Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։20

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

20-21. Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան: Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
   
    Մարկոսը Հիսուսի Կափառնայումում գտնված օրերից մի միջադեպ է հիշում. թերեւս մի քիչ տարօրինակ, եւ այն միայն Մարկոսի մեջ է գտնվում, եւ մյուս ավետարանիչները զգուշացել են այսպիսի բացատրություններից: Մի անգամ Հիսուսը տուն էր եկել, բայց ժողովուրդը նրան դեռ չէր թողնում հեռանում, ետեւից գնում էին եւ տան առջեւում խռնվում: Տունը, առանց լրացուցիչ բացատրությունների, հենց Հիսուսի տունը պետք է հասկանանք, ուր բնակվու էր իր մոր հետ: Հիսուսը ժողովրդով զբզաղված՝ նրանցից չի բաժանվում, բժշկում եւ մխիթարում է ու խրատում. ժողովուրդ չի հեռանում, նորերն են գալիս. Հիսուսը նրանցից չի բաժանվում, խելքը, միտքը ժողովրդին տված՝ տուն էլ չի մտնում, չի ուտում, ինքնամոռաց, տան անդամների կանչերին էլ ականջ չի դնում: Յուրայինների մտահոգությունը մեծանում է, այդպիսի տարապարտ աշխատանքը շարունակելը, կանչերը չլսելը մենամոլության նշաններ են թվում, եւ որոշում են դուրս գալ եւ Հիսուսին բռնի տուն մտցնել, որպեսզի հանդարտվի, ինքն իրեն գտնի ու կերակուր ուտի:
   Այդ բանն անողները, որ իւրքն են կոչված, եւ այս բառերից կարող ենք հասկանալ մայրը, ազգականները եւ նույնիսկ մտերմագույն աշակերտները, ինչպիսիք էին Զեբեդյան եւ Հովնանյան եղբայրները: Ավետարանի պատմածը ո՛չ անսովոր բան է, ո՛չ տարօրինակ: Հիսուսի չափից դուրս ժողովրդի համար զոհաբերվելը, սովորական ձեւով մտածողների կարծիքով իրեն համար վնասակար եւ արգելելու արժանի բան է համարվում, ուստի ոչ իսկ հարկ կա Հիսուսի մասին տարադեպ մենամոլություն ենթադրել եւ ոչ յուրայիններին պակասամիտ թերահավատություն վերնագրել: