Ա. Լոպուխին
1–11. «Այդ նույն տարում՝ Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում, չորրորդ տարում, հինգերորդ ամսին Անանիան` Ազուրի որդին, որ մարգարե էր Գաբավոնից, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, խոսեց ինձ հետ ու ասաց»: [1] «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Կկոտրեմ Բաբելոնի թագավորի լուծը»»։ «Երկու տարի հետո Ես այս վայր եմ վերադարձնելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, վերցրել էր այս վայրից և դրանք տարել էր Բաբելոն»։ «Եվ Հեքոնիային` Հուդայի թագավոր Հովակիմի որդուն, և Հուդայի բոլոր գերյալներին, որոնք գնացել էին Բաբելոն, Ես վերադարձնելու եմ այս վայր, - ասում է Տերը. - որովհետև կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը»։ «Եվ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին` քահանաների աչքի առաջ և այն ամբողջ ժողովրդի աչքի առաջ, որոնք կանգնած էին Տիրոջ տանը»: «Եվ Երեմիա մարգարեն ասաց. «Թող լինի այդպես, թող Տերն այդպես անի. թող Տերը կատարի քո խոսքերը, որոնք դու ասացիր Տիրոջ տան անոթների և բոլոր գերյալների` Բաբելոնից այստեղ վերադառնալու մասին»»։ «Միայն լսի՛ր այս խոսքը, որը ես կասեմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ»։ «Այն մարգարեները, որոնք վաղուց կային ինձնից առաջ ու քեզնից առաջ, շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ կանխագուշակեցին պատերազմ և աղետ ու ժանտախտ»։ «Եթե որևէ մարգարե կանխագուշակում էր խաղաղություն, ապա նա միայն ա'յն ժամանակ էր ճանաչվում որպես ճշմարտապես Տիրոջ կողմից ուղարկված մարգարե, երբ կատարվում էր այդ մարգարեի խոսքը»։ «Այդ ժամանակ Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն»։ «Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց այս խոսքերը. «Այսպես է ասում Տերը. «Այսպես կոտրելու եմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի լուծը, երկու տարի հետո` այն վերցնելով բոլոր ժողովուրդների պարանոցի վրայից»։ Եվ Երեմիան գնաց իր ճանապարհով»։ (Սինոդական թարգմ.)
Ծագումով քահանայական Գաբավոն քաղաքից եղող Անանիան, հավանաբար նաև քահանա էր:
Անանիա մարգարեի կատարած կանխատեսումն ու խորհրդանշական արարքը
Ի տարբերություն Երեմիայի, ով պնդում էր, որ բաբելոնական գերությունը տևելու է 70 տարի, Գաբավոն քաղաքից Անանիա անունով մի մարդ սկսում է ասել, որ Աստված իրեն այլ բան է բացահայտել: Տերը հաղորդել է, որ այս գերությունը տևելու է ընդամենը երկու տարի, և գերությունից երկու տարի անց նույնիսկ Հեքոնիա թագավորն է վերադառնալու: Այս մասին Երեմիան ասում է, որ Անանիան կարող է ճշմարիտ մարգարե ճանաչվել միայն այն ժամանակ, երբ նրա մարգարեությունն իրականանա: Այն ժամանակ նյարդայնացած Անանիան կոտրում է այն լուծը, որն իր վրա կրում էր Երեմիան:
------------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այդ նոյն տարում, Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում, չորրորդ տարուայ հինգերորդ ամսին, Ազորի որդին՝ սուտ մարգարէ Անանիան, որ Գաբաւոնից էր, Տիրոջ Տանը, քահանաների եւ ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թէ
(Արարատ թարգմ.) Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց.
(Գրաբար) Եւ եղեւ յամին յայնմիկ ի սկզբան թագաւորութեանն Սեդեկիայ արքայի Յուդայ. յամին չորրորդի՝ յամսեանն հինգերորդի. ասէ ցիս Անանիա որդի Ազովրայ սուտ մարգարէ ի Գաբաւովնէ, ի տան Տեառն առաջի քահանայիցն եւ ամենայն ժողովրդեանն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: