Ա․ Լոպուխին
Սակայն յուրաքանչյուրը պետք է նստի իր որթատունկի տակ և իր թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի, քանզի Զորությունների Տիրոջ շուրթերն են հայտնել սա։ (Սինոդական թարգ․)[4]
Որթատունկի և թզենու տակ նստելու պատկերի ներքո նկարագրվում է մարգարեի կողմից հայվող փառավոր ապագայի խաղաղ բնույթը։ Միք․ 4։1−4 համարների մարգարեությունը հնագույն ժամանակներում հրեաների կողմից որպես Բաբելոնից հրեաների վերադարձի մասին կանխագուշակություն է հասկացվել։ Ինչպես երևում է երանելի Թեոդորոս Կյուրացու մեկնաբանությունից, նշված համարները այդ իմաստով էին հասկանում նաև որոշ մեկնաբաններ։ Սակայն մեկնաբանների մեծամասնությունը, ինչպիսիք են սուրբ Հուստինոս Վկան («Զրույց Տրիփոն Հուդայեցու հետ», 109), սուրբ Իրինեոս Լիոնացին («Ընդդեմ հերետիկոսությունների», IV, 34), Տերտուղիանոսը («Ընդդեմ հուդայեցիների», գլուխ 3), երանելի Թեոդորոս Կյուրոսացին, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, սուրբ Եփրեմ Ասորին, սուրբ Հովհան Ոսկեբերանը (Զրույցներ Սաղմ․ 48։49 համարի մասին), Միքիայի դիտարկվող խոսքերը մեսսիական իմաստով են մեկնաբանել։ Հաստատելով նման մեկնաբանությունը՝ Թեոդորոս երանելին հարցնում է․ «Ո՞ր ժողովուրդները` և՛ մոտիկները, և՛ հեռավորները, Բաբելոնից վերադառնալիս հոսեցին դեպի հրեաների տաճարը՝ ուրախությամբ ընդունելով նրանց օրենքը և սիրելով այնտեղից դուրս եկող խոսքը։ Ինչպիսի՞ ժողովուրդների կամ «բազմաթիվ մարդկանց» միջև է այս խոսքը դատ արել՝ բացահայտելով, թե նրանք ինչ չարագործություն են կատարել։ Եվ անուղղակիորեն սրանից հետո մարգարեի կողմից ավելացվածը բացահայտում է (հրեական) մեկնաբանության կեղծ լինելը։ Քանզի Բաբելոնից վերադառնալիս (ինչպես համաձայնում են նաև այս հատվածը վերադարձի մասին հասկացողները) բազմաթիվ ժողովուրդների հետ միասին հրեաների դեմ զենք վերցրին Գոգը և Մագոգը, նրանց հետ անդադար պատերազմում էին բոլոր հարևանները, իսկ որոշ ժամանակ անց նրանց վրա աղետներ եկան մակեդոնացիներից, որոնք էլ նկարագրված են Մակաբայեցիս գրքում։ Իսկ մարգարեական խոսքն այստեղ լիակատար խաղաղություն է խոստանում»։ Ըստ երանելի Թեոդորոսի բացատրության` 4։1−4 համարում Միքիան կանխատեսում է, որ ավետարանական քարոզությունը կհասնի մինչև աշխարհի ծայրերը։ Տիրոջ լեռը, որի մասին խոսում է մարգարեն, Քրիստոսի եկեղեցին է, օրենքը, որը պետք է գա Սիոնից, ավետարանական օրենքը՝ Նոր Ուխտը։ Մարգարեի կողմից օգտագործված պատկերները, մասնավորապես, այն միտքն են արտահայտում, որ Հին և Նոր Ուխտերը մեկ ամբողջություն են կազմում, որ Նոր Ուխտը տրվելու է Հնի հիմքի վրա և տրվելու է ոչ թե մեկ ժողովրդի, այլ բոլորի համար։ Այնուամենայնիվ մարգարեի խոսքերն իրականացան ոչ միայն հիմնական, այլ նաև տառացի իմաստով, քանի որ Քրիստոս Փրկչի գալուստով «Տիրոջ լեռը»` Երուսաղեմի լեռը, սրբագործվեց Քրիստոսի տանջանքներով, ինչպես նաև Նրա հարությամբ և համբարձումով, և փառավորվեց մյուս բոլոր լեռների առջև, ու բոլոր ժողովուրդների համար դարձավ սրբավայր։
Միքիայի գրքի 4−րդ գլխի դիտարկվող խոսքերը, բացառությամբ 4−րդ համարի, գրեթե նույն ձևով հանդիպում են նաև Եսայի մարգարեի մոտ (Ես․ 2։2−4), ումից էլ փոխառել է Միքիան։ Սովորաբար քննարկվում է այն հարցը, թե այս խոսքն իրականում երկու մարգարեներից որին է պատկանում: Այս հարցը տարբեր կերպերով է լուծվում․ հեղինակներից ոմանք ենթադրում են, որ Տիրոջ լեռան մասին խոսքը պատկանում է Եսայուն, իսկ Միքիան փոխառել է նրանից։ Մյուսներն էլ հակառակ ենթադրությունն են անում։ Կարելի է նաև մտածել, որ Եսային և Միքիան հին ժամանակներից պահպանված մի խոսք են վերարտադրում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Իւրաքանչիւրը կը հանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը:
(Արարատ թարգ․) այլ ամեն մարդ իր որթատունկի տակ պիտի նստի և իր թզենու տակ. վախեցնող չպիտի լինի, որովհետև Զորքերի Տիրոջ բերանն է ասել։
(Գրաբար) Եւ հանգիցէ իւրաքանչիւր ընդ որթով իւրով՝ և ընդ թզենեաւ իւրով, և ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ. զի բերա՛ն Տեառն ամենակալի խօսեցաւ զայս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: