Արևն արդեն վաղուց մայր էր մտել: Մի մրրիկ էր փչում իր վաղեմի վայրենի սուլիչով, լիզելով ժայռերն ու ծառերը, ցուրտը բարկասիրտ սպառնում էր իր քթից շնչած բոլորին: Կրակի հանդարտ ձայնը ավելի սրտամոտ էր: Նրա ջերմությունից ալիք–ալիք ապահովություն էր շողարձակում:
– Արջ եղբայրն ի՞նչ է անում այժմ, – լռությունն ընդ- հատեց Վարդանը:
– Մոտակա քարայրի մեջ է, իր որջում, մի՛ անհանգստացիր նրա համար:
– Այնուհետև ի՞նչ պիտի անես, սիրելի հայր սուրբ, այսինքն ինձ ճանապարհելուց հետո: Ի՞նչ ծրագրեր ունես: Քանի որ ապաշխարանքի օրերդ լրացան, կարող ես ինձ հետ ցած իջնել: Ի՛նչ լավ կլիներ, եթե աշխարհը տեսներ, թե լեռներն ինչպիսի սրբեր են ծնում:
– Ո՛չ, այլևս ցած իջնել չեմ ցանկանում: Ավելի վեր մագլցել եմ ցանկանում` նոր կատարներ, նոր բարձունքներ գրավելու:
Ծերունին ոտքի ելավ և սկսեց մաքրել քարայրի աջակողմը հարդերով և ճյուղերով ծածկված հատակը: Մի կույտ քարեր էին դիզված: Ծերունին սկսեց մեկ առ մեկ քարերը մի կողմ հավաքել: Քիչ անց մի փոս հայտնվեց:
– Ապաշխարության առաջին տասը տարիներին փորեցի այս ժայռափոր փոսը ափ առ ափ: Այնուհետև փակեցի` պահելով ա՛յս օրվա համար:
– Ի՞նչ նպատակի պիտի ծառայի այն:
– Ողջ կյանքիս ընթացքում հավաքած գանձս այստեղ պիտի թաղեմ, հա՜, հա՜, հա՜:
Ծերունին կրկին վերագտել էր իր զվարթ կերպարանքը: Սակայն Վարդանը տեսավ իր հոգևոր աչքերով, թե ծերունին ինչ էր ակնարկում: Դա նրա գերեզմանն էր:
- Արի մի փոքր էլ դու օգնիր, – Վարդանին դիմեց ծերունին:
Սակայն Վարդանը բացասաբար շարժեց գլուխը: Մի սարսափ էր պատել աչքերին:
– Շատ լավ, – ասաց ծերունին, – ես կբացեմ, իսկ դու կծածկես, գործի արդար բաժանում, հա՜, հա՜, հա՜:
– Վարդանը մոլեգնաբար ցատկեց տեղից և սկսեց վերցրած քարերը արագորեն լցնել փոսի մեջ: Վարդանը նման էր մի խենթի:
– Այդ ի՞նչ ես անում:
– Քո ասածն եմ անում: Դու կբանաս, իսկ ես կծածկեմ:
– Այ՜ո, բայց միայն գանձն այնտեղ դնելուց հետո:
– Կատակ մի՛ արա ինձ հետ: Մի՛ կարծիր, թե ես չհասկացա: Դու պիտի պառկես այնտեղ: Քո գերեզմանն է այս փոսը, որ բացում ես:
– Ի՞նչ կա սրա մեջ այսքան տարօրինակ: Բոլոր ապրողներն էլ մի օր պիտի մահանան, իմ ժամանակը հասել է այլևս:
– Ի՞նչ ժամանակ, – առարկեց Վարդանը, – դու իմ կյանքում տեսած մարդկանցից ամենից առողջն ես:
– Օձը իր կաշին փոխում է, երբ առողջ է: Այլևս մենք մահվան կողմից այստեղ–այնտեղ քաշվելու մարդիկ չենք: Մե՛նք ենք որոշում, թե երբ պիտի անցնենք այդ կամրջից այն կողմ:
Սակայն Վարդանը չէր լսում և արտասվում էր: Հեծկլտալով փաթաթվեց ծերունուն:
– Ինչո՞ւ ես ինձ տանջում այսպես: Ինչո՞ւ այս գիշեր: Իմ գնալուց հետո թող տեղի ունենա այս բանը:
– Եթե դու մահվանն այսպիսի դառն ազդեցություն ցուցաբերես, ներքևում խեղճերն ինչպե՞ս կարող են մխիթարություն գտնել, – ծերունին սիրով ու ժպիտով նայեց Վարդանի աչքերին: – Քեզ ամեն ինչ պատմեցի: Երեկ գիշեր, երբ Տերը ետ տվեց ինձ իմ ազատությունը, հարցրեց, թե այսուհետև ի՞նչ կցանկանայի անել: Ես էլ նրան պատասխանեցի. «Մեռնել և քեզ հետ լինել կցանկանամ»: Նա էլ ժպտալով ինձ ասաց. «Անմիջապես արի»: Դու էլ տեսար, թե Տերը որքան քաղցր է ու որքան անբաղդատելի` Նրա գեղեցկությունը: Չե՞ս ցանկանում, որ գնամ Նրա մոտ:
Վարդանը դուրս եկավ գերեզմանից, կծկվեց մի կողմում և տաղտուկ աչքերով դիտեց իր գերեզմանը պատրաստող ծերունուն:
– Ես հիմա էլ նախանձում եմ քեզ, – սաց Վարդանը: – Ի՛նձ էլ տար, ուր որ գնալու ես: Միասին մտնենք մահվան գիրկը, այնպես, ինչպես այն քարայրներից մեկը, որ միասին մտանք ու դուրս եկանք` միշտ ճոխացած:
– Քո ժամանակը դեռևս չի հասել:
Ծերունին գերեզմանից դուրս եկավ և նստեց Վարդանի կողքին ու գլուխը դրեց նրա ուսերին` առաջվա նման:
– Կյանքիս ամենից խորհրդավոր և երջանիկ գիշերն է սա: Ես շատ գոհ եմ, որ դու էլ իմ կողքին ես: Կարող ես երևակայել, մարդու ողջ կյանքը այս գիշերվա պատրաստությունն է, այնպես. ինչպես հղիության ինն ամիսները` ծննդաբերության: Պիտի մի նոր աշխարհ ծնեմ, որտեղ պիտի շարունակեմ մեծանալ, հասունանալ և կատարելագործել իմ անձը, մինչև Քրիստոսի նման դառնամ:
– Ինչո՞ւ ես ցանկանում այսքան վաղ մեկնել: Չե՞ս մտածում, որ մարդկությունը քո հասունության և գիտեցածների կարիքն ունի, և շատ ու շատ օգտակար կարող ես լինել և հարստացել նրանց կյանքը` քո հոգևոր փորձառությունը բաժանելով նրանց:
– Այո՛, բայց հոգևոր կյանքի զարգացումը ճիշտ հակառակ ուղղությամբ է ընթանում: Օդի մեջ քայլող մեկին տեսնելով` հավատքի եկող մարդկանց կարիքը չունի Աստված: Եթե այդպես լիներ, ապա Ինքը` Տերը, կգործադրեր այս կերպը` մարդկանց մեջ հավատք արթնացնելու: Քեզ և ինձ համար էլ կարիքը չունի` այդպես վարվելու: Աստված մեղմ ու նուրբ ձայնով է կանչում համայն մարդկությանը և փափագում, որ միայն նրանք ընդառաջ գան, որոնք այս կանչին են հետևում: Մարդիկ մի սեր ունեն իրենց սրտերում որպես դրամագլուխ: Աստված ցանկանում է տեսնել, որ Ի՛ր համար տրամադրեն այն և իրենց տրամադրածի համաձայն ստանան իրենց տոկոսը: Հետևաբար, դու էլ չպետք է մսխես հրաշքներդ` հավատք տարածելու համար, եթե ոչ` կպատժվես, և ձեռքիցդ ետ կառնվեն այդ շնորհքները: Ինձանից եղբայրական մի խրատ քեզ. մի՛միայն բժշկությանհամար օգտագործիր հրաշքի շնորհքներդ: Այս կերպ ապահով գետնի վրա կգտնվես: Ձեռքերդ հրաշքների համար կրթելուց ավելի, ականջներդ կրթիր` Հոգու նուրբ ձայնը լսելու և Նրա՛ գիտության խոսքը ստանալու, թե յուրաքանչյուր տվյալ պարագայում ինչպե՞ս վարվես:
Խոսեցին, զրուցեցին, և Վարդանի տրամադրությունն էլ բարձրացավ հետզհետե: Կրկին իր մեջ արթնացավ այն գիտակցությունը, որ առաջին տեսիլքով հայտնվել էր իրեն: Տարբերություն չկար կյանքի և մահվան միջև: Երկուսն էլ լցված էին նոր ուղիներով ու արկածախնդրությամբ և հույժ հետաքրքրական: Վարդանը պիտի իջներ Ամրդոլ, իսկ ծերունին պիտի բարձրանար երկնային Երուսաղեմ: Վարդանն անգամ սկսեց կատակել.
– Ինձ այնպես է թվում, որ ինձ գլխիցդ ազատելու համար հնարեցիր այս մեռնելու պատմությունը: Քեզ պիտի թաղեմ, և իմ գնալուց հետո դու նորից պիտի գաս և գնաս մեր դրախտապարտեզը` լողալու:
– Ո՛չ, ո՛չ, իրապես պիտի մեռնեմ բոլոր մարդկանց նման ու ետ գալու էլ միտք չունեմ երբեք: Բայց որպեսզի փաստեմ, եթե կուզես, իհարկե, յոթ տարի հետո կգաս և կտեսնես ոսկորներս:
– Մասունք էլ կվերցնեմ քեզանից, ի՜նչ լավ է:
– Այո՛, բայց շատ չվերցնես, – կատակեց ծերունին, – միայն աջ ձեռքիս ճկույթը, եղա՞վ:
– Եղավ, – ասաց Վարդանը և կրկին սկսեց արտասվել:
Փաթաթվեցին հայր ու որդու նման. մեկը արտասվում էր, իսկ մյուսը` խնդում: Ծերունին իր լանջախաչը հանեց և անցկացրեց Վարդանի վիզը, ապա ոտքի կանգնեց ու գնաց, մտավ գերեզման ու պառկեց:
– Բարի գիշեր, եղբայր, բարի գիշեր:
– Սխա՛լ ասացիր, ա՛յ ծերուկ, սխա՛լ ասացիր: Պետք է ասեիր` «Բարի լո՜ւյս, բարի լու՜յս», քանի որ մենք այլևս գիշեր չունենք:
– Ի՜նչ լավ աշակերտ ես: Ուսուցչիդ սխալն ես ճշտում: Բար լո՜ւյս, ա՛յ տղա, բարի լո՜ւյս:
Վարդանն էլ նստեց գերեզմանի եզերքին և թույլ չէր տալիս, որ քուն մտնի ծերունին: Շարունակ բաներ էր հարցնում տեղի–անտեղի: Ծերունին ասաց ի վերջո:
– Այժմ ազա՛տ արձակիր ինձ: Մի վերջին անգամ ևս թող տեսնեմ դեմքիդ ժպիտը մեկնելուց առաջ:
Վարդանը դժվարությամբ ժպտալ ջանաց:
– Գնաս բարո՜վ, եղբա՜յր, գնաս բարո՜վ, մինչև որ կրկին տեսնվենք: Բարի ճամփորդությու՜ն քեզ:
Ծերունին աչքերը փակեց: Վարդանը հեռացավ գերեզմանից, նստեց կրակի մոտ` աչքերը հառած բոցերի պարին: Աղոթեց ծերունու համար, և մի մրափ պատեց նրա աչքերին, և քուն մտավ նստած տեղում: Երբ արթնացավ, վարդի անուշահոտությամբ լցվել էր քարայրը: Վազեց գերեզման: Ծերունին քնած էր: Ցած իջավ: Մարմինը սառած էր, և բազկերակը չէր տրոփում այլևս: Մեռած էր ծերունին: Գերեզմանի եզերքին այդպես անշարժ նստած մնաց Վարդանը և այլևս չէր արտասվում: Անանուն մի դատարկություն էր թողնել այն անանուն սուրբը Վարդանի սրտում իր մեկնումով: Կարծես երկար տարիներ ծանոթ մի բարեկամի էր կորցրել: Նա վեր կացավ, մի քանի տախտակներ զետեղեց մարմնի վրա և սկսեց քարեր դիզել դրանց վրա: Շուրջ մեկ ժամ տևեց գերեզմանը ծածկելու գործը: Ծերունու գավազանը տնկեց գլխի կողմը: Ծես կատարել սկսեց, սակայն կանգ առավ: Իր իմացած հուղարկավորության բոլոր աղոթքներն այս սրբի պարագային անիմաստ էին հնչում: Հետևաբար ազատորեն աղոթեց, ինչպես որ իր սիրտը և իրողությունն էր պահանջում.
– Աղոթի՛ր մեզ համար, սիրելի՛ հայր սուրբ, Անանո՛ւն սուրբը մեր Եկեղեցու: Մի՛ մոռացիր քեզ ծնունդ տվող մարդկությանը, քո ազգին, վանքերն ու քո եղբայրներին անկատար: Դո՛ւ, որ հաղթականորեն անցար մյուս կողմը, հիշի՛ր մեզ Տիրոջ ողորմության Աթոռի առջև: Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ պատասխանեցիր բոլոր հարցումներիս լիուլի, փա՜ռք քեզ, որ այն անանուն սրբին դիմացս հանեցիր: Իր ընկերակցությամբ ես գտա քե՛զ նաև, մեծագույն Գանձը` սրտիս բաղձալին:
Վարդանը բացեց դուռը, Արջ եղբայրն այնտեղ էր: Ներս բերեց նրան: Արջ եղբայրը շուրջը նայեց: Ամեն ինչ ծանոթ էր այնտեղ իր համար: Աչքերը փնտրեցին իր համար ամենից ծանոթին` իր ծերունի եղբորը: Չգտավ: Վարդանի երեսին նայեց հարցական: Վարդանն աչքերով պատմեց նրա աչքերին, որ ծերունին մահացել էր: Գերեզմանը ցույց տվեց նրան: Արջ եղբայրը մոտեցավ գերեզմանին, ոտքի կանգնեց և մռնչաց դառնորեն, կարծես ձագը կորցրած լիներ: Փռվեց գերեզմանի վրա: Վարդանը մոտեցավ նրան, գլուխը շոյեց: Արջ եղբոր աչքերի մեջ արցունքներ կային: (...Երբ յոթ տարի հետո եկավ Վարդանը, Արջ եղբոր դիակը գտավ գերեզմանի վրա` նույնպես պառկած) :
Վարդանը դուրս եկավ: Արևաշող մի օր էր` առաջին օրվա նման: Մի քանի քայլից հետո շրջեց գլուխը` մի վերջին անգամ քարայրը տեսնելու: Այդ պահին մի ձայն հնչեց քարայրից.
– Հա՜, հա՜, հա՜:
Վարդանը հասկացավ պատգամը և պատասխանեց.
– Հա՜, հա՜, հա՜:
Նա քայլերն ուղղեց դեպի ցած: Նրա բոլոր ճանապարհները կտրվում էին անանցանելի վիհերով, ճեղքերով կամ անդունդներով: Ելք չէին շնորհում իրեն ձյունապատ լեռները: Հեռվից գայլեր էին մոտենում` իր վրա հարձակվելու համար: Վարդանը Քրիստոսին հագավ իր վրա: Գայլերն իրենց Տիրոջը տեսան ու ճանաչեցին Նրան աչքերի մեջ: Եկան ու ձեռքերը լիզեցին ուրախությամբ: Վարդանը հորիզոնը դիտեց անդունդի եզերքից: Երիտասարդ մի արծիվ թառեց նրա աջ ուսին: Հանկարծ աղմուկ լսվեց ետևից: Վարդանը շրջեց և տեսավ, որ մի ձնահոսք էր պոկվել և ահարկու ջրհեղեղի նման գալիս էր իր վրա: Նա հասկացավ, որ այդ հոսանքը իրեն պիտի խլեր ու տաներ դեպի անդունդ` ջարդուփշուր անելու: Թևերը վեր բարձրացրեց աղոթքի նման և զորավոր մի ձայնով բղավեց.
– Ո՞ւր ես, ո՜վ Տեր: Ես պետք է տուն վերադառնամ: Ճանապարհ բացեք ինձ համար, ո՜վ անդունդներ:
Իրեն ծանոթ երջանիկ Հովը խլեց Վարդանին, նախքան ձնահոսքի հասնելը, բարձրացրեց անդունդներից վեր: Արծիվը զարմացավ, որ այս մարդու որդին ինչպե՞ս կարող էր իրենից արագ թռչել:
Հաջորդ մասը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: