Երեք օր մնացին նույն տեղում: Ծերունին Վարդանին սովորեցրեց և հայտնեց այնպիսի բաներ, որոնց մասին իմանայինք անգամ` չէինք հասկանա, կամ հասկանայինք անգամ` չէինք հավատա:
– Գնա՛նք, այլևս ժամանակն է քեզ ճանապարհելու, – ասաց ծերունին:
Վարդանը դժգոհ էր այս որոշումից:
– Դու տարիներ ես անցկացրել այս դրախտում, իսկ ինձ երեք օրից հետո ցանկանում ես ճանապարհե՞լ, այո՞:
– Քեզ սովորեցնելու այլևս ոչինչ չունեմ: Սուրբ Հոգին ունես որպես ընկեր, Քրիստոսը` որպես Վարդապետ և Աստված` որպես Հայր: Ես երեսուն տարի չփնտրեցի ուրիշ մեկի ընկերությունը և դեռ չեմ էլ փնտրելու: Ես ի՞նչ պակասություն ունեմ քեզանից: Ինչո՞ւ ես վտարում ինձ այս լեռներից: Եթե չես ցանկանում տեսնել երեսս, ապա հաճախակի չենք տեսնվի միմյանց: Բայց ես էլ հետագա տարիներս պետք է անցկացնեմ այստեղ, Սուրբ Երրորդության հետ միասին: Այս լեռներն իմն են այլևս, իսկ ես` նրանցը: Այսուհետ քեզ նման ես պետք է այստե՛ղ մնամ:
– Բայց դու ներքևում տված խոստում չունե՞ս:
Վարդանի երեսը մթագնեց: Հիշեց Հակոբ սրբազանին տված խոստումը` վերադառնալ Ամրդոլի վանք:
– Յուրաքանչյուր ոք ունի իրեն շնորհված կոչումը: Դու պիտի քահանան լինես լեռների և մարդկանց ճահիճների միջև: Նրանք ճահիճներից այստեղ բարձրանալ չեն կարող, բայց քեզ հնարավորություն կունենան հասնել:
Դու էլ չիջնես նրանց ճահիճների մեջ, դրա կարիքը չունես: Ամրդոլի բարձունքների վրա կառուցիր բույնդ, այնտեղ հաստատիր արծվաբերդ, այնտեղ երկինք կարոտող ձագուկներ մեծացրու և կամ առաքյալներ` դեպի ճահիճները գնալու: Հայ Եկեղեցին կարիք ունի եկեղեցականների նոր սերնդի, և դո՛ւ ես ընտրվել և օրհնվել այդ կրակը բոցավառելու համար: Քո առաքելության վրա անձամբ Սուրբ Գրիգորը պիտի հսկի: Այ՛ս է քո կյանքի կոչումը: Վարդանն ակամայից ընդունեց իր համար սահմանված այս դերը, բայց հանկարծ մի խորամանկ միտք հղացավ, որից աչքերը փայլեցին:
– Շատ բարի, պիտի վերադառնամ Ամրդոլ, ինչպես որ խոսք եմ տվել: Բայց տեսնո՞ւմ ես, թե ինչպես ձյունը փակել է բոլոր ճանապարհները: Այժմ այստեղ ձմեռենք, ձնհալին ցած կիջնենք, երբ ճանապարհները բացվեն, հնարավոր է, չէ՞: Սակայն ծերունին, իհարկե, նրանից ավելի խորամանկ էր: Իր ձեռքով թեթևակի թոթվեց Վարդանի ուսը և քայլելու նշան արեց ու քայլեց:
– Հավատացողին ողջ տիեզերքը ճանապարհ է բացում, իսկ եթե չկա` մի նոր ճանապարհ կպատրաստի:
Մտան մի այլ քարայր, որն ավելի նեղանցք էր` դեպի ներքև տանող: Հետզհետե ավելի էր դժվարանում նրբանցքով ընթանալը, որոշակի տեղից հետո անգամ հնարավոր էր սողոսկելով անցնել:
– Այս նեղանցքի անունն ի՞նչ է, – հարցրեց Վարդանը:
– Գենոսիս:
Հիշեց Վարդանն այս հունարեն բառը: Աստվածորդու մարմնացումի մասին գործածված աստվածաբանական տխուր մի բառ էր, որ կրում էր «մերկացում»–ի իմաստ: Քրիստոսն իր աստվածային հանգամանքներից զրկվել էր` մարդ լինելով, փոքրացել ու ունայնացել էր` մարդկությանը փրկելու համար մեղքի անեծքից:
Ի վերջո, հասան ելքին, որտեղից դուրս եկան և մտան գորշ երկնքով պարուրված սպիտակ անապատի մեջ: Նրանց երեսը, գլուխը և հագուստներն ամբողջովին կորել էին փոշու և ցեխի մեջ: Վարդանը նկատեց, որ ձեռքերն ու ծնկները արյունոտ են, կտրատվել են` սուր–սուր քարերին շփվելով: Պատառոտվել էին հագուստները, իսկ կոշիկները` ճանապարհին ընկել–կորել էին: Դրսում ցուրտ էր, ահավոր ցուրտ: Վարդանն անասելի սկսեց կարոտել իրենց ետևում թողած դրախտը` ջերմ ու ծաղկավետ: Հասան մի քարայրի: Պարզ էր, որ այն ծերունու բնակավայրն էր: Մուտքի ձյունը մաքրեցին և մի քանի ճյուղ հավաքեցին` վառելու համար: Ծանոթ մի մռնչյունից ետ շրջվեցին: Արջ եղբայրն էր եկողը: Երկու ընկերներն ուրախությամբ և ջերմությամբ փաթաթվեցին միմյանց: Արջը քաղցրորեն լիզեց ծերունու երեսը, և կարծես այդ կերպ բարեկամական ըմբշամարտի բռնվեցին: Վարդանը բարի նախանձով լցվեց այս իրողությունից և մի քանի անգամ ձնագնդակով հարվածեց նրանց: Արջ եղբայրը և ծերունին վազեցին նրա ետևից` բռնելու համար, սակայն խորամանկ Վարդանը փախավ քարայրի մեջ և դուռը կողպեց: Երկար աղաչանք–պաղատանքից հետո միայն ծերունուն ընդունեց ներս: Ներսում ամեն ինչ պարզ էր ու հասարակ, միայն տարիների խնամք կար այդտեղ: Փայտից պատրաստված երկու դռներ կային` ցրտից պաշտպանվելու համար: Դարակներ էին պատրաստված պատերի մեջ, կային նաև մեկական պահարան և սնդուկ` եղեգնահյուս: Անկողնի պաշտոն կատարողը մի սալահատակ էր` բարակ շիվերով պատրաստված, վրան նուրբ հարդով փափկացրած:
– Ես այս ամենը կատարել եմ այս կացինով և մի հասարակ դանակով, – ասաց ծերունին:
Ջրի ամաններ ուներ` զանազան տարողունակությամբ, պատրաստված չորացրած դդումի կեղևներից: Ծերունին ձեռքը մեկնեց և պատերից կախված չորացրած մրգերից մի փունջ վերցրեց, մի քանիսը իր բերանը նետեց և մնացյալը հրամցրեց Վարդանին: Այնուհետև կրակ վառեցին` ներսը տաքացնելու համար:
– Ծխնելո՛ւյզ էլ ունես: Շատ հարմար տեղ ես ընտրել բնակվելու համար:
– Առաջին տարվա ողջ ամառվա ընթացքում աշխատեցի, որպեսզի ապահով բնակելի վայրի վերածեմ այս քարայրը: Օձերի մի բույն էր սա: Երկու արծվի ձագեր գողացա ժայռերից, որոնք ամբողջ ամառ ինձ հետ եղան: Մեկ ամսվա ընթացքում այնպե՛ս սնվեցին օձերով, որ դարձան երկու խոշոր արքայական արծիվներ: Բազմաթիվ անցքեր կային, բոլորը փակեցի, բացի մեկից, որն այնուետև վերածեցի ծխնելույզի:
– Արջ եղբայրը ինչո՞ւ ձմեռային քուն չի մտել դեռ, տարօրինակ չէ՞, – հարցրեց Վարդանը:
– Վաղը պիտի քուն մտնի, մեր գնալուց հետո: Նրան որպես ժառանգություն պետք է թողնեմ այս քարայրը, – մի քիչ լուրջ ու մտածկոտ շարունակեց ծերունին: – Այս օրը շատ կարևոր էր ինձ համար: Աղոթեցի Աստծուն, որպեսզի մեկին ուղարկի ինձ մոտ այսուհետ, և քեզ ուղարկեց, Հայ Եկեղեցու մի վարդապետի: Ավելի քան երեսուն տարի Հաղորդություն չեմ ստացել: Ա՛յս օրվան էի սպասում:
Վարդանն անդրադարձավ, որ իր Սրբատուփի մեջ Հաղորդություն կա:
– Սակայն, – ասաց Վարդանը, – առաջին գիշերած քարայրի մեջ թողեցի տոպրակս. երբ դուրս եկա, կանչեցիր ինձ քարայրից, և կարծեցի, թե կրկին այնտեղ պիտի վերադառնանք:
– Հոգ մի արա, Արջ եղբայրն այն կբերի: Նա լավ գիտի քարայրի տեղը: Գնա նրան ասա, որ վերցնի և այստեղ բերի տոպրակը:
Արդյո՞ք ինձ կհասկանա նա:
– Ինձ հասկանում է, իսկ ինչո՞ւ քե՛զ չպետք է հասկանա:
Ճիշտ դուռը բացելու պահին Վարդանը շրջվեց և անհամարձակ հարցրեց.
– Ձյունագնդիկների պատճառով Արջ եղբայրը չլինի՞ թե բարկացած լինի ինձ վրա:
– Հա՜, հա՜, հա՜, – քահ–քահ ծիծաղեց ծերունին, – ոխակալությունը հատուկ է մարդկանց: Իսկ արջ եղբայրը վաղո՜ւց արդեն մոռացել է ձնագնդիկներիը: Նա և՛ կատակի ջիղ ունի, և՛ շատ լավ հասկանում է ու տարբերում բարեկամի ձյունագնդակը որսորդի լարած աղեղից: Հոգ մի անի:
Արջ եղբայը նայեց Վարդանի երեսին, ու Վարդանը դիմեց նրան.
– Սիրելի՛ Արջ եղբայր, կբարեհաճե՞ս իմ տոպրակը բերել այստեղ այն քարայրից, որտեղ առաջին անգամ քեզ հանդիպեցինք, հիշո՞ւմ ես, չէ՞: Դե, գնա՛ և այն այստեղ բեր:
Արջ եղբայրը արջի նման նայեց Վարդանի երեսին և ոչ մի տեղ էլ չգնաց, իհարկե: Վարդանը մի քանի անգամ ոտքով ու ձեռքով անկանոն շարժումներ արեց: Այս անգամ Արջ եղբայրը սկսեց լիզել նրա ձեռքերը: Վարդանը կռահեց, որ քիչ հետո էլ պիտի սկսի լիզել իր երեսները: Վարդանը ստիպված կրկին ներս մտավ:
– Արջ եղբայրը ինձ չի հասկանում: Խնդրում եմ` դու բացատրես նրան, որ գնա:
– Իհարկե, ես կարող եմ բացատրել, բայց դու էլ պետք է սովորես կենդանիների հետ խոսել: Այսուհետ դու այդ շնորհն ունես, պետք է օգտագործես:
–Խոսեցի, բայց Արջ եղբայրը չհասկացավ: Ուրիշ ինչպե՞ս խոսեմ, չգիտեմ:
– Դու միայն բառերով խոսեցիր նրա հետ, կարծես մարդու հետ էիր խոսում: Նա կենդանի է, և նրա հասկացողությունը տարբեր է մեզանից: Նրա պատկերացումները թաքնված զգացումներով պիտի խոսես:
– Ինչպե՞ս, այսինքն` յուղաներկ մի պատկեր պետք է նկարեմ ու ցո՞ւյց տամ նրան, – կատակեց Վարդանը:
– Ճիշտ այդպես, բայց ոչ ներկով, այլ երևակայությամբ պատկերես այն և փոխանցես Արջ եղբոր աչքերին մի զորավոր զգացումով: Անասուններն ինչպե՞ս են հասկանում վախեցողներին, սիրողներին կամ որսորդներին, որոնք ակամայից պատկերներ են փոխանցում անասուններին:
Վարդանը դուրս գնաց: Իր մտքում գծագրեց այն ամենը, ինչը պիտի փոխանցեր Արջ եղբորը: Սիրագորով նայեց աչքերին և գրպանում մնացած մի քանի չորացած պտուղները հրամցրեց նրան: Մի քիչ երկար տևեց այս ամենը, բայց, ի վերջո, Արջ եղբայրը քայլեց և հեռացավ: «Հուսանք, որ նա հասկացավ, թե ինչ ենք ցանկանում նրանից», – մտածեց Վարդանն ինքնաբերաբար:
Երբ կրկին մտավ քարայրը, անակնկալ էր սպասում նրան: Ծերունին հագել էր մի սև սքեմ, վեղար դրել գլխին և մի լանջախաչ կախել վզից: Այս տեսնելով` Վարդանը մանկան պես ուրախացավ:
– Անունդ չասացիր, բայց հայտնի դարձավ, որ դու մի հայ վարդապետ ես եղել ժամանակին: Գիտե՞ս, ես արդեն կռահում էի: Քո կրթությունը սուրբ գրություններում մատնում էր քեզ: Վարդապետ ես, ի՜նչ բարի մի վարդապետ եղբայր:
– Այո՛, քեզ նման մի հոգնած վարդապետ, հոգնած և ձանձրացած` իր շուրջը վխտացող կեղծավորություններից, ամուլ պաշտամունքներից և խոսքի և գործի աններելի հակասություններից: Ցորենի մի հատի՞կ էի խորխորատում, թե՞ մեռած էի` հողի մեջ ընկնելով, այս սքեմը հագնելով և վանքում երկար տարիներ Աստծո կամքին չէի ցանկանում հանձնվել: Քեզ նման որքան ցանկանում էի ինքնաբերաբար, կամովին քաշվել լեռները, չէի կարողանում:
– Ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիր մենակությունը:
– Ընտրությունն իմ կողմից չէր, դժբախտաբար ես աքսորվեցի:
– Ո՞վ քեզ աքսորեց:
– Խի՛ղճս, խի՛ղճս էր, որ աքսորեց ինձ, և ես երեսուն տարի շարունակ սրտիս վրա շղթաների կապանքներ զգացի որպես պատիժ:
Մի պահ կանգ առավ, աչքերը հառեց քարայրի դատարկության ուղղությամբ, որով կարծես դիտում էր անբաղձալի իր անցյալը:
– Այժմ ոչ ոք այլևս պատմելիքս չգիտի: Իմացող մի քանի հոգիներն էլ մահացել են: Դո՛ւ էլ իրավունք ունես իմանալու, որովհետև քիչ հետ Հաղորդություն պիտի ստանամ քո ձեռքից: Որպես խոստովանություն ընդունիր խոսքերս, սիրելի հայր սուրբ: – Այնուհետև խոսքը շարունակեց` գետնին նայելով, – վանական կյանքին ծանոթ ես. միապաղաղ, ձանձրալի և սառը, հատկապես այն ժամանակ, երբ հոգեհարազատ անձերով չես շրջապատված, և հոգևոր արկածախնդրությունը կանգ է առել վաղուց, ու ամեն ինչ վերածվել է վարժության: Ես երկար տարիներ տեսնում էի հոգևոր այս չորությունը ինձ վրա: Ընթերցումներով ջանում էի լրացնել այս պակասը, սակայն սին հպարտություն էր միայն ձեռք բերածս: Հոգևոր կյանքը իր օրենքներն ունի. կա՛մ դեպի առաջ պիտի ընթանաս, կա՛մ դեպի ետ սահես: Հոգևոր կյանքը լեռ բարձրանալու նման մի բան է: Քեզ չի արտոնում կանգ առնել կես ճանապարհին մինչև չհասնես կատարին: Եթե ոչ` ջարդ ու փշուր կլինես: Այս վիճակը տարիներ տևեց և, ի վերջո, մտքի մեղքերը ծնունդ տվեցին մի ահավոր ողբերգության:
Մի պահ կանգ առավ: Երևում էր, որ Նա դժվարությամբ է խոսում: Այնուհետև շարունակեց խոսել` աչքերը տամկացած.
– Մեծ Պահքին շրջակա գյուղերն այցելելու և քարոզելու սովորություն ունեինք: Ես էի բոլորից կարկառուն քարոզիչը մեր վանքում, խոսքի մեծ վարպետ: Մի գյուղում քարոզս այնքա՜ն հավանեցին, որ աղաչում էին ինձ, որպեսզի մի քանի օր ևս մնամ այնտեղ և քարոզ խոսեմ նրանց: Հյուրասիրվեցի տեղի մի քահանայի կողմից: Պատկառելի և ազնիվ մի անձնավորւթյուն էր նա: Իր կույս դստերը, որ շատ գեղեցիկ էր, հրապուրեցի, խաբեցի և պղծեցի: Մեր հարաբերությունները տևեցին մի քանի ամիս: Ամուսնանալու խոստումներ էի տալիս նրան: Խեղճ քահանան ոչ մի բանից լուր չուներ, չէր պատկերացնում, թե ինչպիսի իժ է հյուրընկալում իր հարկի ներքո: Կեսօրին քարոզում էի սրբություն, իսկ գիշերները գործում էի պղծություն: Ի վերջո` աղջիկը հղիացավ: Անշուշտ, հասկանում ես թե այսպիսի իրողությունը որքան անպատվություն է քրիստոնյա համայնքում մի կույս աղջկա համար, և` նրա ընտանիքին հասած անպատվությունը: Երբ հայրը իմացավ այս վիճակը, վանք եկավ, աղաչեց ինձ, որ մեղքս քավեմ` ամուսնանալով իր աղջկա հետ: Կտրուկ մերժեցի: Վանահայրը մեռել էր, և միաբանությունը ինձ պիտի վանահայր ընտրեր միաձայնությամբ: Այլևս ուրիշ թեկնածու չկար: Ինչպե՞ս կարող էի այսպիսի բարեբաստիկ առիթը բաց թողնել: Ինչպե՞ս կարող էի ամուսնանալ և անբիծ անունս խայտառակել: Բոլոր կապերս խզեցի նրանց հետ և սպառնացի, որ ես խայտառակ կանեմ նրանց, եթե շատ համառեն:
Ծերունու շնչառությունը հետզհետե արագանում էր, և երեսը տխրագին, քրտնաթոր տեսք էր ընդունում:
– Մեկ շաբաթ անց լուր ստացա, թե աղջիկը արկածի է ենթարկվել ու սարից ընկնելով` մահացել: Փառք տվեցի Աստծուն, որ այս կերպ փակվեց այս հարցը` առանց տեղի տալու որևէ խայտառակության: Ոչ ոք չիմացավ նրա հղիության մասին: «Ի՜նչ մեծ բախտավորություն», – հանգիստ շունչ քաշելով` մտածում էի ես: Սակայն հուղարկավորությունից հետո հայրը այցելեց ինձ և աչքերիս մեջ նայելով` ասաց.
– Դժոխքից քեզ մի ճշմարտություն բերեցի: Իմ շուրջը այլ անձինք ևս կային: Շվարեցի, վախեցա, որ կարող է բղավել, բարձրաձայն խայտառակել ինձ: Բայց այդպես չվարվեց:
– Ո՛չ, ո՛չ, այս հարցը ուրիշներին հետաքրքիր չէ, այս ճշմարտությունը մի՛միայն քեզ համար է, – ասաց` սառը ժպիտը շրթներին և ականջիս փսփսաց: – Անձնասպան եղավ: Այսքանը, այլևս ուրիշ ոչինչ չասաց ու հեռացավ:
Խորը շունչ քաշեց ծերունին, պրկվեցին դեմքի բոլոր մկանները, շրթները կծոտեց և շարունակեց իր խոսքը ավելի ցածր ձայնով ու գլխահակ:
– Կրակների մեջ ընկա: Իրապես դժոխային մի ճշմարտություն էր դա, որ սկսեց ինձ տանջել անխնա կերպով: Միայն այդ ժամանակ հասկացա գործած մեղքերիս ծանրությունը: Չէի համարձակվում եկեղեցի մտնել, աղոթել, Սուրբ Գիրք կարդալ: Դավթի ապաշխարության սաղմոսներն անգամ բավարար չէին գործածս մեղքերի վրա ողբալու: Քուն չունեի, ախորժակ չունեի: Ընտրությունների օրը այս սքեմով պայուսակս վեցրեցի և փախա վանքից: Միայն իմ մի մտերիմ ընկերոջը համառոտակի բացատրություն տվեցի.
– Ես անարժան եմ` վանահայր ընտրվելու: Զգում եմ, որ ես որոշ ժամանակ մենակյաց կյանքով պետք է ապրեմ: Դրա համար էլ գնում եմ լեռները` ճգնելու: Միայն լեռների սառնամանիքը կարող էր հանգցնել դժոխքի կրակը: Սակայն նրանք էլ անկարող էին բավարարել` հանգիստ տալու բորբոքված խղճիս: Բոլոր անդունդները ինձ կանչում էին` անձնասպան լինելու, որպեսզի վերջնականապես փրկվեմ մտատանջանքներիցս: Սակայն Տերը ողորմած եղավ: Երբ ուխտ արեցի, որ պիտի ապաշխարեմ երեսուն տարի, միայն այդ ժամանակ փոքր–ինչ խաղաղություն գտա:
– Ինչո՞ւ երեսուն տարի, – հարցրեց Վարդանը:
Դառնաղետ ժպտաց ծերունին և ասաց.
– Երբ վարդապետ էի, մեր աշակերտներին սովորեցնում էի ապաշխարության կանոնները: Անապատի հայրերը պոռնկության մեղքի համար տասը տարի ապաշխարություն էին սահմանել: Իսկ ես երեք մահացու մեղք էի գործել. պոռնկություն և մահ` անմեղ մի աղջկա և անծին երեխայի: Բայց այժմ հասկանում եմ, որ նույնիսկ երեսուն տարիներն էլ քիչ էին: Տասը տարի ևս պետք էր, որ ապաշխարեի` այդ ազնիվ քահանայի վստահությունը չարաչար դավաճանած լինելուս համար:
Ծերունին լռեց: Վարդանն արտասվում էր:
– Քո սուրբը շոգիացավ հանկարծ, այնպես չէ՞:
– Ո՛չ, – ասաց Վարդանը, – ավելի՛ սրբացավ:
Եվ ընկավ ծերունու ծնկներին, բռնեց նրա ձեռքը և արցունքոտ աչքերով համբուրեց:
– Շատ ես նեղություն կրել, շատ ես տանջանքներ տեսել: Այսքանը բավարա՛ր է: Վե՛րջ տուր այլևս այս տառապանքներին: Դու գեղեցիկ մի վարդ ես լեռների: Ո՞ւմ հոգն է, թե նա իր արմատներին ցանված ինչ աղբերով է մեծացել:
– Հակառակ այն բոլոր մեծ հայտնություններին, հրաշքներին և կատարելության աստիճաններին, որոնց դու էլ վկա եղար: Ամեն օր վզիցս կախված մի քար կրեցի, սակայն Աստված կատարյալ հանգիստ չշնորհեց ինձ, մինչև չլրացավ ապաշխարության երեսուն տարին: Երեկ գիշեր Ամենակարող Տերը վերջ դրեց ապաշխարությանս: Այսուհետև ազատ եմ այլևս և նվիրված բոլորովին: Տերը աղջկա և երեխայի հոգիները ցույց տվեց ինձ: Երջանիկ էին և փրկված: Իսկ քահանան եկավ` լույսերի մեջ ողողված և ասաց. «Ես քեզ արդեն վաղո՜ւց ներել եմ»: Քո աղոթքները նույնպես օգնեցին ինձ, շնորհակալ եմ:
Ծերունին շոյեց Վարդանի գլուխը:
– Հիմա հասկանում ես, թե ինչու անուն չունեմ ես: Անունս փրկելու համար ինչպիսի՜ մեծ մեղքեր գործեցի: Արժե՞ր, արդյոք: Սիրում էի այդ աղջկան, կարող էի ամուսնանալ նրա հետ և կես ճանապարհից քավել բոլոր մեղքերս... Ինչ որ է, այսպես է եղել իմ ճանապարհը:
Արջ եղբոր ձայնը հնչեց դրսում: Վարդանը մի բուռ չորացած պտուղներով դուրս գնաց: Արջը, իր ակռաներով բռնած, բերել էր տոպրակը, որը դրեց Վարդանի ոտքերի առջև և նրանից ստացավ իր թանկագին նվերը: Վարդանը ներս բերեց:
– Սրբատուփդ հանիր, խոստովանեցրու և Հաղորդություն տուր ինձ, հայր սուրբ:
– Մի՛ արա, հայր սուրբ, դու Հիսուսի նման ես, իսկ ես` Մկրտչի: Ե՛ս պետք է, որ խոստովանեմ քեզ և հաղորդություն ընդունեմ քո ձեռքից:
– Այժմ մեզ անհրաժեշտ է արդարությունն ամբողջությամբ բերել տեղը: Թո՛ւյլ տուր, որ խոստովանեմ և Հաղորդություն ստանամ ձեռքիցդ:
Վարդանը բաց արեց սրբատուփը` Հաղորդություն տալու համար ծերունու, որը ծնրադրել էր նրա առջև: Ծերունին խոստովանեց և արցունքաթաթախ աչքերով երեսուն տարի հետո առաջին Հաղորդությունը ստացավ Վարդանի ձեռքից: Ընկան բոլոր շղթաները նրա սրտից, հաշտվեց ամեն ինչի հետ ու մի ժպիտ ծլարձակեց նրա հոգնած հոգու մեջ` Քրիստոսից կնքված:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: