Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
24-25. Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ: Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»:
Երբ միաշաբաթի երեկոյան Հիսուսը վերնատանը իր սպիներն էր շոշափել տալիս և ձուկն ու խորիսխն էր ճաշակում և առաքյալներին իրավական իշխանություն էր շնորհում, առաքյալներից մեկը բացակա էր՝ Թովմասը, որ դրսում էր, հավանաբար Հուդայից հետո մատակարարի պաշտոնն էր ստանձնել և վերնատանը փակվածների կենսական պահանջները հոգալու էր գնացել։ Հիսուսն ինչպես հանկարծակիորեն իմն դրօք փակելովք վերնատուն էր մտել, նույնես և դրօք փակելովք հանկարծակիորեն մեկնել ու աներևույթացել էր՝ բոլոր ներկաներին նոր հիացմունքի ու շփոթության մատնելով։ Հիսուսի մեկնելուց հետո Թովմասն է գալիս և բոլորը միասին վրա են թափվում․ «Գիտե՞ս, - ասում են, - Հիսուս վարդապետն իսկապես կենդանի է և հարություն է առել, քիչ առաջ այստեղ մեզ հետ էր, իր ձեռքերը, ոտքերը ու կողքի վերքերի սպիներն էին, որ մենք էլ տեսանք ու շոշափեցինք, նստեց այստեղ, կերակուր էլ կերավ, այլևս տարակույս չկա, որ Հիսուսն հարություն է առել»։ «Հիմա ու՞ր է», - հարցնում է Թովմասը, իսկ նրանք խոստովանում են, որ չգիտեն՝ հանկարծ աներևութացավ։
«Ինչպես եք միանգամից փոխվել,- կրկնում է Թովմասը, - քիչ առաջ բոլորդ էլ չէիք հավատում և եղած երևումները երևութական բաներ էիք համարում, հիմա մտափոխվել եք, որովհետև վերքերը շոշափել և իսկապես համոզվել եք ոսկոր ու մարմին ունենալու մեջ։ Ես դեռ չեմ տեսել ու չեմ շոշափել, մինչև որ ես էլ նրա ձեռքերի վրա մեխերի տեղերը չտեսնեմ, այդ անցքերի մեջ չխրեմ և ձեռքովս նրա կողքի վերքը չշոշափեմ, ես էլ չեմ հավատա։ Դուք տեսել, շոշափել ու հավատացել եք, երբ ես էլ տեսնեմ ու շոշափեմ, այն ժամանակ կհավատամ»։ Այսպես է վերջանում ավետարանի պատմությունը։ Երևում է, որ ընկերներն էլ չկարողացան Թովմասին առարկությանը պատասխանել։
Թովմասի այդ ընթացքը շատերին թվացել է իբրև մեղադրելի թերահավատություն, և հետո Հիսուսի ասած Մի՛ լինիր անհաւատ, խոսքերն էլ խիստ իմաստով է մեկնվել, եւ Թովմասը որպես հավատքի մեջ տկար կամ հավատքից զուրկ մեկն է համարվել։ Մեր կարծիքով Թովմասի արածը ցույց է տալիս առավել հավատքի զորությունը, քան թէ հավատքի տկարությունը։ Մենք ուրիշ տեղ տեսանք նրա խրոխտ ու արի բնավորությունը, երբ ընկերներին քաջալերում էր, որ իրենց անձը վտանգելու պատճառով չլքեն Հիսուսին եւ մինչևւ իսկ նրա հետ միասին սպանվելուց չվախենան (Հովհ. 11:1-16)։ Հետևաբար հնարավոր չէ ասել, թե Թովմասը փոքրոգի եւ վատհոգի մեկն էր։ Գալով նրա պատմած պարագային՝ բոլոր առաքյալներն ու աշակերտները ուրիշներին եղած երեւմանը հավատք չընծայելով, և իրենց եղած երեւումն էլ բավական չհամարելով, միայն շոշափման նյութական փաստով էին հասել հարության հավատալուն, ո՞վ կարող էր խլել Թովմասի միևնույն իրավունքը, որ ինքն էլ տեսնի, շոշափի եւ հետո հավատա։ Եթե մյուսներն իրավունք ունեին իրենց չեղած երեւումները բանի տեղ չդնելու, Թովմասն էլ վերնատանը գտնվոցների վկայությանը չհավատալու նույն իրավունքը կարող էր ունենալ եւ հավատալու համար անձամբ տեսնել ու շոշափել պահանջեր։
Մի ուրիշ կարեւոր դիտողություն էլ կարող ենք ավելացնել։ Տասներկուսի խումբը ընդգրկում էր Հիսուսի
աշակերտներից գլխավորներին, ովքեր բոլոր կողմերը պիտի գնային, ավետարանը պիտի քարոզեին ու տարածեին եւ եկեղեցիներ պիտի հաստատեին։Արդ, երբ մյուները իրենց տեսնելն ու շոշափելը հիշելով համարձակորեն կարողանային անձնական վկայություն տալ, ապա Թովմասը, եթե անձամբ տեսած ու շոշափած չլիներ, պետք է ասեր, թե իր ընկերներն են տեսել ու շոշափել եւ պամել իրեն, ինչը որ կտկարացներ թե՛ իր վկայությունը, թե՛ իր աստիճանը կստորացներ, եւ թե՛ իր առաքելությունը կանպատվեր։ Թովմասն իրավունք ուներ պահանջել, որ ինքն էլ իր ընկերներին հավասար դիրք ու համարձակություն ու տեղեկություն ունենար։ Սա էլ հենց իր արժանապատվությունը ճանաչող եւ իր նախաձեռնությունների մեջ զորավոր կերպով գործելու կամք ունեցող մեկի նկարագիրն է հայտնում, որը ո՛չ մեղադրելի է դարձնում Թովմասին եւ ո՛չ էլ ստորացուցիչ՝ նրա բնավորությունը։
Իսկ Հիսուսի խոսքը՝ Մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ, պետք չէ բառի տգեղ իմաստով մեկնել, այլ պետք է հասկանանք, իբր թե ասում է․ «Դու էլ հավատքից զուրկ մի մնա, այլ հարություն առնելուս ստուգությունը անձամբ տեսնելով ու համոզվելով՝ հաստատուն հավատք ունենաս»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: