Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քանզի ահա, նրանք կգնան ամայության պատճառով, Եգիպտոսը պիտի հավաքի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, նրանց արծաթյա գանձերին կտիրի եղինջը, փուշ կլինի նրանց վրաններում։ (Սինոդական թարգ․)[6]
6−րդ համարում ներկայացվում է Իսրայելի ապագա կործանման պատկերը։ «Եգիպտոսը պիտի հավաքի նրանց»․ ինչպես երևում է հաջորդ (Մեմփիսը պիտի թաղի նրանց) խոսքերից՝ պիտի հավաքի թաղելու համար։ Եգիպտոսի և նրա մայրաքաղաքի՝ Ներքին Եգիպտոսի Մեմփիս քաղաքի մասին մարգարեն կրկին, Ովս 8։13, 9։3 համարների նման, ընդհանուր իմաստով է խոսում։ Մարգարեի խոսքերով, ժողովրդի կործանման հետ միասին, կամայանա նաև երկիրը։
«Արծաթյա գանձեր» արտահայտությունը պետք չէ հասկանալ իբրև կուռքեր (Նովակ): Ըստ համատեքստի (տե՛ս «նրանց վրաններում»)՝ ավելի լավ կլինի տեսնել, որ այստեղ խոսք է գնում տներում պահվող գանձերի մասին։ 6−րդ համարի հունարեն և սլավոներեն տեքստերը շեղվում են բնագրից։ «Եգիպտոս» բառը Յոթանասնիցում առնչել են առաջին նախադասությանը, այստեղից էլ առաջացել է «Եգիպտոսի դժվարությունից (ավերածությունից)» ընթերցումը։
Յոթանասնիցում «tekabzem,» (կհավաքի նրանց) արտահայտության մեջ ենթակա է համարվում «Մեմփիս»−ը։ Մաքմաս քաղաքի անվանումը հունարենում և սլավոներենում հայտնվել է թարգմանիչների սխալի պատճառով։ Վերջիններս եբրայերեն «machmad» բառի փոխարեն ընթերցել են «machmas», որն էլ նշանակում է ցանկալի, թանկարժեք։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը մատնի նրանց արծաթը, եւ նրանց բնակարանում փուշ կը բուսնի:
(Արարատ թարգ․) Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։
(Գրաբար) Վասն այնորիկ ահա գնասցեն ի թշուառութիւն Եգիպտացւոց. և ընկալցի զնոսա Մեմփիս, և թաղեսցէ զնոսա Մաքմաս. զարծաթ նոցա կորո՛ւստ ժառանգեսցէ, և յարկս նոցա փո՛ւշ բուսցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: