Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
3-10. Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս: Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ: Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ: Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր: Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի: Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը:
Հազիվ էին յուղաբերները հեռացել, երբ հևիհև վազելով, գերեզմանին է հասնում Հովհաննեսը: Պետրոսի հետ միասին էին վերնատնից ճանապարհ դուրս եկել, և երկուսն էլ շտապում էին, բայց Հովհաննեսը, որ ընկերոջից ավելի երիտասարդ էր ու արագաշարժ, քայլերն արագացնում է և ավելի շուտ հասնում գերեզմանին: Մտնում է արտաքին սենյակը, կռանում ու փոքրիկ դռնից նայում է ներքին սենյակը, մարմինը տեղում չի տեսնում, այլ տեսնում է միայն պատանքի կտավները և ստուգելով, որ Հիսուսի մարմինը գերեզմանում չէ, ետ է քաշվում ու զննումները չի շարունակում:
Հովհաննեսի գերեզմանից դուրս գալու պահին հասնում է նաև Պետրոսը: Ինքն էլ է ներս մտնում՝ ստուգելու Հովհաննեսի տեսածն ու պատմածը: Պետրոսն արտաքին սենյակից նայելով չի գոհանում, այլ մտնում է նաև ներքին սենյակը, եմուտ ի գերեզման և տեսնում է, որ ներսում ամեն ինչ կարգավորված է, մի կողմում կանոնավոր ծալված է մարմինը պատող պաստառակալը, իսկ մյուս կողմում, ուրոյն ծալեալ, դրված է գլուխը ծածկող վարշամակը: Այդ վիճակը Պետրոսի համար մի համոզիչ փաստ էր, որ գողունի ու հապճեպորեն չի տարվել Հիսուսի մարմինը, այլ, իրոք, գերբնական մի խորհուրդ կար այդտեղ, մարդկային ձեռքից տարբեր մի զորության գործ: Հովհաննեսը լսում է Պետրոսի խորհրդածությունը և որպեսզի ինքն էլ անձամբ ստուգած լինի դրա հիմք եղող պարագան, Պետրոսից հետո մնում է ներքին գերեզման և տեսնում, որ պաստառակալն ու վարշամակը առանձին-առանձին ծալված դրված են տարբեր կողմերում: Դուրս գալով՝ ինքն էլ է միանում Պետրոսի դատողություններին, ինքն էլ է համաձայնվում, որ գողունի, մարդկային գործից բոլորովին տարբեր մի բան է եղած. «Ետես եւ հաւատաց»: Սակայն երկուսն էլ դեռևս չեն կարողանում պատկերացնել հարության ճիշտ գաղափարը: Հիսուսի «յարութիւն պիտի առնեմ» խոսքերի ճշմարիտ հետևանքը չեն կարողանում հասկանալ, չեն թափանցում աստվածային խորհուրդների իմացության մեջ, որովհետև «չեւ եւս գիտէին զգիրս, թէ պարտ է նմա ի մեռելոց յառնել»:
Այս ամենը տևում է մի քանի վայրկյան և երկու առաքյալներն անմիջապես մեկնում են գերեզմանից, որպեսզի վերադառնան ընկերների մոտ: Ստույգ գիտեին արդեն Հիսուսյի մարմնի հրաշալի կերպով վերցվելը, սակայն եղելության իսկությանը դեռևս հասու չէին:
Գերեզմանից վերադառնալով՝ Պետրոսն ու Հովհաննեսը ո՛չ գերեզմանի ներքին դռան աջ վեմին նստած հրեշտակին են տեսնում, ո՛չ էլ, ներքին գերեզմանը մտնելով, Հիսուսի մարմնի տեղի երկու ծայրերին նստող հրեշտակներին, որոնք քրդեն երևացլ էին յուղաբերներին: Քավ լիցի մեզ աստվածային խորհուրդների գաղտնիքը հետազոտել: Սակայն յուղաբերներին պարգևած շնորհն առաքյալներին զլանալը՝ երկնային նախախնամության իմաստուն տնօրինություն էր: Առաքյալները, որոնք հետո հարության զորավոր ու անձնազոհ քարոզիչները պիտի լինեին, կասկածանքների ու թերահավատության ճանապարհով պիտի առաջնորդվեին դեպի հարության հավատքը, որպեսզի ավելի ամուր և արմատական լիներ իրենց համոզմունքը՝ հիմնավոր փաստերի զորությամբ ստացված, այլ ոչ թե պարզապես առաջին տպավորությունների հետևանքով ստեղծված:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: