Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 13:10

Մաղաքիա արք. Օրմանյան

10-17. Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»: Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից:
   
    Բերեայում քարոզությունների ժամանակ դեռ հրաշքի պատմության չէինք հանդիպել։ Մեկի մասին այստեղ հիշատակում է Ղուկասը՝ Գալիլիայում շաբաթ օրերին կատարած բժշկություններին հարևնման պարագաներով։ Մի շաբաթ օր Հիսուս քարոզում է ժողովարաններից մեկում և այնտեղ աչքովն է ընկնում մի խեղճ կին՝ բոլորովին կուչ եկած և երկմասված, այնպես որ չէր կարողանում, գլուխը բարձրացնելով վեր նայել։ Այս հիվանդությունը նույնպես համարվում էր դիվական ներգործության արդյունք, որովհետև հիւանդութեան այս կոչված ձևը խեղճ կնոջն այսպես կապել էր տասնութ տարուց ավելի։ Հիսուս նրան իր մոտ կանչեց․ անշուշտ նա սկզբում կամ ավելի ուշ հավատքով բժշկություն էր խնդրել Հիսուսից, որովհետև Հիսուս այդ պայմանը պահանջում էր անհրաժեշտաբար։ Հիսուս հրամայական տոնով ասաց․ «Արձակեալ ես ի հիւանդութենէ քումմէ» և ձեռքը դնում է գլխին ու կինը միանգամից ուղղվում է․ կանգնում և սկսում օրհնել Ասծուն՝ իր հրաշալի բժշկության համար։ Եվ ահա միանգամից սկսում է շաբաթվա խնդիրը։
    Ծողովրդապետը բարկանում է Հիսուսի վրա՝ շաբաթ օրով բժշկություն անելու համար։ Սակայն չկարողանալով Հիսուսին որևէ բան ասել՝ սկսում է հանդիմանել ժողովրդին․ «Աշխատելու համար վեց օր ունեք, ինչո՞ւ այն օրերին չեք դիմում բժշկվելու և գալիս եք անիմաստ կերպով խախտելու շաբաթվա օրենքը»։ Չնայելով, որ հանդիմանությունն ուղղված էր ժողովրդին, այլ ոչ թե Իրեն, Հիսուս Ինքն է շտապում պատասխանել և խստորեն պահպանել շաբաթ օրերին էլ բարեգործություն անելու ազատությունը, մանավանդ պարտավորությունը, որը շատ անգամ հստակ ու զորավոր կերպով բացատրելի էր։ Մենք նույնպես քանիցս պարզաբանել ենք։ Ղուկասն այս անգամ էլ պատճառաբանություն է մատնանշում։ Եվ իր ախոռում կապած եզ կամ էշ ունի, շաբաթ օրերին ևս արձակում է, աղբյուր տանում, ջուր խմեցնում և կրկին ետ բերում, որպեսզի կենդանին առանց ջրի չվնասվի։ «Այդ կինը,- ասում է Հիսուս,- ում դևը տասնութ տարի ի վեր կապել-կապկպել էր, եզի կամ էշի չափ չկա՞, որպեսզի արժանի լինի արձակվել և իր կարոտությունն ու պետքը ընդունել»։ Օրինակը որքան էլ ռամկական, նույնքան ավելի զորավոր էր՝ համոզելու համար ժողովրդին, որ մի կողմից ուրախանում էր բժշկության համար, մյուս կողմից հիանում՝ Հիսուսի զորավոր խոսքերից, նաև խրոխտանում էր դպիրների ու փարիսեցիների վրա, ծիծաղում՝ նրանց պարտությւոնը տեսնելով, մինչգեռ «յամօթ լինէին ամենեքին՝ որ հակառակն կային» Հիսուսի։