Գլուխ  8

Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. Հեթանոսներ, իմացե՛ք, Աստված մեզ հետ է (8։9).
   
   Պատասխան. Վարդապետներն այս խոսքը տարբեր կերպ են բացատրում: Ըստ Եփրեմի մեկնության՝ քանի որ դամասկացիների
Հռասոն արքան և սամարացիների Փակեե թագավորը, Աքազի օրոք պաշարեցին Երուսաղեմը, սակայն չկարողացան մի վնաս իսկ հասցնել    նրան,այս պատճառով է հիշատակվում Էմանուելը, որը խաղաղության ու փրկության նշան տվեց նրանց՝ ըստ մարգարեի [ազատելով] երկու խանձող թագավորների երեսից: Իսկ Ոսկեբերանը նշում է, որ խոսքը վերաբերում է Հռափսակին, ով Եզեկիայի օրերին Երուսաղեմը պաշարեց հարյուր ութսունհինգ հազար [զորքով], սակայն նրանք պարտվեցին հրեշտակից, որը սատկեցրեց բոլորին։ Երուսաղեմը գերել ու խորտակել ցանկացողների [չար] մտմտուքը ցրվեց,, և այդ մասին լսելի եղավ երկրի բոլոր ծագերում: Այս հաղթության պատճառով հարատև պարծենում էին նրանք, քանի որ դա ոչ թե զենքով ու պատերազմով եղավ, այլ՝ Աստծո օգնությամբ, որովհետև «Աստված մեզ հետ է»: Իսկ Կյուրեղը այս դեպքերը մեկնաբանում է որպես Քրիստոսի տնօրինություն, որովհետև Աստծո Բանը մեզ հետ եղավ մարդեղությամբ: Նաև՝ հանձին առաքյալների էին ասված այս խոսքերը, քանի որ կարծեք թե նրանք են ասում. «Աստված մեզ հետ է»: Իսկ հեթանոսներից երկու բան է պահանջվում. նախ՝ ճանաչել Քրիստոսի տնօրինության խորհուրդը, որ պատգամվում է«իմացեք հեթանոսներ» խոսքով, և երկրորդ՝ հնազանդվել ուսուցիչներին, այսինքն՝ առաքյալներին՝ այդպիսով գիտենալովմ որ «պիտի պարտվեք»:

Լուրը հասցրեք աշխարհի չորս կողմերը (8։9)

   Սա վերաբերում է հեթանոսներին, որոնց խոսքը լսելի դարձավ բովանդակ երկրով մեկ: Այնուհետև մարգարեն խոսքն ուղղում է հրեաներին.«Հզորացածնե՛ր, պարտվելու եք», որովհետև նրանք հզորացան ու կամեցան սպանել «Կյանքի Առաջնորդին» (Գործք 3-15)՝ առանց գիտենալու չգիտեին, որ Նա հավիտյան կենդանի է: Այժմ ասում է՝ «պարտվե՛ք», այսինքն՝ «հավատացե՛ք նրան»: Որովհետև թեկուզ դարձյալ զորանաք, այսինքն՝ [բռնանաք] աշակերտների վրա, որոնց գանահարեցին ու պատվիրեցին չխոսել Նրա անունով, դարձյալ պարտության եք մատնվելու, այսինքն՝ [ընկնելու եք] հռոմեացիների թագավորի ձեռքը, որն էլ նրանց գերեվարեց 1: Իսկ հավատացյալների նկատմամբ նրանց չար խորհուրդները ցրվեցին ու չհաստատվեցին:
   
Նրանց ահից մի՛ երկնչեք (8։12).
   
   Մի՛ վախեցեք դուք նրանցից, ովքեր պատվիրեցին չխոսել Քրիստոսի անունով, այլ երկյուղե՛ք Տիրոջից, և Տեր Քրիստոսին սուրբ ու փառավոր հռչակեք: Դարձյալ, ի Քրիստոս հավատացյալներից ոմանք վախենում էին օրենքից ու պահում էին նաև թլփատությունն ու օրենքը: Նրանց ասում է, թե մի՛ երկյուղեք օրենքից, այլ՝ Քրիստոսից, և ձեր հոգիներում Նրա՛ն սուրբ և փառավոր հռչակեք, ու ո՛չ թե օրենքը: Նրա՛ն հուսանք մեղքերից սրբվելու և փրկվելու համար, ու ո՛չ թե օրենքին, որը չի կարող փրկել, քանզի օրենքի լրումը Քրիստոս է (հմմտ.Հռոմ. 13։10):
   
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց (8։18).
   
   Այսինքն՝ Կույսի հրաշալի ծննդյամբ է փրկվելու Երուսաղեմը, և մարգարե կնոջ ծննդյամբ իսկույն պետք է ավարի ենթարկվեն եփրեմյանները, [քանզի] բոլորս Տիրոջ ձեռքերում ենք: Դարձյալ, երբ ասում է, որ «զավակներ» պարգևեում է Աստված, և ոչ թե բնությունը, այդպիսով ակնարկում է ժողովրդին՝ որպես Աստծո զավակներ: Իսկ «ահավասիկ»-ը անդադար և նվիրական լինելու նշան է, որով մարգարեն Աստծո կամքին է հանձնում իրեն և ժողովրդին թե՛ պահպանության համար և թե՛ գերության մեջ լինելիս, ինչպես և Դավիթ մարգարեն է ասում. «Ահավասիկ կամ, թող լինի ինչպես Տիրոջն է հաճելի», իսկ Հոբն ասում էր. «Տերը տվեց, Տերն առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ կամքը» (Հոբ 1։22): Այս խոսքը դարձյալ հանձին Քրիստոսի է ասված, Նրա՛, Ով մեզ համար եղբայր եղավ՝ ծնվելով կուսական արգանդից և Սուրբ Հոգուց, ու մեզ տվեց Իր Հոգին՝ Սուրբ Հոգով ծնվելով կույս ավազանից: «Որով աղաղակում ենք Աբբա Հայր, որովհետև եղանք Քրիստոսի եղբայր և ժառանգակից (Հովհ. 1։21): Եվ թեպետ Նա մեր եղբայրն է ըստ մարմնի, սակայն մենք չենք ուրանում Նրա փառքը, քանզի Աստված է և Հայրն է հանդերձյալ աշխարհի, որի պատճառով ուրախանում է մեզ՝ Իր զավակների համար, և կարծես «Հորն ու մեր Աստծուն» մատնանիշ անելով՝ ասում է. «Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, որպես ժառանգություն» (8։18): Այդպես նաև Ավետարանում է ասում «Քոնն էին և ինձ տվեցիր նրանց» (Հովհ. 17։9), «Ժողովուրդը, որ նստած էր խավարում, մեծ լույս տեսավ» (Մտթ.4։16): Միով բանիվ՝ հրեաներն ունեին օրենքի փոքր լույսը, և նրանց ծագեց մեծ լույսը՝ Քրիստոս, որ «արդարության արեգակն է» (Մաղ. 4։2):
   
Հարց. Ի՞նչ են նշանակում «վհուկ»-ը և մյուս բաները, որ ասում է (8։19).
   
   Պատասխան. Ոմանք ասում են, թե վհուկները հարցողներն են, որոնք կուռքերի պաշտոնյաներ էին և նրանցից, այսինքն՝ կուռքերից էին հարցնում լինելիք բաները: Մեռելահարցուկը նա է, ով կուռքերի առջև կամ ծառերի տակ բերանքսիվայր խոսում էր դևերի հետ, և երբ Ալեքսանդր արքան եկավ Արևի և Լուսնի մեհյանը, հարց ուղղեց հենց մեռելահարցուկին: Իսկ զրախոսը ունայնախոսն է. այդպիսին էին գարու միջոցով գուշակություն անողները: Իսկ որովայնախոսը նա է, ով գուշակություններ է անում մորթված արջառի կամ ոչխարի սրտի ու թոքի շարժումների միջոցով: Դարձյալ, վհուկը նա էր, ով կանանց մեջ մտած չար դևի միջոցով էր գուշակություններ անում: Իսկ այլ թարգմանիչներ «վհուկներ»ի փոխարեն «հավախոսներ» են ասում՝ նկատի ունենալով նրանց, ովքեր ձագերի, ագռավների և այլոց միջոցով են գուշակություններ անում: Այսպիսով, մեռելահարցուկը նա է, որի մասին ասացինք վերևում, իսկ զրախոսն ու որովայնախոսը նրանք են, որոնք մեռյալի մեջ մտած դևի միջոցով խառնիճաղանջ և սուտ բաներ էին խոսում: Այդ պատճառով էլ մարգարեն ասում է, թե ի՞նչ պիտի հարցնեն մեռելներից ողջերի մասին:

   «Հապա (=Դե), իմ վարուժնակներ 2», իսկ երբեմն՝ հեգնական, ինչպես մարգարեն է ասում այստեղ.«Հապա, նախ այդ նեղությունները տարեք»: