Աստված ասում է Գեդեոնին. խիստ բազում են զինվորներդ, որ քեզ հետ են: Ես քո ձեռքը չեմ հանձնի Մադիամը նրանց միջոցով, թերևս Իսրայելի որդիները պարծենան ինձ և ասեն, թե` հզոր ձեռքը փրկեց ինձ և ոչ Տեր Աստված: Խոսիր քո զինվորներիդ և ասա. Այդպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. եթե ձեզնից մեկը վախկոտ ու ահաբեկված է, թող ետ դառնա: Եվ հավաքվածներից քսաներկու հազարը ետ վերադարձան: Տերը դարձյալ սկսեց խոսել Գեդեոնի հետ և ասաց. Տակավին շատ են զինվորներդ, վերցրու տար նրանց ջրի մոտ և այնտեղ նրանց փորձվելը քեզ ցույց կտամ, և ում ասեմ, որ քեզ հետ գնան` (կգնան), և ում ասեմ, որ չեն գնալու` նրանք կվերադառնան: Ապա Տերը սկսեց խոսել Գեդեոնի հետ և ասաց. Քո այն բոլոր զինվորները, ովքեր մի անգամ իրենց լեզվով շան նման լակելով կլակեն այն ջրից, մի կողմ տար նրանց, և այն ամենքը, ովքեր ծնկի գալով իրենց քիթն ու բերանը կխոթեն ջրի մեջ, նրանց առանձին կանգնեցրու: Եվ պարզեցին, որ շան նման լակող այրերի թիվը երեք հարյուր էր, իսկ մնացյալ բոլորը խմում էին ծնկաչոք` քիթնուբերանը խոթած ջրի մեջ: Աստված Գեդեոնին ասում է. խիստ շատ են զինվորներդ. երբ պատերազմում հաղթես, մոռանալու ես իմ բարերարությունը, ինչպես սովոր էին ձեր առաջին հայրերը: Երկու իմացական տեսակներ ի հայտ եկան այդտեղ նախ` սարսափահար վախկոտները, որովհետև մարմնասեր են. նրանք, որոնց հայացքը միայն երկրին է, երկինքը չեն կարող տեսնել, հավիտենական կյանքը կոծկված է նրանց համար: Իսկ մարդկանցից ինն հազար յոթ հարյուրը, որ քննությամբ փորձվեցին ջրի մեջ. նրանցից շատերը ևս երկրաթավալ են, այս աշխարհի զեխ կյանքը ցանկացող, (ովքեր) թողնելով կանգնած կյանքը սողում են պորտի և որովայնի վրա թեպետ նրանք վախկոտ չանվանվեցին, բայց և պատշաճ չէր նրանց դասել քաջերի կողմը: Նրանք ծնկաչոք, կրծքի վրա ընկած` արջառների նման էին ջուր խմում` ցույց տալով անասնական բարք. նրանց բաժինը միայն երկիրն է: Սրանցից յուրաքանչյուրի տունդարձի ճանապարհը մեկն է. «Նրանց տները, ասում է, նրանց գերեզմաններն են լինելու» (Սղմ. Խ 12): Եվ որովհետև նրանց անունները հնչեցին իրենց հողերի մեջ` դրանք հավիտյան լինելու են նրանց բնակավայրը. (նրանք), ովքեր չիմացան մարդկային պատիվը, անասունների հավասարվեցին և նրանց նմանվեցին (հմմտ. Սղմ. ԽԸ 13): Այս նախատինքը մարգարեից մարդկանց ուղղվեց: Իսկ երեք հարյուրը փոքր ինչ իրենց գլուխը խոնարհելով ցանկալի ջրի վտակների վրա, ձեռքի մատնածայրերով վարից վեր դեմքին հպելով, շան նման լակում են լեզվով ոչ թե ամբողջ ծարավը հագեցնելով, այլ կոկորդի չորությունը փոքրիշատե մեղմելով: Լեզուներով ջուրն են լակում, իսկ մտքով (մեծ) ցանկությամբ աճապարում են թշնամիների արյունը հեղել հողի մեջ: (Սա) սոսկ նշանակ է մարդկանց սակավապետ ստացվածքի. (ովքեր) թողնելով մամոնայի երկրավոր բաները` դևերի գնդին են պատերազմ տալիս և մեղքի խայթոցն են փշրում: Նրանց երկիրը դարձավ քաջերի ժառանգության տարածք, նրանք ոչ միայն մադիանացիներին են հաղթում, այլև` անվանական աստվածներին:
Զինվորներին ընտրելուց առաջ Գեդեոնը Տիրոջից նշան խնդրեց, նա մեկ հատիկ բան խնդրեց, և Աստված երեք տեսակ խորհուրդ հայտնեց նրան. բուրդը, երեք հարյուր այրերը և վառվող ճրագներով սափորներն ու մեծաձայն փողերը: Մի՛ բարկացիր, Տեր, ասում է, եթե ճշմարտապես ինձ հետ լինես, բուրդը կգալարեմ կդնեմ կալի մեջ, անձրև թող գա միայն գեղմի վրա և նրա շուրջ եղած գետինը թող ցամաք մնա: Եվ այնպես եղավ. բրդից քամեց ջուրը և լցրեց տաշտի մեջ: (Բայց) հաջորդ օրն այդպես չեղավ. գետինը թացեց, իսկ բուրդը չոր մնաց: Նույն ցողն էր և նույն բուրդը, բայց հրաշքի տեսքը երկուսի բաժանեց: Բրդի շուրջ եղած ջրի լճակները մադիանացիների արյունն էին, իսկ բրդի չոր մնալը այրերի ողջ դուրս գալն էր պատերազմից: Բայց անձրևի տեղալը գեղմի վրա (ցույց է տալիս) Աստծու Սուրբ Հոգին, որ խոսեց մարգարեներին և նրանցով ոռոգեց ամբողջ երկիրը: Եվ քանի որ (այս) խորհուրդ էր աչքի համար` վաղանցիկ և (սակայն) պահելիք, չի թափում ջուրը, այլ տաշտի մեջ է լցնում ու պահում:
Նրանց Դավիթ թագավորն ու մարգարեն բազում տարիներ հետո գալով ասում է Սուրբ Հոգով. «Իբրև անձրև կտեղա գեղմի վրա» (Սղմ. ՀԱ 6): Եվ ցույց է տալիս, թե ինչ է նրա տերությունը. «Նրա առջև նախ սևերը պետք է ընկնեն» (Սաղ. ՀԱ 9): Այրողը բաժանվելով երկնային հրեղեն բնությունից երկիր ընկավ և սևացավ: Բայց ժողովրդի որդիները, որ փարիսեցիներ կոչվեցին, Սողոմոնի վրա են վերցնում Սաղմոսի ամբողջ խոսքը: Նրա իմաստությունն անձրև անվանեցին և ի՞նչ պիտի անես արդյոք քառասնամյա խաղաղությունը, որովհետև (այն) չի կարող հասնել լուսնի լրումին: Ում առաջ որ ընկավ սևը` նրան է վերաբերելու բովանդակ Սաղմոսը: Բայց փոխանակ բրդի իհարկե սուրբ Կույսի բնության (մասին) պիտի ասենք, և փոխանակ երկնքի ցողի` հրեշտակի բանական ավետիսի, նաև` կրի փոխարեն Հորդանան գետն իմացիր, ուր և Աստծու Գառը մկրտվեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: