Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը:
Ամեն ինչ լրացել էր և Հիսուսի երկրից երկինք վերադառնալու ժամանակը հասել էր, և այդ հրաշալի եղելությունն էլ պետք է կատարվեր հենց այնտեղ, ուր փրկագործ չարչարանքների և մահվան գործերը կատարվեցին։ Այն տեղը, ուր սարսափեցուցիչ եղելություններ էին տեսել, ուրախալի եղելությունների էլ պիտի վկա լինեին։ Հիսուսի մեկ ակնարկով Տասնմեկը վեր կացան ու Հիսուսին շրջապատելով ճամփա ընկան։ Հիսուսը նրանց բաց աչքով երևում էր, Հիսուսը քաղաքի միջով անցնում էր, ամբոխը նրան չէր տեսնում, առաքյալների անցնելն էր դիտում։ Վերնատնից մինչև Կեդրոնի ձորակը միևնույն ճանապարհը կտրեցին, ինչ վերջին գիշերը մահահանգույն թախծի մեջ էին արել, անցան Գեթսեմանիից, ուր չարչարանքների սկիզբն էր դրվել, բայց կանգ չառան, բարձրացան հետզհետե դեպի վեր և Բեթանիայի ճամփան բռնեցին, բայց Բեթանիա գյուղը չհասան, այլ Ձիթենյաց գագաթը հասնելով կանգ առան։ Հիսուսը մի վերջին անգամ հրաժեշտի ողջույն տվեց յուրայիններին, համառոտ խոսքեր խոսեց՝ վերջին ասածներն ամփոփելով, որպեսզի Երուսաղեմից չհեռանան և չցրվեն, այլ հավաքված սպասեն իրենց սովորական օթևանում և գործ չսկսեն՝ երկնային զորության Հոգին իրենց վրա չեկած։ Անշուշտ մի – մի քաղցր համբույր էլ տվեց իր սիրելիներին, որոնց եղբայրներ կոչելու պատվին էր արժանացրել Մաթ․ 28:10, ձեռքը բարձացրեց դեպի երկինք տարածեց ու օրհնության մաղթանք կատարեց նրանց վրա, և այս դիրքի մեջ ոտքերը սկսեցին գետնից կտրվել և մարմինը սկսեց վեր բարձրանալ։
Առաքյալները հետաքրքրասեր աչքերով սկսեցին դիտել նրա համբառնալը և, որքան Հիսուսը դեպի վեր էր բարձրանում, այնքան առաքյալները աչքերը վեր էին բարձրացնում և գլուխները թիկունքի վրա ծռած նայում ու նայում էին և աչքերն ուրիշ կողմ շուռ տալ չէին համարձակվում։ Հիսուսի երևալը աստիճանաբար սկսեց նվազել ու անհետանալ, թեպետ նրանք վերանալու ուղղությանը հետևելով՝ կարծում էին, թե տեսնում են։ Հիսուսն ամպերի բարձրությանն էր հասել, ամպերի գիծն էլ անցավ, անտեսանելի դարձավ․ ամպ կալավ զնա յաչաց նոցա։ Բայց առաքյալները դեռ աչքերը ետ չեն դարձնում, ահաբեկված և գրեթե թմրած դեպի ամպերն էին նայում, հուսալով թերևս, որ ամպերի ճեղքերից նորից տեսնեն։
Եվ ահա դիմացից իրենց աչքին երևում են արք երկու, բոլորովին ճերմակ հագած և երկնային շնորհք երեսներին, որ ձայն տալով սթափեցնում են Տասնմեկին․ «Գալիլիացիներ,- ասում են նրանց,- ինչո՞ւ եք ապշած դեպի երկինք նայում․ Հիսուս վարդապետը գնաց, մեկնեց, երկինք բարձրացավ և այնտեղ է մնալու․ հիմա այլևս հույս մի ունեցեք տեսնելու, մինչև որ սահմանված ժամանակը հասնի և նորից երկնքից երկիր իջնի, ինչ ձևով որ տեսանք այժմ նրա երկրից երկինք վերանալը»։ Հրեշտակներ էին այս երկնային պատվիրակները, որ Հիսուսն ուղարկել էր յուրայիններին անպտուղ ակնկալությունը վերջացնելու և նրանց անվերջ ահաբեկված դեպի երկինք նայելու հոգնությունը դադարեցնելու համար։ Իսկ ինքը Հիսուսն այլևս երկրի վրա չէր, այլ Երկնավոր Հոր մոտ, Երկնքի Արքայության օթևանն էր վերադարձել և բազմել այնտեղ աստվածային աթոռի աջ կողմում․ նստաւ ընդ աջմէ Հօր։ Նա կատարեց իրեն հանձնարարված առաքելությունը, նա կատարեց քարոզությունների հրաշագործությունների պաշտոնը, նա կրեց փրկագործ չարչարանքներն ու խաչը, հաղթեց մահվան՝ հրաշափառ հարությամբ, դժոխքի վրա տանելով իմանալի հաղթությունը, և պետք է վերջում հաղթական փառքը վայելեր երկնքում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: