Երեմիայի մարգարեության մեկնություն 23:33

Ա. Լոպուխին

33–40. ««Եթե այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնեն. «Ի՞նչ է Տիրոջ բեռը», ապա ասա՛ նրանց. «Ի՞նչ բեռ։ Ես պիտի թոթափեմ ձեզ, - ասում է Տերը»։ [33] «Եթե մարգարեն, քահանան կամ ժողովուրդն ասեն. «Բեռը Տիրոջից է», Ես պիտի պատժեմ այդ մարդուն ու նրա տանը»։ «Այսպե՛ս ասացեք մեկդ մյուսին և եղբայրը` եղբորը. «Ի՞նչ պատասխանեց Տերը», կամ «ի՞նչ ասաց Տերը»»։ «Իսկ այս խոսքը`«բեռը Տիրոջից է», այլևս մի՛ օգտագործեք. որովհետև այդպիսի մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու, որովհետև դուք խեղաթյուրում եք կենդանի Աստծո` Զորությունների Տիրոջ, մեր Աստծո խոսքերը»։ «Այսպե՛ս ասա մարգարեին. «Ի՞նչ պատասխանեց քեզ Տերը», կամ «ի՞նչ ասաց Տերը»»։ «Բայց եթե դուք դեռ շարունակեք ասել` «բեռը Տիրոջից է», ապա այսպես է ասում Տերը. «Որովհետև դուք ասում եք` «բեռը Տիրոջից է»` այն դեպքում, երբ Ես լուր ուղարկեցի ձեզ՝ ասելով. «Մի՛ ասեք` «բեռը Տիրոջից է»»: «Դրա համար, ահա, Ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և պիտի թողնեմ ձեզ, ու այն քաղաքը, որը Ես տվել եմ ձեզ ու ձեր հայրերին, պիտի հեռացնեմ Իմ առջևից»։ «Եվ ձեզ վրա պիտի դնեմ հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք, որը չպիտի մոռացվի»։ (Սինոդական թարգմ.)
    
    «Բեռ» արտահայտությունը եբրայերեն «massa» բառն է, որն էլ գալիս է «nassa» բայից: Եբրայերեն այդ բառը նախևառաջ նշանակում է «ասացվածք, հանդիսավոր կերպով ասված խոսք»: Հին մարգարեների մոտ երբեմն սա նաև սպառնալից խոսքի իմաստ է  ունեցել։ Նմանատիպ ձևով ասված խոսքը վտանգավոր բան է պարունակել այն ունկնդիրների համար, որոնց վերաբերվել է: Այստեղից էլ գալիս է բառի երկրորդ իմաստը` «բեռ, ծանրություն»: Ի՞նչ բեռ. այս միտքն ավելի ճշգրիտ պետք է ձևակերպել հետևյալ կերպ. «Դուք ինքներդ բեռ եք, և Ես կնետեմ ձեզ»: Տերը նմանեցվում է մի մարդու, որը ձանձրանում է չափազանց ծանր բեռ կրելուց և ցանկանում է այն իր ուսերից վայր դնել: Տիրոջ  համար հենց Իսրայելի ժողովուրդն էր այդպիսի բեռ:

     «Բեռ» բառի անպատշաճ օգտագործումը

    Երեմիան դատապարտում է ճշմարիտ մարգարեի խոսքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը: Քանի որ Երեմիան ստիպված էր մեծ մասամբ ժողովրդի դառը ապագայի մասին հռչակել, ուստի մարգարեի վերաբերյալ ժողովրդի մեջ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ նա բացի ծանր դժբախտությունից (եբրայերեն՝ «massa») որևէ այլ բան չի կարողանում հռչակել: Հետևաբար,  ամեն անգամ երբ Երեմիա մարգարեն հայտնվում էր, նրա մարգարեություններից դժգոհ ժողովուրդը ծաղրանքով հարցնում էր, թե ինչ նոր «massa»–ի կամ ծանր դժբախտության (ռուսերեն թարգմանության մեջ՝ «բեռ»)  մասին է այժմ հայտարարելու։ Հետևաբար, մարգարեն սովորեցնում է, որ ոչ թե պետք է օգտագործել մարգարեության այս հնագույն «massa» նշանակությունը, այլ ուղղակիորեն պետք է հարցնել. «Ի՞նչ է ասում Տերը»:

-----------------------------------------

[33](Էջմիածին թարգմ.) Եւ եթէ այդ ժողովուրդը կամ որեւէ մարգարէ եւ կամ քահանայ քեզ հարց տան ու ասեն, թէ՝ «Ի՞նչ պատգամ է դա Տիրոջ կողմից», ապա կ՚ասես նրանց. «Պատգամը ձեզ է վերաբերում, եւ ես կործանելու եմ ձեզ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) - Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. Ի՞նչ է Տիրոջ բեռը, այն ժամանակ դու նրանց ասա՛. Ի՞նչ բեռ։ Եվ ես ձեզ պիտի թոթափեմ,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ եթէ հարցանիցէ զքեզ ժողովուրդդայդ, կամ մարգարէ՝ կամ քահանայ՝ եւ ասասցէ. Զի՞նչ է առածդ Տեառն. եւ ասասցես ցնոսա. Դուք էք առածն. եւ կործանեցից զձեզ ասէ Տէր։