Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
(եբր․11)․ (եբր․11)․ «Կողոպտված, ամայացված և կործանված է նա, - սիրտը հալվում է, ծնկները դողում են. ուժգին ցավ կա բոլորի մեջքում, և բոլորի երեսները խավարել են»։ (Սինոդական թարգ․)[10]
Մարգարեն արտահայտչականության արտասովոր ուժով է նկարագրում Նինվեի ամբողջական կործանման սարսափելի պատկերը։ [Սա արվում է] երեք՝ «բուքա (−խ)», «մեբուքա (−խ)», «մեբուլլաքա (−խ)», եբրայերեն համահունչ և հոմանիշ բառերի համադրությամբ, որոնք պարունակում են ինչպես մտքի, այնպես էլ հենց բառերի հնչյունական ձևերի աստիճանական զարգացում։ Սակայն սա Նինվեի անկման միայն մեկ՝ արտաքին կամ էլ օբյեկտիվ կողմն է։ Մարգարեն ոչ պակաս արտահայտիչ կերպով է պատկերում իրադարձության ներքին՝ սուբյեկտիվ կողմը․ բնակիչների խուճապահար սարսափը, որից նրանց սիրտը կարծես հալվում է, ծնկները թուլանում են, և նրանք պատրաստ են ընկնել: Նրանց տառապանքներն ու ցնցումները նման են ծննդաբերող կնոջ ցավերին, իսկ սարսափից այլայլված դեմքերը սևացել են կաթսաների պես։ Ավերածության և սարսափի նմանատիպ պատկերներ կարելի է գտնել, օրինակ, Եսայի մարգարեի մոտ (Ես․ 24։1−3, 13։7-8)։ «Ինչ սովորաբար տեղի է ունենում երկրաշարժերի ժամանակ, երբ երկրակեղևը ցնցվում և սասանվում է, նույնը,− ասում է մարգարեն,− կլինի նաև, երբ ընկնեն թշնամիները, որովհետև, երբ սրտերը լցվեն վախով, և թուլանան ծնկները, բոլորը կտառապեն ծննդաբերող կնոջ պես, արյան խտացումից երեսները կապարագույն կդառնան և կնմանվեն կաթսայի այն կողմին, որը միշտ դեպի կրակն է ուղղված» (Երանելի Թեոդորոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 14)։ «Դատարկված, ավերված ու տանջված Նինվեն նկարագրվում է գերեվարված կնոջ պատկերով (sub metaphora)։ Նրա սիրտը սոսկում է, ծնկները թուլացած են, մեջքը՝ կոտրված. նրա բոլոր բնակիչների դեմքերը՝ թշնամիների հանդեպ ունեցած սարսափից ու ահից ուժասպառ ու աղավաղված, գունատվում և այրված կաթսաների են նմանվում» (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 284)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման:
(Արարատ թարգ․) Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։
(Գրաբար) Թաւթափումն եւ ձգտումն եւ սոսկումն սրտի՝ եւ լքումն ծնգաց. եւ երկունք ի վերայ ամենայն միջոյ. եւ երեսք ամենեցուն իբրեւ զայրեցած պուտան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: