Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
8-9․ «Եվ մեկ ամսում պիտի վերացնեմ հովիվներից երեքին, և Իմ հոգին նրանցից երես պիտի դարձնի, ինչպես նրանց հոգին է երես դարձնում Ինձնից»։ [8]«Այնժամ պիտի ասեմ. «Այլևս չեմ հովվի ձեզ. մեռնողը թող մեռնի, կորչողը թող կորչի, իսկ մնացածները թող միմյանց մարմինը ուտեն»»։ (Սինոդական թարգ․)
Բարի Հովվի գործունեությունը, որը խորհրդանշական կերպով նկարագրվում է իբրև մեկամսյա ժամանակաշրջան, գլխավորապես արտահայտվում է այն բանում, որ Նա ոչնչացնում է երեք հովիվների` ակնհայտորեն նրանց, ովքեր տանջում էին ոչխարներին, նրանց հետ անարդար ու դաժան էին վարվում: Հայրերի ժամանակներից լայն տարածում գտած մեկնության համաձայն` երեք հովիվների ներքո պետք է հասկանալ հրեական թագավորներին (կամ, առհասարակ, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներին), քահանաներին ու մարգարեներին: Նմանատիպ մեկնության ենք հանդիպում սուրբ Եփրեմ Ասորու (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 249) և երանելի Թեոդորիտոս Կյուրացու մոտ (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 110): Երանելի Հերոնիմոսը մեջբերում է այս մեկնությունը, սակայն ինքը հետևում է մեկ ուրիշի՝ երեք հովիվների ներքո հասկանալով Մովսեսին, Ահարոնին և Մարիամին. «Նրանցից Մարիամը մահացավ Սինայի անապատում, նիսան կոչվող առաջին ամսում. այդ նույն տեղում և նույն ամսին «հակաճառության ջրերի» պատճառով Մովսեսն ու Ահարոնը դատապարտվեցին չմտնել ավետյաց երկիր (տե՛ս Թվ. 20:10−13): Եվ այնպես է լինում, որ այդ երեք առաջնորդներից մեկն իրական մահով է խոցվում, իսկ մյուս երկուսն էլ աստվածային դատաստանի միջոցով են մահվան դատապարտվում» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 136): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու մոտ նկատի են առնվում «քահանաները, դատավորներն ու օրենքներին տիրապետողները, այսինքն` դպիրներն ու օրենսգետները» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 159-160): Ավելի ուշ շրջանի մեկնիչներն ավելի հակված են այս հատվածում երեք ահեղ միապետություններ տեսնել, որոնց գերիշխանության տակ հերթականությամբ գտնվել են հրեաները (Keil С.F. Op. cit. S. 620; Haupt. Op. cit. S. 280; ZATW. 1881. S. 27. Anm. 2, S. 71 — Anm.; Marti. Op. cit. S. 439): Սակայն երեք դաժան հովիվների ոչնչացումից հետո ոչխարները նույնպես անպատիժ չեն մնում։ Նրանք պատշաճ վստահություն ու հնազանդություն չեն ցուցաբերում իրենց Հովվի նկատմամբ, և Նա ստիպված է լինում դադարեցնել հոտը պահպանելու Իր գործը` այն թողնելով բախտի քմահաճույքին, այսինքն` արտաքին աղետներից և ներքին կռիվներից կործանվելուն:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մէկ ամսում ես վերացրի երեք հովիւներին, որովհետեւ իմ հոգին զզուել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզուել էին ինձանից:
(Արարատ թարգ․) Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։
(Գրաբար) եւ բարձից զերիս հովիւսն ի միում ամսեան. եւ ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա, քանզի եւ անձինք նոցա գոչէին ի վերայ իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: