Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 15:25

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին:
   
    Հովհաննեսի ավետարանում կարդում ենք․ «Էր Ուրբաթն զատկի եւ էր ժամ իբրեւ վեցերորդ, եւ Պիղատոս ասէ ցՀրեայսն»։ Այս համարի ուրբաթ և վեցերորդ բառերը մեզ կրկին խնդիրների փաստի առաջ են կանգնեցնում։ Ուրբաթը շաբաթվա վեցերորդ օրն է և լատինների կողմից էլ կոչվել է վեցշաբթի։ Հույներն այն անվանել են Պարասքեւի, որ նշանակում է օր պատրաստութեան։ Հույներն այսպես են կոչել՝ այն համեմատելով հանգստյան Շաբաթ օրվա հետ, որին նախապատրաստվում էին նախորդ օրվանից։ Արդ, «Որբաթն զատկի» բացատրությունը, հունարեն ստուգաբանական թարգմանությամբ, կարող էր հասկացվել նաև «Օր պատրաստութեան զատկի», և նրանք ովքեր պաշտպանում են այն կարծիքը, թե ուրբաթը նիսան 14-ը և շաբաթը նիսան 15-ն է եղել (Մատթ. 26:17), ենթադրում են որ Հովհաննեսի այդ խոսքերով իրենց կարծիքը հաստատող կարևոր փաստ են գտել։ Սակայն ոչ մի պատճառ չունենք Պարասքևին իբրև ստուգաբանելի հասարակ անուն ընկալել, այլ ոչ թե շաբաթվա օրերից մեկի հատուկ անունը։ Բոլոր թարգմանությունների համաձայն, Պարասքևի բառը հասկացվել է որպես վեցերորդ օրվա հատուկ, բայց ոչ երբեք հասարակ անուն։ Այդ անունը դարձյալ հունարենին, այլ ոչ թե՝ հրեերենին հատուկ լինելով՝ անկարելի է կապել Հիսուսի ու ժամանակակից հրեաների գործածական բացատրության հետ։ Դարձյալ որևէ պատմական կամ ավանդական հիշատակություն չկա, որոնցով հաստատվի, թե «Օր պատրաստութեան» բացատրությունը նիսան 14-ի հաամր էր գործածվում և այդպիսի անվանում հրեաների մեջ երբեք գործածակն չի եղել, և Հովհաննեսն էլ այն չէր կարող գործածել։ Հետևաբար «Որբաթն զատկի» բացատրությունը ոչ թե երկու տարբեր օրերի վրա առանձին - առանձին պիտի տարածվի, այլ միևնույն օրվա վրա, հասկացնելու համար,որ այն օրը միաժամանակ ուրբաթ էր և զատիկ, ինչպես մենք ենք այժմ «Կիրակի զատկի» ասելով հասկանում միևնույն օրը՝ կիրակի և զատիկ միաժամանակ, այլ ոչ թե երկու տարբեր օրեր։ Այդ բացատրությունն այժմ էլ շատ սովորական է և հասարակ խոսակցության մեջ նույնպես ասվում է, օրինակ Խաչելության ուրբաթը, Վարդավառի կիրակին, Համբարձման հինգշաբթին, Նավակատյալ շաբաթը և այլն։ Եվ միշտ էլ այդ երկու բառերը ասելիս մեկ օր ենք հասկանում, որը միանգամից ցույց է տալիս շաբաթվա օրը և տոնի հիշատակը։Ճիշտ այսպես է նաև «» բացատրությունը, որ օրվա հատուկ անունով հիշատակն է միացնում և ցույց տալիս,որ այդ օրը ուրբաթ և զատիկ էր և ոչ երբեք զատկի պատրաստության օր։ Հետևաբար, Հովհաննեսի խոսքը Հիսուսի մահվան ուրբաթը՝ նիսան 14-ը ենթադրողներին չի կարող նպաստել և չի խախտվում մեր պաշտպանած կարծիքը, թե նույն ուրբաթը նիսան 15-ն էր ու զատկի տոնի առաջին օրը (Մատթ. 26:17
    Մյուս խնդիրը ծագում է Հովհաննեսի ու Մարկոսի խոսքերի բացատրությունից։Հովհաննես ասում է, թե վճիռն արձակած ժամանակ «Էր ժամ իբրեւ վեցերորդ», մինչդեռ Մարկոսը պնդում է, թե խաչված ժամանակ «Էր ժամ երրորդ»։ Անշուշտ գործադրությունը վճռից առաջ չէր կարող լինել։ Հին մեկնիչների դիմում են բարոյական մեկնությունների, ասելով, թե Հիսուս խաչված կարող էր ասվել՝ հրեաների առաջին անգամ «Խաչեսցի» աղաղակը բարձրացնելիս։ Սակայն մեզ համար դժվար չէ ճիշտ ժամահաշվի ձևով երկու հացատրությունները համաձայնեցնել։ Հների ժամերը տարբերվում էին մեր գործածածից․ մութն ու լույսը կազմում էին գիշերն ու ցերեկը,յուրաքանչյուրը բաժանվում էր չորս պահերի,իսկ յուրաքանչյուր պահ՝ երեք ժամերի։ Սակայն պահերը ևս սովորաբար ժամ էին կոչվում։ Պահերի կամ ժամերի տևողությունը որոշվում էր եղանակաների տարբերություններին համապատասխան։ Բայց միշտ ցերեկվա երկրորդ պահը կեսօրին, իսկ գիշերվա երկրորդ պահը՝ կեսգիշեր էր ավարտվում։
    Պահերը կրկնակի անուն ունեին․ մեկը իրենց չարահարությամբ անվանվում էին առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պահ, երկրորդը՝ ժամերի չարահարությամբ՝ առաջին, երրորդ, վեցերորդ և իններորդ ժամ։ Ըստ այսմ, ժամը երեքից մինչև վեցը հավասարապես երկրորդ պահ և երրորդ ժամ էր կոչվում, իսկ վեցից ինը՝ երրորդ պահ և վեցերորդ ժամ, և ժամը իննից մինչև տասներկուսը կոչվում էր չորրորդ պահ կամ իններոդ ժամ։ Ուստի, երբ ժամը հինգն էր, դեռևս լինելով երրոդ ժամի մեջ, ասվում էր Երրորդ ժամ, ինչպես որ վեցերորդին մոտ լինելու համար կարող էր ասվել Իբրև վեցերորդ ժամ։
    Մենք տեսանք, որ հրեաները շատ շուտ,լույսը դեռ նոր բացված, մի կարճ ժողով արեցին և Հիսուսին բերեցին Պիղատոսի մոտ (Մատթ. 27:1)։ Դրանից հետո տեղի ունեցող գործողությունները միմյանց հաջորդեցին անընդհատ ու արագորեն՝ մեկը մյուսի հաջորդելով, և ամբողջը միասին գրերթե տևեցին չորս – չորսուկես ժամ։ Այն օրերին ժամերի տարբերությունն, այսօրվա հետ համեմատած,՝ այնքան էլ մեծ չպիտի լիներ, քանի որ եղանակը գիշերահավասարի մոտ էր և ժամերն իրենց միջին տևողությունն ունեին։ Ուշադրության է արժանի նաև այն, որ Պիղատոսի դատարանից մինչև գողգոթա հասնելու համար երկար ժամանակ պետք չէր և վճռից մինչև գործադրելը հազիվ կես ժամի չափ պետք լիներ․ ժամը հինգից մինչև վեցն ընկած ժամանակահատվածը կարող էին այդ գործերն ավարտվել։ Դրա համար է Հովհաննեսն ասում, որ վճիռն արձակելիս «Էր ժամ իբրեւ վեցերորդ», ոչ թե ուղիղ վեցը, այլ վեցին մոտ՝ «իբրեւ վեցերորդ»,իսկ երբ Հիսուս խաչվեց, դեռ երրորդ ժամը չէր լրացել, և Մարկոսը կարող էր ասել «Էր ժամ երրորդ»,և երկուսն էլ իրար հակառակ չեն խոսում։ Մարկոսի պատմությունն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ քիչ հետո ասում է․ ««Իբրեւ վեց ժամ եղեւ, խաւար կալաւ»», այսինքն վեցերորդ ժամն անմիջապես սհաջորդեց երրորդ ժամին, որովհետև խավարումը Հիսուսի խաչելության հետ անմիջականորեն կապված երևութ էր, ու ոչ թե խաչվելուց երեք ժամ հետո տեղի ունեցած մի երևույթ,ինչը բոլորովին անիմաստ կդարձներ խավարման հրաշքը։