Աստծուն, որ չի ուտում զվարակների միսը և չի ըմպում նոխազների արյունը, ինչպե՞ս կարող է մարդու արյունը հաճելի լինել, ինչը և մարդու բնությունը հանձն չի առնում առանց Գրոց հրամանի, և թող մտքում իսկ այդպիսի խորհուրդ չլինի:
Ահա, ասում են, Աբրահամը (Աստված) Իսահակին ցանկացավ, (բայց) ընթերցվածը քեզ այդ իմաստը չի տալիս. ոչ թե ասում է ցանկացավ, այլ փորձեց նրա գեղեցիկ կամքը` հայտնի դարձնելով բոլոր մարդկանց, և ոչ թե մարդուն (իբրև) պատարագ ընդունեց: Բայց ասում են, ինչպե՞ս պատարագվեց Հեփթաեի դուստրը. իզուր չէ, որ հեթանոսներն արգելեցին պոռնկորդիներին ընծայել քրմության, որովհետև հոր կողմից անապական ծնունդ չէ, և ինչպես բազում խառնուրդ ունի մարմնի մեջ, նույնքան շատ այլանդակություն` բարքի մեջ: Հեփթաեն պոռնկորդի էր` տարագրված ու հալածական հոր կողմից, հարազատ եղբայրներից: Նա ամբողջ Իսրայելը տարավ օտար աստվածների հետևից, և Ամոնի որդիները, անտեր գտնելով աշխարհը, հին պատճառներն էին մեջտեղ բերում. եգիպտացիների երկրից դուրս գալով` կռվով հարձակվեցինք մեր աշխարհի վրա և գրավեցինք: Արդ, եկել ենք դրա վրեժն առնելու: Արդ, այդ վտանգի մեջ Իսրայելի ծերակույտը դաշինքով գնում բերում է Հեփթաեին և իշխան կարգում նրա վրա: Իսկ նա, տեսնելով Ամոնի զորքերի բազմությունը, իր մտքում զարհուրեց և ասաց. Իսրայելի Տեր Աստված, եթե նրանց իմ ձեռքը մատնես և (իբրև) հաղթող մեծ պատերազմից ողջանդամ վերադառնամ` ով իմ տնից ընդառաջ դուրս գա ինձ, Քեզ պատարագ կմատուցեմ: Եվ գործը հաջողվեց խոսքի (միջոցով): Ինձ թվում է, որ այս զոհն ընդունելի չէ. (բայց) ահա ասում ենք. թե ինչպես Աստված նրան հաղթություն շնորհեց, և Իսրայելը փրկվեց Ամոնի ձեռքի հարվածներից:
Մի զարմացիր Աստծո այդ հրաշագործության վրա. Սամսոնը էշի ծնոտով հազար մարդ սպանեց. մի՞թե ծնոտին պետք է վերագրենք հաղթությունը և կամ մաճի փայտով յոթ հարյուրին սատկեցրեց. ո՛չ այն ծնոտին և ո՛չ այն փայտին (պետք է վերագրենք) և ինչպես այդ երկուսին` այդպես էլ Հեփթաեի դստերը:
Դարձյալ պատմության մեջ խառնիխուռն է (այս զրույցը): Ասում է` ով էլ որ դուրս գա նրա դուստրերից: Եվ դրանից հետո ասում է, թե միածին էր: Ինձ թվում է, որ այս պատմությունը հաստատուն կարգ չունի. ոչ թե` իմ դուստրերից ով առաջինը գա ինձ ընդառաջ, այլ` ինչ էլ որ դուրս գա իմ տնից: Մեծ ու փոքր տան մեջ կան սուրբ և անսուրբ կենդանիներ. թե՛ ուղտեր, թե՛ էշեր, կամ եթե միայն շուն ընդառաջ դուրս գար մի՞թե զոհաբերվելիք էին. ո՛չ նրանք և ո՛չ էլ այս. այլ սխալ խոսքեր արտաբերվեցին տագնապի ժամին: Համարեց, թե դստերն է ուխտում. (բայց) երբ նա ընդառաջ դուրս եկավ ինչու՞ վայեց, ինչու՞ պատռեց պատմուճանը` ինչու՞ ասաց` սա խոչընդոտ է և թյուրատեսություն: Եթե հաղթանակը ուխտով եղավ` հարկ է գոհանալ և ոչ զղջալ: Սրա վրա ողբալով ասաց. «Վա՜յ ինձ, դուստր իմ, ընկճելով ընկճեցիր ինձ, որովհետև ես իմ բերանը բացեցի` ուխտելով զոհել քեզ: Եվ արդ, չեմ կարող դրժել (ուխտս)»: Ինչպես մեզ հայտնի է, Աբրահամն այս բանը չասաց: Աղջիկը բացեց իր բերանը և ասաց. «Ինձ լսիր, հայր իմ, եթե Աստված ինձնով է հաղթություն շնորհել Իսրայելին և փրկել ամոնացիների ձեռքից` ինչ խոսք որ դուրս է եկել քո բերանից, համարձակ կատարիր»:
Բայց մեզ հարկ է իմանալ, թե ինչ ասաց աղջիկը. «Մի բան եմ խնդրում քեզնից, հայր իմ, մի՛ արգելիր ինձ, թող գնամ երկու ամիս լամ իմ կուսության վրա, (բայց) ոչ թե գյուղերում, քաղաքներում, այլ` լեռներում» (Դատ. ԺԱ 35): Եվ հայրն իսկույն համաձայնում ու ասում է. «Գնա, դուստր իմ»: Աղջկա այդպիսի խնդրանքը թող քեզ դատարկաբանություն չթվա. սա ավելի լավ է, քան զոհաբերվելու հանձնառությունը: Խնդրեց լեռներում կոծել և ոչ քաղաքներում, որպեսզի անօրեն մարդկանց կողմից աղջիկը չհափշտակվի և առաքինի քաջության հետ արատ չխառնվի: Իսկ երկու ամիս ցանկանալը նրա մեծ իմաստության նշանակն է: Երբ հիվանդը երկար ժամանակ է տառապում, հարազատների գութը (նրա հանդեպ) նվազում է, և նրանք (սկսում են) փութով մտահոգվել վշտացյալ (հիվանդին) աշխարհից ճանապարհելու մասին:
Եկավ հասավ զոհաբերվելու ժամանակը: Այնտեղ հավաքվեց բովանդակ Իսրայելը Դանից մինչև Բերսաեբեե` տեսնելու սրով մարդասպան դարձած հորը: Երկու ամիս լաց եղան լեռան վրա, նրա գույժի ձայնը հնչեց ամբողջ երկրով մեկ և հավաքեց ու բերեց մարդկանց բազմություն, որովհետև բոլորը կարծեցին, թե նոր օրենք է դրվում ոչ թե մարդկանց կողմից, այլ` Աստծու: Վերջին ողբն ավելի սաստկացավ, քան առաջին երկու ամիսներինը, իրենց խորհուրդների մեջ այս ու այն կողմ էին հածում` հիշելով Աբրահամին և նրա փորձության ժամանակը: Տղամարդկանց և կանանց ամբողջ բազմությունն այս խորհուրդն իրենց մտքում ունենալով` կարծում էին, թե Աստված հասնելով` այցելություն կանի նրանց:
Եվ, իբրև մտքի (թյուր) կարծիք զոհաբերվելու դեմ նեղվելով տագնապում էին, և վերից վար ձայնի հայտնություն չեղավ, ու Հեփթաեն փութաց և իսկույն հանեց սուրը, կուրությունը կապեց նրա մտքի աչքը, խանդաղատանքի խղճից գալարվեց աղիքը, ու թեպետ սիրտը բերանն էր հասել` սրով հարվածեց դստեր կոկորդին և կտրեց: Արյան հեղումի ձայնից, կոկորդի խռնչյունից և ամբողջ մարմնի ցնցումից մարդկանց բովանդակ բազմությունը միաձայն ճչաց` կարծես երկինքն ու երկիրը լաց եղան միամոր (դստեր) մահը, որ անընդունելի ողջակեզ էր այն անօրեն սեղանի համար:
Եվ ոչ մեկը թող տգիտությամբ չկարծի, թե Աստծո հրամանով է այս պատարագը: Իսկ եթե Պողոսի թղթով ես հանդիմանում ինձ Հեփթաեին հիշելու համար` այստեղ չէր լինի Մովսեսի մարգարեությունն ըստ կարգի. ինչպես նա աշխարհի գոյավորումն է Աստծուց (սկսում), այնպես էլ սա` հավատից: Համաձայն այս օրինակի և Ղուկաս ավետարանագիրը Տիրոջ մարմնավորությունը սկսում է Հովսեփից, գնում հասնում մինչև Ադամ և Աստված` չարն ու բարին ներփակելով` կարգով ասում է նահապետների անունները, որպեսզի աստվածածանոթ լինելն իմանաս, ոչ թե մարդկանց ընտրությամբ (լինելը): Նույն այդ մտքով է առաջնորդվում նաև Պողոսը` սկիզբը դնելով վերից ու իջնելով վար` Աստծուց (գալով) արարածներ. Աբելից անցնում Ենովք, Նոյ, Աբրահամ, Իսահակ, Հակոբ և նրանց բովանդակ ծննդաբանությանը: Այդ նույն շարքի մեջ հիշում է նաև Գեդեոնին, (Հ)եփթաեին, Սամսոնին` ցույց տալով Աստծու այցելությունը նրանց ոչ թե, Պողոսի հայացքով, մարդկանց լավություն անելու, այլ Աստծու մարդասիրությունը (ցույց տալու համար), որ չարությունից դեպ բարություն տարավ (նրանց). Հեփթաեին` ավազակությունից, Սամսոնին` ամլությունից: Բայց քանի որ նրանց պատերազմների հաղթանակը Աստծով էր, Պողոսը բավական համարեց հավատացյալների կարգն անցկացնել նրանց, հավասարապես` նաև հեթանոսների բազմությանը` հորդորելու (համար և` ցույց տալով), թե Աստված նրանց հետ էր նմանապես (տե՛ս Եբր. ԺԱ 32):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: