Ո՞վ հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը (53։1)
Այս խոսքը չորս իմաստ ունի. նախ՝ այն Աստծո մեղադրանքն է՝ ուղղված Իսրայելին, որովհետև Իսրայելը չհավատաց մեծասքանչ զորությանն ու մարգարեների խոսքերին և նրանց պատմություններին:
Երկրորդ՝ ոչ թե մեր խոսքն ասացինք, այլ Քեզնից ստացած լուրը լսեցինք, ինչպես Ամբակումն է ասում. «Տե՛ր, Քո լուրը լսեցի» (Ամբ. 3։2): Դավիթն էլ ասում է. «Ահա լսեցինք Նրա մասին» (Սաղմ. 131։6)՝ ոչ թե այս ականջով, այլ՝ մարգարեական, ինչպես ասում է մարգարեն. «Սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ» (Ես․ 50։4):
Երրորդ՝ ինչ լսեցինք, դա քարոզեցինք ուրիշներին:
Չորրորդ՝ ցույց է տալիս, որ ոչ թե քննություն, այլ հավատք է պետք աստվածային հարցերում:
Եվ ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը. Հոր բազուկը, աջը և զորությունը Միածին Որդին է, Որով արարեց ամենայն ինչ և դարձյալ Նրանով նորոգեց: Եվ այդ երկրորդ արարչությունն ավելի հրաշափառագույն է, քան առաջինը 1՝ հետևյալ երկու պատճառներով. նախ՝ որովհետև այն առաջինը կամքով ու միայն խոսքով եղավ, իսկ այս մեկը՝ մարդեղությամբ ու չարչարանքով: Երկրորդ՝ Աստծուն հատուկ է արարած ստեղծելը, սակայն Նրան խորթ էր արարած լինելը, ինչն էլ առավել զարմանալի է:
Ո՞ւմ հայտնի դարձավ. նախ՝ մինչ մարդ լինելն Աստված որևէ մարդու չհայտնվեց: Երկրորդ՝ մարդիկ անգամ հայտնությամբ չճանաչեցին Նրան. քանզի այլ է հայտնությամբ ճանաչելը, և այլ՝ ճանաչելը հրաշքների միջոցով: Ուստի հայտնի է, որ բոլորը տեսնում էին հրաշքները, սակայն Հիսուս միայն աշակերտներին էր ասում. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում են» (Մատթ. 13։16): Իսկ հայտնության վերաբերյալ ասում է. «Երանի քեզ, Սիմո՛ն, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեց քեզ, այլ՝ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. 16։17): Եվ սրանով փարատվում է տարակույսը:
Հարց. Երբ Նաթանայելը (Հովհ. 1։45-51) և Ղազարոսի քույրը նմանապես Նրան Աստծո Որդի դավանեցին, ինչո՞ւ Պետրոսի նման նրանց ևս երանի չտվեց:
Պատասխան. Որովհետև նրանք հրաշքներից հետո ասացին, իսկ Պետրոսն ըստ հայտնության, որի պատճառով էլ երանի տրվեց առաքյալին: Եվ ինչպես Պողոսն է ասում. «Մեզ ամեն ինչ հայտնեց Իր Հոգով» (Ա Կորնթ. 2։10), ուստի հարկ է երկյուղ ունենալ, որովհետև «Տերը զորություն է տալիս երկյուղածներին» (Սաղմ. 24։14):
Նրա առջև պատմվեցինք իբրև մանուկ (53։2)
Որպեսզի չասեն, թե չպատմվեց մեզ, որի պատճառով չհավատացինք, ուստի մարգարեն ասում է՝ ձեզ պատմեցինք, և պատմվեց ո՛չ թե հետո, այլ՝ մարդեղությունից էլ առաջ: Եվ օրինակն է առաջադրում՝ իբրև մանուկ: Այն նույն մարգարեն, որ ասում էր՝ Խելահաս է լինելու իմ մանուկը (52։13) և թե՝ Մատաղատի մանուկն իր ձեռքը մտցնելու է իժերի բույնը (11։8), և այլն, այժմ էլ ասում է՝ իբրև մանուկ, և ոչ թե՝ տղա, որովհետև Քրիստոս ոչ թե սոսկ մարդ էր և ոչ էլ սոսկ Աստված, այլ՝մարդացած Աստված էր Նա:
Իբրև արմատ՝ ելած անջրդի հողից (53։2ա)
Անջրդի հող ասելով՝ նկատի ունի կույս Մարիամին, որին մեկ ուրիշ տեղում էլ թեթև ամպ (19։1) է կոչում: Նա անջրդի հող էր, որովհետև անհաղորդ էր աշխարհի մեղկ խոնավությանը ու սերմ աճեցնող անձրևներին: Այլ իր կուսությամբ Մարիամը մայր եղավ կյանքի արմատի համար, համաձայն այն խոսքի, թե՝ Կույսը պիտի հղանա և որդի ծնի (7։14): Մանուկ ասելով՝ մարգարեն ցույց է տալիս մեզ հավասար լինելը, իսկ արմատ ասելով՝ կույսի ազնվականությունն է մատնանշում: Դարձյալ, իբրև-ը արմատին նման և միաժամանակ ոչ նման լինելն է նշանակում: Արմատին նման չլինելը խոստովանվում է շատերի կողմից, ու այդ հարցում տարակույս չկա: Իսկ այժմ քննե՛նք, թե ո՞րն է սուրբ Կույսի և արմատի նմանությունը. նախ՝ արմատ ասելով ակնարկում է Որդուն առանց սերմի ծնունդ տալը և այն, որ Քրիստոս արմատի նման երևացել է հողից՝ կուսական արգանդից:
Երկրորդ՝ նախ որովհետև արմատը բնույթով նույնն է ամեն բույսի համար էլ, քանի որ բոլոր պարագաներում նույն դերակատարությունն ունի, սակայն և յուրաքանչյուր բույսի արմատն իր ներգործությամբ տարբեր է մյուսից: Այս նույն կերպ և մեր Տերն է նույնը՝ ըստ մարդկային բնության, սակայն մարդուն նման չէ Իր աստվածահրաշ ներգործությամբ և էությամբ:
Երրորդ՝ ինչպես արմատն է նախ խոնարհվում հողին, և ապա միայն բարձրանում, այդպես և մեր Տերը նախ խոնարհվեց երկնքից, և ապա մարմնով երևաց երկրի վրա, իսկ հետո էլ համբարձվեց Հոր մոտ:
Չորրորդ՝ ինչպես հողում տնկված մեկ արմատից է բարձրանում բույսն ու տերևը, ծաղիկն ու պտուղը, նույնպես և մեր Տերը միայնակ իջավ երկիր ու դժոխքի, սակայն բազմությամբ բարձրացավ Հոր մոտ, ինչպես ասում է. «Ես եմ ցորենի հատիկը» (հմմտ. Հովհ. 12։24):
Հինգերորդ՝ նախ արմատն է, և հետո՝ բույսը. նույնպես և նախ մեր Տերն է՝ իբրև արմատ ու մեր սկիզբ, համաձայն արարչության և նորոգության, իսկ ապա միայն մենք ենք, որ Նրա ճյուղն ենք դառնում իբրև բույս, համաձայն այն խոսքի, թե. «Ես եմ որթը, և դուք՝ ճյուղը» (Հովհ. 15։5):
Վեցերորդ՝ ինչպես արմատը, վերցնելով հյութը, իր միջոցով այն տալիս է բույսին, այդպես էլ մեր Տերը Հոգու շնորհների բոլոր պարգևներն Իրենով սփռում է Իր Եկեղեցու անդամների վրա՝ լինելով մեր Գլուխը:
Յոթներորդ՝ արմատը, անտեսանելի լինելով, ազդում է բույսի վրա, որ դրսևորվում է ամեն բույսին հատուկ տերևների ձևի, պտուղների և այլ բաների մեջ: Այդ նույն կերպ էլ մեր Տերը, մարդկային զգայարաների համար անտեսանելի լինելով, կատարում է Եկեղեցու բոլոր խորհուրդները և յուրաքանչյուրին առաջնորդում է առաքինի գործերի, ըստ այն խոսքի, թե՝ «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»:
Ութերորդ՝ որովհետև ինչպես արմատի վրա հաստատված բույսերն է, որ կենդանի են, իսկ նրանից հատվելու դեպքում չորանում են, նույնպես և մենք հաստատուն ենք հավատքով ու գործով և հոգևոր կենդանություն ունենք, բայց երբ մեկն անհավատությամբ ու չար գործերով «հատվում» է, հեռանում է Տիրոջ շնորհներից, ըստ այն խոսքի, թե՝ «Ով հաստատված չէ Ինձ վրա, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա» (Հովհ. 15։6):
Իններորդ՝ թեկուզև ճյուղերը ջարդվեն կամ քամիներից տարուբերվեն, բայց արմատը հաստատուն մնա, ճյուղը չի հատվի: Եվ Պողոսը մեր Տիրոջ համար ասում է. «Եթե Նրան ուրանանք՝ Նա չի ուրանա մեզ, ու թե չհավատանք՝ Նա հավատարիմ կմնա մեզ» (հմմտ. Բ Տիմ. 2։12), քանի որ Նա չի կարող Իր անձն ուրանալ:
Տասներորդ՝ որովհետև ինչպես ձմռանը չորացած բույսերը գարնանը դարձյալ արմատից կենդանանում են, նույնպես և մեռյալներն են կենդանանում 2: Քրիստոսի միջոցով, ըստ այն խոսքի, որն ասում է. «Կլսեն Աստծո Որդու ձայնը ու դուրս կգան» (Հովհ. 5։25):
Ոչ տեսք ուներ Նա և ոչ վեհություն (53։2)
Ոչ տեսք ուներ՝ հրեշտակի նման, և ոչ էլ՝ վեհություն, ինչպես Մովսեսը: Դարձյալ, ոչ այն բանի համար է ասում, թե դեմքով տգեղ էր, որովհետև «տեսքով գեղեցիկ էր մարդկանց բոլոր որդիներից առավել»: Այլ տարբեր էր աշխարհի բռնակալների ու իշխանների տեսքից և խոնարհ ու աղքատ կերպարանք ուներ:
Մենք Նրան նայեցինք, բայց Նա տեսք չուներ (53։2)
Նրան տեսան մարգարեները՝ մարգարեական աչքերով, ինչը մեզ համար անիմանալի էր, ուստի մենք նայեցինք և չտեսանք: Այսինքն՝ չտեսան անճառելին և անհասանելին, ըստ այն խոսքի, թե. «Ոչ ոք չի տեսնի Իմ երեսը և չի փրկվի» (Ելք 33։20): Այլ Նրա կերպարանքը տեսան օդի, լույսի, կամ կրակի և այլ բաների միջոցով: Դարձյալ, տեսան աղոտ ու մասնակի կերպով, այլ ոչ թե ամբողջականորեն, այնպես, ինչպես երդիկից երկնքի միայն մի մասն ենք տեսնում, և ոչ թե՝ ամբողջ երկինքը, նաև, տեսնում ենք ծովի մի մասը, ու ոչ թե ողջ ծովը:
Այլ Նրա տեսքը ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը (53։3)
Այս մարգարեության իրականացումը տեսնում ենք նախ՝ մարմնավորման ժամանակ, և ապա՝ Խաչի իրադարձության ժամանակ: Որովհետև Նա մարդ դարձավ՝ աղքատ մորից ծնվելով, այլև ծնվեց քարայրի մեջ, դրվեց մսուրում ու Եգիպտոս փախավ: Այս բոլորը անարգության նշաններ են: Էլ չեմ ասում, որ մասնակցեց մարդահամարին ու Սիմոն Պետրոսի հետ հարկ վճարեց կայսրին: Նաև, Աստված անարգանք կրեց Խաչելության իրադարձության ժամանակ. նախ՝ որովհետև ծաղրի ենթարկվեց, մտրակվեց, անարգվեց, և ապա՝ խաչով մեռավ, որ անիծված ու անարգական մահ էր, և ապա ավազակների մեջտեղում՝ անօրենների հետ դատապարտվեց (53։ 12):
Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե (53։3)
Չասաց, թե համբերում է, այլ թե՝ ցավերին համբերել գիտե. նախ՝ քանի որ համբերությունը հարկադրանքից է, իսկ նա ասում է՝ համբերել գիտե, կամենում է հաղորդել, որ Հիսուս հոժարությամբ է համբերում, և ոչ թե հարկադրաբար: Երկրորդ՝ Նա գիտե համբերելու շահը, որովհետև ոչ սոսկ մարդ է և ոչ սոսկ Աստված, այլ՝ մարդացած Աստված: Այդ պատճառով էլ, քանի որ մարդ է՝ համբերում է, ու քանի որ Աստված է՝ գիտակցում է դրա օգուտը: Ուստի և Նա համբերում է հրեաների և աշակերտների նախատինքներին ու նենգությանը: Երրորդ՝ ցավերին համբերել գիտե, այսինքն՝ ինքնըստինքյան գիտե բոլոր ցավ ունեցողներին օգնական լինել, ինչպես ասում է նամակագիրը. «Ով փորձ ունի՝ կարող է և փորձության ենթարկվածներին օգնական լինել» (Եբր. 2։18): Չորրորդ՝ գիտե, որ առանց դրա անհնար է մարդկանց բժշկությունը: Այս պատճառով էլ համբերում է ցավերին, ինչպես մեկը, ով մարմնի անդամների վարակված մասը հատել է տալիս ու համբերում է ցավերին, որպեսզի ողջ մարմինն ապրի: Այդպես էլ մեր պարագայում եղավ. մենք մեղքերով վարակվեցինք, իսկ Քրիստոս հանուն մեր կյանքի Իր անմեղ, անմահ և անախտ մարմինը մահվան ենթարկեց, մեր մեղքերի համար վիրավորվեց ու մեզ բժշկեց մեր մեղքերից:
Իր երեսը շրջելով արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց (53։3ա)
Իսկապես այդպես էր, քանի որ ոմանք ասում էին՝ «Մենք երես դարձրինք Նրանից, Ով բոլորի երեսն Իր կողմն էր դարձրել», այսինքն՝ ամենքը երկրպագության համար իրենց հայացքն ուղղել էին Նրան, «և բանի տեղ չդրեցինք Նրան, որովհետև Սիմոն Պետրոսի հետ հարկ պահանջեցինք նաև Նրանից»: Իսկ համաձայն Յոթանասնից թարգմանության այսպես է լինում. «Շրջելով Իր երեսը՝ արհամարհվեց», ինչպես մեկը, ով շրջում է իր երեսը, և թիկունքից ոչ ոք չի ճանաչում նրան, թեկուզ ծանոթներից էլ լինի, քանզի ծանոթությունը դեմքից է ճանաչվում: Այդպես է ասվում, քանի որ մեր Տերն Իր Աստվածությունը ծածկեց մարդկանցից, որովհետև «եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ. 2։8): Եվ քանի որ շրջեց Իր երեսը ու ծածկեց Իր Աստվածությունը, այդ պատճառով էլ անարգվեց, ատվեց, բոլորի աչքից ընկավ ու բանի տեղ չդրվեց:
Նա մեր մեղքերն է վերցնում ու մեզ համար չարչարվում (53։4)
Աստված մարգարեի միջոցով օրինադրեց, թե՝ «Ով ինչ մեղք գործեց՝ դրանով էլ մեռնելու է» (հմմտ. Ղևտ. 5։17): Եվ թեպետ մեր Տերը մեղք չուներ, սակայն կամեցավ չարչարվել մեր մեղքերի պատճառով, որպեսզի արդարացներ մեզ:
Եվ մենք Նրա ցավերը և չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան (53։4ա)
Ոմանք կարծեցին, թե Նրա չարչարանքները Աստծո պատիժն են ինչ-որ հանցանքների համար: Բայց Նա մե՛ր մեղքերի պատճառով վերքեր ստացավ ու պատժվեց: Իսկ ուղղամիտ տեսակետն այն է, որ Նրա չարչարանքներն Աստծուց էին, համաձայն այն խոսքի, թե՝ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16), այսինքն՝ չարչարանքի ու մահվան մատնեց:
Մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց (53։5).
Այսինքն՝ Նա վերացրեց պատերազմը և խաղաղություն հաստատեց հրեաների ու հեթանոսների, հրեշտակների ու մարդկանց համար: Դարձյալ, Նա պատիժ կրեց մեր խաղաղության համար, այսինքն՝ Նրա չարչարանքը մեզ խրատ եղավ, որովհետև այդ խրատը՝ պատիժը, մենք պիտի կրեինք, սակայն Նա Ինքը հանձն առավ դա: Ճիշտ այնպես, ինչպես երբ մի դատավոր կամենում է պատժել մահապարտին, բայց վերջինիս սիրելի եղբայրը հանուն եղբոր իրեն հանձնում է մահվան ու փրկում նրան, այնժամ դատավորը հաշտվում է այդ իրողության հետ, այդպես էլ մեր Տերը հանուն մեզ մեռավ և Աստծուն հաշտեցրեց մեզ հետ:
Նրա վերքերով բժշկվեցինք (53։5ա)
Այսինքն՝ [ստացանք] հոգո՛ւ բժշկություն, քանի որ մեր ներքին զգայարաններն էին խոցված, որովհետև մարմնական բոլոր դյուրությունները խոցում են հոգին, ինչը երևում է նախաստեղծների [օրինակով]. որովհետև ականջներո՛վ տեղի տվեցին խաբողին, աչքո՛վ տեսան պտղի գեղեցկությունը, ոտքերո՛վ մոտեցան, ձեռքո՛վ քաղեցին, բերանո՛վ ճաշակեցին և հոգո՛վ մահացու խոցվեցին: Իսկ մեր Տերը այս զգայություններից յուրաքանչյուրի դեմ վերք ու վիշտ կրեց և բժշկեց դրանք. ականջներով հայհոյանքներ լսեց, աչքերը փակեց Խաչի վրա, ձեռքերով ու ոտքերով գամվեց խաչին ու լեղի ճաշակեց, և այլն:
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են (53։6.)
Նախ ցույց է տալիս, որ ոչ թե միայն ոմանք, այլ «բոլորը խոտորվեցին միասին» (Սաղմ. 52։4), ինչպես Դավիթն է ասում, ուստի և մեր Տիրոջ փրկությունը բոլորի համար եղավ: Իսկ ոչխար է ասում, որովհետև դա նախատինքի նշան է. նախ՝ անբանական հիմարության պատճառով, ինչպես ասում է. «Հավասարվեցին անբան անասուններին» (Սաղմ. 48։13, 21), երկրորդ՝ խիստ մոլորվելու պատճառով: Իսկ ոչխարը երեք պատճառով է մոլորվում. կա՛մ հովվից հեռանալու, կա՛մ օտար հոտի հետ խառնվելու, կա՛մ գայլերի կողմից ցրվելու պատճառով: Այդ նույն կերպ էլ մարդկային ցեղը հեռացավ Արարչից ու պաշտեց կուռքերին: Այս պատճառով ասում է. «Ովքեր հեռացան Քեզանից՝ կորան, ու գնալով մարմինների հեշտության ետևից՝ մոլորվեցին, և իմանալի գազանից պատառոտվեցին ու ցրվեցին»:
Մարդն իր ճանապարհին մոլորվեց (53։6ա)
Նկատի ունի մարդու մոլորվելը Քրիստոսի գալուստից առաջ, քանի որ թեպետ մարդ ծնունդից մինչև գերեզման մեկ ճանապարհ ունի, սակայն մարդկանց կածանները շատ են, քանզի այլ է հասարակ ադամորդիների կածանը, այլ է թագավորներինը, այլ է ռամիկներինը, քահանաներինը, արվեստագետներինը և մյուսներինը: Չէ՞ որ Նոյի ժամանակ էլ ասաց, թե՝ «Ամեն մարդ ապականվեց իր ճանապարհների մեջ» (Ծննդ. 6։17):
Բայց Տերը մատնեց Նրան մեր մեղքերի համար (53։6բ)
Սա այն մասին է ասում, որ հանուն մեզ Հայրը կամեցավ Իր Միածնի չարչարանքները, ինչպես ասվում էլ է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, մինչև Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16): Եվ որպեսզի այն կարծիքը չստեղծվի, թե Որդին հարկադրաբար դա արեց, տե՛ս, որ նախ Նա Ինքն է ասում. «Կարո՞ղ եք խմել այն բաժակը...» (Մատթ.Ի22), և թե՝ «Ես Իմ կյանքն եմ տալիս» (Հովհ. 10։17):
Եվ Նա վշտից Իր բերանն անգամ չի բացում (53։7)
Այդպես նաև Դավիթն է ասում. «Ես մի մարդու պես եղա, որ չի լսում» (Սաղմ. 37։15), և այլն: Ու եթե մեկն ասի, թե ինչո՞ւ պատասխան չէր տալիս Իրեն [ուղղված] հարցումներին՝ վարդապետներն ասում են, թե դա հինգ պատճառ ուներ. նախ՝ որովհետև ամենքն էլ տեսան Հիսուսի բոլոր հրաշագործությունները, բայց չհավատացին դրանց, ուստի նաև խոսքերին չէին հավատա:
Երկրորդ՝ որովհետև ոչ թե իրապես իմանալու նպատակով էին հարցնում, այլ իրենց իշխանության գործադրմամբ, և կամենում էին սպանել Նրան:
Երրորդ՝ որովհետև նրանց հետ հեզ բարբառով քիչ բան խոսեց, բայց չլսեցին, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ [ասաց]. «Ինչո՞ւ ես հարվածում Ինձ» (Հովհ. 18։23), և թե՝ «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր», և թե՝ «Բոլորին պատասխանում էր, բայց չէին լսում Նրան»: Նույնիսկ Պիղատոսի կնոջ երազը նրանց չհամոզեց 3 , ո՛չ էլ մատնիչի խեղդվելը (Մատթ. 27։5), և ո՛չ սուտ վկաների ամաչելը:
Չորրորդ՝ որովհետև եթե վերին իմաստությունը խոսեր, ստորին կջախջախեր հիմարությունը, բայց և այդպիսով կխափանվեր Նրա մահվան տնօրինությունն ու աշխարհի փրկությունը: Հինգերորդ՝ մեզ օրինակ լինելու համար, որպեսզի նմանատիպ մահվան ժամանակ չշատախոսենք, իսկ եթե խոսենք էլ՝ ապա խոսենք մեղմությամբ ու հեզությամբ, ինչպես մեր Տերը: Չէ՞ որ եթե մենք լռենք էլ՝ մեծ բան չէ դա, քանզի դա վախից է, մինչդեռ Նրա լռությունն ամենազորի լռություն էր, որովհետև այն խոսքի վրա, թե՝ «Ո՞ւմ եք փնտրում», նրանք «ետ-ետ գնացին ու գետին ընկան» (Հովհ. 18։4, 6): Եվ տե՛ս, ոչ միայն հակառակ որևէ խոսք չասաց նրանց, այլև աղոթք էր անում նրանց համար, ինչը Փրկչի կամավոր մահն էր ցույց տալիս:
Իբրև ոչխար Նա մորթվելու տարվեց (53։7)
Այսպես է կոչվում նախ՝ լռության պատճառով, որովհետև ամեն կենդանի մորթվելիս ուժեղ կամ թույլ ձայն է արձակում, իսկ հոտի ոչխարը՝ ոչ: Նույնպես և մեր Տերը դատապարտվելիս ոչ մի պատասխան չէր տալիս վերևում նշված պատճառներով:
Երկրորդ՝ այսպես է կոչվում զոհաբերվելու պատճառով, ինչպես հայտնի է Օրենքից։ Չէ՞ որ ոչխարի զոհաբերությունը կատարվում էր մարդկանց մեղքերի քավության համար, իսկ մեր Տերը Խաչի զոհաբերությամբ վերացրեց աշխարհի մեղքերը, ինչպես Հովհաննեսն էլ վկայեց. «Սա է Աստծո Գառը, որ վերացրեց աշխարհի մեղքերը» (Հովհ. 1։29):
Երրորդ՝ որովհետև Աստված ծածկեց մեր մերկությունը Նրա միջոցով, Ով մերկացավ Խաչի վրա, քանզի «Մենք, որ Քրիստոսի մահվան մեջ մկրտվեցինք՝ Քրիստոսին հագանք» (Գաղատ 3։27), ինչպես ասում է Պողոսը:
Չորրորդ՝ քանի որ Քրիստոս Իր մարմնով կերակրեց մարդկանց և խմեցրեց Իր կողից, որտեղից հոսում է շնորհների յուղը և աչքերի լույսը: Հինգերորդ՝ օձահալած բնության պատճառով է այսպես կոչվում, քանի որ Տերը բանսարկուին դատապարտեց, դուրս շպրտեց ու մեր մեղքերի պարտամուրհակը բևեռեց խաչափայտին և «մեզ իշխանություն տվեց՝ կոխել օձերի ու կարիճների» (Ղուկ. 10։ 19):
Չորրորդ՝ այդպես է կոչվում Իր անմեղության պատճառով, ըստ Երեմիայի. «Ես իբրև անմեղ գառ․․․» (Երեմ. 11։19):
Կանգնած է խուզողի առջև (53։7). Այս խոսքը նախ այն է նշանակում, որ Քրիստոս հոժար կամքով խոնարհվեց, և երկրորդ՝ կենդանի մնաց մահվան մեջ:
Խոնարհության շնորհիվ Նրա դատաստանը վերացավ (53։8)
Որովհետև այնքան խոնարհեցրեց Իր անձը, որ զրկվեց արդարացի օգնություն ստանալու համար մեկ խոսք իսկ ասելու հնարավորությունից, ճիշտ այնպես, ինչպես ծայրահեղ աղքատներն ու ունեզուրկներն են զրկվում խոսելու իրավունքից՝ անկարող լինելով որևէ բան ասել: Այդպես էլ վարվեցին Քրիստոսի հետ, որովհետև քննության ժամանակ, երբ Պիղատոսն ասաց՝ «Ես դրա մեջ ոչ մի վնաս չեմ գտնում» (Հովհ. ԺԹ 4), ներկաներն աղաղակեցին. «Եթե դրան արձակես՝ կայսեր բարեկամը չես» (Հովհ. 19։12):
Հարց. Մարգարեն ինչո՞ւ է այսքան շատ երկարացնում նվաստացուցիչ խոսքերը:
Պատասխան. Երկու պատճառով. նախ՝ որովհետև նմանատիպ խոնարհ արտահայտությունները մեզ համար փրկության ու փառքի պատճառ եղան: Երկրորդ՝ որովհետև թեպետ մեծամեծ խոսքերն են հատուկ Աստծուն, սակայն այս խոնարհ կեցվածքն առավել զարմանալի ու պանծալի է, որի վերաբերյալ և Պողոսն ասում է․ «Թող ես այլ բանով չպարծենամ, բայց միայն՝ Տիրոջ խաչով» (Գաղատ. 6։14):
Եվ Նրա ազգատոհմի մասին ո՞վ կպատմի (53։8)
Այժմ [խոսում է] բարձրագույն բաների մասին, որպեսզի չգայթակղվեն թերակատար մտքով. Այո՛, անհնարին է խոսել Որդու վերին՝ երկնային Հորից ծննդյան մասին, քանզի այն անհայտ է ամենքին: Սակայն անպատմելի է նաև ա՛յս ծնունդը, որ մեծ խոնարհությամբ եղավ. Նա իբրև մարդ ծնվեց Կույսից, և երկունքն առանց ամուսնության ու առանց ցավերի եղավ, որովհետև ասում է, թե՝ «հղացավ Սուրբ Հոգուց» (Մատթ. 1։18): Թե ինչպե՞ս դա եղավ՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ դա տեղի ունեցավ համաձայն հրեշտակի խոսքի՝ «Սուրբ Հոգին կգա քեզ վրա» (Ղուկ. 1։35)։ Սրանից հայտնի է դառնում, որ Սուրբ Հոգին «ստեղծեց» Նրան: Սակայն ինչպե՞ս ստեղծեց, ասա՛ ինձ. այնպես, ինչպես Աստված Ադամի՞ն էր ստեղծել, կամ ինչպես Եվայի՞ն՝ Ադամի կողից: Ո՛չ մեկը և ո՛չ մյուսը: Կամ գուցե արգանդից մի մա՞ս վերցրեց ու այդպե՞ս ստեղծեց․ այս տեսակետը ևս հանձն չեմ առնում ընդունել: Արդյո՞ք առանց Կույսի եղավ ծնունդը. սա ևս [պատշաճ] չէ ասել, չէ՞ որ մարմինը նրանից էր վերցնելու: Մեզ մնում է միայն խոստովանել մեր տկարությունը և ասել՝ չգիտեմ: Արդ, ես խոստովանում եմ, որ Քրիստոս Կույսից առավ ճշմարիտ մարմին, բայց թե ինչպե՞ս՝ չգիտեմ. մարգարեից ավելի ճարտար և Սուրբ Հոգուց ավելի իմաստուն չեմ, որպեսզի ճառեմ այդ մասին։ Չէ՞ որ Տերն անգամ մարգարեին թույլ չտվեց ավելին խոսել՝ ասելով, թե՝ Նրա ազգատոհմի մասին ո՞վ կպատմի:
Նրա կյանքը վերացրին երկրի վրայից (53։8)
Նախ՝ քանի որ Նրա կյանքը վերացավ (բարձրացավ) երկրի վրայից, այդպիսով իսկ գերազանցեց երկրավորներիս կյանքին: Առաջին հերթին սա վերաբերում է մարդանալու միջոցով [կատարված] Աստծո ծնունդին, քանզի դրան համեմատելի օրինակ չկա, և դա անհասանելի է մտքին, ինչպես ցույց տրվեց վերևում:
Երկրորդ՝ Նրա մահը վերացած էր, քանզի Նա պատժապարտ չէր հանցանքների համար, ո՛չ էլ ենթակա էր մահվան դատապարտվելու, այլ հանուն ուրիշների չարչարվեց:
Երրորդ՝ քանի որ Քրիստոս փութով վերացավ հարությամբ, և «Նրա մարմինն ապականություն չտեսավ» (Գործք 2։31):
Չորրորդ՝ վերանալով՝ երկինք բարձրացավ՝ նստելով Հոր աջ կողմում, ինչպես ասում է Պողոսը. «Որի պատճառով Նրան ավելի բարձրացրեց» (Փիլիպ. 2։9):
Հինգերորդ՝ վերացած էր, որովհետև մեր կյանքն ու փառքը Նրանից է, ինչպես դարձյալ ասում է առաքյալը. «Ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մոտ» (Կողոս. 3։3), և թե՝ «Իսկ երբ ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոս. 3։4):
Վեցերորդ՝ որովհետև Նրա մահը վերացմամբ եղավ, նաև այդպիսով տարբերվեց մարդկային մահից: Չէ՞ որ թեպետ մեռնելուց հետո հոգին կենդանի է, սակայն մենք նույն մարմնով այլևս կենդանի չենք: Մինչդեռ մեր Տերը մարմնով մեռած էր, սակայն նույն մարմինը կենդանի էր Իր Աստվածությամբ: Եվ այս հայտնում է կողից բխած արյունը: Ու մի՛ կարծիր, թե մարդկային ու աստվածային բնությունների բաժանմամբ է դա լինում, այսինքն՝ թե Աստվածությունը կենդանի էր, իսկ մարդկությունը՝ մեռած, որովհետև սա «բաժանողների» [խոսքն] է: Այլ նույն Բանն Աստված Իր մարմնով մեռած էր, և միևնույն ժամանակ նույն մարմինն Աստվածությամբ կենդանի էր: Ինչպես ասվում է Նիկիայի դավանության մեջ. «Աստված Աստծուց, լույսը լույսից, երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, մեռավ, թաղվեց, հարություն առավ ու նստեց Հոր աջ կողմում՝ նույն մարմնով» 4: Նույնպես և ներգործությունների դեպքում է. չպետք է, բարձրագույն բաները զատորոշելով, դրանք վերապահել միայն Աստվածությանը, իսկ խոնարհ բաները՝ մարդուն, այլ՝ և՛ այս, և՛ այն վերագրելի է մեկ և միակ Անձին: Այսպես, Բանն Աստված, երկնքից իջնելով, խոնարհ բաները կրում էր Իր մարմնով, և նույն Բանն Աստված նույն մարմնով մեծամեծ հրաշքներն էր գործում: Սա է ուղղափառների դավանությունը: Իսկ նրանք, ովքեր Քրիստոսի մեջ ներգործությունները զատորոշում են ըստ երկու տարբեր դեմքերի, հեռու են իմաստությունից, համաձայն Աստվածաբանի՝ Կղեդոնիոսին հասցեագրած նամակի, [ուր ասվում է]․ «Արդյոք մեկը չի՞ զարմանա նրա՛նց իմաստության վրա, ովքեր Քրիստոսին բացահայտորեն բաժանում են «երկուսի»՝ ըստ ներգորգործությունների» 5: Այժմ դառնանք առաջիկա խոսքիս, որովհետև սա թերևս անհրաժեշտաբար մի փոքրերկարեց:
Իմ ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց (53։8)
Հրեաների անօրենությունը կրկնակի էր. նախ՝ որովհետև օրենքի առջև անօրենություն գործեցին, քանզի սպանեցին Նրան, Ով, կանխագուշակված լինելով մարգարեների կողմից, փառավորված էր երկնքում: Երկրորդ՝ որովհետև Նրա՝ մարմնով գործած ամեն տեսակ բարիքների փոխարեն Խաչով հատուցեցին:
Նրա գերեզմանի համար չարությամբ, իսկ Նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի հատուցեմ (53։9)
Մահն ու գերեզմանը նույնն են, որովհետև ով մեռնում է, դրվում է գերեզմանում: Ասում է՝ չարությամբ պիտի հատուցեմ, այսինքն՝ թեպետ Քրիստոսով թողություն շնորհվեց մարդու գործած մեղքերին, որպեսզի մարդ մահվանն անպարտ մնա, սակայն այն մեծամեծ ընծաները, որոնք մարդկությունն անգիտությամբ կորստյան մատնեց, այդպես էլ երբևէ չպիտի սեփականի՝ Աստծո Որդուն գերեզման դնելու պատճառով: Դարձյալ, չարությամբ պիտի հատուցեմ մարգարեությունն իրականացավ, և հրեա ազգը հռոմեացիների կողմից գերության տարվեց Քրիստոսի գերեզմանի պատճառով, ոչ թե Նրա՝ չթաղվելու պատճառով, այլ որովհետև հրեաները արգելեցին և թույլ չտվեցին թաղել հավուր պատշաճի: Եվ դարձյալ, որովհետև հրեաները կամենում էին քողարկել Նրա մեծահրաշ հարությունն ու մահվան [հետ կապված] մեծամեծ բաները: Նրանք, որ հարուստ հրեաներ էին, այն ժամանակ կրկնակի հանցանք գործեցին. նախ՝ որովհետև տիրասպան եղան, երկրորդ՝ որովհետև չհիշեցին մեծամեծ հրաշքները, որոնք կատարվել էին մահվան ժամանակ ու գերեզմանի մոտ: Չէ՞ որ այնժամ երկինքը մթնեց, այլև ցնցվեց երկիրը, երրորդ՝ ճեղքվեցին ժայռերը, չորրորդ՝ բացվեցին գերեզմանները, հինգերորդ՝ պատռվեց վարագույրը, վեցերորդ՝ խեղդվեց մատնիչը, յոթներորդ՝ Պիղատոսի կնոջ երազը եղավ, ութերորդ՝ հարյուրապետն ու ավազակը հավատացին, իններորդ՝ Քրիստոս հոգին ավանդելիս բարձրաձայն աղաղակեց, տասներորդ՝ Նրա կողից ջուր և արյուն բխեցին: Նույնպես և գերեզմանի մոտ տեղի ունեցած դեպքերը հավատալու բազմաթիվ պատճառներ էին տալիս: Սակայն հրեաները չհիշեցին այդ ամենը, ա՛յն, որ [գերեզմանի վրա] կարգված պահապաններ կային, որոնք օտարականներ՝ եդովմացիներ էին։ Բացի այդ, չէ՞ որ իրենք իսկ մատանիով կնքեցին գերեզմանը, երրորդ՝ Հիսուսի աշակերտները հեռու էին Նրանից։ Գերեզմանի մոտ տեղի ունեցած նշաններից չորրորդն այն էր, որ զղջացին ա՛յն զինվորները, որոնց հրեաներն արծաթ էին տվել։ Հինգերորդ հրաշքը մեծ ցնցումն էր, վեցերորդը՝ ժայռի գլորվելը, յոթերորդը՝ հրեշտակների լուսափայլ երևումը, ութերորդը՝ հրեշտակների խոսքը հարության մասին, իններորդը՝ բաց պատանքը, որի մեջ մարմին չկար դրված, տասներորդը՝ հարություն առած մեռյալների քաղաք մտնելը (Մատթ. 27։53): Էլ չասենք, որ հրեաները շատ լավ գիտեին մարգարեների վկայությունները: Եվ քանի որ սկզբից ևեթ այս բոլորը չհիշեցին, արդարացիորեն չարաչար կորստյամբ պատժվեցին:
Անօրենություն չարեց, ու նենգություն չգտնվեց Նրա բերանում (53։9)
Այս մարգարեությունը նախ այն ժամանակ իրականացավ, երբ ասաց. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33), և չուրացավ Իր Աստված լինելը: Դարձյալ, անօրենություն չանելն ու խոսքով հանցանք չգործելը հատուկ չէ ուրիշ որևէ մեկին, բայց միայն՝ Քրիստոսին․ «քանի որ մարդու կյանքը մեկ օրվա չափ է՝ անկարելի է առանց մեղքի լինել» (հմմտ. Հոբ 14։4),- ասում է Հոբը: Իսկ Սիրաքն ասում է. «Մեկը չկա, որ չգայթակղվի լեզվով» (հմմտ. Սիր. 20։20): Եվ ինչպես այստեղ գործերի ու խոսքերի համար է ասում, մեկ այլ տեղ էլ մտքի համար է նույնն ասում. «Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին» (Ես. 7։16), քանզի մտքին պատշաճ է բարին ընտրելը: Դարձյալ, Քրիստոս ոչնչով չխախտեց օրենքը՝ ո՛չ գործով, ո՛չ խոսքով և ո՛չ մտքով, այլ ամենայն ինչ կատարեց արդարությամբ, բայց որովհետև լիովին անմեղ էր, այդ պատճառով էլ Նրա մահը չէր կարող գործած հանցանքների պատիժը լինել, ինչպես բոլոր մարդկանց պարագայում է լինում։ Մինչդեռ Քրիստոս Իր անպարտ մահվամբ մեզ արդարացրեց՝ մի բան, որ բացի Նրանից ուրիշ ոչ ոք չէր կարող անել։
Եվ Տերը կամենում է Նրան սրբել մեղքերից (53։10)
Այս խոսքն անապական հարության մասին է՝ ըստ վերոնշյալ խոսքի, թե՝ վերցվելու է Նրա կյանքը երկրի վրայից (8)։ Եվ որովհետև Քրիստոս անապական մարմնով հարություն առավ, ուստի մարգարեն ասում է. «Տերը Նրան սրբեց վերքերից»: Իսկ որ Նրա մարմինը գերեզմանում անապական էր մնալու (Գործք 2։31), դեռ Դավիթ մարգարեն էր ասում. «Նրա մարմինը անապականություն չտեսավ»: Եվ այն, որ նախքան Խաչելությունն էլ Նրա մարմինն անապական էր, Ինքն իսկ է վկայում, երբ հարությունից հետո ասում է. «Շոշափեցե՛ք ու տեսե՛ք, որ Ես նույնն եմ» (Ղուկ. 24։39), այսինքն՝ չեմ փոխվել: Եվ ինչպե՞ս կարող էր ապականություն լինել, չէ՞ որ Նա ոչ թե սերմից էր ծնվել, այլ Կույսի մաքրված արյունից գոյացած մարմնին էր միախառնվել Բանը: Դարձյալ, Քրիստոս գլուխն է Եկեղեցու անդամներիս, իսկ մենք Նրա՝ ոտքից մինչև գլուխ վիրավոր անդամներն ենք: Եվ Նա, որ մեր Գլուխն է, զգայապես ընդունում է մեր ցավերը: Իսկ երբ Քրիստոս Իր վերքերով բժշկեց մեզ, ըստ այն խոսքի, թե՝ «Նրա վերքերով մենք բժշկվեցինք», այնժամ Նա ևս բժշկվեց այն ցավերից, որ ուներ մեր՝ Եկեղեցու անդամներիս պատճառով:
Եթե մեղքերի համար հատուցում տաք՝ երկարակյաց սերունդներ կտեսնեք (53։10ա)
Մարգարեն քիչ առաջ խոսեց այն մասին, որ նրանք՝ հրեաները, պատժվելու են Տիրոջ վրիժառությամբ. «Գերեզմանի չարության համար հատուցելու եմ» (53։9): Իսկ այժմ ասում է, որ հնար կա վերացնելու այդ պատիժը, եթե իհարկե նրանք կամենան դա: Եվ ի՞նչ են տալու դրա փոխարեն. ո՛չ արծաթ, ո՛չ ոսկի, այլ միայն հավատք, ըստ այս խոսքի, թե՝ «հավատացե՛ք, և կքավվեն ձեր մեղքերը»: Դարձյալ, Աստված Օրենքի մեջ հրամայեց. «Եթե մեկն ակամա հանցանք գործի, թող ոչխար առնի, ու թող մեղավորը ձեռքը դնի նրա գլխին ու խոստովանի իր մեղքերը: Ու թող քահանան սպանի նրան (իմա՝ ոչխարին), արյունը ցողի Տիրոջ առջև, ու նրա (իմա՝ մեղավորի) մեղքերը կքավվեն» (Ղևտ. 4։22-26): Սա մեր Տիրոջ փրկագործության նախօրինակն էր, չէ՞ որ Նա մեզ մարմնակից ու եղբայր դարձավ և, մեր մեղքերի համար պատարագվելով, Իր արյունն ընծայեց Հոր առջև և քավեց մեր մեղքերը: Արդ, այն, որ Նա պատարագվում է մեզ համար, ինչպես ես եմ տեսնում հոգևոր աչքերով, դուք՝ նրանով փրկվածներդ ևս կտեսնեք: Իսկ ահա երկարակյաց լինելու խոստմամբ մշտնջենավոր կյանքի երանությունն է ակնարկում:
Եվ Տերը կամենում է Նրա միջոցով ազատել նրան ցավերից (53։10բ)
Ոմանք սա մեկնում են հարության իմաստով, իսկ ոմանք վերագրում են ժողովրդի՝ ցավերից ազատագրմանը, քանի որ Աստված նախախնամող ձեռքով բժշկեց Իր ժողովրդին, ըստ այս խոսքի. «Բժշկությունը Նրա թևերի վրա է» (Մաղաք. 4։2)։ Ըստ այդմ Տերը ոչ միայն բժշկեց, այլև աստվածգիտությամբ լուսավորեց ժողովրդին: Իսկ հոգևոր արեգակը Նա է, Ով իբրև «լույս եկավ այս աշխարհ» (Հովհ. 12։46), ըստ այդմ ասում է.
«Լույս ցույց կտա նրան» (11), այսինքն՝ բժշկվածներին:
Եվ օժտել իմաստությամբ (53։11ա)
Քանի որ ժողովուրդը խիստ խոցված էր և որևէ սպեղանիով չէր բժշկվի, ուստի Աստված նորովի արարչագործեց: Իսկ ի՞նչ է նշանակում «օժտել իմաստությամբ»․ բրուտները և ոսկերիչները նյութի սկզբնական ձևը փոխում են և նոր բան են ստեղծում, մինչդեռ մեր Տերը այդպես չարեց, այլ զարմանահրաշ իմաստությամբ անապական պահելով սկզբնական կերպարանքը՝ նորը ստեղծագործեց, այսինքն՝ նորոգեց [մկրտության] ավազանի աստվածագործ նորոգմամբ:
Արդարացնել արդարին (53։11բ)
Քանի որ Քրիստոս արդար և անմեղ էր, այդ պատճառով էլ չի ասում՝ արդարացնել Նրան, այլ՝ արդարին, և այս խոսքով հայտնապես ցույց է տալիս, որ Քրիստոս է ճշմարիտ Արդարը, Որ մեռնում է ուրիշների մեղքերի համար:
Ով հոժարությամբ ծառայեց շատերին (53։11գ)
Խոսքը Քրիստոսի մասին է, Ով ասում էր. «Ես ձեր մեջ մի սպասավորի նման եմ» (Ղուկ. 22։27):
Եվ նրանց մեղքերը Իր վրա է վերցնելու (53։11դ)
Այսինքն՝ վերացնելու է մեղքերը, ինչպես ասում էր Հովհաննեսը. «Սա է Աստծո Գառը․․․» (Հովհ. 1։29)։ Մարգարեի այս միտքը ջրի պես պարզ է։
Այդ պատճառով շատ բան է ժառանգելու (53։12ա)
Ժառանգությունը սեփական ունեցվածքն է, իսկ մեր Տիրոջ «սեփականությունը» մարդն է, նախ՝ համաձայն արարչության, երկրորդ՝ նախախնամությամբ, երրորդ՝ ավազանի ծննդյամբ, չորրորդ՝ Փրկի արյամբ գնվելով: Ապա ուրեմն պարզ է, որ մենք մեր անձերի տերը չենք, որովհետև «մեծ գնով գնվեցինք» (Ա Կորնթ. 10։20):
Եվ հզորների ավարը պիտի բաժանի (53։12 բ)
Այս խոսքը Քրիստոսի այն տնօրինության մասին է, ըստ որի Նա բարձրացավ խաչելության բարձունքն ու կապեց հզորին՝ սատանային, որը հզորացել էր մարդկանց խաբելու միջոցով, և «գերեց» գերությունն ու ազատություն պարգևեց մարդկանց, ինչպես ասում է նաև Դավիթ մարգարեն (Սաղմ. 67։19): Նույնն ասում է Պողոսը (Եփես. Դ 8): Դարձյալ, առաքյալները ևս հզոր էին՝ զորացած Քրիստոսով: Նրանց ավարը բաժանվեց մարդկային ցեղի մեջ․ որոշ մասը՝ հրեաներին, որոշ մասը՝ հեթանոսներին, և մյուսներին՝ նույնպես:
Որովհետև Նրա անձը մահվան մատնվեց, ու Նա հանցավորներին հավասար համարվեց (53։12գ)
Այս խոսքով մարգարեն նախ այն է ցույց տալիս, որ Քրիստոս արդար էր, թեպետ հանցավորներին հավասար համարվեց: Երկրորդ՝ այսպես է ասում, որովհետև Փրկիչն ավազակների հետ խաչվեց։ Այս մասին նաև ուրիշներն են ասում, թե՝ մեղավորներին հավասար համարվեց:
Նա շատերի մեղքերը կրեց, և նրանց անօրենությունների պատճառով մատնվեց (53։12 դ)
Մարգարեն հաճախ է կրկնում, թե Քրիստոս ուրիշների պատճառով պատժվեց, չնայած Ինքն անմեղ էր: Իսկ «մեղքերը կրեց» խոսքը նշանակում է Խաչի միջոցով մեր մեղքերնը Իր վրա վերցնելը, քանզի Խաչը բոլոր մեղքերի վերացումն է, համաձայն այս խոսքի. «Ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոս. 2։14): Մարգարեն, աստվածային այսքան մեծ շնորհները տեսնելով, ուրախության ավետիսն է տալիս հեթանոսների Եկեղեցուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: