Երեմիայի մարգարեության մեկնություն 8:7

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Արդ, արսին թռչունը  երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները»:
   
    Սյումաքոսի թարգմանած «ուրուր–ցին»–ի փոխարեն Յոթանասնիցը և Թոդիտոնը տեղադրել են հենց եբրայերեն «asida» բառը, իսկ Ակյուղասը թարգմանել է «ձկնկուլ»։ Այնուհետև Սյումաքոսը «ծիծեռնակ»–ի փոխարեն թարգմանել է «ծղրիդ», ինչը եբրայերեն կոչվում է «sis», իսկ մեր (Ռուսական Սինոդալ թարգմանություն. հստակեցումը` թարգմանչի կողմից) կիրառած «արագիլ»–ի փոխարեն  և՛ Ակյուղասը, և՛ Սյումաքոսը թարգմանել են «agur», որի փոխարեն էլ Յոթանասնիցը թարգմանել է «դաշտային ճնճղուկներ»: Գաղափարը նույնական է  Եսայի մարգարեի գրքի սկզբում արտահայտված հետևյալ մտքի հետ. «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ» (Ես․ 1:3)։ Այսինքն՝ փոքր թռչունները գիտեն իրենց ժամանակը, նրանք գիտեն, թե երբ պետք է փախչեն ձմռան ցրտից և չվեն ավելի տաք վայրեր, իսկ գարնան սկզբին կրկին վերադառնան իրենց  երկրները: «Երկինք»–ն  այստեղ մենք պետք է հասկանանք երկրի վերևում գտնվող օդի իմաստով:
   

Ա. Լոպուխին

7–12. «Եվ արագիլն անգամ երկնքի ներքո գիտի իր հստակ ժամանակները, և տատրակը, և ծիծեռնակն ու կռունկը հետևում են այն ժամանակին, թե երբ իրենք պիտի թռչեն. բայց Իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ սահմանածը»։ [7] «Դուք ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաստուն ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է։ Բայց ահա, դպիրների սուտ եղեգը դա էլ է ստի վերածում»»։ «Իմաստուններն ամաչեցին, խճճվեցին և բռնվեցին որոգայթի մեջ. ահա, նրանք մերժեցին Տիրոջ խոսքը. ուրեմն էլ ո՞րն է նրանց իմաստությունը»։ «Դրա համար նրանց կանանց պիտի տամ ուրիշներին, նրանց դաշտերը՝ այլ տիրակալների, որովհետև նրանք բոլորը` փոքրից մինչև մեծը, տրվել են շահամոլությանը. մարգարեից մինչև քահանա` բոլորը գործում են ստությամբ»։ «Եվ բժշկում են Իմ ժողովրդի դստեր վերքերը թեթևամտորեն՝ ասելով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա»։ «Արդյո՞ք նրանք ամաչում են` պղծություններ գործելով. ոչ, նրանք բնավ չեն ամաչում ու չեն կարմրում։ Դրա համար նրանք պիտի ընկնեն ընկնողների հետ. այցելության ժամանակ նրանք պիտի տապալվեն», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ․)
   

     Թռչուններն իրենց բնորոշ բնազդով գիտեն, թե ուր պետք է թռչեն, իսկ մարդիկ ունեն իրենց` դեպի Աստված մղող կրոն, կրոնական զգացում: Սակայն այս զգացումը հրեաների համար բոլորովին խորթ էր: Ահա համարի իմաստը:
Նրանց հաշվարկները չեն իրականանա։
Հրեաները, թռչուններից անխոհեմ լինելով, իրենց խելացի էին համարում և պարծենում էին, որ իրենք Տիրոջ օրենքն ունեն: Նրանք աղավաղում և չէին կատարում այդ օրենքը, ավելին՝ քահանաներն ու մարգարեները կեղծ հույսերով հանգստացնում էին ժողովրդին:

--------------------------------
[7]  (Էջմիածին թարգմ.) Արդ, արսին թռչունը երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները»:
(Արարատ թարգմ․)  Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։
(Գրաբար) Արդ՝ արսինն յերկինս ծանեաւ զժամանակ իւր. տատրակ եւ ծիծառն թռչունք վայրի՝ պահեցին զժամանակս մտից իւրեանց. եւ ժողովուրդ իմ ոչ ծանեաւ զիրաւունս Տեառն։