ՍՈՒՐԲ ՍԻՄԷՈՆ ՍԻՒՆԱԿԵԱՑԻ ՎԱՐՔԸ

Ուրախանան հրեշտակք ի յերկինս ընդ չարչարանս ճգնաւորացն.
Եւ հրաշանան արարածք ընդ յաղթութիւնս սրբոցն:
Մեծապէս պատերազմեալք զառաքինութեան զհանդէս.
Պսակեցան ի Քրիստոսէ ընդ վերին զուարթունսն:
Ցնծա կաթուղիկէ, զուարճանան հաւատացեալք.
Աղաղակեց ասելով՝ փա՛ռք Քեզ Աստուած:
(Շարակնոց)

   
    Քրիստոսի մեծ ճգնաւոր եւ Աստուծոյ աշխարհահռչակ այր Սիմէոն Սիւնակեացն ապրել է Թէոդոս Կրտսեր կայսեր եւ նրա յաջորդների օրօք: Ծագումով Անտիոքի շրջանի Սիսան գիւղից էր: Հօր անունն Իսիւքիոս էր, իսկ մօր անունը՝ Մարթա:
   Սիմէոնը բարեպաշտ ծնողների զաւակ էր եւ մանկուց արածեցնում էր իր հօր ոչխարների հօտը: Կիրակի օրերին նա գնում էր եկեղեցի եւ լսում Սուրբ գրքի ընթերցանութիւնները: Երբ տասներեք տարեկան էր, եկեղեցում լսելով Պօղոս առաքեալի թղթի ընթերցուածքը եւ աւետարանական երանութիւնների մասին, նրա սիրտը բոցավառուեց աստուածային սիրով եւ լցուեց Աստուծոյ երկիւղով: Եւ գտնելով մի աստուածասէր ծերունու՝ նա հարցրեց. «Հա՛յր, ի՞նչ են նշանակում ընթերցուած խօսքերը»: Ծերը պատասխանեց նրան. «Անձի ժուժկալութեան մասին են, որդեա՛կ»: Սիմէոնն ասաց. «Խնդրո՛ւմ եմ քեզ, հա՛յր, սովորեցրո՛ւ ինձ, թէ ինչ է ժուժկալութիւնը: Ես ոչինչ չգիտեմ, բայց ցանկանում եմ գնալ Աստուծոյ ճանապարհով»: Այնժամ ծերն ասաց. «Ժուժկալութիւնը փրկութիւն է անձի համար, այն լոյսի առաջնորդ է, որ երկնքի Արքայութիւն է տանում: Եւ եթէ կամենում ես ուսանել, որդեա՛կ, ապա իմացի՛ր, որ ժուժկալութիւն է, երբ պահում են սուրբ սրտով, աղօթում են երկիւղով եւ պատկառանքով, կատարում են առաջին, վեցերորդ, իններորդ ժամերի եւ գիշերային ժամակարգութիւնները ու գիշեր թէ ցերեկ ջանասիրութեամբ բարի գործեր անում: Բոլոր վանքերում ապրում են այս կարգով: Ահա իմացար, որդեա՛կ, քննի՛ր այս ամէնը քո սրտում եւ ընտրի՛ր քեզ համար բարին, որովհետեւ եթէ ցանկանում ես անցնել կատարեալ ճանապարհով, ապա պէտք է քաղցես ու ծարաւես, զրկուես, կրես ապտակներ, նախատուես, հառաչես, արտասուես եւ տքնես: Պէտք է երբեմն առողջ լինես, երբեմն՝ տկար, համբերես տարբեր պարագաներում եւ հրաժարուես այլեւայլ բաներից: Խոնարհեցնես անձդ, համբերես հալածանքներին, բազում վշտեր կրես մարդկանց կողմից, եւ այնժամ Աստուծոյ հրեշտակները կ՚այցելեն քեզ: Ահա որդեա՛կ, լսեցիր ամէն բան, թող փառքի Տէրն ի բարին ուղղի քո մտքերը՝ ըստ քո սրտի յօժարութեան»:
    Այնժամ Սիմէոնը գնաց սուրբերի վկայարան, գետնատարած աղօթեց եւ խնդրեց Տիրոջը՝ ցոյց տալ իրեն այն ճանապարհը, որով պիտի քայլի: Այնուհետեւ առանց ծնողներին տեղեկացնելու՝ գնաց անապատ մի վայր, ուր երեսնիվայր անդադար արտասւում եւ աղօթում էր Աստծուն: Եօթ օր անսուաղ մնալով՝ Տիրոջ առաջնորդութեամբ գնաց Հելիոդորոս եպիսկոպոսի վանքը, որը հոգով լի եւ Աստուծոյ առաջ սուրբ այր էր: Արտասուքներով ընկաւ նրա ոտքերը եւ ասաց. «Ողորմի՛ր եւ փրկի՛ր ինձ՝ մեղաւոր եւ հեղգ անձիս, որը ցանկանում է ծառայել Աստծուն»: Վանահայրն ասաց. «Ո՞վ ես դու, ո՞ւմ որդին ես, ի՞նչ է քո անունը եւ որտեղի՞ց ես եկել մեզ մօտ»: Պատանին ասաց. «Իմ անունը Սիմէոն է, չունեմ մարմնաւոր տէրեր, իսկ իմ ծնողների եւ տեղի մասին խնդրում եմ մի՛ հարցրու, այլ միայն փրկի՛ր ինձ»: Այնժամ հայրն ուրախութեամբ ասաց նրան. «Որդեա՛կ, եթէ դու ուղարկուել ես Աստուծոյ կողմից, ապա թող Աստուած փրկի ու քեզ անփորձանք պահի չարից ու նրա բոլոր խարդաւանքներից: Այստեղ դու պիտի հպատակուես բոլոր եղբայրներին եւ սիրով ծառայես նրանց, որպէսզի բոլորին սիրելի լինես»:
   Արդ, ընդունելով կրօնաւորութեան կարգը՝ Սիմէոնը մնաց վանքում եւ Աստուծոյ ու մարդկանց առջեւ ապրեց հաճոյական վարքով: Նա անձանձրոյթ ծառայում էր եղբայրներին, ապրում էր այնպիսի ճգնողական կեանքով եւ պահեցողութեամբ, որ զարմացնում էր բոլորին: Իսկ ծնողները շուրջ երկու տարի չէին դադարում փնտռել նրան, սակայն ամենեւին չկարողացան գտնել կամ իմանալ նրա տեղը:
    Այդ վանքում երեք տարի մնալուց յետոյ Սիմէոնը ցանկացաւ ապրել առաւել խստակրօն վարքով: Մի օր նա գնաց վանքի ջրհորի մօտ, վերցրեց դոյլի պարանը, որ հիւսուած էր արմաւներից, քանդեց այն, մի փոքր լայնացրեց, կապեց իր մերկ մէջքին եւ այնքան ամուր ձգեց, որ պարանը թաղուեց մինչեւ ոսկորները: Ապա վրայից հագաւ իր քուրձը, եկաւ եղբայրների մօտ եւ ասաց. «Ես գնացի ջրհորի մօտ, բայց այնտեղ պարան չկար, որպէսզի ջուր հանէի»: Իսկ եղբայրները, կարծելով, թէ այն կորել է, ասացին նրան. «Լուռ մնայ, որպէսզի վանահայրը չիմանայ եւ չբարկանայ մեզ վրայ»: Եւ ոչ ոք չիմացաւ, թէ ինչ էր արել Սիմէոնը:
   Եւ այդպէս մնաց երկար ժամանակ: Նեխեց նրա մարմինը, սաստիկ ժահահոտութիւն էր ելնում նրանից, այնքան, որ ոչ ոք չէր կարողանում մօտենալ նրան: Նրա սենեակը եւ անկողինը լի էին որդերով, բայց եւ այնպէս այդպիսի անտանելի նեղութիւնների հետ նա խստացնում էր պահեցողութիւնը: Նա իր բաժին կերակուրը տալիս էր աղքատներին: Եղբայրները ճաշակում էին օրական մէկ անգամ՝ երեկոյեան, իսկ Սիմէոնը՝ կիրակիից կիրակի: Իմանալով այս մասին՝ եղբայրներից մէկը տեղեկացրեց վանահօրը՝ ասելով. «Այդ Սիմէոնը կամենում է խախտել վանքի քո սահմանած կարգն ու կանոնները: Ես տեսայ, որ նա իր հացն ու ընդեղէնը տալիս է աղքատներին, իսկ ինքը ճաշակում է եօթ օրը մէկ անգամ, եւ բացի այդ՝ նրա սենեակում վխտում են որդերը: Արդ, եթէ դու կամենում ես պահել նրան, ապա մենք կը հեռանանք այստեղից»:
    Հայրը զարմացաւ, առանձին մտաւ նրա սենեակը, տեսաւ նրա որդնալից գետնատարած անկողինն ու ասաց. «Ահա մի նոր Յոբ»: Կանչեց Սիմէոնին եւ եղբայրների առաջ նրան հարցրեց. «Ի՞նչ ես արել, ինչի՞ց է առաջացել այդ նեխութիւնը, եւ ինչո՞ւ ես տրտմեցնում քո եղբայրներին՝ խախտելով վանքի կանոնները: Մի՞թէ դու անշունչ պատկեր ես, որ կարողանաս ժուժկալել այդչափ խստութեանն ու պահեցողութեանը, ասա՛ մեզ, դու իրապէ՞ս մարդ ես, քանի որ չպատմեցիր քո հայրական տան մասին»: Իսկ երանելի Սիմէոնը գլխիկոր լռում էր, եւ միայն արտասուքներ էին հոսում նրա աչքերից: Հայրը, իբրեւ թէ զարմացած, ասաց եղբայրներին. «Մերկացրէ՛ք նրան, որպէսզի տեսնենք, թէ որտեղից է այս գարշահոտութիւնը»: Սակայն դա անհնար եղաւ, որովհետեւ հագուստը մածուել էր նեխած մարմնին, եւ պէտք եղաւ երեք օր, որպէսզի փափկացնէին այն ջրով եւ ձէթով: Այդպէս մի կերպ կարողացան հանել նրա պարէգօտը, եւ այնժամ տեսան մսի մէջ թաղուած պարանը: Անհնար էր այն հեռացնելը, որովհետեւ հազիւ էր երեւում, իսկ անթիւ որդերը վխտում էին նրա շուրջը: Այդ ողորմելի տեսարանից հայրն ու եղբայրներն արտասուեցին եւ մտածեցին, թէ ինչ անեն, իսկ երանելին ասաց. «Ներէ՛ք ինձ, եղբայրնե՛ր, թո՛յլ տուէք, որ այսպիսի պատիժ կրելով՝ մեռնի զազրելի շունս, որովհետեւ ես ընկղմուած եմ մեղքերի անդնդում»: Հայրը սաստեց նրան եւ ասաց. «Դու ի՞նչ մեղքեր ունես, չէ՞ որ դեռեւս տասնութ տարեկան չկաս»: Սիմէոնը պատասխանեց. «Դաւիթ մարգարէն ասում է. «Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ» 1, եւ ահա՝ ինձ նոյնպէս»: Վանահայրը սքանչացաւ նրա իմաստութեան վրայ եւ զարմացաւ, թէ ինչպէս է այդ պատանի գեղջուկն Աստուծոյ երկիւղով այդպէս զղջում իր անձի մէջ:
    Ապա վանահայրը սուրբի կամքին հակառակ կանչեց բժիշկներին, որոնք յիսուն օր դարմանեցին նրան եւ հանելով պարանը՝ կարողացան մի կերպ բժշկել: Իսկ եղբայրները, նախանձելով արդար պատանու ճգնութիւններին, օր օրի աւելի ու աւելի էին տրտնջում նրանից: Այնժամ հայրը Սիմէոնին ասաց. «Որդեա՛կ, ահա հնարաւորինս բուժուեցիր: Այսուհետեւ գնա՛, ուր որ կամենում ես»: Եւ նա, խոնարհութեամբ բաժանուելով նրանցից, արտասուելով գնաց: Երանելին հասաւ մի ցամաք ջրհորի, որը լի էր թունաւոր զեռուներով եւ համարւում էր դեւերի բնակավայր, մարդկանցից անտես մտաւ այդ ջրհորի մէջ եւ եօթ օր անսուաղ մնաց այնտեղ:
    Դրանից յետոյ վանահայրը մի տեսիլք տեսաւ, որում երկնային զօրքերը պատել-պաշարել էին մենաստանը: Նրանք սպառնում էին իրենց ձեռքի ջահերով եւ ասում. «Մենք կ՚այրենք քեզ եւ քո վանքը, եթէ մեր ձեռքը չտաս Աստուծոյ ծառայ Սիմէոնին: Ինչո՞ւ արտաքսեցիք նրան, ի՞նչ մեղք էր նա գործել: Չգիտե՞ս արդեօք, որ Աստուծոյ առաջ նա մեծ է քեզնից եւ էլ աւելի մեծ պիտի երեւայ այն ահեղ Օրը»: Վանահայրն արթնացաւ մեծ ահով, կանչեց եղբայրներին, պատմեց նրանց տեսիլքի մասին եւ ասաց. «Խնդրո՛ւմ եմ ձեզ, շտապ գտէք եւ այստեղ բերէք Աստուծոյ ճշմարիտ ծառային»: Եւ նրանք որոնեցին բոլոր տեղերում, ուր որ կարծում էին, ապա եկան ու վանահօրն ասացին. «Մենք ոչ մի տեղ չգտանք նրան: Որոնել ենք ամենուր, բացի մի խաւարտչին ու օձաբնակ գբից»: Եւ նա խաւարը փարատելու համար հրամայեց վառել լապտերները, փախցնել սողուններին ու խաչակնքուելով՝ պարանով իջնել գբի մէջ: Այդպէս գտան նրան եւ բերեցին վանք:
    Այնժամ վանահայրն ընկաւ նրա ոտքերը եւ ասաց. «Ների՛ր ինձ, Աստուծո՛յ ծառայ, որովհետեւ ես մեղանչեցի քո դէմ առանց մտածելու: Այսուհետեւ դու եղիր իմ առաջնորդը եւ ճշմարտութեան ուսուցիչը»: Իսկ արդարն արտասուքներ հեղելով լաց էր լինում վանահօր խօսքերից: Մի քանի օր յետոյ նա ծածուկ հեռացաւ եւ գնաց անապատ մի վայր, որ գտնւում էր Թալամբսին գիւղի մօտ: Լերան ստորոտի քարերից իր համար նեղ արգելանոց շինեց եւ երեք-չորս տարի ճգնելով՝ բնակուեց այնտեղ: Նա ոչինչ չէր ճաշակում՝ բացի թրջած ոսպից, այն էլ՝ շաբաթական մէկ անգամ, որը սովորութիւն դարձրեց, իսկ քառասնորդական պահքի օրերն անց էր կացնում իսպառ անսուաղ՝ նախանձախնդիր լինելով Մովսէսին եւ Եղիային: Տարածուեց նրա սրբութեան համբաւը, եւ շատերն սկսեցին դիմել ու օգնութիւն ստանալ նրանից:
    Անապատում կար Բասոս անունով մի աստուածաշնորհ վանահայր, որն առաջնորդում էր երկու հարիւր խստակրօն եղբայրների եւ միաժամանակ շրջակայ գիւղերում ապրող քահանաների առաջնորդն էր: Նա բոլոր եղբայրների հոգիների արթուն հսկիչն էր: Յաճախ շրջում էր սենեակներով, մէկ առ մէկ զօրացնում էր մենակեացներին՝ ապրելու սուրբ վարքով ու հաղորդեցնում նրանց Տիրոջ Մարմնի եւ Արեան պատուական խորհրդին: Սիմէոնը նրան ընտրեց որպէս իր հոգեւոր հայր ու յայտնեց իր սրտի բոլոր խորհուրդներն ու անյագ տենչը՝ ի սէր Աստուծոյ ծառայութեան: Այնժամ հայր Բասոսը խրատեց նրան՝ ասելով. «Պէտք է կարողանալ [չափաւոր] պահել պահեցողութեան ճգնութիւնը եւ անձնասպան չլինել: Երբ անձը նուաղում եւ սաստիկ քաղց է զգում, պէտք է մի փոքր ճաշակի, որովհետեւ չափն անցնելու դէպքում կարող է վնասել ոչ միայն մարմինը, այլեւ հոգին: Եւ կարծելով, թէ խիստ պահեցողութիւնն առ Աստուած է տանում, սակայն այն հեռացնում է Նրանից»:
    Եւ երանելի Սիմէոնը կատարեալ հնազանդութեամբ ասաց. «Հա՛յր, տուէք ինձ տասը նկանակ եւ ջրի անօթ, որպէսզի ըստ քո խօսքի՝ երբ կարիք ունենամ, կերակուր ընդունեմ եւ զօրանամ»: Եւ հայր Բասոսն այդպէս արեց: Ապա փակեց նրա խցի դուռը եւ ծեփեց կաւով, որպէսզի քառասուն օր նրան ոչ ոք չայցելի: Երբ լրացան այդ օրերը, եկաւ բացեց դուռը եւ տեսաւ, որ հացն ու ջուրն ամբողջական են մնացել, իսկ Քրիստոսի ճգնաւոր Սիմէոնն աղօթում էր գետնատարած եւ իրենից դուրս՝ յափշտակուած: Եւ երբ հայրը բոթեց նրա կողերը, տեսաւ, որ նա կիսամեռ է եւ անխօս. նա նուաղել էր խիստ պահեցողութիւնից: Երբ ջրով սպունգը մօտեցրեց նրա բերանին, այնժամ բացուեցին երանելու աչքերը, եւ նա խնդրեց սուրբ հաղորդութեան փրկչական Խորհուրդը, որն առնելով՝ իսկ եւ իսկ զօրացաւ: Ապա վեր կացաւ, փոքր-ինչ վայրի բանջար ճաշակեց՝ այն էլ շատ համարելով: Հիացաւ հայր Բասոսը ու չհամարձակուեց յանդիմանել նրան խիստ պահեցողութեան համար: Նա եկաւ եւ իր աշակերտներին պատմեց այն մեծ սքանչելիքի մասին, որ տեսաւ Աստուծոյ մարդու՝ Սիմէոնի մօտ: Բայց առաւել սքանչելին այն էր, որ Սիմէոնն այնուհետեւ սովորութիւն դարձրեց երեսունինն օր անսուաղ մնալ եւ ճաշակել մէկ անգամ՝ քառասուներորդ օրը՝ սուրբ հաղորդութիւնից յետոյ: Եւ այդպէս մէկ քառասնորդականի աւարտը լինում էր միւսի սկիզբը, որի կէսն անց էր կացնում մէկ ոտքի վրայ կանգնած, իսկ միւս կէսը՝ ստիպուած նստելով կամ գետնատարած: Երբ սկսում էր քառասնորդականը, քսան օրն անց էր կացնում միշտ ոտքի վրայ՝ անդադար աղօթելով, սաղմոսելով եւ երկնային խորհուրդների մէջ խորասուզուելով, իսկ դրանից յետոյ տկար ծնկներով ստիպուած նստում էր մի քանի օր եւ ապա անսուաղութիւնից ամբողջապէս տկարացած՝ տարածւում գետնին ու այդպէս Աստուծոյ օրհնութեամբ եւ անդադար աղօթելով՝ անցկացնում մնացած օրերը: Այսպիսինն էր նրա կեանքը, ասես թէ նա ապրում էր ոչ թէ երկրի վրայ, այլ երկնքում, մարմնի մէջ կենցաղավարում էր անմարմնաբար եւ մշտամռունչ ձայնակից լինում վերին զուարթուններին՝ Աստուծոյ փառաբանիչներին:
    Երեք տարի իր արգելարանում փակուած մնալուց յետոյ, ելաւ մերձակայ լեռը եւ այնտեղ այլ ընդարձակ բացօթեայ եւ պարսպապատ բնակավայր շինեց: Եւ այնտեղ գիշեր թէ ցերեկ սկսեց պայքարել ցրտի ու տօթի, անձրեւի ու արեւի դեմ: Եւ քանի որ շատերն էին գալիս նրա մօտ, պատրաստել տուեց քսան կանգուն երկարութեամբ երկաթէ շղթայ, որի մի ծայրն ամրացրեց մի մեծ անշարժ քարին, իսկ միւս՝ օղամանեակ ծայրն անցկացրեց իր ձախ ոտքին, որ թէպէտ կամենայ, չկարողանայ հեռանալ տեղից: Այսպէս կապելով իրեն փարախում՝ միշտ խորհում էր վերինը եւ միշտ երկնքին նայում կարօտով ու երկնաքաղաքացի լինելու տենչով: Եւ ովքեր գալիս էին իր մօտ, ուսուցանում էր ջանալ դէպի երկինք ճեպել:
    Սուրբին այցելութեան եկաւ Մելիտոս անունով պատուական մէկը, որն, ինչպէս ոմանք կարծում են, եղել է Անտիոքի եպիսկոպոսը: Թէպէտ նա հիացաւ Սիմէոնի խստակեաց կենցաղավարութեան վրայ, սակայն չընդունեց նրա շղթայակապ կեցութիւնը: «Բաւական է միայն, - ասաց, - բանական միտքը կամաւոր ոտնակապել մարմնին»:
    Սքանչելի Սիմէոնը հնազանդուեց նրա խօսքին, կանչեց դարբնին եւ շղթան արձակել տուեց, բայց սկզբնամասն անփոփոխ թողեց, որովհետեւ Քրիստոսի սէրը կապել էր նրան աւելի ամուր, քան բոլոր անլոյծ կապանքները: Եւ թէպէտ նրա ոտքի վրայ շղթայի տեղերը պատուած էին կաշուով, սակայն տրորուելուց բոյն էին դարձել որդերի ու մոծակների համար: Երանելին, բնաւ ձեռք չտալով դրանց, իր կամքով թողել էր այդպէս, որպէսզի դրանք անդադար կտտէին իր մարմինը: Նա միշտ յիշում էր առաքելական այն խօսքը, թէ երբ տկարանում է մարմինը, զօրանում է հոգին:
    Եւ Տէրը նրան հոգելից վարդապետութեան եւ միաժամանակ բժշկութեան շնորհներ տուեց, որով նա շահում էր իր մօտ գունդ առ գունդ եկողների հոգիները եւ Քրիստոսի անուամբ փարատում նրանց բոլոր ցաւերը: Նրան այցելող մարդկանց բազմութեան պատճառով ասորական անապատի ճանապարհն ասես քաղաքամէջ պողոտայ լինէր, իսկ նրա բնակութեան լեռը՝ մարդաշատ քաղաք, որովհետեւ ոչ միայն մերձակայ Ասորեստանի, Կիլիկիայի եւ Փիւնիկիայի բնակիչներն էին հոծ բազմութեամբ գնում նրա մօտ, այլեւ արաբները, իսմայէլացիները, պարսիկները, հայերը եւ վրացիները: Բացի արեւելեան այս ազգերից, քիչ չէին Արեւմուտքից՝ Իսպանիայից, Բրիտանիայից, Գաղղիայից եւ Իտալիայից եկողները, որովհետեւ նրա անունը տարածուել էր մինչեւ Մեծ Հռոմ: Ամենուր տներում, սրահներում եւ սիւների վրայ փակցնում էին նրա պատկերը եւ պատւում նրան որպէս կենդանի սուրբի: Բազմութեան միջից ովքեր գալիս էին՝ նրանից օրհնութիւն ստանալու, հազիւ կարողանում էին մօտենալ նրա մաշկեղէն հանդերձին, իսկ նրա ձեռքի համբոյրը մատչելի էր միայն մերձաւորներին: Սակայն եկածներից ոչ ոք ունայնաձեռն եւ առանց սուրբի օրհնութեան չէր հեռանում. մէկը հաշտութիւն էր շահում ընդդէմ թշնամու, միւսը՝ փրկութիւն փորձանքից կամ ազատութիւն ցաւերից, եւ որ կարեւոր է, լինում էր անհաւատների դարձ եւ հաւատացեալների ջերմեռանդ աստուածպաշտութիւն: Եւ այս ամէնն առաւել եղաւ սուրբի սեան վրայ բարձրանալուց յետոյ, որից նա ստացաւ Սիւնակեաց անուանումը: Քանզի երբ Աստուծոյ այր Սիմէոնը տեսաւ, որ իր մօտ եկողների թիւն անցել է չափը, եւ անկարելի է խոյս տալ նրանց ձեռքից կամ էլ թաքնուել, որոշեց անմատչելի լինել նրանց եւ հեռանալ աշխարհից, յատկապէս մօտ լինել երկնքին ոչ միայն մտքով, այլեւ մարմնով: Ուստի հնարեց մի միջոց՝ սիւնակեցութիւնը, որի վրայ սկսեց բնակուել՝ տարիների ընթացքում աստիճանաբար այն բարձրացնելով: Նախ մանտրայում, այսինքն փարախում կանգնեցնել տուեց հինգ կանգուն բարձրութեամբ մի սիւն, որի վրայ ելնելով մնաց շուրջ հինգ տարի (ոմանք ասում են՝ եօթ, ոմանք էլ, թէ՝ չորս): Այնուհետեւ այն բարձրացնել տուեց երկրից տասներկու կանգուն երկարութեամբ, ելաւ եւ մնաց այդ սեան վրայ տասներկու տարի: Ապա տասներկու տարի մնաց մէկ այլ սեան վրայ, որի բարձրութիւնը քսան կանգուն էր, իսկ չորս տարի էլ ապրեց երեսուն կանգուն բարձրութեամբ սեան վրայ: Եւ իր կեանքի մնացած ժամանակը՝ մինչեւ մահ, այսինքն տասնվեց տարի, ապրեց երեսունվեց կամ քառասուն կանգուն բարձրութեամբ սեան վրայ եւ ընդհանուր առմամբ սիւնակեաց եղաւ քառասունեօթ տարի:
    Արդ, այս բոլոր սիւները սուրբի պարսպապատ փարախի մէջ էին: Պարսպից ներս իշխանութիւն ունէին մտնել միայն այրերը, իսկ կանայք, ինչպէս որ չէին կարող տղամարդկանց վանք մտնել, այնպէս էլ չէին կարող այն փարախ մտնել: Աստուծոյ այրը ոչ ոքի թոյլ չէր տալիս ելնել սեան վրայ, այլ միայն հազուադէպ պատուէրներ էր տալիս մտերիմ մենակեացներից ոմանց, ինչպէս իր Անտոն աշակերտին, որն էլ պատմում է այս բաները: Եւ սանդուղքից բացի՝ չկար նրա մօտ ելնելու այլ ճանապարհ:
    Սիմէոնը ոտքի վրայ ուղիղ կանգնած զօր ու գիշեր սեան վրայ էր, որի գագաթն ունէր առանց ծածկի տախտակաշէն խցիկ, ուր երբեմն փակւում էր՝ յենուելով պատշգամբի վրայ: Նա գրեթէ չէր նստում, այլ միայն, գլուխը մինչեւ ոտքի մատները խոնարհած, շարունակ ծնրադրում էր երկրպագութեամբ, որ շատերը հաշւում էին եւ զարմանքով հիանում: Մէկը հաշուել էր, որ սուրբ Սիմէոնը մէկ անգամ աղօթելիս ծնրադրում է հազար երկու հարիւր քառասունչորս անգամ: Սիմէոնը շատ անգամ ճաշակում էր քառասուն օրը մէկ անգամ, սակայն իւրաքանչիւր եօթնակին հաղորդւում էր սուրբ Խորհրդին: Եւ այդ էր նրա սովորական սնունդը սիւնակեցութեան օրերին:
    Արդ, մեծամասամբ սուրբը սիւնակեցութիւնն ուղեկցում էր ոտքի վրայ աղօթելով: Նա աղօթում էր ձեռքերը տարածած դէպի վեր, աչքերը երկնքին բեւեռուած եւ մտքով յափշտակուած: Առաւել շատ այսպէս էր անցկացնում տօն օրերը: Երեկոյեան՝ երբ արեւը մայր էր մտնում, ձեռքերը տարածած եւ դէպի արեւելք կանգնած, սկսում էր լռութեամբ աղօթել այնքան, մինչեւ որ արեգակը ծագում էր դէմքին, ինչպէս Անտոն Մեծի դէպքում, սակայն վերջինս՝ ծնրադրած, իսկ Սիմէոնը՝ կանգնած: Այս անհաւատալի ոտնկացութիւնը երանելին սովորոյթ դարձրեց: Մինչ այդ նա վարժուել էր աւելի քան քսան օր անընդմէջ կանգնել ոտքի վրայ, իսկ երբ ելաւ սեան վրայ, իրեն ամուր կապել տուեց մի ուղիղ գերանի, որպէսզի թէպէտ կամենայ, չկարողանայ կորանալ կամ նստել: Եւ այդպէս քառասուն օր անսուաղ անցկացրեց ոտքի վրայ: Ապա զօրանալով երկնային շնորհներով՝ ոտնկացութեամբ քառասուն օր մնաց առանց գերանի, արձակ, կանգուն եւ դարձեալ անսուաղ: Ասես թէ քարեղէն եւ անշունչ սեան վրայ կանգնած լինէր մարմնեղէն եւ կենդանի մի արձան: Եւ որքան էլ հրաշալի թուան այս խօսքերը, սակայն զարմանալի չեն, որովհետեւ Սիմէոնի բոլոր գործերը վեր էին, քան բոլոր հրաշքները, զարմանալի, քան օրինակելի: Անապատի սքանչելի հայրերը հիանում էին նրա նորատեսիլ ճգնութիւնների վրայ, սակայն շատերի աչքին դա ծանր էր թւում, որի համար մեծ ժողով գումարուեց եգիպտացի հայրերի եւ հոգետես այրերի մասնակցութեամբ: Ինչպէս գրում են Եւագրիոսը եւ ուրիշները, նրանք, որոշումը մէջտեղ բերելով, պատուիրակներ ուղարկեցին՝ ասելու Սիմէոնին. «Այդ ինչ ես անում, ինչու թողեցիր այն ճանապարհը, որը քեզ սովորեցրին մենակեաց սուրբ հայրերը եւ ճգնաւորները ու համարձակուեցիր ընթանալ օտար, նեղ ճանապարհով: Իջի՛ր այդտեղից եւ գնա՛ ընդհանուրի ճանապարհով»: Սակայն հոգեւոր հայրերը զգուշացան, որ գուցէ Սիմէոնի ընթացքն Աստուծոյ թելադրանքով է, եւ իրենք կը խափանեն Աստուծոյ գործը: Այդ պատճառով պատուիրեցին. «Եթէ Սիմէոնն ընդունի իրենց պատգամը, սիրով հնազանդուի եւ կամենայ իջնել, ապա կը հրամայեն իրեն պահել իր կարգը, իսկ եթէ դժկամութեամբ ընդունի մեր խրատը եւ յայտնի, թէ ընթանում է իր կամքով, ապա նա հեռու է խոնարհութիւնից: Այնժամ բռնութեամբ կ՚իջեցնէք նրան ու այստեղ կը բերէք»:
    Արդ, երբ գնացին ու տեսան նրան, ինչպէս նաեւ լսեցին նրա սքանչելիքների եւ անհաւատների ու մեղաւորների դարձի մասին, պատկառեցին նրա սրբութիւնից եւ չհամարձակուեցին բերան բացել, սակայն իրենք իրենց ստիպելով՝ Սիմէոնին յայտնեցին պատգամը: Եւ մեծ ուրախութեամբ ընդունելով սուրբ հայրերի յանդիմանութիւնը՝ Սիմէոնն իսկ եւ իսկ խոնարհութեամբ հնազանդուեց նրանց: Չխօսեց ո՛չ երկար, ո՛չ կարճ, այլ գոհանալով Աստծուց՝ հայրերի միջոցով իրեն խրատելու համար, անմիջապէս պատուիրեց բերել սանդուղքը, որպէսզի իջնի: Այնժամ պատուիրակներն առաջ բերեցին նաեւ հայրերի երկրորդ հրամանը եւ ուրախակից լինելով սուրբին՝ քաջալերեցին հաստատուն մնալ իր աստուածահաճոյ կենցաղավարութեան մէջ: Ապա վերադարձան եւ պատմեցին ինչ որ տեսան ու լսեցին: Եւ բոլորը մեծապէս ուրախ եղան:
    Այնուհետեւ աւելի ու աւելի տարածուեց սուրբ Սիմէոնի անունը: Թիւ չկար նրա մօտ եկողներին. մարդիկ գալիս էին հոգու եւ մարմնի բոլոր կարիքների համար, որովհետեւ նա աղօթքներով լուսաւորում էր կոյրերին, քայլեցնում կաղերին, սրբում բորոտներին, առողջացնում անդամալոյծներին եւ փարատում բոլոր ցաւերը, ուրախացնում տրտմածներին, հաստատում անյոյս մարդկանց, մարգարէական աչքով տեսնում սրտերի խորհուրդները եւ հեռաւոր վայրերից դէպքեր պատմում: Եւ բժշկուածներից իւրաքանչիւրին պատուիրում էր. «Եթէ մէկը հարցնի, թէ ով բժշկեց քեզ, ասայ՝ Աստուած, որը եւ ճշմարիտ է: Զգո՛յշ եղիր, որ չասես, թէ Սիմէոնն է քեզ բժշկել, որովհետեւ դա սուտ է, այլապէս կը բռնուես նոյն ցաւով: Բնաւ մի՛ երդուիր եւ մի՛ առ Աստուծոյ ահաւոր անունը քո սնոտի խօսքերի վրայ: Եւ եթէ քո ոչ բարի սովորութիւնը ստիպի քեզ երդուել կա՛մ ճշմարտութեամբ, կա՛մ ստութեամբ, ապա երդուի՛ր մեղաւորիս անուամբ, որովհետեւ այդ վնասը փոքր կը լինի: Մեծ վտանգ է Աստուծոյ անունով երդուելը»: Այդպէս բազում այլ հոգեշահ խրատներով բոլորին ուսուցանում էր կատարել Աստուծոյ կամքը եւ փրկել հոգիները:
    Իսկ երանելու մայրը քսանեօթ տարի իր ցանկալի զաւակին կորցնելուց յետոյ, յանկարծ լսեց Սիմէոն Սիւնակեացի մասին եւ իմանալով, որ նա իր որդին է, անպատմելի կարօտով եւ ուրախութեամբ գնաց՝ տեսնելու նրան: Մօտենալով փարախի պատին, որտեղ կանանց արգելուած էր մտնել, լուր ուղարկեց Սիմէոնին՝ ահա քո մայրը եկել է եւ կամենում է քեզ տեսնել: Բայց սուրբը ծածկեց իր երեսը եւ չկամեցաւ տեսնել իր մօրը: Եւ ո՞վ կարող էր պատմել մօր վշտի մասին: «Որդեա՛կ իմ, - ասում էր, - ի՞նչ կը լինի, որ տեսնեմ քեզ: Քո հայրը մեռաւ սրտի ցաւից եւ անդադար արտասուքներ հեղեց քեզ համար՝ իբրեւ կորուսեալ որդու, բայց ահա ես գտայ քեզ եւ եթէ չտեսնեմ, ապա կը մեռնեմ այստեղ»: Այնժամ Սիմէոնն ուղարկեց իր սպասաւորին՝ ասելու մօրը. «Ների՛ր ինձ, մա՛յր իմ: Մի՛ պահանջիր տեսնել ինձ այս աշխարհում, այլ եթէ արժանի լինենք, հանդերձեալ կեանքում կը հանդիպենք միմեանց»: Իսկ մայրն առաւել բորբոքուեց նրան տեսնելու փափագով: Եւ սուրբը դարձեալ լուր ուղարկեց՝ ասելով. «Ո՛վ մայր իմ, մի փոքր հանգստացիր փարախի մուտքի մօտ եւ ննջիր, մինչեւ որ տեսակցենք միմեանց»: Կինը լցուեց յոյսով եւ ուրախութեամբ, նստեց սեան դիմաց, գլուխը յենեց փարախի պատին եւ քաղցր քուն մտաւ: Այդպէս նա իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը, որովհետեւ Սիմէոնը խնդրել էր Աստծուն՝ տալ նրան երանելի փոխում աշխարհից: Եւ Աստուած խաղաղութեամբ ընդունեց նրա հոգին:
    Այնժամ երանելի Սիմէոնը պատուիրեց փարախից ներս բերել իր մօր մարմինը եւ դնել սեան առաջ: Ի պատիւ մօր թաղման՝ իջաւ սեան վրայից, աղօթեց նրա հոգու համար եւ ասաց. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, որ նստում ես քերովբէների վրայ ու խնամում ես Քո արարածներին, Դու ես կեանքը եւ մեռելներին յարութիւն տուողը, ինչպէս որ չորս օր յետոյ յարութիւն տուեցիր Ղազարոսին: Աղաչո՛ւմ եմ Քեզ, ընդունի՛ր նաեւ Քո աղախնու հոգին Քո հանգստեան մէջ»: Սիմէոնի այս աղօթքից յետոյ մօր մարմինը շարժուեց, եւ նրա երեսը ժպտաց: Այս տեսնելով՝ բոլորը փառաւորեցին Աստծուն: Սուրբի պատուէրով սաղմոսներով եւ օրհնութեամբ թաղեցին նրան սեան առաջ, որպէսզի նա միշտ տեսնէր մօր գերեզմանը եւ յիշէր նրան:
Մի անգամ որսորդները մի եղնիկ տեսան եւ երբ չկարողացան բռնել նրան, սուրբ Սիմէոնի անունով երդուեցին չվնասել եղնիկին: Եւ նոյն պահին եղնիկը կանգ առաւ իր տեղում: Որսորդները բռնեցին նրան, մորթեցին եւ կերան՝ մոռանալով իրենց երդման մասին: Եւ մինչ կերակուրը բերաններում էր, թափուեցին նրանց բոլոր ատամները կամ ինչպէս ոմանք են ասում՝ կապուեցին նրանց բերաններն ու համրացան: Այնժամ խորապէս զղջալով՝ գնացին երանելի Սիմէոնի մօտ, լաց եղան իրենց գործած չարիքի համար, իսկ նա գթալով աղօթեց նրանց համար ու ազատեց պատուհասից: Եւ այդպէս որսորդները հեռացան՝ փառաւորելով Աստծուն:
   Դարձեալ, իսմայէլացիներից մէկը, որը սուրբ Սիմէոնի միջոցով հաւատացել էր Քրիստոսին, վկայակոչելով սուրբի անունը՝ խոստացաւ իր կեանքի ընթացքում երբէք մսեղէն չուտել: Ժամանակ անց մոռացութեան կամ որկրամոլութեան պատճառով մի թռչուն մորթեց եւ եփելով կերաւ: Եւ ահա երբ թռչնամիսն իջաւ նրա որովայն, իսկ եւ իսկ քարացաւ ու անտանելի նեղեց նրան: Այնժամ ուշքի գալով՝ դիմեց իր հոգեւոր բժիշկ Սիմէոնին եւ խոստովանեց իր ուխտազանցութիւնը: Սուրբն Աստծուց թողութիւն խնդրեց նրա համար ու ազատեց նրան ցաւից:
    Մի անգամ մի կին գիշերը ծարաւեց եւ մթան մէջ ջուր խմեց: Ջրի հետ կնոջ որովայն մտաւ օձի ձագը, որը նրա մէջ սկսեց սնուել ու աճել: Կինը սաստիկ տանջւում էր: Նա շատ բժիշկների դիմեց, սակայն ոչ ոք չկարողացաւ օգնել նրան: Ապա հաւատքով տարան նրան սուրբ Սիմէոնի մօտ: Սուրբը պատուիրեց նրա բերանի մէջ լցնել մի քիչ ջուր եւ հող եւ ապա աղօթեց: Այնժամ օձը տագնապեց Տիրոջ զօրութիւնից, կնոջը գցեց գետնին եւ դուրս ելաւ նրա բերանից: Եւ ինչպէս ասաց սուրբի աշակերտ Անտոնը, օձն ունէր չորս կանգուն երկարութիւն: Նա սողաց դէպի սիւնը եւ հէնց այնտեղ էլ սատկեց: Իսկ առողջացած կինը գոհացաւ Աստծուց եւ սուրբից, ու բոլոր տեսնողները բարձրաձայն օրհնեցին Տիրոջը:
    Այդ ընթացքում սուրբ Սիմէոն Սիւնակեացը կարճ սեան վրայ էր, իսկ այնուհետեւ բարձրացաւ քառասուն կանգուն սեան վրայ: Ամենուր տարածւում էր նրա համբաւը, որովհետեւ բոլորին անհաւատալի էր թւում նրա կեանքն ու ամբողջ գործունէութիւնը: Բոլորը գնում էին նրա մօտ՝ անձամբ տեսնելու եւ ստուգելու իրենց լսածը: Առաւելապէս գնում էին հագարացիները, արաբները, որոնցից շատերը սուրբի քարոզութեամբ դարձել էին դէպի Տէրը: Իսկ մարդատեաց բանսարկու սատանան, չարանալով երանելու դէմ եւ չկարողանալով նրան վնասելու մի հնար գտնել, առաւ ոչ միայն լուսեղէն հրեշտակի, այլեւ քերովբէատեսիլ կառքի վրայ նստած փառքի Տիրոջ կերպարանքը: Գիշերային տքնութեան աղօթքի ժամին եկաւ Սիմէոնի մօտ եւ ասաց. «Մօտեցի՛ր ու միացի՛ր այս կառքին, ո՛վ հաւատարիմ ծառայ, եւ ընդունի՛ր քո պսակը»: Սկզբում երանելի Սիմէոնը սարսափեց այդ ահեղ տեսիլքից, համարեց, թէ Տէրը կանչում է իրեն եւ կամեցաւ խոնարհութեամբ հնազանդուել, սակայն երբ խաչակնքուեց եւ բարձրացրեց ոտքը՝ կառքի վրայ դնելու համար, նոյն պահին ճանաչեց չարի խարդաւանքը, իսկոյն յետ քաշեց ոտքը եւ աղօթեց Տիրոջը: Տեսնելով, որ յայտնի դարձան իր պատրանքները, կատաղութիւնից ուժգին հարուածեց սուրբի ազդրին եւ ապա նրա աչքից աներեւոյթ եղաւ: Շղթաների պատճառած նախկին վէրքերից սուրբի ոտքն առողջացել էր, սակայն Աստուծոյ թողտւութեամբ ոտքին հասցրած դեւի այս անբուժելի հարուածը սուրբի համար եղաւ ճգնութեան նոր առիթ. խոր վէրք մնաց նրա մի ոտքի վրայ, իսկ վէրքը խոց դառնալով, որդնալից եղաւ այնքան, որ ոտնկացութեան ժամանակ կանգնում էր մէկ ոտքի վրայ եւ յաճախակի յենւում պատշգամբի սեանը: Եւ դա տեւեց ոչ քիչ տարիներ՝ մինչեւ սուրբի մահը: Բայց զարմանալին այն է, որ երբ վխտացող որդերը բազմութեամբ ընկնում էին գետնին, նա վերցնել եւ իր տեղը դնել էր տալիս: Այս մասին պատմող նրա աշակերտ Անտոնն ասում էր. «Այնուհետեւ ես՝ նուաստս, այլ գործ չէի անում, բացի ընկած որդերին հաւաքելուց եւ իրենց տեղը դնելուց, իսկ սուրբը նրանց ասում էր. «Կերէ՛ք, Տէրը ձեզ ուտելու համար է տուել"»:
    Ամբոխը չիմանալով, որ այս հարուածը եղել է բոլորի աներեւոյթ թշնամուց, համարում էին, որ պատճառը երկար ոտնկացութիւնն է: Մի անգամ երանելուն ստիպեցին իր վէրքից հոսող թարախը ցոյց տալ հեռուից եկած իմաստուն եւ առաքինի մի սարկաւագի: Նա մտաւ սուրբի փարախը, համարձակուեց ձայն տալ սուրբին եւ ասել. «Ասա՛ ինձ, խնդրում եմ, դու մա՞րդ ես, թէ՞ անմարմին մի այլ բնութիւն՝ կերպարանուած մարդու նմանութեամբ»: Այս բանից այնտեղ գտնուողները սաստիկ զայրացան, իսկ երանելի Սիմէոնը, հանդարտեցնելով նրանց, հեզութեամբ ասաց սարկաւագին. «Ինչո՞ւ ես այդ մասին հարցնում»: Եւ նա ասաց. «Որովհետեւ բոլորն ասում են, թէ անսուաղ եւ անքուն ես անցկացնում քո օրերը: Ինչպէ՞ս կարող է մարդն ապրել առանց կերակրի եւ քնի»: Այնժամ սուրբը պատուիրեց տեղադրել սանդուղքը եւ նրան վերեւ՝ իր մօտ կանչեց: Եւ երբ սարկաւագը ելաւ, սուրբը նախ ցոյց տուեց իր ձեռքերը՝ շօշափելու եւ տեսնելու համար, որ դրանք մարդու ձեռքեր են: Նոյնպէս եւ նրա ձեռքը մաշկեղէն հանդերձի տակ հասցրեց իր լանջին եւ ասաց. «Նայի՛ր նաեւ իմ ոտքերին եւ տե՛ս, որ ապականացու մարմին եմ՝ թարախօտ եւ որդնալից»: Երբ սարկաւագը տեսաւ այդ զարհուրելի վէրքերը, երկիւղեց սուրբի համբերութիւնից եւ երկրպագելով նրան՝ խոնարհութեամբ իջաւ:
    Երանելի Սիմէոնի մօտ եկաւ նաեւ երեւելի անապատականներից մէկը եւ սեան դէմ կանգնած՝ օրհնութիւն խնդրեց սուրբից: Իսկ նա, անուանապէս մեծարելով նրան, ողջունեց եւ ասաց. «Բարով եկար, Աստուծոյ այր Թէոդո՛ս», եւ նա զարմացաւ, որ սուրբը ճանաչեց իրեն անունով: Սիմէոնը նրան հրաւիրեց վերեւ՝ իր մօտ, եւ սիրով ողջագուրելով նրան՝ ասաց. «Ո՛վ սիրելի եւ հարազատ Թէոդոս, ցնծութեամբ ընթացիր քո ճանապարհը, եւ Տէրը կ՚ուղղի քո քայլերը, որովհետեւ դու պիտի հասնես մեծ բարձունքների՝ շատերի հայր լինելու եւ բազմաթիւ մարդկանց աշխարհի ունայնութիւնից մենակեցութեան դարձնելու համար»: Եւ այդպէս էլ եղաւ:
    Դանիէլ անունով մի աբեղայ իր հոգեւոր հօր հետ եկաւ նրա մօտ եւ խնդրանքով սեան վրայ ելնելու հրաման ստացաւ: Երանելի Սիմէոնը նայեց նրան եւ ասաց. «Քաջալերուի՛ր եւ զօրացի՛ր, Դանիէ՛լ որդեակ, որովհետեւ քեզ շատ նեղութիւններ են սպասւում: Սակայն դու ուրախ եղիր, որովհետեւ, զօրացած Տիրոջ շնորհներով, պիտի յաղթես թշնամուն եւ շատերին հասցնես երանութեան»: Այս ասելով՝ ձեռքը դրեց նրա գլխին, աղօթեց ու արձակեց, եւ այնուհետեւ մտերիմ կապ հաստատուեց նրանց միջեւ: Մի անգամ Դանիէլը ուխտով Երուսաղէմ գնաց: Սուրբ Սիմէոնն ալեւորի կերպարանքով հասաւ նրան, շեղեց նրան ճանապարհից, որովհետեւ այն վտանգուած էր աւազակներից եւ յորդորեց գնալ Բիւզանդիա: Դարձեալ երեւալով՝ պատուիրեց նոյն բանը, եւ Դանիէլը լսեց նրան:
    Երանելի Սիմէոնի համբաւը հասաւ տաճիկների մեծ ամիրային, եւ նա հաւատով եկաւ՝ տեսնելու Աստուծոյ մարդուն: Մօտեցաւ սեանը, խնդրեց սուրբի օրհնութիւնը, եւ սուրբն սկսեց խրատական խօսքեր ասել նրան: Խօսակցութեան ժամին սուրբի վիրաւոր ոտքից մի որդ ընկաւ: Չիմանալով, թէ դա ինչ է՝ ամիրան իսկոյն այն վերցրեց գետնից՝ որպէս սուրբի հանդերձից ընկած ինչ-որ մաս եւ ուրախութեամբ պահեց իր ափի մէջ: Ապա ողջոյն տալով սուրբին՝ դուրս ելաւ փարախից, սակայն երանելին ձայն տուեց նրա յետեւից եւ ասաց. «Պատուակա՛ն իշխան, մօտեցի՛ր այստեղ եւ ցած գցիր այն բեռը, որ վերցրիր, որովհետեւ դա զազրելի որդ է, որն ընկել է մեղաւորիս ժահահոտ մարմնից: Ինչո՞ւ շաղախես ձեռքդ գարշելի որդով»: Ամիրան վերադարձաւ եւ ասաց. «Թէպէտ դա որդ է, սակայն ինձ համար օրհնութիւն է, եւ ես այն չեմ վերադարձնի»: Եւ երբ ամիրան բացեց իր ափը, տեսաւ, որ որդը մեծ եւ թանկարժէք մարգարիտ է դարձել: Այն իբրեւ մեծ գանձ, ուրախութեամբ տարաւ իր տուն՝ փառաւորելով Աստծուն եւ Նրա ծառայ Սիմէոնին:
    Այդ նոյն ամիրայի կինն ամուլ էր: Սա եւս եկաւ Սիմէոնի մօտ եւ խնդրեց նրան աղաչել Աստծուն՝ իրեն զաւակ պարգեւելու համար: Եւ երբ կինը շատ թախանձեց, Աստուծոյ սուրբն ասաց նրան. «Գնա՛ քո տուն, եւ Տէրը կը տայ այն, ինչը բարի է»: Եւ Տէրը նրան մի դուստր տուեց, որը մինչեւ հինգ տարեկանը չկարողացաւ խօսել եւ քայլել: Այնժամ երեխային բերեցին սուրբի մօտ եւ աղաչեցին ողորմել նրան: Սիմէոնն ասաց նրանց. «Համբերէ՛ք, եւ Տէրն Ինքը կ՚այցելի ձեզ»: Եւ եօթ օր անց, մինչ տրտմութեամբ հեռանում էին, յանկարծ աղջիկը նայեց սեան կողմը, գոչեց եւ ասաց. «Փա՛ռք Քեզ, Սիմէոնի՛ Աստուած»: Այսուհետեւ բացուեց լեզուն, եւ սկսեց քայլել: Այսպէս եւ շատ այլազգիներ պէս-պէս օգնութիւններ էին ստանում սուրբից եւ թողնելով կուռքերին՝ քրիստոնեայ դառնում: Նրանց մէջ նշանաւոր էր հագարացիների Նաաման զօրավարը, որը, ինչպէս գրում է Եւագրիոսը, հալեցրեց կուռքերի ոսկէձոյլ արձանները եւ բաշխեց աղքատներին:
    Մի անգամ սուրբին ողջոյն տալու էր եկել Կիւրիայի Թէդորետոս եպիսկոպոսը, որը սուրբի կենդանութեան օրօք նրա վարքագիրներից մէկն էր: Այնտեղ կային հագարացիների երեք խմբեր, որոնք սուրբի խօսքով ընդունել էին հաւատքը եւ կամենում էին մկրտուել: Երանելի Սիմէոնը Թէոդորետոսին յանձարարեց քահանայական օրհնութեամբ տալ նրանց փրկչական Կնիքը: Այնժամ իրար կոխոտելով՝ խուռնամբոխ բազմութիւնը կուտակուեց Թէոդորետոսի վրայ, որպէսզի իւրաքանչիւրը մկրտուէր եւ օրհնութիւն ստանար ընկերոջից առաջ: Ոմանք բռնում էին նրա մօրուքից, ուրիշները՝ հանդերձից ու այս ու այն կողմ քաշում: Եւ թերեւս մեծ եռանդով կը յօշոտէին եպիսկոպոսին, եթէ սուրբ Սիմէոնն ի վերուստ գոչելով չսաստէր նրանց: Եւ պատկառելով նրանից՝ հանդարտուեցին ու սովորեցին շարժուել աստուածային կարգ ու կանոնով, որովհետեւ Սիմէոնի խօսքերը որեւէ մէկի առաջ գետնին չէին ընկնում:
    Սուրբ Սիմէոնի մօտ եկան նաեւ իսմայէլացի երկու խմբեր՝ օրհնութիւն ստանալու եւ իրենց ամիրային օրհնութիւն տանելու համար: Եւ քանի որ խմբերից իւրաքանչիւրը մեծարում էր իր իշխանին, մեծ աղմուկ բարձրացրին սուրբի սեան առաջ՝ կամենալով օրհնել տալ նախ իրենց եւ ոչ թէ այլ իշխանի: Եւ արդարեւ, մեծ արիւնահեղութիւն կը լինէր այդտեղ, եթէ նրանց չհանդարտեցնէր սուրբի ազդու սաստն ու խրատը:
    Իսաւրացիների երկրում կար մի աւազակապետ, որը մի պանդոկում պաշարման մէջ էր ընկել հարիւր յիսունվեց զօրականների կողմից: Աշտանակելով 2 իր նժոյգը՝ նա ճեղքեց զինուորների ամբողջ գունդը եւ արծուի պէս խոյանալով՝ ընկաւ սուրբ Սիմէոնի փարախը: Ընկած սեան առաջ՝ աղաղակեց դէպի վեր՝ ասելով. «Փրկի՛ր կորուսեալիս, Աստուծո՛յ ծառայ»: Սիմէոն հարցրեց. «Ո՞վ ես դու եւ ի՞նչ ես խնդրում»: Եւ նա պատասխանեց. «Ես յայտնի աւազակապետ եմ եւ ապաստանել եմ այստեղ, որպէսզի փրկուեմ»: Երանելին նրան ասաց. «Կարո՞ղ ես ճշմարտապէս եւ ցաւով զղջալ մեղքերիդ համար»: Աւազակապետն ասաց. «Ես հէնց դրա համար եմ եկել այստեղ»: Ասում էր եւ արտասուքներ հեղում: Զինուորները հասան նրա յետեւից եւ բողոքելով Սիւնակեացին՝ ասացին. «Հա՛յր սուրբ, արժան չէ, որ դու ընդունես այդ ապիրատին: Թոյլ տուր, որ դա կրի իր չարիքների պատիժը»: Սիմէոնը պատասխանեց. «Ես չէ, որ դրան այստեղ եմ կանչել, այլ Նա, ով ճանաչում է նրա սիրտն ու գործերը, նրան ողորմութիւն է արել: Ես չեմ կարող հալածելով հեռացնել նրան, եւ իմացէ՛ք, որ երկնքի Արքայութիւնն ապաշխարողներինն է: Դուք գիտէք, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հետ խաչուեցին երկու աւազակներ, որոնցից մէկն ապաշխարութեամբ ժառանգեց երկնքի Արքայութիւնը, իսկ միւսը, որ չապաշխարեց, ստացաւ իր արժանին: Արդ, եթէ կը լինի մէկը, որը կը կարողանայ հակառակուել Նրան, Ով սրան ուղարկեց այստեղ, թող գայ եւ ուժով յետ տանի»: Այս ասելով՝ սուրբն արձակեց զինուորներին: Եւ երբ նրանք գնացին, աւազակապետը սուրբին ասաց. «Տէ՛ր իմ, ես պատրաստւում եմ գնալ»: Սուրբը հարցրեց. «Ո՞ւր, մի՞թէ կամենում ես դարձեալ վերադառնալ քո չար գործերին»: Նա պատասխանեց. «Քա՛ւ լիցի, այդ չի՛ լինի, հա՛յր, Տէր Յիսուս Քրիստոս կանչում է ինձ»: Եւ ձեռքերը դէպի երկինք տարածելով՝ աղօթեց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Աստուծո՛յ Որդի, ընդունի՛ր իմ հոգին, ինչպէս որ ընդունեցիր աջակողմեան աւազակին»: Շուրջ երկու ժամ արտասուեց հեծեծալով, մինչեւ որ արտասուել տուեց նաեւ երանելի Սիմէոնին: Ապա սեան վրայ խոնարհեց իր գլուխը եւ հոգին աւանդեց Աստուծոյ հրեշտակների ձեռքը, իսկ նրա մարմինն ամփոփեցին փարախի մուտքի մօտ: Զինուորները դարձեալ եկան՝ բռնութեամբ նրան տանելու եւ սպանելու, սակայն երբ չգտան, կարծեցին, թէ Սիմէոնը նրան թաքցրել է: Նրանք ասացին. «Արժան չէ պաշտպանել այդպիսի մարդու, եւ արժան չէ, որ նա ապրի, որովհետեւ նա իր դէմ է հանել քաղաքներ եւ գիւղեր»: Իսկ սուրբ Սիմէոնն ասաց նրանց. «Եղբայրնե՛ր, Նա, Ով այստեղ բերեց աւազակապետին, առաքեց ձեզնից առաւել զօրաւոր երկու զինուորների՝ նրան Իր մօտ տանելու, որովհետեւ նա պէտք էր իր Տիրոջը՝ որպէս պիտանի անօթ: Ես չէի կարող ընդդիմանալ երկնաւոր Թագաւորի փառաւոր սպասաւորներին»: Այնժամ հասկացան, որ նա փոխուել է աշխարհից եւ գնալով պատմեցին իրենց զօրավարին ու քաղաքապետին: Եւ ովքեր լսեցին, փառաւորեցին Աստծուն, որ այդ աւազակին բաժնեկից դարձրեց երանելի աւազակին:
    Այդ օրերին պակասեց երկրի ջուրը, եւ այդ կողմերի բնակիչները, ծարաւից պապակելով, դիմեցին սուրբ Սիմէոնին: Իսկ նա եօթ օր լռութեամբ աղօթեց, եւ ահա եօթերորդ օրուայ իններորդ ժամին սուրբի փարախի արեւելեան կողմից յորդառատ ջուր բխեց: Փորելով այդ տեղը՝ մարդիկ գտան աղբիւրի ակունք, որին բաժանեցին եօթ վտակների՝ բաւարարելով բոլորի կարիքները:
    Մի անգամ նրա մօտ հաւաքուած մարդկանց բազմութիւնը, որ եկել էր օրհնութիւն ստանալու սուրբից, գտաւ նրան առ Աստուած յափշտակուած: Այնժամ նրա սպասաւորը խունկերի բուրմամբ ելաւ նրա մօտ եւ տեսնելով նրան մտքով յափշտակուած՝ նրա ականջին բարձրաձայն ասաց. «Աստուծո՛յ ծառայ, մարդկանց մեծաթիւ բազմութիւն սպասում է քեզնից օրհնութիւն ստանալ: Արդ, հրամայի՛ր եւ արձակի՛ր նրանց»: Եւ շատ անհանգստացնելուց յետոյ երբ տեսաւ, որ նա չի պատասխանում, սկսեց ողբալ նրա վրայ իբրեւ մեռելի: Ողբում էր նաեւ ժողովուրդը, որովհետեւ ասում էին՝ մեր մեղքերի պատճառով զրկուեցինք Աստուծոյ սուրբից: Քիչ անց սուրբը սթափուեց, ձայն տուեց բազմութեանը եւ ասաց. «Ներէ՛ք ինձ, եղբայրնե՛ր, որովհետեւ այս պահին ծովում մի մեծ նաւ վտանգի մէջ էր, որի մէջ շուրջ երեք հարիւր մարդ կար: Նրանք բոլորն իմ անունով օգնութիւն էին խնդրում: Եւ ես, տեսնելով նրանց ողորմելի վիճակը, աղօթքով դիմեցի Տիրոջը: Մինչ դուք այստեղ անդորրի մէջ էիք, ես հոգով ընթացայ այնտեղ, ձեռք մեկնեցի եւ Տիրոջով ազատեցի նրանց: Տէրը ձեզ եւս հոգու անդորր տայ՝ խաղաղութեամբ երկնային նաւահանգիստ հասնելու համար»: Այնուհետեւ օրհնեց նրանց եւ արձակեց:
    Մի անգամ երանելին երկնից իջած գաւազան տեսաւ եւ ժողովրդին յայտնեց գալիք ցասման մասին, որն իսկ եղաւ, քանզի Ասորիքի կողմից այնքան թրթուրներ եկան, որ վերացրին ամբողջ բուսականութիւնը: Իսկ Սիմէոնն աղօթքներով եւ ապաշխարութիւն քարոզելով՝ պատուհասն արագ հեռացրեց նրանցից: Նա դարձեալ երկու գաւազաններ տեսաւ, որոնցից մէկն ընկաւ արեւելքում, միւսը՝ հիւսիսում կամ արեւմուտքում, որով նա կանխատեսեց պարսիկների եւ սկիւթացիների յարուցած պատերազմը՝ ընդդէմ քրիստոնեաների ու բոլորին յորդորեց ապաշխարել:
    Երանելի Սիմէոնը շատ անգամ օգնութեան հասաւ նաեւ Աստուծոյ եկեղեցիներին: Նախքան սեան վրայ ելնելը, անձամբ խօսելով եպիսկոպոսների հետ, ինչպէս նաեւ այլոց միջնորդութեամբ նա մեղմեց շատ հակառակութիւններ: Թէոդոս Կրտսեր կայսեր խնդրանքով հաշտեցրեց Յովհաննէս Անտիոքացուն, որը գժտուած էր սուրբ Կիւրեղի հետ, եւ այդ նոյն ինքնակալին համոզեց յետ վերցնել իր այն հրամանը, որով նա թոյլ էր տուել, որ հրեաներն Անտիոքում ժողովարան ունենան: Նոյնպէս եւ խռովութեան օրերին, որ եղաւ չորրորդ 3 ժողովից յետոյ, երանելի Սիմէոնը պատասխան թուղթ գրեց Լեւոն կայսրին, ինչպէս նաեւ Անտիոքի Բասիլիոս պատրիարքին՝ հաստատելով, որ ժողովի սահմանումը միաձայն է նախորդ երեքին: Խրատական պատասխան գրեց նաեւ Եւդոկիա թագուհուն, որը յարում էր Եւտիքէսին: «Զգո՛յշ եղիր, - ասում էր, - քո անձի համար, որովհետեւ սատանան, նախանձելով քո առաքինութիւններին, կամենում է ցորենի պէս մաղել քեզ եւ տալ անիրաւ մարդկանց ու Աստուծոյ եկեղեցին պառակտողների ձեռքը»:
    Լեւոն Առաջինի կայսրութեան օրօք մեծ երկրաշարժ եղաւ ու միառժամանակ այն չէր դադարում: Ուստի մարդիկ մեծ խմբերով գալիս էին Սիմէոն Սիւնակեացի մօտ՝ Աստուծոյ բարկութիւնն իրենց վրայ մեղմելու համար, որովհետեւ կործանուել էին բազմաթիւ շինութիւններ, մահացել շատ մարդիկ: Այնպէս ուժգին էր երկրաշարժը, որ սուրբ Սիմէոնը սեան հետ տատանւում էր ինչպէս հողմից քշուող ծառի տերեւը: Արտասուելով մարդկանց բազմութեան հետ՝ սովորեցնում էր նրանց ապաշխարել եւ յանդիմանում էր մարդկանց անզղջութեան համար: «Տեսէ՛ք, - ասում էր, - դուք ձեզ վրայ բերեցիք Դաւթեան այն կշտամբանքները, թէ բոլորը խոտորուեցին, բոլորը միասին անպիտան դարձան, չկայ մէկը, որ բարին գործէր, նոյնիսկ մէկ հոգի: Աստուած ինձ տեսուչ դարձրեց այս բարձր սեան վրայ՝ ձեզ ապաշխարութիւն քարոզելու համար, սակայն դուք չէք լսում իմ խօսքերը, այլ տարուած էք ագահութեամբ ու ապիրատութեամբ: Շատացան ձեր անօրէնութիւններն ու պղծութիւնները: Բարի է ինձ համար այսուհետեւ խօսել միայն Աստուծոյ, քան անհաւատ ազգի հետ: Երբ ձեզ վտանգ է հասնում, փնտռէք Աստուծոյ երեսը, որպէսզի իսպառ չմոռանաք Աստծուն, ձեր աղօթքներն ընդունելի լինեն, եւ եթէ մէկն աղօթի ձեզ համար, լսելի լինի»:
    Այս ասելով՝ Սիմէոնը լռութեամբ աղօթեց: Եւ ահա երկիրը սասանուեց այնքան ուժգին, որ բոլորը բարձրագոչ ասացին. «Օգնի՛ր մեզ, Աստուծո՛յ սուրբդ»: Նա պատուիրեց միաբան ողորմութիւն խնդրել Աստծուց: Եւ քիչ անց դադարեց երկրաշարժը, իսկ սուրբը լուռ աղօթելուց յետոյ դարձաւ դէպի ամբոխն ու ասաց. «Իմացէ՛ք, եղբայրներ, որ ձեր ամբողջ բազմութիւնից միայն մէկի աղօթքը ելաւ Աստուծոյ առաջ»: Ապա ժողովրդի միջից անուանապէս կանչեց այդ մէկին եւ ասաց նրան. «Հաւատա՛ ինձ, եղբա՛յր, Տէրն ինձ ցոյց տուեց, որ միայն քո աղօթքը լսելի եղաւ: Ասա՛ ինձ, ի՞նչ բարի գործ ես անում»: Իսկ այդ մարդը մաքուր սրտով եւ պատկառելի դէմքով պատասխանեց. «Ների՛ր ինձ, հա՛յր, ես մեղաւոր մարդ եմ»: Երբ սուրբը ստիպեց նրան ասել, շարունակեց. «Ես սովորութիւն ունեմ իմ օրական վարձքը, որ առնում եմ հողագործութիւնից, բաժանել երեք մասի. մէկը տալիս եմ աղքատներին, երկրորդն ուղղում եմ արքունի հարկերին, իսկ երրորդը ծախսում իմ տան կարիքների համար: Այս կարգը մինչ օրս անխափան եմ պահում: Ես այլ բան չգիտեմ, որեւէ մէկի մասին չարը չեմ խորհում, այլ միշտ ինձ եմ դատում Աստուծոյ առաջ»: Այս լսելուց յետոյ ամբոխից մէկ-մէկ առաջ էին գալիս՝ ողջագուրելու Աստուծոյ ընտրեալին, որին Աստուած Ինքը յայտնեց: Յոյժ նորոգուեցին նրա խօսքերից եւ գոհացան Աստծուց ու Նրա ծառայ Սիմէոնից՝ այդ ամբողջ կատարուածի համար:
Անտիոքի զօրագլուխ Արդավուր իշխանի մի չար ծառայ, որի անունը Յուլիանոս էր, չարացած էր սուրբի բարի համբաւից: Դեւից մոլեգնած՝ նա իր տիրոջն ասաց. «Թո՛յլ տուր, որ գնամ սեան վրայից իջեցնեմ այն մարդուն եւ սաստիկ գանահարեմ, ինչպէս կամենում եմ: Նա մոլորեցուցիչ խաբեբայ է եւ իր շուրջն ամբոխ է կուտակում»: Ապա տեղադրեց սանդուղքը ու շտապեց ելնել սեան վրայ, բայց մի քանի աստիճան բարձրանալուց յետոյ սանդուղքը սահեց ու ցած ընկաւ, իսկ ինքը մնաց երկրից չորս կանգուն բարձր օդում կախուած: Բոլոր տեսնողներն ահաբեկուեցին: Քիչ անց Յուլիանոսն ընկաւ գետնին եւ աւելի ու աւելի չարացաւ սուրբի դէմ: Այնժամ լարեց իր աղեղը եւ կամեցաւ նետահարել սուրբ Սիմէոնին, սակայն նրա ձեռքերն ու ոտքերն իսկոյն կորացան: Ահ ընկաւ բոլորի վրայ, իսկ այդ մարդն իր ամբողջ կեանքում տառապեց ձեռքերի ու ոտքերի ցաւից:
    Մի եղբայր իր տունն ու գիւղը, որ ունէր Պաղեստինի Նիկոպօլիս քաղաքում, վախճանուելիս աւանդեց հայր Գելասիոյին: Այդ ժամանակ Նիկոպօլսում կար մի մեծ իշխան Վակատոս անունով: Երբ այդ ծերի մշակը, որն ապրում էր գիւղում, իմացաւ, որ ծերը վախճանուել է, Վակատոս իշխանին յայտնեց նրա մահուան, ունեցած տան ու գիւղի մասին, իսկ Վակատիոսը կամեցաւ հայր Գելասիոյից բռնագրաւել այդ տունն ու գիւղը: Հայր Գելասիոն ընդդիմացաւ նրան եւ ասաց. «Կրօնաւորի տունն ու գիւղը ես երբէք չեմ տայ որեւէ աշխարհիկ մարդու»: Մինչ Գելասիոյի կտաւատով բեռնուած ջորիները գալիս էին գիւղից, Վակատոսն առեւանգեց ջորիներին, վերցրեց կտաւատի բեռները, իսկ ջորիներին վերադարձրեց: Հայր Գելասիոն, անտեսելով բեռները, թոյլ չտուեց, որ նա գիւղ մտնի: Վրդովուած Վակատիոսը ճանապարհուեց դէպի Կոստանդնուպօլիս: Ցամաքով անցնելիս հասաւ Անտիոք, որտեղ սուրբ Սիմէոնի մասին լսեց, թէ լերան վրայ կայ մի սքանչելի այր, որը փայլում է արեգակի պէս: Նա բարձրացաւ լեռը՝ տեսնելու եւ նրանից օրհնութիւն ստանալու համար: Երբ տեղ հասաւ, մտաւ վանք, իսկ հայր Սիմէոնը սեան վրայից հարցրեց նրան. «Ո՛վ մարդ, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում»: Վակատոսը պատասխանեց սուրբին եւ ասաց. «Սո՛ւրբ հայր, ես գալիս եմ Պաղեստինից եւ Կոստանդնուպօլիս եմ գնում»: Հայրը նրան հարցրեց. «Ի՞նչ պատճառով, եղբա՛յր»: Վակատոսը պատասխանեց. «Յուսալով ձեր սուրբ աղօթքներին՝ գնում եմ բազում պատճառներով եւ դարձեալ պիտի վերադառնամ՝ երկրպագելու քեզ»: Հայր Սիմէոնն ասաց նրան. «Ո՛վ անյոյս մարդ, ինչո՞ւ ճշմարիտը չես ասում: Դու գնում ես՝ մատնելու Աստուծոյ մարդուն, սակայն դա քեզ չի յաջողուի, եւ այլեւս քո տունը չես տեսնի: Այժմ լսի՛ր ինձ, այստեղից վերադարձիր Աստուծոյ մարդու մօտ եւ ընկնելով նրա առաջ՝ թողութիւն խնդրիր, եթէ մինչ գնալդ կենդանի մնաս»: Եւ նոյն պահին նրան տիրեց մահաբեր ջերմութիւն: Նրա հետ եկողները նրան դրեցին նաւի մէջ եւ ըստ սուրբի խօսքի՝ գնացին՝ գիւղը հայր Գելասիոյին թողնելու եւ նրանից թողութիւն խնդրելու համար: Բայց երբ հասան Բիւրիտ քաղաքը, Վակատոսը մեռաւ եւ չտեսաւ իր տունը, ինչպէս որ ասել էր սուրբը:
   Շատ այլ հրաշագործութիւններից յետոյ մօտեցան սքանչելի Սիմէոնի փոխման օրերը, որն այսպէս է նկարագրում նրա աշակերտ Անտոնը. «Եղբայրնե՛ր, ես՝ նուաստս, - գրում է նա, - նրա փոխուելուց հինգ օր առաջ տեսայ նրան՝ իբրեւ քուն մտած, պայծառ զգեստներով եւ այնպիսի սքանչելի դէմքով, որ անհնար է պատմել: Ես թմրեցի եւ երկիւղից չկարողացայ որեւէ բան ասել: Ապա մեր սուրբ հայրն արթնացաւ: Ես նայեցի ու տեսայ, որ նա ճաշակում է մի բան, որ ես չէի տեսել: Նա նաեւ սաղմոսերգեց, որը չմնաց իմ մտքում, բացի վերջին ձայնից, երբ ասաց՝ ամէն: Ես ապշած էի նրա տեսքից, նրա երեսը փայլում էր արեգակի պէս»:
Ըստ սովորութեան՝ բազմութիւնը հաւաքուել եւ ծնրադրած սպասում էր սուրբի օրհնութեանը, սակայն նա չերեւաց նրանց, ինչպէս երէկ կամ դրա նախորդ օրը: Եւ նրանք ասում էին՝ երանելին յափշտակուած է մտքով:
    «Երկրորդ օրը ես ելայ նրա մօտ, - գրում է աշակերտը, - նայեցի եւ տեսայ նրա արփիափայլ երեսը, ինչպէս այլ ժամանակ՝ ինձ հետ խօսելիս: Բայց երբ նա ինձ չպատասխանեց, նախ կարծեցի, թէ փոխուել է, եւ կամեցայ ստուգել, սակայն Աստուծոյ մարդու երեսից բխող պատկառանքն ու երկիւղն ինձ յետ էին պահում: Ապա համարձակուելով ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ ինձ հետ չես խօսում: Մարդկանց բազմութիւնը քո օրհնութեանն է սպասում: Այս երրորդ օրն է, որ դու նրանց զուրկ թողեցիր քո ողջոյնից: Չե՞ս խօսում ինձ հետ, հա՛յր»: Այնժամ մեկնեցի ձեռքս, շօշափեցի նրա մօրուքն ու զննեցի նրա մարմինը եւ այն անշարժ գտայ: Այնժամ հասկացայ, որ նա փոխուել է առ Աստուած: Ապա ծածկեցի հանդերձներով, համբուրեցի նրա ոտքերը, եւ ահա նրա բովանդակ մարմնից խնկի այնպիսի անուշահոտութիւն բուրեց, որ զմայլեցրեց ինձ: Քիչ անց նրա մարմինը սեան հետ միասին շարժուեց: Եւ լսեցի մի ձայն, որն ասաց ինձ. «Ամէն, ամէն»: Եւ ես, համակուած երկիւղով, միայն ասացի. «Օրհնի՛ր ինձ, հա՛յր, յիշի՛ր ինձ եւ սրբի՛ր ինձ քո սուրբ ննջմամբ»: Եւ երբ իջայ, որեւէ մէկին ոչինչ չասացի, որպէսզի իրարանցում չլինի, այլ հաւատարիմ մարդու միջոցով տեղեկացրի Անտիոքի Մարտիրոս եպիսկոպոսին եւ Արդավուր իշխանին: Եկան Անտիոքի հայրապետը վեց եպիսկոպոսների հետ եւ Արդավուր իշխանը վեց հազար մարդկանցով, որպէսզի երկրի բնակիչները չյափշտակեն նրան, ինչպէս որ մտադիր էին: Արդ, սեան վանդակից կախեցին արծաթէ փեղկեր, երեք եպիսկոպոսներ բարձրացան, հանեցին նրա զգեստները եւ սաղմոս ասելով՝ իջեցրին նրան: Այնժամ ամբողջ ժողովուրդը հասկացաւ, որ նա վախճանուել է: Լսուեց տղամարդկանց ու կանանց ողբաձայնը, թւում էր, թէ ամբողջ լեռը ողբակից էր իրենց: Արդ, նրան իջեցրին ու պատրաստուեցին թաղման յուղարկաւորութեանը: Եւ թէպէտ նրա փոխման չորրորդ օրն էր, սակայն նրա մարմինն այնքան վայելուչ եւ յարդարուած էր, ինչպէս կար ննջման պահին: Երեսը գեղեցիկ ծաղկած վարդի պէս էր, իսկ մազերն ու մօրուքը՝ ճերմակ, ձիւնափայլ մաքրութեամբ: Ապա սաղմոսներով եւ օրհնութեամբ նրա տապանը դրեցին կառքին: Եւ երբ հասան Անտիոքից հինգ մղոն հեռու մի վայր, որ Մեռով էր կոչւում, ջորիները, որ կառքով տանում էին սուրբի տապանը, կանգ առան: Եւ մինչ բոլորը զարմացած մտածում էին, թէ ինչու ջորիներն առաջ չեն գնում, գերեզմաններից վազելով եկաւ մի մարդ, որն այսահարուել էր մի ինչ-որ անարժան գործի համար եւ բարձրաձայն գոչեց. «Ողորմի՛ր ինձ, սո՛ւրբ Սիմէոն»: Եւ երբ մօտեցաւ սուրբի կառքին, բժշկուեց եւ սթափուեց, իսկ ջորիներն առաջ ընթացան: Այս տեսնելով՝ մարդկանց բազմութիւնը, որ քաջ ճանաչում էր դիւահարին եւ գիտէին նրա գործերի մասին, բարձրաձայն օրհնեցին Աստծուն: Բայց առաւել բարձր ձայնով օրհնում էր այդ մարդը՝ ընթանալով կառքի յետեւից եւ ասելով. «Աստուծո՛յ ծառայ, ես այսօր ազատուեցի քո միջոցով, որովհետեւ դու փրկեցիր ինձ»:
    Եւ ամբողջ Անտիոք քաղաքը փառաւորապէս սուրբին ընդառաջ ելաւ. բոլորը սպիտակ հանդերձներ էին հագել, վառել լապտերներ ու մոմեր: Նրանք երգաձայն ասում էին. «Ահա գալիս է մեր հովիւը՝ իր հետ բերելով երկնային Գանձը»: Եւ բերելով՝ նրան փառքով դրեցին եկեղեցում: Երեսուն օր անց արեւելեան կողմերի Արդավուր զօրավարը սուրբի տապանը փոխադրել տուեց Անտիոքի աւագ եկեղեցին: Այնուհետեւ Աստուծոյ յայտնութեամբ Անտիոքում սուրբի անունով շինուեց առանձին տաճար՝ արժանի նրա սուրբ եւ փառաւոր նշխարներին, որտեղ էլ մեծ շուքով ամփոփեցին նրան: Իսկ այն մարդը, որից ելել էր դեւը, ընտրեց մենակեցութեան վարքը, դարձաւ ընտրեալ անօթ եւ պատուեց սուրբին իր կեանքի բոլոր օրերին:
   Սուրբ Սիմէոնն իր մահից յետոյ առաւել շատ սքանչելիքներ գործեց հաւատքով իրեն դիմողների համար, քան իր կենդանութեան օրօք: Սուրբի փարախն ու սիւնը դարձան ուրոյն ուխտատեղի: Այդտեղ մատուռ շինուեց, որտեղ ինչպէս առաջ, նոյնպէս էլ յետոյ կանայք մտնելու իրաւունք չունէին:
    Սուրբը վախճանուեց Մարկիանոսի կայսրութեան չորրորդ տարում՝ Տիրոջ 460 թուականին, եօթանասուն տարեկան հասակում:
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Սիմեօն Սիւնակեացին յիշատակում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մամասի եւ սուրբ Փիլիկտիմոնի հետ:

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 522: