Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 16:2

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

2-4. Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման: Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»: Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. եւ այն շատ մեծ էր:
   
    Շաբաթից մինչև միաշաբթի գիշերը անհամբերությամբ անցկացրին յուղաբեր կանայք՝ սպասելով լուսաբացին, որպեսզի կարողանան ճանապարհ ընկնել։ Որոշակի չգիտենք, թե որտեղ էին գիշերում՝ Երուսաղեմում, թե Բեթանիա գյուղում, գուցե մասամբ երկու տեղերում էլ, որովհետև դժվար թե, ողջ խումբը մի տեղ ու մի տան կարողանար հյուրընկալվել։ Անշուշտ ովքեր մտադիր էին միասին գնալ, իրար հետ ժամադրվել էին և ժամադրավայր ունեին՝ միանալով ու միասին գնալու համար։ Զարմանք է հարուցում այդ բարեպաշտ կանաց արիությունը, որ երբ առաքյալները թաքնվում էին, իսկ ուրիշները գաղտնի էին պահում իրենց աշակերտ լինելը իսկ «Վասն ահից Հրէից», այս կանայք համարձակ հրապարակում էին, ներկա էին խաչելությանը, հետևում էին թաղմանը և խմբովին ճանապարհ դուրս եկան՝ խնկելու համար։ Թերևս իրենց կանացի տկարությունն էր հենց իրենց արիության պատճառը՝ մտածելով, որ Հիսուսի թշնամիներն իրենց կարևոր ու կարող թշնամիներ չեն համարի և իրենց չեն հալածի։
    Գերեզման գնացող խմբի մեջ են Մարիամ Մագդաղենացին, որ գլխավորն է, Մարիամ Կղեովպայի, որ անբաժան է Մագդաղենացուց, Սողոմե Զեբեդեան, Հովհաննես Քուղան «եւ այլ ընդ նոսա», որոնց ո՛չ թիվն է հայտնի և ո՛չ անունները, այլ անշուշտ երեք կամ չորս ընկերներ էլ եղել են իրենց հետ։ Արևագալը մոտ էր՝ «ընդ արևագալն», երբ մոտեցել էին գերեզմանին և միասին մտածում են, թե արդյոք գերեզմանի կափարիչ վեմը ինչպե՞ս պիտի կարողանան շարժել, քանի որ քարը շատ ծանր էր և իրենց կանացի տկար բազուկներն անկարող են այն գլորել։ Մարկոսն է այդ խորհրդակցությունը վերագրում յուղաբորներին և այնպես է երևում որ այդ կանայք ո՛չ գերեզմանի կնքելվելուց լուր ունեն և ո՛չ էլ հռոմեացի զինվորների պահպանությունից։ Սակայն ոչ թե միայն շաբաթ երեկոյից էին երկու Մարիամ երբ այցելության եկել, այլև քաղաքում տեղի ունեցած դեպքերից էլ անհնար էր անտեղյակ մնալ։ Թե՛ կանացի բնական հետաքրքրասիրությունը և թե՛ նրանց Հիսուսի համար ունեցած հատուկ գուրգուրանքը իրենց հետազոտություններից ետ պահել չէին կարող և ոչ մի միջադեպ չէր կարող վրիպել նրանց աչքից։ Մեկնիչներից ոմանք շաբաթ երեկոյան այցելությունն ուզեցին նույնացնել միաշաբաթվա առավոտյան այցելության հետ, իսկ յուղաբերների բնակությունն էլ ենթադրաբար համարել Բեթանիան, որպեսզի գերեզմանի կնքելուց ու պահպանվելուց իրենց անտեղյակ ցույց տան։ Սակայն, այդ դեպքում, յուղաբերներին պիտի վերագրել անհավատալի անտարբերություն՝ երկու օր Հիսուսի շուրջ եղած դեպքերով չհետաքրքրվելու համար և նույնիսկ ավետարանի խոսքերն էլ հարկ կլինի բռնազբոսել։ Մատթեոսը պատմում է «յերեկոյի շաբաթուն» գալու մասին, որը երբեք չի կարող ունենալ միաշաբթի առավոտի իմաստը։ Մարկոսն ինքն էլ ասում է, թե «իբրեւ անց շաբաթն», յուղաբերները «չոգան զի եկեղեցին», այսինքն՝ ուզում է ասել, որ մի անգամ եկան, ետ դարձան, որ նորից գան, սակայն սա ևս չի կարող համարվել միաշաբթի առավոտյան կատարված գործողություն։ Հիսուսի հարության մասին ավետարանիչների պատմածները որքան էլ միմյանցից տարբերվեն, մինչև իսկ տեղ-տեղ միմյանց անհամապատասխան երևան, նրանց համաձայնությունն անհնարին չէ։ Ներկա պարագայում էլ, իբրև լոկ եղելեթյան պատմական հիշատակություն, կարող ենք վերցնել Մարկոսի պատմածը յուղաբերների մտածմունքի վերաբերյալ։ Ասելով, թե մտածեցին քարը գլորելու մասին, դեռ չի նշանակում ասել, թե՛ այլ բան չմտածեցին, թերևս ուրիշ բան էլ մտածեցին, և այդ արգելքների դարմանը և ճարը գտնելը շատ ավելի հեշտ թվաց իրենց, քան ծանր քարը գլորելու գործը, «վասն զի էր մեծ յոյժ»։ Մարկոսի այս հանգամանքը հիշելը քարի ինքնիրեն գլորված լինելը շեշտելու համար է՝ ամենքի ուշադրությունը գրավելով այն հանգամանքին, թե ինչպես հույժ մեծ քարը կարողացավ ինքնուրույն շարժվել։
    Յուղաբերներն այնքան են մոտենում գերեզմանին, որ հնարավոր լիներ արտաքին սենյակի դռնից ներքին սենյակի դռան կափարիչը տեսնել։ Պահապան զինվորները արդեն մեկնել էին ուրիշ ճանապարհով և յուղաբերներին չէին հանդիպել, և եթե հանդիպեին էլ, ապա զինվորները նրանց որևէ բան ասելուց կզգուշանային՝ շտապելով նախ իրենց հրամանատարին լուր տանել։ Յուղաբերները գերեզմանը ուշադիր դիտում են և տեսնում են, որ հույժ մեծ վեմը գլորված, մի կողմ է ընկած, գերեզմանի դուռն էլ բաց է։ Մի պահ շվարած մնում են այնտեղ, ուր հասել էին, ոտքերը ավելի առաջ չեն տանում, շփոթված միմյանց են նայում, հայացքով իրար հարձուփորձ անում, թե ի՞նչ կարելի է մտածել այդ անակնկալ պարագայի շուրջ։