Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 4:14

Մաղաքիա արք. Օրմանյան

14-15․ Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց:  Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից:
   
   Սա Հիսուսի առաջին գալը չէր Գալիլիա, որովհետև արդեն հիշել ենք Կանայի հարսանիքը Հովհ 2։1-11 և Կափառնայում գնալը Հովհ 2։12, սակայն այն ժամանակ Հիսուս ընդհանուր քարոզներ չսկսեց և պտույտներ չարեց, այլ իր մեծացած և ապրած գավառներին այցելելու էր եկել: Նա իր վարդապետության քարոզությունը սկսեց Հորդանանի կողմերից, հաստատեց մկրտությունը, իրեն հետևողներ հավաքեց և դրանից հետո իր տնօրինական առաքելությունը տարածեց Գալիլիայում: Օրինականության լեզվով՝ այն անգամ անպաշտոն այցելություն էր կատարել, իսկ այս անգամ՝ պաշտոնական գալուստ էր, գալիլիացիներին ավետարանի վարդապետությանը հրավիրելու: Հիսուս ընդունվեց խնդությամբ և փառավորությամբ: Հիսուսի համբավն արդեն տարածվել էր. Երուսաղեմում մեծ անուն էր թողել, Հորդանանի կողմերում նշանավոր գործեր էր արել, Սամարիայում անակնկալ հաջողություն էր գտել: Հիսուս գալիլիացի էր, և գալիլիացիները Հիսուսով փառավորվելու, պարծենալու իրավունք էին զգում, անշուշտ սպասելով, որ Երուսաղեմում հրաշքներ գործելուց և Հորդանանում իրեն ցույց տալուց հետո էլ ավելի նշանավոր գործեր պիտի կատարեր Գալիլիայում: Ըստ այդմ էլ, Հիսուսի Գալիլիա հասնելը ժողովրդական և հռչակավոր երևույթի կերպարանք ընդունեց:

   Թե ի՜նչ արեց Հիսուս այդ ժամանակ, ուր շրջեց, որ քաղաքներում քարոզեց, ինչ հրաշքներ գործեց մեկ առ մեկ պատմված չեն: Ավետարանիչները բավարարվում են ընդհանուր բացատրություններ տալով: Ամբողջ Գալիլիայում տարածվեց նրա համբավը, ժողովարանից ժողովարան անցնելով ամենուրեք քարոզեց իր վարդապետությունները, բոլորի կողմից փառավորվեց և որևէ բան առանց հրաշքի չեղավ, քանի որ հրաշքներն էին միայն, որ այդ ժողովրդի աչքի առաջ նշանակություն էին ստանում և պատվի արժանացնում: Ավետարաններում որոշակիորեն պատմված հրաշալի բժշկությունների թիվը հազիվ քսանի են հասնում, մինչ մյուս կողմից հաճախ կրկնվող  բոլոր հիվանդություները բժշկեց բացատրությունը ենթադրում է հարյուրավոր և հազարավոր հրաշքների կատարում, որ հականե-հանվանե չեն պատմվում: Եվ իրոք, տեսնում ենք, որ հեռավոր տեղերից անգամ ուխտավորներ են գալիս և բժշկված վերադառնում: Հիսուսի շուրջն էլ հազարավոր մարդկանց հավաքված լինելն էլ հիշված է Մատթ. 14։21, 15։38, որոնք միայն բժշկվելու համար էին հավաքվել Հիսուսի շուրջը և բոլորն էլ իրենց փափագին հասած վերադառնում էին: Եվ եթե այդքան բազմաթիվ հրաշքների մեջ միայն քսանի մասին է հականե-հանվանե պատմված, ապա պատճառը այլ բան լինել չի կարող, եթե ոչ այդ հրաշքներով բժշկված մարդկանց մինչ այդ կամ ապագայում նշանավոր լինելը:

   Գնացած տեղերի մասին էլ այստեղ որոշակի հիշատակությունները պակասում են, բայց քանի որ հիշված են Գալիլիայի ժողովարանները, ապա դրանք պետք է լինեն բոլոր գլխավոր քաղաքները, ինչպես օրինակ, Կափառնայումը, Քորազինը, Բեթսայիդան, Տիբերիան, Մագդաղան, Կանան և առհասարակ Գալիլիայի ամբողջ կենտրոնական մասը՝ քաղաքներով և գյուղերով հանդերձ, որովհետև Հիսուս միայն գլխավոր քաղաքներում չէր քարոզում, այլ նաև մտնում էր գյուղեր, ագարակներ և քարոզում ու բժշկում էր  Մարկ. 6։56: