Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ:
Երկնային պատվիրակներն իրենց ազդարարությունը կատարելով աներևութացան և առաքյալները այլևս մտքով ու սրտով բավականին լուսավորված, համոզվեցին, որ Հիսուսին փնտրելու և Հիսուսի շուրջը գործելու ժամանակն արդեն անցել է։ Նա արդեն տեսանելի աչքով իրենց հետ չէ, բայց իմանալի աչքով միշտ իրենց հետ պիտի լինի։ Այսուհետև Հիսուսին ոչ թե իրենց շուրջը պիտի փնտրեն, այլ իրենց սրտերում պիտի գտնեն Նրա ազդեցությունը՝ այնտեղ փնտրելով Հիսուսին և իրենց ներսից բխած զորությամբ պիտի գործեն, պիտի քարոզեն ու պիտի ավետարանեն։ Ուրիշ բան չէր մնում իրենց, բայց միայն վերջին անգամ հայացքն բարձրացնել այն ուղղությամբ, որով Հիսուս վերացավ, երկրպագությամբ խոնարհվել աստվածային կամքի առջև և վերադառնալ իրենց օթևանը՝ մտածելու համար իրենց գործունեության մասին․ «Եւ նոցա երկիրպագեալ նմա, դարձան»։
Վերադարձողները Տասնմեկն էին, որոնց Ղուկաս ավետարանիչը անուն առ անուն հիշատակում է Գործք Առաքելոցի պատմության սկզբում։ Որովհետև պիտի պատմեր նրանց գործերի մասին, այդ պատճառով էլ պետք է նախօրոք նշեր նրանց ով լինելը։ Մենք արդեն անունները հիշատակել և նրանց ով լինելու մասին խոսել (Մատթ. 10:2-4) և անունների տարբերությունների վերաբերյալ կարևոր տեղեկություններ ենք տվել՝ Ղուկասի այստեղ դրված ցուցակն էլ համեմատության մեջ դնելով, որով նոր դիտողություններ անելու հարկ չկա։ Բավական ենք համարում մեզ ծանոթ և սովորաբար օգտագործվող եղանակով թվարկել նրանց անունները՝ Սիմոն Պետրոս, Հակոբոս Զեբեդյան, Հովհաննես Զեբեդյան, Անդրեաս Հովնանյան, Ֆիլիպոս Բեթսայիդացի, Թովմաս Երկվորյակ, Բարթողիմեոս Նաթանայել, Մատթեոս Ղևի, Հակոբոս Ալփյան, Շմավոն Նախանձահույզ և Հուդա Թադեոս։
Առաքյալները Ձիթենյաց լեռից վերադառնում են Գեթսեմանի և Կեդրոնի ճանապարհով հասնում քաղաք։ Ղուկասը Համբարձման վայրի դիրքը ճշտելով ասում է, թե երկու կետերի հեռավորությունը «ըստ շաբաթու ճանապարհի» էր, այսինքն, օրինական հանգստի՝ շաբաթ օրը քայլելու թույլատրված չափով։ Ղուկասի խոսքը միա՛յն չափը ցույց տալու համար էր ասված, որովհետև օրը հինգշաբթի էր։ Շաբաթ օրվա թույլատրված քայլելու չափը ութ ասպարեզ էր համարվում, իսկ ասպարեզը 185 եվրոպական մետրն է, որով շաբաթի ճանապարհը լինում է հին հռոմեական մեկ մղոն կամ 1480 մետր։ Այդ չափը և «Դարձան յանուանեալ լեռնէն Ձիթենեաց» բացատրությունը, որոնք Ղուկասը հիշատակում է Գործքում, բացատրում են Ավետարանում օգտագործված «Եհան զնոսա մինչեւ ի Բեթանիա» խոսքը և ցույց են տալիս, թե Հիսուս Բեթանիայի ճանապարհը բռնեց, բայց Բեթանիա չհասավ, որ շատ ավելի հեռու է Երուսաղեմից և որ Ձիթենյաց լեռան մյուս կողմում է՝ լեռը վերջանալուց հետո և թե Ձիթենյաց լեռան գագաթից տեղի ունեցավ Հիսուսի համբարձումը, ինչը որ հաստատուն և տևողական ավանդությունն էլ պահել է։
Երուսաղեմ հասնելով ուղիղ «ելին ի վերնատունն»՝ Հիսուսի վերջին ընթրիքի վերնատունը, որն այնուհետև Հիսուսի առաքյալների կենտրոնն ու մշտական օթևանն էր դարձել․ «Ուր վանքն իսկ էին»։ Այն բարեսեր անձը, որ հաճեցել էր զատկական ընթրիքի համար Հիսուսին տրամադրել իր զարդարված վերնատունը, անշուշտ, Հիսուսի համակիրներից էր, որ վերահասարակածների պատճառով անհրաժեշտ համարեց ձեռքից եկած պաշտպանությունը կատարել Հիսուսի վախեցած և ահաբեկված աշակերտների համար, որով մի քանի անգամ արժանացավ նաև իր հարկից ներս ընդունելու հարուցյալ Հիսուսին և այնուհետև իր նվիրագործված տունը մշտապես Հիսուսի աշակերտների հավաքներին ու նրանց բնակությանն հատկացնել։ Այսպես կազմավորվեց Երուսաղեմի առաջին քրիստոնեական եկեղեցին կամ ժողովարանը կամ ինչպես սովոր ենք կոչել Աշխարհամատուռը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: