Երեմիայի մարգարեության մեկնություն 22:28

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

քանզի ինքն ու իր զաւակը ընկան օտար երկիր, արհամարհուած բերանը տարագիր դարձաւ, շպրտուելով անարգուեց Յեքոնիա ասուած մարդը ինչպէս անպէտք աման, շպրտուեց մի երկիր, որը չէր ճանաչում»:
   
   Երեմիա 22:28, 30 համարների խոսքերը պարզ և հասկանալի են: Քանի որ Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի ոչնչացումից հետո թագավորությունը փլուզվեց, և այլևս նախկինի պես ժառանգական գերագույն իշխանության չմնաց: Բայց այդ ժամանակ իշխանությունից զրկված Դավթի սերունդները գերության մեջ էին։ Գերությունից վերադառնալուց հետո Սալաֆիելը և Զերոբաբելը ժողովրդի ավելի բարձր առաջնորդներ դարձան, և գերագույն իշխանությունն անցավ քահանաներին,  որովհետև քահանայական և թագավորական ընտանիքները խառնվեցին իրար: Հետևաբար, Տերը և՛ Թագավոր, և՛ Քահանայապետ էր՝ «Աստծո նման» (Եբր. 2:17): Թեև մինչև Քրիստոսի գալուստը թագավորական ընտանիքը չընդհատվեց, սակայն Հեքոնիայի սերունդը այլևս չնստեց Դավթի գահին, որովհետև գահը կոչվում է թագավորական արժանապատվություն: Անկասկած, պատմությունից հիշում եք, որ Դավթին ենթակա էին ամբողջ Հրեաստանը, Եդովմի և Մովաբի երկրները, Սիրիայի մասերը, ինչպես նաև դրա հարևան և մինչև Միջագետք ընկած հեռավոր տարածքները, իսկ մյուս կողմից՝ մինչև եգիպտական գետն ընկած բոլոր տարածքները: Այսպիսով, եթե դրանից հետո եղած ղեկավարներից ոչ մեկը այդպիսի արժանապատվությամբ չերևաց, ապա ինչու մարգարեի՝ «թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին» խոսքը ճշմարիտ չէ։ Թեև ակնհայտ է, որ նրա սերունդներից ոչ մեկը նման արժանապատվություն չունեցավ, այնուամենայնիվ Հուդայի ցեղը չկտրվեց, մինչև եկավ Նա, «Ում հանեցիր նրա համար» (Ծննդ. 49:10):  Նա նյութական գահի վրա չնստեց, որովհետև Հուդայի թագավորության իշխանությունը անցել էր Ասկաղոնացի Անտիպատրոսի որդի Հերովդեսին ու նրա զավակներին, որոնք էլ Հրեաստանը բաժանեցին չորս իշխանությունների, այդ նույն ժամանակ Պիղատոսն էր տարածաշրջանի կուսակալը, իսկ Հռոմեական կայսրության ամբողջ իշխանությունը պատկանում էր Տիբերիոսին: Բայց Դավթի գահը, որի վրա նստած էր Տերը, մարգարեի կողմից անխորտակելի թագավորություն է անվանվում: Որովհետև «Դա լեզուների ակնկալությունն է» (Ծննդ. 49:10) և ոչ թե տիեզերքի ամենափոքր մասը: Ասված է. «Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է կանգնելու հեթանոսներին» (Ես. 11:10)։ «Իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ հեթանոսներին» (Ես. 42:6)։ «Նրա սերունդը կհաստատեմ հավիտյանս հավիտենից, և նրա գահը, ինչպես օրերը երկնքի» (Եսայի 88:30)։ Այսպիսով՝  Աստված, թեև չընդունեց հրեական իշխանության գավազանը, սակայն եղավ և՛ Քահանա, և՛ ամբողջ երկրի Թագավոր, և հաստատվեց Հակոբին տրված օրհնությունը. «Եվ երկրի բոլոր ազգերը կօրհնվեն քո սերունդով» (Ծննդ. 22:18), և բոլոր ազգերը կօրհնեն Քրիստոսին:
   

Ա. Լոպուխին

«Մի՞թե այս մարդը` Հեքոնիան, մի անարգված, մերժված արարած է, կամ մի՞թե մի անպետք անոթ է. ինչո՞ւ նրանք դուրս շպրտվեցին` նա և իր սերունդը, և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում»։ (Սինոդական թարգմ.) [28]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

-------------------

[28] (Էջմիածին թարգմ.) քանզի ինքն ու իր զաւակը ընկան օտար երկիր, արհամարհուած բերանը տարագիր դարձաւ, շպրտուելով անարգուեց Յեքոնիա ասուած մարդը ինչպէս անպէտք աման, շպրտուեց մի երկիր, որը չէր ճանաչում»:
(Արարատ թարգմ.) Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։
(Գրաբար) զի անկաւ ինքն եւ զաւակ իւր. եւ եղեւ տարագիր բերանն արհամարհեալ. թաւթափեալ անարգեցաւ այրն Յեքոնիայ իբրեւ զաման մի անպիտան. անկաւ յերկիր զոր ոչ գիտէր։