ԵՐԵՔԱՄԵԱՅ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ

Աղբիւր կենաց բղխեալ յԵդեմայ սուրբ Աստուածածին՝

Որով արբեցաւ երկիր ծարաւուտ Հոգւոյն իմաստիւք.

Տալ մեզ մաղթեա աղբիւրս արտասուաց.

Մաքրել զմեզ ի մեղաց մերոց:

Աստուածածին սիւն լուսոյ ամպ հովանաւոր.

Եւ բնակարան Բանին որ բանիւ հովուէր զԻսրայէլ.

Բարեխօսեա Նմա վասն անձանց մերոց:

Զանապական կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի.

Ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար.

Տուք օրհնութիւն նմա հոգեւոր երգով:

(Շարակնոց)

 

Հրեշտակապետի Յովակիմին տրուած աւետիսից եւ Աննայի հրաշափառ յղութիւնից եօթ ամիս եւ եօթ օր յետոյ Աննան ծնեց ամենօրհնեալ Մարիամին, որով օրհնուեցին երկրի բոլոր ազգերը: Նրա ծննդեան լուրը տարածուեց ամբողջ Հրէաստանում: Լսելով բոլորն օրհնում էին Աստծուն եւ ուրախակից լինում նրանց: Աննան մանկանը կոչեց Մարիամ, որ թարգմանաբար նշանակում է «լուսաւորուած», եւ արդարեւ, նա լուսաւորուեց հայրածագ լուսաստեղծ Լոյսից ու լուսաւորեց խաւարում եւ մահուան ստուերների մէջ նստածներին:

 

Աննան նրան մեծացնում էր Տիրոջ երկիւղով եւ խնդութեամբ, իսկ զբաղեցնելու համար նրա մօտ էր բերում եբրայեցի կոյս դուստրերին: Եւ եօթ ամիս յետոյ, նախքան կը լրանար ութերորդ ամիսը, մանուկ Մարիամը կանգնեց իր ոտքերի վրայ եւ եօթ քայլ արեց: Ապա Աննան մեկնեց իր ձեռքերը, նրան իր գիրկն առաւ եւ ասաց. «Մինչեւ Տէր Աստուծոյ տուն տանելը, այլեւս ոտք չես դնի երկրի վրայ»:

 

Երբ լրացաւ նրա մէկ տարին, կրծքից կտրեց նրան: Հաւաքեց բոլոր անարատ կոյսերին, եւ նրանց հետ ընծաներով ու նուիրատւութիւններով Մարիամին տարաւ Աստուծոյ տաճար: Քահանան, իր գիրկն առնելով մանուկ Մարիամին, ելաւ կանգնեց բեմի աստիճանին, օրհնեց Աստծուն եւ մարդկութեանը տուած Նրա Պարգեւին՝ մանուկ Մարիամին: Մորթեցին զուարակը եւ պատարագ մատուցեցին, կերան եւ խմեցին Տէր Աստուծոյ առաջ, ապա վերցնելով Մարիամին՝ ուրախութեամբ տուն վերադարձան: Եւ ամէն տարի՝ նրա տարելիցին այսպէս էին անում:

 

Եւ երբ մանուկ Մարիամը երեք տարեկան դարձաւ, Յովակիմն ու Աննան առան իրենց աստուածապարգեւ մանկանը եւ ընծաներով ու նուիրատւութիւններով գնացին Տիրոջ տաճար՝ իրենց մանկանը ընծայելու Տիրոջը, ինչպէս որ խոստացել էին: Պատարագ մատուցելով՝ մօտեցրին մանկանը, եւ Աստուծոյ Զաքարիա քահանայապետը, նրան իր գիրկն առնելով, ելաւ կանգնեց տաճարի աստիճաններին ու ասաց. «Օրհնեա՛լ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ լսեց Իր ծառաների պաղատանքները: Նա ընդունեց նրանց խնդրանքները եւ նրանց օրհնութեան զաւակ տուեց: Թող նոյն Ինքը նրանց ձեռքից ընդունի այս մանկանը, ինչպէս որ Հնում ընդունեց Սամուէլ Մեծին: Թող Տէր Աստուած օրհնի նրան յաւիտենական օրհնութեամբ, եւ թող բարձրանայ նրա անունը Իսրայէլի մէջ ու նրան անուանի դարձնի ամբողջ աշխարհում»: Ամբողջ ժողովուրդն ասաց. «Ամէ՛ն, թող լինի՛, թող լինի՛»:

 

Սակայն ծնողները նրան չթողեցին Տիրոջ տաճարում, այլ կատարելով իրենց ուխտը՝ վերցրեցին նրան եւ տուն վերադարձան: Եւ ամէն տարի՝  տարեվերջին, նրան ընծայաբերութիւններով տանում էին տաճար, մինչեւ ամենօրհնեալ մանկան եօթ տարին լրանալը, որովհետեւ Աննան եօթ ամիս յղի եղաւ Մարիամով, եօթ ամսականում դուրս եկաւ Մարիամի առաջին ատամը եւ եօթ քայլ արեց, եօթ տարեկանում նրան տաճար տարան, եօթ տարի մնաց տաճարում, որտեղ մեծացաւ եւ արժանապէս Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհների ընդունարան եղաւ, զարդարուեց եօթ առաքինութիւններով եւ եօթ ողորմութիւններով առաւել եղաւ:

 

Ծնողները Մարիամին թողեցին Տիրոջ տաճարում եւ անտրտում ուրախութեամբ տուն վերադարձան: Իսկ ամենագովելի մանուկը՝ իբրեւ անբիծ աղաւնի, մեծանում էր Տիրոջ տաճարում: Աճում ու զարգանում էր հասակով եւ իմաստութեամբ: Հրեշտակներն աղաւնակերպ իջնում էին երկնքից եւ տաճարում կերակրում Մարիամին: Եւ այնուհետեւ նա չէր յիշում իր հօրը կամ մօրը, որովհետեւ ընդունուել էր Տիրոջ կողմից, ինչպէս որ մարգարէն է ասում. «Իմ հայրն ու մայրը թողեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց»[1]: Ծնողները բերկրում էին նրան ընծայելու համար եւ ուրախանում՝ նուիրատւութիւններ անելով: Յովակիմը ցնծում էր հոգով, իսկ Աննան տաճարում երգում էր: Աստուածընկալ մանուկ Մարիամը մեծանում էր տաճարում եւ գիշեր թէ ցերեկ երկիւղով խոկում Տիրոջ օրէնքի շուրջ՝ Մովսէսի օրէնքների ու մարգարէների խրատի համաձայն: Անդադար կրթւում էր առաքինի վարքով եւ մեծարում կուսութիւնը զարդարող անարատութիւնը: Պատւում էր զգաստութիւնը՝ սրբութեան լծակցին, սիրում էր խոնարհութիւնը՝ բոլոր առաքինութիւնների ծնողին:

 

Գիշեր թէ ցերեկ ջերմեռանդ էր աստուածախօս աղօթքների մաղթանքներում: Դեռահաս տարիքում ցուցաբերում էր կատարելութեան օրինակ եւ աղցաւոր [2] մարմնով պարակից լինում անմարմիններին: Աշակերտելով Օրէնքին՝ առաքինանում էր Օրէնքից էլ վեր եւ հիացնում բոլոր տեսնողներին ու լսողներին, որոնք զարմացած ասում էին. «Նա ի՞նչ պիտի լինի»: Եւ եօթ տարի այսպիսի վարքով մնաց տաճարում: Մարիամն Աստծուց շնորհներ առաւ: Նա չփնտրեց հօրը կամ մօրը: Կերակրւում էր Աստուծոյ հրեշտակների կողմից, որոնք աղաւնակերպ իջնում էին տաճար, կերակրում նրան եւ սպասաւորելով օրհնաբանում ամենաօրհնեալ աղջկան՝ Մարիամին:

 

Եւ մենք մեր տկար մտքով միաբանուենք նրանց եւ բարեհամբաւենք ամենասուրբ Կոյս Մարիամին՝ ասելով. «Բարեբանեա՛լ ես, ամենագովելի սո՛ւրբ Աստուածածին, վեհագո՛յն երկինք, որում բնակուեց Աստուած, բարձրագո՛յն աթոռ, որի վրայ Աստուած բազմեց: Գերապայծա՛ռ Արեւելք, որտեղից ծագեց արդարութեան Արեգակը: Լո՛յս, որով խաւարածներս լուսաւորուեցինք: Աստուածատո՛ւնկ դրախտ, որտեղից Եդեմը Տնկողին տեսանք: Երեւելի՛ տունկ, որից վայելեցինք անթառամ Ծաղկին: Բարունա՛կ, որից քաղցրահամ Ողկոյզը քաղեցինք: Ողկո՛յզ, որից ուրախարար Գինին խմեցինք: Երկի՛ր, որտեղ բուսեց Ճշմարտութիւնը, Երկի՛նք, որից երեւաց Արդարութիւնը: Անհարսնացեալ մա՛յր, Անեղի հա՛րս, Անմահին ծնո՛ղ, երկնային առագա՛ստ, կոյսերի զա՛րդ, ամուսնացեալների անարատութի՛ւն, գլորուածների կանգնո՛ւմ, արտասուքների փարատի՛չ, տրտմածների ուրախութի՛ւն, վշտացեալների մխիթարութի՛ւն, եկեղեցու հի՛մք, քրիստոնեաների պարծա՛նք, հաւատացեալների առ Աստուած աղե՛րս, մեղաւորների յո՛յս, նեղեալների ապաւէ՛ն»:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երեքամեայ սուրբ Կոյսի տաճարին ընծայելու տօնը նշում է նոյեմբերի 21-ին: Այն սուրբ Եկեղեցու անշարժ տօներից մէկն է:

 

 

[1] Սաղմ. ԻԶ 10:
[2] Աղցաւոր-որեէ բանի պահանջ՝ կարիք՝ պետք ունեցող, կարիքավոր: