Մաղաքիա արք. Օրմանյան
16-30․ Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»: Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած: Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»: Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»: Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում: Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ: Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում: Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»: Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն: Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց:
Գալիլիայով շրջելիս՝ Հիսուս իր բնակավայր Նազարեթ քաղաքը դուրս էր թողել այցելելիք վայրերից, որովհետև տեղի բնակիչներին չէր վստահում, քանի որ վերջիններս, տեսած լինելով Հիսուսի մանկությունը, երիտասարդությունն ու անշուք կյանքը, նրա մասին մեծ կարծիք չունեին և չէին ընդունում, որ հյուսն Հովսեփի որդին կարող է Մեսիան լինել: Այսուհանդերձ, անհրաժեշտ էր մեկ անգամ էլ նրանց հանդիպել, որպեսզի թերահավատության պատճառ չունենան: Նրանց ևս անհրաժեշտ էր հաղորդել Ավետարանի վարդապետությունը: Կարելի էր հուսալ, որ Հրեաստանում և Գալիլիայում Հիսուսի ձեռք բերած հաջողություններն իրենց ազդեցությունն էին թողել նաև նազարեթցիների վրա: Այդ նպատակով Հիսուս հռոմեացիների 781, մեր՝ 28 և իր կյանքի 32-րդ թվականի սկզբից մեկ ամիս հետո գալիս է Նազարեթ: Նրա այնտեղ ժամանելու օրը չի հիշատակված: Սակայն, սովորության համաձայն, առաջիկա շաբաթ օրվա առավոտյան գնում է ժողովարան, որը կարող է համընկնել 28 թվականի հունվարի 31-ի կամ փետրվարի 7-ի հետ: Այդչափ փառավորված և հռչակ վայելող Հիսուսին փորձելու և արժեքն իմանալու համար՝ նազարեթցիները Նրան հրավիրում են Սուրբ Գիրքը մեկնելու և այն Նրա առջև են դնում: Ըստ սովորության, համապատասխան կարգով, ամեն շաբաթ Սուրբ Գրքից կարդացվում և մեկնաբանվում էր մի հատված: Բայց Հիսուս, չհետևելով այդ կարգին, բացեց պատահական մի տեղ, որ էր Եսայի մարգարեից, և կարդաց հետևյալ հատվածը. «Հոգի Տեառն ի վերայ իմ․ վասն որոյ եւ օծ իսկ զիս, աւետարանել աղքատաց առաքեաց զիս, բժշկել զբեկեալս սրտիւք, քարոզիալ զգերեաց զթողութիւն, եւ կուրաց տեսանել, արձակել զվիրաւորս ի թողութիւն, քարոզել զտարեկան Տեառն ընդունելի» Եսայ. 61։1,2: Այս հատվածն Ավետարանում գործածված է համաձայն Յոթանասնից թարգմանության, ինչպես և մեր Աստվածաշունչն է: Իսկ եբրայական օրինակը, որից թարգմանվել է լատինականը, այսպես է ավանդում. «Հոգի Տեառն ի վերայ իմ․ զի օծ զիս Տէր, աւետել հեզոց առաքեաց զիս, զի բժշկեցից զբեկեալս սրտիւ, եւ քարոզեցից գերեաց զթողութիւն, եւ փակելոց զբացումն, եւ քարոզեցից զամն հաշտութեան»: Իմաստների տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Մեր դիտողությունը նրանց համար է, ովքեր, կառչած եբրայական օրինակին, անարգում են Յոթանասնից թարգմանությունը՝ մոռանալով, որ Ավետարանը ևս հետևում է Յոթանասնից թարգմանությանը:
Եսայու այս հատվածը մեսիական մարգարեությունների գլխավոր մասերից է: Հենց այս ձևով էլ ընդունվում է հրեա օրենսգետների և ժողովրդի կողմից: Հետևաբար, ժողովարանի ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այն բացատրությանը, որ պիտի տար Հիսուս: Ընթերցումն ավարտելուց, Գիրքը փակելուց և տեղը դնելու համար պաշտոնյային հանձնելուց հետո, ամենքի աչքերը լռիկ սևեռված էին Հիսուսին: Հիսուս նախ հայտնեց հատվածի մեսիականությունը, ապա ավելացրեց նաև կատարումն իրենով ամբողջանալու հանգամանքը. «Ինչ որ Եսային նախօրոք գուշակել էր, այսօր դուք ձեր ականջներով դրա իրականություն դառնալու մասին եք լսում»: Այնուհետև՝ շարունակելով խոսքը, բարձրարվեստ ու շնորհալի կերպով բացատրեց Երկնից Արքայության վարդապետությունը: Ամենքն ափիբերան միմյանց փսփսում էին. «Արդյոք սա հյուսն Հովսեփի որդին, մեր իմացած Հիսուսը չէ՞. հապա որտեղի՞ց իրեն այսչափ իմաստություն և շնորհք»: Նազարեթցիների զարմանքն ամուլ էր և անպտուղ, քանզի նրանց սրտերում հավատք չէր հարուցում: Նրանք չէին կամենում ընդունել, որ իրենց համաքաղաքացի Հիսուս իրավամբ Մեսիան էր:
Վարդապետության համն զգալուց հետո, կամենում էին, որ իրեն ցուցադրելու համար հրաշքներ ևս գործի, որովհետև լսել էին Կափառնայումում, Կանայում և մյուս քաղաքներում կատարած հրաշքների մասին: «Այստեղ ևս արա,- ասում էին, - որ մենք էլ տեսնենք»: Սակայն այս ասողները հավատքով բժշկություն հայցողներ չէին, այլ պարզապես ցուցադրվող խաղեր տեսնել ցանկացողներ: Ուստի չկամեցավ գոհացնել նրանց թերահավատ հետաքրքրությունը և ասաց. «Ինձ կրկնել պիտի տաք այն սովորական առակը, որ ասում է, թե բժիշկ, բժշկեա՛ զանձն քո․ ուրիշ տեղերում բժշկություն ես արել, քո քաղաքի համար ևս արա: Սակայն ես էլ մյուս առակը պիտի հիշեցնեմ Չէ՛ մարգարէ ընդունելի ի քաղաքի իւրում . մարդ յուրայինների մոտ արժեք չունի: Այսպես է եղել ժամանակներ առաջ: Մարգարեներից ևս օգտվել են օտարները, իսկ մտերիմներն անմասն են մնացել: Երբ Եղիայի ժամանակ երեք և կես տարի երաշտ եղավ, տիրեց համատարած սովը, իսրայելցիներից ոչ ոք չօգտվեց Եղիայի ներկայությունից, բացի Սարեփթայում բնակվող սիդոնացի մի կնոջից: Այդպես և Եղիսեի օրոք, երբ բորոտությունը լայնորոն տարածվել էր իսրայելցիների մեջ: Նրանցից ոչ ոք չբժշկվեց Եղիսեի հրաշքով, բացի ասորի Նեեմանից» (Գ Թագ. 17։ 8-16, Դ Թագ. 5։9-14):
Հիսուսի տված բացատրությունը նազարեթցիների ականջին հնչեց իբրև արհամարհանք, որովհետև Հիսուս գտնում էր, որ նրանք ոչ միայն անկարող են հրաշքն ընակալել, այլև հեթանոսներից ավելի ցածր էր համարում նրանց: Իրենք իրենց նախատված զգացին: Սկզբնական զարմանքին, որ նույնիսկ սրտաբուխ չէր, փոխարինեց բարկությունը: Իրենց համաքաղաքացու վրա իշխանություն ձեռք բերելու մտադրությամբ, ինչպես նաև հասցրած անարգանքի վրեժն առնելու նպատակով, հարձակվեցին Հիսուսի վրա, բռնեցին և դուրս արեցին ժողովարանից: Քարկոծելու փոխարեն, որ հրեից ժողովրդական ընդունված պատժաձևն էր, ամբոխով ու աղմուկով Հիսուսին հանեցին մինչև այն լեռան գագաթը, որի ստորոտին էր կառուցված Նազարեթ քաղաքը, որպեսզի, գագաթի գահավեժ ժայռից վայր գլորելով՝ սպանեն:
Հիսուս ներելով թույլատրեց, որ մի պահ իրենց բարկության զայրույթը հագեցնեն: Ուստի, ո՛չ ժողովարանում և ո՛չ էլ լեռն ի վեր բարձրանալիս, չարգելեց նրանց և չպաշտպանեց իրեն: Միաժամանակ թույլ չտվեց, որ գործադրվի չար խորհուրդը: Նոր-նոր էր սկսել քարոզչությունը և պետք է ավարտեր իր տնօրինական գործունեության շրջանը կամ ինչպես Ավետարանի լեզվով է բացատրվում՝ տակավին չէր հասել իր կամավոր մահվան ժամանակը: Ահա թե ինչու, երբ Նազարեթի լեռան գագաթը հասան և կարծեցին, թե Հիսուսին գահավեժ անելով պիտի սպանեն, Նա, ընդհակառակը, ազատվեց նրանց ձեռքից, աչքերի առջևից աներևութացավ և անցավ նրանց միջով այնպես, որ չտեսան և Հիսուս չվերադարձավ Նազարեթ, այլ՝ Կափառնայումի ճանապարհով հեռացավ:
Այս միջադեպը մեզ ամբողջությամբ պատմում է Ղուկասը, սակայն Հովհաննես Ավետարանիչը ևս մի քանի միջանկյալ խոսքերով է ակնարկում նույն դիպվածը: Ըստ որում, Հովհաննեսը ևս մեջ է բերում «Մարգարէ իւրում գաւառի պատիւ ոչ ունի» ասացվածքը, որի իմաստը չէր արդարացվի, եթե չակնարկեր Նազարեթում տեղի ունեցած միջադեպը, որովհետև նախընթաց խոսքում ասվում էր, թե «Յորժամ եկն նա ի Գալիլիա, ընկալան զնա Գալիլիացիքն»: Գալիլիացիների ջերմ ընդունելությունը և իր գավառում չընդունվելը միմյանց հետ չէին կապվի, եթե չիմանայինք, որ ոչ թե գալիլիացիների ընդունելությունը, այլ՝ նազարեթցիների մերժումն է ակնարկում Ավետարանիչը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: