Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
18-24. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»: Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից: Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»: Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ: Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է:
Երբ որ Պետրոսի խոստովանությունները կատարվեցին և առաքելության պաշտոնի մեջ վերահաստատվելը հռչակվեց, Հիսուս սկսեց այս պաշտոնի ապագա հետևանքները բացատրել: Իրոք որ ավետարանը տարածելով և հոգիներին ուղղության հրավիրելով Աստծուն հաճելի և մարդկանց օգտակար արդյունք պիտի ունենային, բայց մյուս կողմից իրենց դեմ ատելություններ և հալածանքներ էլ պիտի գրգռեին և նույնիսկ կյանքը Հիսուսի և Ավետարանի սիրո համար պիտի տային: «Քարոզելով և ավետարանելով,- Ասում է Հիսուս՝ դիմելով Պետրոսին,- տարիներ պիտի անցնեն և դու ծերացած պիտի լինես և այն ժամանակ գործելակերպը պիտի փոխվի: Քանի երիտասարդ և ժիր էիր, կարող էիր ուզածիդ պես ցանկացածդ տեղը գնալ ու գալ, ուզածիդ պես շրջել, և քո գոտին դու կապել, այսինքն՝ քո գործերը ինքդ կարգադրել, բայց երբ որ ծերանաս, ձեռքերդ պիտի տկարանան, ուրիշները քո գոտին պիտի կապեն և իրենց ուզածը քո համար պիտի կարգադրեն, իրենց ուզած տեղերը պիտի տանեն և չուզածդ տեղը պիտի տանես»: Ավետարանիչը վրա է բերում, թե այս խոսքերով ուզեց հասկացնել, որ ավետարանի աշխատանքների մեջ համարձակ և ազատորեն գործելուց հետո ի վերջո պիտի ձերբակալվի, շղթայվի և բռնի մահվամբ սպանվի:
Պատմությունից էլ գիտենք, որ Պետրոս առաքյալը ավետարանի քարոզությամբ շատ տեղեր շրջելուց հետո, Ներոնի հալածանքների ժամանակ բռնվեց և կալանքի ենթարկվելով՝ դատապարտվեց և Հռոմի Հանիկուլոն բլուրի վրա գլխիվայր խաչվեց, 67 թվին: Հիսուսի՝ Պետրոսին ասածը, թե տարցին ուր ոչ կամիցիս, առիթ է տալիս ավանդական մի պատմություն հիշել: Պետրոսը հալածանքների ժամանակ Հռոմում գտնվելով՝ բռնվելու և դատապարտվելու վտանգի տակ էր, ուստի ուզում էր Հռոմից հեռանալ և քաղաքից դուրս գալով, առաջին երեկոն Ապպյան ճանապարհի վրա մի անծանոթ տեղ է գիշերում: Գիշերը երազում տեսնում է Հիսուսին, որ խաչն ուսին գնում էր: Պետրոսը զարմացած հարցնում է. Տեր յո երթաս, և Հիսուս պատասխանում է. «Հռոմ եմ գնում, քո փոխարեն նորից խաչվելու համար»: Այս բանից Պետրոսը զղջալով քաղաք է վերադառնում և մարտիրոսանում: Մինչև այսօր Հռոմի պարիսպներից դուրս՝ Ապպյան ճանապարհի վրա Յո երթաս (Quo vadis?) մի եկեղեցի կա՝ այդ ավանդության հիշատակին նվիրված: Պետրոսը, որքան էլ սիրով բորբոքված, բայց միշտ դժկամ է երևում՝ դժվարություններին տոկալու մեջ, և ինչը որ Հռոմից փախուստի ավանդական պատմության մեջ է տեսնում, նույնը Գալիլիայի ծովեզերքին, Հիսուս Պետրոսին ասած պիտի լիներ, երբ նրա կապվելո ու սպանվելու գուշակությունն անելուց հետո դիմելով՝ ասում է. «Եկ զկնի իմ. հոգ չէ դու ինձ հետեւիր եւ իմ ճանապարհով քայլիր»: Պետրոսի դժկամությունը մեղմելու համար ասված խոսք է, թե ինչպես Ես չարչարանքով ու խաչով փառքի հասա, քեզ էլ նույնը կլինի, եթե նույն ճանապարհով գաս: Ոմանք ուզեցին Հիսուսի եկ զկնի իմ խոսքը այնպես հասկանալ, թե Հիսուս Պետրոսաին մի կողմ տանելով ուզեցել է նրա հետ առանձին խոսել, կամ էլ Պետրոսին ընկերներից բաժանելով ուզեցել է իր հետ տանել: Սակայն այդ իմաստը բոլորովին օտար է եղելության ընթացքին և հաջորդող խոսքերին, որովհետև Պետրոսը նույն պահին իր մոտ տեսնում է Հովհաննեսին, և Հիսուսին դիմելով՝ հարցնում է. «Տէր իսկ սա զի՞. վարդապետ, իսկ Հովհաննեսի վախճանը ի՞նչ պիտի լինի»: Հիսուս պատասխանում է. «Ուզում եմ, որ նա մնա մինչև ես նորից գամ: Դու ուրիշի ինչ լինելով ինչու՞ ես զբաղված, դա քո հոգալու գործը չէ, քեզ բավական է, որ դու իմ ասածիս պես իմ ետևից գաս ու իմ ճանապարհով քայլես»: Արդ, այս խոսքով Հիսուս երբեք չուզեց ասել, թե Հովհաննեսը ծովեզերքում սպասի, մինչև որ ինքը նորից ծովեզերք վերադառնա: Բոլոր ներկաներն էլ Հիսուսի կացցէ դա ասելն ընկալեցին որպես թե ասեր՝ նա ապրի, և դրանից հետևություն արեցին, թե Հովհաննեսը պիտի չմեռնի և մինչև Հիսուսի մյուսանգամ գալուստը կենդանի պիտի մնա: Սակայն այդ ընկալումը բոլորովին ճիշտ չէր այն իմաստով, թե պիտի չմեռնի, այլ թե պիտի ապրի մինչև մյուսանգամ գալուստը: Այդ մյուսանգամ գալուստ հին ուխտի կործանման և Նոր Ուխտի հաղթությանը վերագրելու դեպքում, ինչպես ուրիշ տեղ էլ ասեցինք (Մատթ. 24:27-31), Հիսուսի խոսքն արդարացավ դրանով, որ երբ մյուս առաքյալները 60-70-ական թվականների ընթացքում նահատակվեցին և մեռան, Հովհաննեսը Երուսաղեմի կործանումը տեսավ և դրանից հետո հանգավ խաղաղությամբ: Այդ բացատրությունը ինքը՝ Հովհաննեսն է, որ թելադրում է Ավետարանում՝ գրելով. «Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի, եւ ոչ ասաց նմա Յիսուս՝ Ոթէ ոչ մեռանիցի, այլ թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ»: Եվ ավելացնենք, որ երբ Հովհաննեսը այդ խոսքերն էր գրում, Երուսաղեմի տաճարն ու քաղաքը արդեն կործանված էին:
Հովհաննեսն այս հատվածում ինքն իրեն ոչ թե անունով, այլ մի դարձվածքով է նշում, գործածելով նախապես աշակերտն զոր սիրէրն Յիսուս բացատրությունը, որ ուրիշ տեղ էլ է գործածված, հետո հիշելով վերջին ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպ, երբ անկաւ զլանջօքն նորա եւ ասէ, Տէր, ո՞վ է, որ մատնելոցն է զքեզ Հովհ. 13:25, և վերջապես հայտնելով, թե Այս աշակերտ է, որ վկայէ վասն այսոսիկ, որ եւ գրեաց իսկ զայսոսիկ և ինքը՝ ավետարան գրողն ու եղելությունների ականատես վկան լինելը շեշտելով, մի տեսակ երդմամբ հաստատում է իր պատմածների ստուգությունը. «Եւ գիտեմք եթէ ճշմարիտ է է վկայութիւն նորա»: Այս հաստատության ձևը առավելագույնը մեկ անգամ էլ էր գործածել Հովհաննեսը Հիսուսի կողքի խոցվելու պատմությունն անելիս Հովհ. 19:35, և մեզ համար էլ վստահություն ավելացնելու և ստուգապատում եղելությունները հաստատելու նոր փաստ է լինում այդ վկայությունները:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: