Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 13:31

Մաղաքիա արք. Օրմանյան

31-35. Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ: Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»: «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»»:
   
    Բերեան միացած էր Գալիլիայի չորրորդապետությանը և գտնվում էր Հերովդես Անտիպասի իշխանության ներքո։ Հետևաբար, Հիսուս Բերեայում նույնպես Հերովդեսի իշխանության տակ էր։ Հիսուս արդեն մտադրվել էր Երուսաղեմ գնալ և ըստ այդմ էր կարգադրել իր գնալու ճանապարհը, բայց փարիսեցիները վստահ չէին, թե Հիսուս կրկին կգնա՞ Երուսաղեմ, ինչպես որ իրենք փափագում էին, որովհետև Հերովդեսը, լինելով կրոնով հրեա և Հիսուսի քարոզությունները հարգող ու Հիսուսի մարգարեական ազդեցությունից պատկառող, չէր կարող փարիսեցիների ձեռքում գործիք լինել՝ Հիսուսին սպանելու, մինչ իրենց համար ավելի դյուրին կլիներ անել այդ՝ հեթանոս կառավարչի վրա ազդեցություն գործելով։ Այդ նպատակով էր, որ փարիսեցիները մոտեցան Հիսուսին և, իբրև Նրա կյանքը ապահովելու բարեկամական ցանկությամբ, ասացին, թե լավ կլինի Բերեայից էլ հեռանա այնպես, ինչպես հեռացավ Գալիլիայից և դուրս գա Հերովդեսի սահմաններից, քանի որ Հերովդեսը մտածում է իրեն սպանել։ Ավետարանական պատմության մեջ որևէ ակնարկ չկա այն մասին, թե Հերովդեսը Հիսուսին սպանելու ծրագիր է ունեցել, ընդհակառակը, ուզում էր Նրա հրաշագործությունները տեսնել Ղուկ․ 23:8։ Իսկ եթե իրոք Հերովդեսը Հիսուսին սպանելու ծրագիր է ունեցել, ապա փարիսեցիները ոչ թե փախչելու խորհուրդ կտային, այլ կօգնեին իրականացնել սպանության ծրագիրը։ Ուստի փարիսեցիների հայտնած լուրը պարզապես խաբեություն էր՝ Հիսուսին Երուսաղեմ ուղարկելու համար։
   Հիսուս չի քննում Իրեն հայտնած լուրի ստուգությունը և ոչ էլ կարևորություն է տալիս մահվան վտանգին։ Ուղղակի փարիսեցիների մտադրությունը հասկացած լինելն ակնարկելով՝ հայտարարում է, թե Ինքը հերովդեսներից ակնածանք չունի, չի վախենում սպառնալիքներից, համարձակորեն է կատարում Իր ավետարանական գործունեությունը։ Գիտի, որ ի վերջո սպանվելու է և այն էլ Երուսաղեմում, բայց վայ պիտի գա Երուսաղեմի գլխին։ «Եթե, - ասում է, - Հերովդեսը նման խաբեբայական միտք ունի, գնացեք ու ասեք այն նենգավորին, որ ես իմ գործից ետ չեմ կանգնի։ Պիտի շարունակեմ գործունեությունս․ դևեր հալածեմ, բժշկություններ անեմ, այսօր՝ այսպես, վաղն էլ՝ նույնպես, իսկ մյուս օրը ես էլ կյանքս կկնքեմ։ Բայց սրա համար գործիցս ետ չեմ կանգնի, այսօրվա գործս էլ կանեմ, վաղվանն էլ կլրացնեմ, մինչև հասնի կյանքիս որոշյալ օրը։ Եվ այն էլ՝ վստահ եղեք, Երուսաղեմում է լինելու, ինչպես բոլոր մարգարեները Երուսաղեմում հալածվեցին ու սպանվեցին։ Բայց վա՜յ ձեր Երուսաղեմին։ Վա՜յ քեզ, Երուսաղեմ։ Երուսաղե՜մ, որ դեպ քեզ եկող մարգարեներին սպանում էիր, քեզ ուղարկված առաքյալներին՝ քարկոծում, քանի անգամ ուզեցի քեզ պաշտպանել իմ հովանու ներքո, ինչպես հավն է վառեկներին պաշտպանում՝ իր թևերի տակն առնելով, բայց դու գլուխ բարձրացրիր, չլսեցիր և չուզեցիր իմ պաշտպանությունը, մերժեցիր քարոզություններս․ այլևս ես էլ քեզ քո բախտին եմ թողնում, դու պիտի վռնդվես, տներդ ավերակ են լինելու և այլևս ինձ չես կարող մոտենալ ու օգտվել ինձանից, մինչև զղջալով ու խոսքերս ընդունելով, իմ՝ դեպի քեզ գալուստը բարձրաբարբառ օրհնելով՝ գոչես, թե՝ Օրհնյալ լինես դու, որ հանուն Աստուծո և Աստուծո կողմից ես եկել»։ Սա առաջին անգամն է, որ Հիսուս գուշակում է Երուսաղեմի անկումը։ Սակայն դեռ ուրիշ անգամներ ևս պիտի լսենք Հիսուսի բերանով կրկնվող նույն վայերը և նույն սպառնալից գուշակությունները։