Օսեեի մարգարեության մեկնություն 9:13

Ա․ Լոպուխին

Եփրեմը, ինչպես որ Ես նրան տեսա մինչև Տյուրոս, տնկված է հիանալի տարածքում, սակայն Եփրեմը իր երեխաներին կհանի մարդասպանի մոտ։ (Սինոդական թարգ․)[13]
   
   «Եփրեմը, ինչպես որ Ես նրան տեսա մինչև Տյուրոս, տնկված է հիանալի տարածքում»եբրայերեն տեքստում արտահայտությունը վիճելի է համարվում և տարբեր կերպ է թարգմանվում։ Տարակուսանք է առաջացնում «ցոր» (Տյուրոս) բառը, քանի որ 13 - րդ համարում Տյուրոսի մասին հիշատակությունը անբնական է համարվում։ Այդ պատճառով էլ բազմաթիվ մեկնաբաններ հայտնի քաղաքի հատուկ անվան փոխարեն այստեղ հասարակ անուն են տեսնում։ Ոմանք (Առնոլդի, Հիտցիգ, Նովակ) «ցոր» բառը ծագեցնում են արաբական արմատից և այն «արմավենի» իմաստով են ընդունում, և այդ ժամանակ ամբողջ արտահայտությունը այսպես է հնչում․ «Եփրեմը, ինչպես տեսնում եմ, արմավենի է, որը տնկված է հիանալի տարածքում», ուրիշները (Շոլց) «ցոր» բառի փոխարեն կարդում են «ցուր»՝ ժայռ, կամ էլ «ցուրա» (Էվալդ)։ Նոր մեկնաբանները (Մարտի, Գոոնակեր) կարծում են որ եբրայերեն տեքստը խեղաթյուրված է, և առաջարկում են իրենց սրբագրումները «Եփրեմ, ես նրան տեսնում եմ մի մարդու նմանությամբ, ով իր երեխաներին առաջարկում է որպես ավար» (Մարտի)։ Յոթանասնիցը «ցոր» բառի փոխարեն ընթերցել է «ցոյդ» (զոհ), «բէնավե» - ի փոխարեն՝ արոտավայրում, իսկ «բանեյա» - ն թարգմանել է որպես «որդիներին»։ Այստեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «Եփրեմը, ինչպես որ տեսա, իր որդիներին տալիս է որսի համար» տարբերակը։ Ըստ ռուսերեն թարգմանության՝ 13−րդ համարում մարգարեի միտքն այսպիսին է․ Եփրեմի երկիրը փարթամորեն ծաղկում է մինչև Տյուրոս, սակայն այն շուտով կդառնա անմարդաբնակ և ամայի, և Եփրեմն ինքն իր երեխաներին կտա թշնամուն։
--------------------------------
[13] (Էջմիածին թարգ․) Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի:
(Արարատ թարգ․) Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։
(Գրաբար) ԶԵփրեմ որպէս տեսի՝ յո՛րս կացուցին յանդիման զորդիս իւրեանց. և սկսաւ Եփրեմ հանել ի խոցոտումն զորդի՛ս իւր։