Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 16:14

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան համար, որովհետեւ չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երեւացել էր՝ մեռելներից յարութիւն առած:
   
    Ամբողջ միաշաբաթի օրը առաքյալների համար հուզումնալից ու վարանման, ինչպես նաև ներքին տագնապի օր էր։ Խեղճերը, տատանվելով երկբայության ու հավատի մեջտեղում, հոգեկան ալեկոծության երկար ժամեր անցկացրին։ Չքին հանդգնում ուրանալ հարությունը։ Հարությանը հավատալ չէին համարձակվում։ Հիսուսի համար հեշտ էր առաջին երևումն սկսել առաքյալներից և նրանց ձեռքով էլ հենց լուրը տարածել և նրանց հավատքով հավատքի բերել նաև ուրիշներին, սակայն այս ու այնտեղ երևալը առանց խորհրդի չէր, տարածվում էր հարության համբավը և առաքյալները՝ Հիսուսի ամենամոտ անձերը, դեռ չէին արժանացել երևման։ Անշուշտ մեզ ներելի չէ աստվածային խորհուրդների քննությունը, սակայն ներողամտորեն ուշադրության ենք հրավիրում այն հանգամանքին, թե առաքյալները, որ Հիսուսի չարչարանքների ու մահվան օրն այնքա՜ն թուլություն էին դրսևորել, պետք է կրեին այդ հանցանքի պատիժը, պետք է նախապատվելիներ չլինեին, այլ ստանային իրենց բռնած ընթացքի արդար հատուցումը
և սթափվեին։ Մյուս կողմից, առաքյալները սահմանված էին դառնալու Հիսուսի հարության քարոզիչներն ու վկաները և եթե նրանց հավատքը, թերահավատությունից սկսելով, աճեր կասկածոտ հետազոտությունների ու վարանոտ մտածմունքների ճանապարհով, անշուշտ ավելի զորավոր կլիներ իրենց սրտերում և ավելի ազդեցիկ՝ ուրիշների սրտերին, քան թե ստեղծված լիներ նախնական ու անկասկած սկզբնավորությամբ, առանց քննությամբ ու զննությամբ հաստատվելու։ Այդ խորհրդածությունները կարող են ինչ որ կերպ պատկերացում տալ մեզ, թե ինչու է Հիսուս հետաձգում Իր երևալը առաքյալներին։
    Միաշաբաթի երեկոն էր, Տասնմեկն ու իրենց հետ եղողները հավաքված էին վերնատանը, դրօք փակելովք, որպեսզի հանկարծական հարձակման ու վտանգի չենթարկվեն։ Ամեն մի նորեկի ներս են թողնում քննելուց ու զննելուց հետո միայն։ Եմմավուսից վերադարձողներն իրենց տեսիլքը պատմելով՝ շարժել էին ամենքի հետաքրքրությունը։ Բայց նրանց ասածն էլ դեռևս չէր ընդունվում իբրև վճռական վկայություն։ Եվ ահա, հանկարծակին, առանց լուր տալու, առանց դուռը բացվելու, առանց որևէ մի տեղից բաց մուտք գտնելու «Ինքն իսկ Յիսուս եկաց ի մէջ նոցա»։ Հանկարծակիի եկած՝ հուզվեցին ներկաները։ Հիսուսին, իսկական Հիսուսին, սիրելի վարդապետին կողքներին տեսնելու գոհունակությունն էին ապրում, սակայն ինչպես և որտեղից եկած լինելը չիմանալով՝ վարանում են և շփոթվում։ Խորին լռություն էր տիրում, անորոշ ամփոփում կար ամենի վրա, ոչ հարգանք մատուցելու և ոչ էլ համբուրելու էին մոտենում և ոչ էլ խուսափելով հեռանում։ Յուրաքանչյուրը մնացել էր իր տեղում արձանացած։
    Առաջինը լռությունն ընդհատում է Հիսուս և սովորական ողջույն տալիս ներկաներին․ «Խաղաութիւն ընդ ձեզ»։ Տեսնում է, որ ողջույնին չեն համարձակվում պատասխանել և շփոթված ու երկյուղի, զգուշությամբ նայում են Իր երեսին։ «Ի՞նչ եք վախենում,- ասում է,- ես եմ, ձեր ճանաչած Հիսուսն եմ, ես իսկապես ողջ եմ, աչքին երևացող տեսիլք չեմ։ Եթե կարծում եք թե ոգի է ձեզ երևում Հիսուսի կերպարանքով, և եթե այդ մտածմունքներն են ձեզ շփոթեցնում, վստահեցնում եմ ձեզ, որ սխալվում եք, որովհետև ես իսկապես և անձնապես ձեր վարդապետ Հիսուսն եմ։ Եթե ոգի է երևում, սոսկ աչքին երևացող տեսիլք է, իսկական անձ չէ, ո՛չ մարմին ունի և ո՛չ ոսկորներ, մինչ ես մարմնով ու ոսկորներով ճշմարիտ անձ եմ։ Եթե տակավին երկբայում եք, եկե՛ք, մոտեցե՛ք, հպվե՛ք, բռնեցե՛ք, շոշափեցե՛ք և համոզվեցե՛ք, որ ես նյութապես ու անձնապես այն եմ, ինչ դուք տեսնում եք։ Ուրիշ մեկը չեմ։ Փեռքերիս,ոտքերիս ու կողքիս վրա եղող սպիացյալ վերքերն էլ ձեզ պիտի համոզեն, թե նույն ինքը՝ խաչված, ձեռքերից ու ոտքերից գամված, կողքից վիրավորված Հիսուսն եմ,որ մեռա, բայց այժմ ողջ եմ»։ Այս ասելով՝ Հիսուս մեկ առ մեկ ցույց է տալիս ձեռքերն ու ոտքերը, բաց է անում կողքը, ցույց տալիս գեղարդի խոցած տեղը։ Ավելի համարձակները մոտենում են քննելու։ Ձեռքերը երկարացնելով՝ շոշափողներ էլ են լինում։
    Այսքանից հետո քիչ-քիչ սկսում է անցնել ներկաների շփոթմունքը։ Տեղիք տվող վարանմանն սկսում է փոխարինել գոհունակության զգացումը, բայց ուրախանալով իսկ «տակաւին չհաւատային ի խնդութենէն, եւ զարմացեալ էին» չէին կարողանում թափանցել եղելության իսկության մեջ։ Հիսուս խաչյալ, Հիսուս մեռյալ, Հիսուս թաղյալ, Հիսուս կենդանի և Հիսուս ներկա․ այնպիսի տարբեր ու ներհակ գաղափարներ էին, որ դժվարացնում էին միմյանց կապել։ Բայց Հիսուս, կամենալով զորացնել իր աշակերտների հավատքը, Իր իսկության ու անձնականության մի փաստ էլ է ավելացնում։ «Երեկո է,- ասում է, - ճաշի ժամը, ես էլ եմ ուտել ուզում, ինձ ուտելու մի բան տվեք»։ Անմիջապես կատարում են Հիսուսի հրամանը։ Ինչ-որ առձեռն պատրաստ ունեին, բերում են, Հիսուսի առձևը դնում․ մի կտոր խորոված ձուկ, մի կտոր էլ խորիսխ, որ բնական վիճակով մոմով մեղրն է։ Անշուշտ, բաղարջ հացն էլ ուտելիքների հետ։ Հիսուս նստում է վերնատանը, ուր վերջին ընթրիքն էր արել և ամենքի աչքերի առջև ուտում կերակուրը։ Սակայն բոլորը չի կարողանում վերջացնել, ուստի մնացածն էլ հրամցնում է ներկաներին, որպեսզի ուտեն ու համոզվեն, որ Իր կերածը նույնպես նյութեղեն կերակուր է, այլ ոչ թե ուտել ձևացնելու մի երևույթ։ Այս վերջին պարագան նոր ազդեցություն է գործում ներկաների վրա։ Հասկանում են, որ այլ բան ստուգելու հարկն այլևս չկա, որովհետև թե՛ իսկապես, թե՛ նյութապես և թե՛ անձնապես Հիսուսն էր, որ մեռնելուց հետո կենդանացել, եկել էր իրենց մխիթարելու և ոգևորելու։ Ուստի խնդացին աշակերտքն, որ ճշմարտապես տեսին զՏէր: