Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 11:37

Մաղաքիա արք. Օրմանյան

37-44․ Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով՝ սեղան նստեց: Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի: Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել: Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ: Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»:
   
    Բերեայում քարոզությունների մասին Ղուկասի պատմություններից շատ մասեր մոտիկից շոշափում են Գալիլիայում քարոզությունների մասին Մատթեոսի և Մարկոսի գրած պատմությունները։ Ոմանք ջանում են նման իրողությունները իրար մոտ բերելով՝ Ղուկասի պատմություններն էլ դիտել, որպես Գալիլիայի քարոզություններ և հանգամանքների տարբերություններն էլ հարմարացնելով՝ երկու տեղի պատմվածները իրար ձուլել։ Մենք բոլորովին հակառակ կարծիքի ենք հետևում՝ ամուր բռնելով նման իրողությունների և նման քարոզությունների՝ տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում կրկնվելը, որով նմանությունները հարկադրաբար նույնացնելու պարտավորություն չենք ունենա ու ավելի բնական և սահուն պատմական շարք կկազմենք։ Ասել էինք (Մատթ. 15:1-9), որ Երուսաղեմի փարիսեցիները և դպիրները Երուսաղեմից եկել էին Գալիլիա, Հիսուսի ընթացքը զննելու և նենգությամբ ապստամբության պատճառներ հորինելու համար։ Բերեայի մասին պատմվածներն էլ նույն ձևն ունեն և նույն ձևով են պատրաստված։ Վերևում տեսանք օրինականի հարցումը, փարիսեցու ճաշն էլ նման է դրան։
    Մի օր, երբ Հիսուս քարոզում էր, մի փարիսեցի մոտեցավ, խնդրեց, որ իր տանը ճաշի։ Հիսուս համաձայնվեց։ Թերևս շաբաթ օրվա սովորական քարոզություն էր, որից հետո սովորություն կար քարոզչին որևէ հարմար տուն ճաշի տանել, և քարոզիչը ո՛վ էլ որ լիներ և ո՛ւր էլ տանեին՝ գնում էր, ճանաչելու կամ ճանաչեցնելու կարիք չկար։ Մեր մեջ էլ ժամարարության մի հրավիրյալի, ուր որ տանեն, գնում է՝ առանց հարցնելու, թե ու՞ր և ու՞մ տուն է գնում։ Ավետարանը շաբաթ օրվա հանգամանքը չի հիշում, բայց այդ շատ հավանական է։ Հիսուս հրավիրողի հետևից գնում է, տուն է մտնում, հոգ չի տանում ձեռքերը լվանալու արարողությունն անելու և ուղիղ գնում նստում է սեղանի գլուխը։
    Փարիսեցին «զարմացավ»,- ասում է ավետարանը, այսինքն՝ շփոթվեց և գայթակղվեց։ Երևում է, որ չէր սպասում, թե այսպես խորությամբ օրենքը բացատրողը օրենքի նկատմամբ այդքան անտարբեր կլինի։ Սակայն այն, ինչ փարիսեցին օրենք էր կարծում, օրենք չէր, այլ միայն օրիանական ձևակերպությունների և պղծությունների օրենքի սխալ բացատրություն։ Պղծվածների սրբվելը օրենք էր, բայց ամեն ժամանակ պղծված կարծվելու օրենք չկար։ Մանավանդ, որ փարիսեցիները օրինական սրբությունների նախանձախնդիր էին երևում, միայն հետևում էին մարմնի արտաքին սրբությանը, և հոգու ներքին սրբության համար հոգ չէին տանում։ « Դուք փարիսեցիներդ, - սկսեց ասել Հիսուս, - գոհանում եք միայն գավաթի և պնակի դրսի կողմը մաքուր պահելով չեք մտածում նրանց մեջի կեղտոտության մասին․ ձեր մարմնի արտաքինը սրբում եք, իսկ ձեր ներքին հոգին հափշտակություններով և չարություններով պղծելուց չեք զգուշանում։ Մի՞թե արտաքին սրբությունը հրամայող օրենքը ներքին սրբությունն էլ չի՞ հրամայել։ Եթե իրոք ցանկանում եք լինել մաքուր և սուրբ, մի հափշտակեք և չարություն մի արեք, ողորմություն և բարություն արեք և այն ժամանակ իսկապես սուրբ ու մաքուր կլինեք․ ձեռքը լվանալով սրբվելու անհրաժեշտություն չեք ունենա։ Բայց վա՜յ ձեզ, եթե ամեն ինչում էլ այդպես սխալ եք մտածում։ Անանուխի և փեգենայի (նանէ օթու և սէտէֆ օթու) և ուրիշ մանր-մունր կանաչեղենների համար տասանորդ վճարելու խղճահարություն եք ունենում, իսկ դրանից հետո չեք խղճահարվում, երբ մեծամեծ հանցանքներ եք գործում Աստծո սիրո և արդարության պատվիրանի դեմ։ Չեմ ասում, որ տասանորդ չտաք․ փոքր օրենքն էլ պահեք, բայց մեծամեծերը մի՛ անարգեք։ Ձեզ ոչ մի օգուտ չկա, եթե ժողովներում պատվավոր տեղեր եք նստում կամ էլ հրապարակում առաջին բարևն եք ընդունում․ միշտ անարգված կմնաք, եթե չփայլեք ձեր գործերով՝ չեք երևա։ Գերեզմաններ էլ կան, որ փառավոր հիշատակներ ունեն, բայց վրան ուրիշ բաներով՝ հողով ու խոտով ծածկված լինելը նշանակություն չունի, բոլորն անցնում ու քայլում են վրայով և ներքևում գտնված հիշատակին ուշադրություն անգամ չեն դարձնում»։
    Այսպիսի հանդիմություններ հաճախ է խոսել Հիսուսը, և ավետարաններում շատ կան դրանց մասին հիշատակություններ, բայց ամենից ընդարձակը խոսեց Իր վերջին օրերում ( Մատթ․ 25), հետևաբար այստեղ ավելի երկարացնելու կարիք չենք տեսնում։