Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Դավթի տան վրա ու Երուսաղեմի բնակիչների վրա Ես պիտի թափեմ շնորհի և գթության հոգին, և նրանք պիտի նայեն Նրան, Ում խոցեցին, և պիտի ողբան Նրա համար, ինչպես ողբում են միամոր որդու համար, և պիտի սգան, ինչպես սգում են առաջնեկի համար»։ (Սինոդական թարգ․) [10]
Սակայն արտաքին անվտանգությունն ու հեթանոսների նկատմամբ տարած փառահեղ հաղթանակները բավարար չեն: Դավթի տունն ու Երուսաղեմի բնակիչները պետք է ապաշխարությամբ մաքրեն իրենց ծանր հանցանքն ու իրենց վրայից թոթափեն մեղքի բեռը: Դա տեղի չի ունենում առանց շնորհների ներգործության. ի վերուստ ստանալով «շնորհների և գթության հոգին»՝ նրանք իրենց հայացքն ուղղում են դեպի Նրան, Ում, կուրացած լինելով, մահվան էին մատնել և ողբում են Նրա համար ամենաանկեղծ ու անմխիթար սգով. այդպես ողբում են միայն միամոր որդու համար, այդպես սգում են միայն առաջնեկի համար: Ըստ բնագիր տեքստում եղած արտահայտության բառացի իմաստի (պիտի նայեն Նրան, Ում խոցեցին)` Զաք. 12:10 -ը կարծես այն միտքն է բովանդակում, թե մահվան է մատնվել Ինքը՝ Տեր Աստված:
Մեկնելով 10−րդ համարը` Քեյլը նշում է. «Բնականաբար անհնար է այս համարը հենց Տեր Աստծուն` երկնքի ու երկրի Արարչին, մահվան դատապարտելու իմաստով հասկանալ: Այստեղ պետք է նկատի ունենալ Տեր Աստծու Հրեշտակի մահը, որը էությամբ մեկ է Տեր Աստծու հետ և մարդացել է Հիսուս Քրիստոսի Անձով: Քանի որ Զաքարիան մի քանի անգամ Մեսիայի գալուստը նկարագրում է իբրև Տեր Աստծու հայտնություն Իր ժողովրդին` ի դեմս Իր Հրեշտակի, ապա, այսպիսի ընկալման համաձայն, նա կարող է նաև Հրեշտակի մահը նկարագրել որպես հենց Տեր Աստծու մահը… Ընդ որում 1−ին դեմքից 3−րդ դեմքի անցումը ցույց է տալիս, որ մահվան դատապարտվածը էությամբ մեկ է Տեր Աստծու հետ, սակայն Անձով առանձնացված է Երկնավորից» (Op. cit. S. 638):
«Պիտի նայեն Նրան, Ում խոցեցին» խոսքերը մեկնելով` սուրբ Եփրեմ Ասորին պատմական իմաստով դրանք առնչում է Հուդա Մակաբայեցուն (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 225, Marti. Op. cit. S. 447)։ Սակայն, միևնույն ժամանակ, նա դրանք առնչում է նաև խաչյալ Քրիստոսին, Ում կողը խոցվեց (հմմտ. սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 187, 188; Երանելի Թեոդորոս, էջ 167; Երանելի Հերոնիմոս, էջ 154):
Այսպիսով, Հովհաննես Ավետարանիչը, հնագույն մեկնիչներն ու նրանց հետևող նոր շրջանի մեկնիչները Զաք. 12:10-ում Փրկչի խաչելության և մահվան վերաբերյալ մարգարեություն են տեսնում: Այս մարգարեության, նույնիսկ արտաքին մանրամասներով, բառացի կատարման փաստի մասին Քեյլը նշում է. «Սա ծառայում է նրան, որպեսզի մարգարեության ներքին կապը դրա պատմական կատարման հետ այնքան պարզ դարձնի, որ նույնիսկ անհավատները բավարար հիմքեր չունենան այն մերժելու համար» (Op. cit. S. 638: Cf. S. 662):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ. նրանք իրենց հայեացքը պիտի դարձնեն դէպի ինձ, պարելու փոխարէն լաց ու կոծ պիտի անեն, ինչպէս ողբում են սիրելի էակի վրայ, սուգ պիտի անեն, ինչպէս սգում են անդրանիկ զաւակի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։
(Գրաբար) եւ հեղից ի վերայ տանն Դաւթի՝ եւ ի վերայ բնակչաց Երուսաղէմի հոգի շնորհաց եւ գթութեան։ Եւ հայեսցին առ իս փոխանակ կաքաւելոյն. եւ կոծեսցին ի վերայ նորայ կոծ իբրեւ ի վերայ սիրելւոյ. եւ աշխարեսցեն աշխար իբրեւ ի վերայ անդրանկան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: