Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ինչպես որթատունկ անապատում՝ Ես գտա Իսրայելին՝ ինչպես թզենու վրա առաջին պտուղ նրա վաղ շրջանում. Ես տեսա ձեր հայրերին, սակայն նրանք գնացին Բահաղ−Փեգովրի մոտ, տրվեցին ամոթալի գործերին, և իրենք էլ նողկալի դարձան, ինչպես նրանք, որոնց սիրեցին։ (Սինոդական թարգ․)[10]
«Ինչպես որ անապատում եղող պտուղներն են ճանապարհորդին հաճելի,− 10−րդ համարի մեկնության մեջ ասում է սուրբ Եփրեմ Ասորին,− այդպես էլ նրանց (իսրայելացիների) հայրերն էին Աստծուն սիրելի, երբ ապրում էին հեթանոսների՝ ամորհացիների և եգիպտացիների մեջ, որոնք այստեղ ներկայացված են անապատի պատկերի ներքո»։ Սակայն իսրայելացիներն արժանի չեղան Տեր Աստծու սիրուն, քանի որ տրվեցին հեթանոսական աստվածների պաշտամունքին։ «Բահաղ−Փեգովրի մոտ»՝ baal peоr, բաալ− պէոր․ եբրայերեն տեքստում նկատի է առնվում այն տեղանքի հատուկ անունը, որտեղ պաշտում էին Բահաղ−Փեգովրին (հմմտ. Թվեր․ 25։3)։
Բահաղ−Փեգովրի պաշտամունքը, որին իսրայելացիները հակվեցին մովաբացիների դաշտերում, խիստ անառակություն էր․ այդ անառակությանն անձնատուր էին լինում կանայք և կույսերը։ Այդ պատճառով մարգարեն ասում է․ «տրվեցին ամոթալի գործերին (սլավոներեն՝ «համոթ իրենց օտարացան»), և իրենք էլ նողկալի դարձան, ինչպես նրանք, որոնց սիրեցին», այսինքն՝ դարձան Տեր Աստծու նողկանքի առարկան, ինչպես ինքը՝ Բահաղ−Փեգովրը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Գտայ Իսրայէլին՝ ինչպէս խաղող անապատում, եւ տեսայ նրանց հայրերին՝ որպէս պահակ վաղահաս թզենու մէջ: Նրանք մտան Բելփեգոր եւ օտարացան ամօթահար լինելով. գարշելիները դարձան սիրելիներ:
(Արարատ թարգ․) Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։
(Գրաբար) Իբրև զխաղո՛ղ յանապատի գտի զԻսրայէլ. և իբրև զդիտակ ի թզենւոջ վաղահասուկ տեսի զհարս նոցա. նոքա մտին ի Բելփեգո՛վր, և օտարացան յամօթ իւրեանց. և եղեն գարշելիքն իբրև զսիրեցեալս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: