սիրո առաքինության և սիրով ձեռք բերվելիք միության հետևանք։ Արդ, թե՛ Հիսուսի կարծիքով և թե՛ Ավետարանի վարդապետությամբ, բոլոր առաքինությունների ու արդունավորությունների վարձքն ու վաստակը հավիտենական երանությունն է, որը Երկնքի Արքայության լրման կետն է։ Երկնքի Արքայությունն այս աշխարհում՝ երանության հասնելու միջոցն է, այս աշխարհից հետո էլ Երկնքի Արքայությունը նույն երանության վայելքն է և սրանից բացի ուրիշ ոչինչ չի կարող լինել այն փառք ասվածը, որ տալիս է Հիսուս կամ պիտի տա՝ սուրբ սիրով Իր հետ միավորվածներին։
    Շարունակելով աղոթքը՝ Հիսուս ասում է․ «Այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ես էլ նրանց տվեցի»։ Անշուշտ, փառքի շնորհման մասին խոսելիս, չենք կարող հասկանալ այնպես, թե իբր առաքյալներն ու հավատացյալներն արդեն դուրս են եկել այս աշխարհից ու մտել հանդերձյալ աշխարհի երանության վայելքի մեջ, քանի որ այդ պահին դեռ ոչ ոք չէր թողել աշխարհը, այլ Ետու խոսքը պիտի հասկանանք իրաւական, այլ ոչ թե իրական իմաստով։ Մեկին մի որևէ բան տված կլինենք այն ժամանակ, երբ որոշ պայմանների առկայության դեպքում կամ որոշ ժամանակամիջոցում նրան մեր տվածները սեփականացնելու իրավունք էլ տանք։ Ճիշտ նույն ձևով էլ կարող էր երանության փառքն առաքյալներին ու հավատացյալներին տրված համարվել այն վայրկյանին, երբ սիրո ու միության պայմաններում հիշյալ փառքը վայելելու իրավունքը տրվեր և ապահովվեր վայելքը, մանավանդ, որ երանության վայելքն ադամական մեղքով խափանված՝ Հիսուսով նորից էր բացվել։ Բացի ուշադրության արժանի այս կետերից, Հիսուսի խոսքերը նաև անուշ գորովի և սիրաբուխ սրտի արտահայտություններ են։ «Այն փառքը,- ասում է,- որ դու ինձ տվեցիր, ես էլ նրանց փոխանցեցի և վստահեցրի, որ պիտի վայելեն, երբ իրենք էլ միացյալ լինեն, ինչպես որ մենք մի ենք, ու բոլորս կատարյալ մի միություն կկազմենք՝ ես նրանց հետ, և դու ինձ հետ միացած լինելով։ Այս կերպ թող ողջ աշխարհը համոզվի, թե իմ գործը և քարոզությունը Աստծուց է, թե ես մարդկանց համար կատարյալ սիրո օրինակ տվեցի այնպես, ինչպես դու ես ինձ սիրում։ Հա՛յր, իմ փափագն այն է, որ ուր ես եմ, այնտեղ էլ նրանք լինեն և աչքերով տեսնեն այն փառքը, որ դու ինձ տվեցիր, որովհետև աշխարհի ստեղծումից առաջ էլ ինձ սիրեցիր, այլ ոչ թե միայն այս հանգամանքների առիթով։ Հա՜յր արդար, իրավ որ ուղիղ են թե՛ գործերդ, թե՛ վճիռներդ։ Քո փառքը պահեցիր աշխարհից և շնորհում ես ինձ ու իմիններին, որովհետև աշխարհը չկամեցավ ճանաչել Ավետարանդ ու ճշմարտությունդ, բայց ես ճանաչեցի, ու սրանք էլ ճանաչեցին՝ ընդունելով, թե քո կողմից եմ եկել։ Ինչպես մինչ այս վայրկրանը, քարոզելով ու վարդապետելով, քո անունն ու ճշմարտությունը առաքյալներիս և ուրիշ չատերին ճանաչել տվեցի, նույնպես և սրանից հետո էլ նրանց ձեռքով ու երկնքից հովանավորությամբ պիտի ճանաչեցնեմ ուրիշներին ևս ու Ավետարանը պիտի ընդհանուր տարածեմ։ Այս կերպ քո՝ իմ նկատմամբ դրսևորած սերդ ես էլ նրանց պիտի փոխանցեմ և ամենայնի արմատ լինելով՝ կատարյալ միությունը պիտի հաստատուն մնա։ Իմ սերը նրանց հետ է, նրանք՝ ինձ հետ, ես էլ՝ քեզ հետ։ Այսպես ամենքս էլ իսկապես ու կատարելապես միացած պիտի լինենք»։
    Ստույգ է, որ Հիսուսի խոսքերում հանդիպում ենք իրար նման կրկնությունների։ Սակայն յուրաքանչյուրն իրեն բնորոշ քաղցրությունն ու ներքին իմաստն ունենալով՝ չկամեցանք ամփոփելով համառոտել։ Ցանկացանք, որ ավելի լավ երևան գա Հիսուսի հոգին, սիրո ու միության հոգին, որ այս աշխարհում պիտի արդյունավորի Ավետարանի հաղթանակը և հանդերձյալ աշխարհում պիտի պատրաստի երանության փառքը։ Սա է փրկագործության ահեղ խորհրդի գաղտնիքը։ Ձայնակցենք և մենք, մաղթենք, որ Հիսուսի սրտաբուխ խնդրանքներն ամենքի համար իրականանան և հաղթանակի Եկեղեցու Միությունը։