Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:25

Մաղաքիա արք. Օրմանյան

25-28. Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»:
   
   Բերեայի քարոզությունների առաջին մասում Ղուկասի գրածներն անընդհատ հատվածներ են, որոնցից յուրաքանչյուրում մի-մի բարձր սկզբունք է պարունակվում: Մենք մեր բացատրությունը պիտի շարունակենք նույն ոճով: Այդ հատվածները հաճախ մի միջադեպի ծնունդ են, որովհետև Հիսուս ցանկացել է օգտվել ամեն պատահական հանգամանքից՝ կարևոր ճշմարտություն պարզաբանելու համար: Ահա առաջին միջադեպը:
Մի օրինական, այսինքն՝ դպիրների խմբից օրենսգիտությամբ ավելի զարգացած մի անձ, Հիսուսին հարց է ուղղում. «Ի՞նչ պետք է անեմ, որ հանդերձյալ հավիտենական կյանքում փրկության արժանանամ»: Օրինականներից փարիսեցիների աղանդին հետևողները ընդունում էին հանդերձյալ կյանքի գոյությունը, իսկ սադուկեցիների աղանդին հետևողները չէին ընդունում: Խոսքից երևում է, որ այս օրինականը փարիսեցի է, որովհետև մտածում է հանդերձյալ կյանքի մասին, թեև նրա հարցի նպատակը ուղիղ մտքով փրկության ճամփան սովորելու համար չէ, այլ կա՛մ պարզապեա հետաքրքրության, կա՛մ նենգավոր մտադրություն ունեցող հարցում է, որովհետև Ավետարանն էլ է ասում, թե՝ «փորձր զնա»: Հիսուս անմիջապես պատասխան չի տալիս, ինչ որ իհարկե կաներ, եթե Իրեն ուղղված հարցը բարեմիտ լիներ, այլ Ինքն էլ ցանկանում է փորձել օրինականին և հարցին պատասխանում է հարցով.«Դու, որ օրենսգետ ես և ուսումնասիրել ես Սուրբ Գիրքը, անշուշտ, այդքանը մինչև հիմա պետք է իմացած լինես Սուրբ Գրքից, ուրեմն, ի՞նչ է գրված Սուրբ Գրքում, ի՞նչ ես կարդացել այնտեղ»: Օրինականը, եթե արդար լինենք, բոլորովին էլ նենգամիտ չի երևում, որովհետև առանց վարանելու տալիս է ճիշտ պատասխանը. «Իմ իմացածով,- ասում է,- Սուրբ Գիրքը սեր է պատվիրում, սիրել Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու ամբողջ կարողությամբ սիրել ընկերոջը իր անձի պես»: Այդ երկու պատվիրանն էլ Մովսեսի օրենքից են, թեև անմիջապես իրար հետևից գրված չեն. «Սիրեսցես զտէր Աստուած քո յամեմայն սրտէ քումմէ եւ յամենայն անձէ քումմէ եւ յամենայն զօրութենէ քումմէ» (Բ Օր. 6:5),«Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո» Ղևտ. 19:19: Այդ երկու պատվիրանի գլխավոր և օրինական լինելը Հիսուսն էլ էր վարդապետում (Մատթ. 22:37-39), ուստի օրինականի բերանից էլ նույնը ասելու ժամանակ բնական էր, որ Հիսուս հավանություն տար նրա ասածին՝ իր հեղինակավոր հաստատումը վրա բերելով և հասկացնել տալով օրինականին, որ այս ամենը իմանալուց հետո հարցումը ավելորդ է և ունայն դատարկաբանություն կհամարվի: «Պատասխանդ ճիշտ է,- ասում է,- այդ է հարկավոր հավիտենական փրկության համար. դու էլ,եթե հավիտենական փրկության փափագ ունես, կատարիր այդ պատվիրանները և կարժանանաս հավիտենական երջանիկ կյանքին»:
   Օրինականը չուզենալով ունայն դատարկաբանություն արած լինելու լռելյայն հանդիմանության տակ մնալ և իր հարցումի ավելորդ չլինելը արդարացնելու միտումով՝ մի նոր հարց է տալիս Հիսուսին.«Աստծուն սիրելը,- ասում է,- հասկանում եմ, Աստված մեկ է և ում սիրելը հայտնի է, բայց ինչ հասկանամ ընկերոջը սիրել ասելով, այսքան մարդկանց մեջ ընկեր ասելով, ո՞ւմ պիտի հասկանամ, ո՞ւմ պետք է սիրեմ և սիրել ասելով ի՞նչ պետք է անեմ»: Այս անգամ հարցը ամենևին էլ անտեղի չէր, որովհետև, իրոք, սկսելով իր մերձավորներից և կամաց-կամաց տարածվելով՝ մինչև իսկ ամբողջ աշխարհի մարդկանց վրա կարող է հասկացվել«ընկեր» բացատրությունը: Այս անգամ Հիսուս համաձայնում է վարդապետորեն պատասխանել և «ընկեր» ասվածի ով լինելը բացատրել և իր սովորության համաձայն բացատրությունը տալիս է գեղեցիկ և սրտաշարժ առակով: