Այսօր յիշատակ սրբոց մարտիրոսաց.
Մանկունք սուրբ եկեղեցւոյ՝ ընդ զօրս երկնից
Տուք օրհնութիւն ի բարձունս Սուրբ Երրորդութեանն:
Այսօր ճգնութեամբ սրբոց մարտիրոսաց.
Զուարճանան բանակք անմարմնոցն. եկեղեցիք ընտրելոց.
Տուք օրհնութիւն ի բարձունս Սուրբ Երրորդութեանն:
Այսօր շնորհեցան մեզ քարոզք եւ վկայք
Ի խաւարէ կռապաշտութեան՝ եւ յանաստուածութեան
Ածեալ ի լոյս զամենայն արարածս.
Տուք օրհնութիւն ի բարձունս Սուրբ Երրորդութեանն:
(Շարակնոց)
Սուրբ Բասիլիսկոս քահանան գաղատացիների Անկիւրիա քաղաքի Աստուծոյ եկեղեցու երէցներից մէկն էր եւ ապրել է Կոստանդ կայսեր եւ Յուլիանոս Ուրացողի ժամանակներում: Որպէս արիոսականների ու նրա արբանեակների, ինչպէս նաեւ հեթանոսների եւ ուրացողների դէմ հզօր ախոյեան՝ նա եղաւ ուսուցիչ՝ ցոյց տալով բոլորին մեր Տէր Յիսուս Քրիստոսի ճշմարիտ ճանապարհը եւ մոլորուածներին յետ դարձնողը սատանայի ճանապարհներից ու նրա բոլոր ներգործութիւններից: Նա քարոզում էր եւ ասում. «Դժուար ժամանակներ կան առջեւում, որովհետեւ բանսարկուի զօրավարները բազմաթիւ են: Նա ունի գառան զգեստ հագած պաշտօնեաներ, որոնք ներսից յափշտակող գայլեր են եւ շրջում են ամենուր՝ որսալու անզգոյշ քայլողներին: Եւ արդ, ի Քրիստոս հաւատքի մէջ միաբան եւ հաստատապէս կրթուածներս փառաւորենք մեր հաւատքի Առաջնորդին: Անմատոյց անապական գանձը հոգիներում ամուր պահելով եւ օգնական ունենալով յաւիտեանս վարձահատոյց Քրիստոսին՝ ոտնակոխ անենք բանսարկուի մոլորեցուցիչ խմբերին եւ փախչենք նրա պիղծ հրապոյրներից»:
Եւ այս խօսքերը գործով կատարելով՝ սուրբ քահանան մշտապէս շրջում էր բոլոր քաղաքներով, հոգում էր բոլորի համար, որպէսզի նրանք բարի գործերին զուգընթաց ամուր պահէին ճշմարիտ հաւատքը եւ փախչէին սպասուող չարիքներից: Արիոսականները եւ մակեդոնեանները ցանկանում էին արգելել սուրբի քարոզչութիւնը, սակայն ուղղափառների եպիսկոպոսները հրաման տուեցին նրան համարձակ քարոզել Աստուծոյ խօսքը, որովհետեւ նա աշակերտել էր աստուածային իմաստութեան քաջ գիտակ այրերին եւ ճանաչուած էր արքունի պալատում: Եւ քանի որ նա ունէր անպարսաւելի վարք ու գովելի էր Աստուծոյ եւ մարդկանց առջեւ, ոչ ոք չէր համարձակւում վնասել նրան: Իսկ երբ Կոստանդ կայսեր առջեւ ամբաստանեցին նրան՝ որպէս թէ նոր, օտարոտի ուսմունքի քարոզիչ, Աստուծոյ մարդը հաւաստիացրեց, որ ամենայնիւ ամուր է պահում նախկին սուրբ հայրերի աւանդը ու անբաժանելիօրէն կայ եւ մնում է ճշմարիտ դաւանութեան մէջ:
Երբ թագաւորեց Յուլիանոս Ուրացողը, նա մի չար հրաման արձակեց, ըստ որի՝ պէտք է բոլոր տեղերում, ինչպէս նաեւ Գաղատիայում, կատարէին հեթանոսական կուռքերի պաշտամունքը: Մինչ սուրբ Բասիլիսկոս քահանան, Անկիւրիա քաղաքի մէջ հրապարակաւ օրհնաբանելով Աստծուն, ասում էր. «Քրիստո՛ս, Փրկի՛չդ աշխարհի, անմարելի՛ Լոյս, յաւիտենական հարստութիւնների Գա՛նձ, Հօր կամքով խաւարի Փարատի՛չ, Հայրական Հոգով համայնի Ստեղծի՛չ, նայի՛ր Քո սուրբ եւ ահաւոր աչքով եւ վերացրո՛ւ ճշմարտութեանդ հակառակորդների պիղծ կրօնը, խափանի՛ր նրանց սրտի ցանկութիւնները, որպէսզի ի դերեւ լինեն նրանց ունայն խորհուրդները»:
Այս լսելով՝ հեթանոսները խիստ բարկացան: Նրանցից Մակարիոս անունով մէկը բռնեց քահանային եւ ասաց. «Ո՞վ ես դու, որ շրջելով գրգռում ես ամբոխին եւ եղծում ինքնակալի պատուիրած աստուածների գեղեցիկ տօնը»: Բասիլիսկոսն ասաց. «Ոչ թէ ես, այլ Աստուած է խափանում այն Իր երկնային աներեւոյթ զօրութեամբ: Այժմ Նա կարող է ցրել եւ ունայնացնել ձեր բոլոր խորհուրդները, որպէսզի ծայրագոյն անզօրութեան մէջ տկարացած՝ ցիրուցան լինէք եւ անհնազանդութեան պատճառով ժառանգէք ձեզ համար պատրաստուած կորուստը»:
Այնժամ անօրէնները բորբոքուեցին նրա դէմ: Բռնելով նրան՝ տարան Սատոռնինոս դատաւորի մօտ եւ ասացին. «Այս մարդը շփոթութիւն է գցում քաղաքի մէջ, մոլորեցնում է շատերին եւ աժմ էլ կամենում էր ինքնակալին հայհոյելով աւիրել աստուածների տաճարները»: Սատոռնինոս դատաւորն ասաց նրան. «Ո՞վ ես դու, որ այդքան յանդգնութիւն ունես»: Բասիլիսկոսն ասաց. «Ես քրիստոնեայ եմ»: Սատոռնինոսն ասաց. «Եթէ քրիստոնեայ ես, ապա ինչո՞ւ քրիստոնեայի գործ չես անում»: Բասիլիսկոսը պատասխանեց. «Լաւ ասացիր, ո՛վ դատաւոր, քանզի պէտք է, որ քրիստոնեայի գործերը յայտնի լինեն բոլորին: Արդար ասացիր»: Սատոռնինոսն ասաց. «Իսկ ինչո՞ւ ես խռովութիւն գցում քաղաքում եւ հայհոյում ինքնակալին՝ որպէս ուրացող եւ անցաւոր»: Բասիլիսկոսն ասաց. «Ես ո՛չ ինքնակալին եմ հայհոյում եւ ո՛չ էլ նրա կողմից հաստատուած կրօնը, որովհետեւ ճշմարիտ Ինքնակալը Նա Ինքը ամենակալ Աստուածն է, որ բնակւում է երկնքում, իսկ մեր հայրերը Նրա արժանաւոր ու կրօնասէր պաշտօնեաներն են, որոնք ամէն ժամ սուրբ սրտով երկրպագում են Նրան: Նա շատ արագ կարող է վերացնել ձեր իսկ կողմից սահմանուած անօրէնութիւնը, իսկ ձեր ինքնակալ հռչակուած աստուածամարտ թագաւորը, որ երկրաւոր մարդ է, վաղն ընկնելու է երկնաւոր մեծ Թագաւորի ձեռքը»:
Այս լսելով՝ դատաւորը բարկացաւ: Նրա հրամանով կախեցին սուրբին եւ սկսեցին քերել մարմինը, իսկ սուրբը կախաղանի վրայից ասում էր. «Գոհանում եմ Քեզնից, յաւիտեանների Տէ՛ր Աստուած, որ այս կտտանքների շնորհիւ ինձ արժանացրեցիր տեսնել կեանքի ճանապարհը, որովհետեւ անցնելով դրանով ու գալով Քեզ մօտ՝ պիտի տեսնեմ Քո խոստացած ժառանգութիւնը»: Եւ մինչ քերում էին նա մարմինը, դատաւորն ասաց. «Ի՞նչ կ՚ասես, Բասիլիսկո՛ս, տեսա՞ր, որ ինքնակալը կարող է այսպէս տանջել իր դէմ ըմբոստացողներին: Արդ, հնազանդուի՛ր նրան»: Բասիլիսկոսն ասաց. «Ասացի քեզ, որ ես միայն հնազանդ եմ ճշմարիտ Թագաւորին եւ չեմ կարող հակառակ խորհուրդն ունենալ»: Դատաւորը դարձեալ հարցաքննեց նրան եւ երբ տեսաւ, որ վկան յանձն չի առնում զոհ մատուցել, նրան բանտ ուղարկեց: Ճանապարհին սուրբին ընդառաջ եկաւ Փելիքս անունով պիղծ մէկը եւ ասաց նրան. «Ինչո՞ւ ես կործանում քեզ, փրկի՛ր անձդ եւ բարեկամ եղիր աստուածներին, որպէսզի արժանանաս ինքնակալի խոստումներին, ապա թէ ոչ, յիրաւի, պիտի տանջուես»: Վկան ասաց նրան. «Հեռացի՛ր, ո՛վ ապիրատ եւ պիղծ, դու հեռու ես ճշմարիտ խոստումներից: Ինչպէ՞ս կարող ես խաւարի մէջ լինելով՝ նայել ճշմարտութեանը: Դու չես տեսնում, որ քեզ խաւարն է պատել»: Այս ասելով՝ գնաց եւ բանտ մտաւ:
Դատաւորը Բասիլիսկոսի մասին զեկուցեց Յուլիանոս ինքնակալին, որովհետեւ Բասիլիսկոսը նշանաւոր մարդ էր, եւ յայտնի էր իր իմաստութեամբ եւ առաքինութեամբ: Թագաւորը նրան հարցաքննելու համար ուղարկեց կորստեան վարդապետներ Ելպիդիոսին եւ Պեդասիոսին՝ երկնային գանձերը կողոպտող ուրացողներին: Բայց սրանք նախ գնացին Նիկոմիդիա, որտեղ գտան Ասկլեպաս չաստուծոյ Ասկլեպիոս քրմին եւ եկան միասին՝ որպէս սուրբի դէմ պատերազմող սատանայի երեք զօրավարներ: Հասան Անկիւրիա եւ այնտեղ իմացան, որ բանտում Բասիլիսկոսը չի դադարում գիշեր թէ ցերեկ օրհնել եւ փառաբանել Աստծուն: Յաջորդ օրը Պեդասիոսը եկաւ բանտ, ողջոյն տուեց սուրբին եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, Բասիլիսկո՛ս»: Սուրբ քահանան պատասխանեց. «Պէտք չէ, որ դու ուրախ լինես, ուրացո՛ղ եւ մատնի՛չ, որովհետեւ երբեմն դու բաժին ունէիր Քրիստոսի Աղբիւրից, իսկ այժմ՝ ժահահոտ աւազանից, երբեմն մասնակից էիր Քրիստոսի խորհուրդներին, իսկ այժմ ատելի ես Քրիստոսին, երբեմն բաժնեկից էիր Քրիստոսի սեղանից, իսկ այժմ կցորդ ես դեւերի սեղանին, երբեմն Լոյսի առաջնորդն էիր, իսկ այժմ՝ խաւարի ժառանգորդը, երբեմն ճշմարտութեան վարդապետ էիր, իսկ այժմ՝ կորստեան առաջնորդը, երբեմն տօնակից էիր սուրբերին, իսկ այժմ՝ պարակից դեւերի զինուորութեանը, երբեմն առաջնորդում էին խաւարում մոլորուածներին, իսկ այժմ ինքդ ես խաւարի մէջ: Ինչո՞ւ կորցրեցիր քո յոյսը, եւ ինչպէ՞ս կողոպտուեց քեզնից հոգու գանձը: Ի՞նչ պիտի անես, երբ Տէրը քեզ այցելութիւն անի»:
Ապա աղօթեց՝ ասելով. «Փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ, որ ճանաչւում ես Քո ծառաների կողմից եւ լուսաւորում ես Քո Աստուածութիւնը փափագողներին: Դու մեծարում ես Քեզ յուսացողներին եւ ամաչեցնում Քո պատուիրաններն ատողներին: Փառաւորեա՛լդ երկնքում եւ երկրպագուա՛ծդ երկրի վրայ, բարձրեա՛լ Աստուած, հեռացրո՛ւ Քո ծառայից չարի բոլոր ծառաներին, որպէսզի կարողանամ ճողոպրել բարիատեաց բանսարկուի որոգայթներից եւ վանել յոխորտացողների զօրութիւնը»: Այս լսելով՝ Պեդասիոսը տրտմած դուրս եկաւ բանտից եւ գնաց ամէն բան պատմեց իր ընկերներին, որոնք, նեղուելով նրա տրտմութիւնից, եկան ու պատմեցին դատաւորին: Իսկ դատաւորը, կամենալով փարատել Պեդասիոսին, հրամայեց արդարին իր առջեւ բերել:
Արդ, սուրբը մօտեցաւ ատեանին, կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով եւ ասաց դատաւորին. «Արա՛, ինչ կամենում ես»: Երբ Ելպիդիոսը տեսաւ նրա համարձակութիւնը, ասաց. «Խելագարուել է այդ ամենապիղծը: Արդ, եթէ նա հնազանդուի տանջանքների միջոցով, ապա կը շահի իր անձը»: Այնժամ դատաւորը հրամայեց կախել նրան եւ չուաններով ուժգին պրկել մարմինը, որպէսզի չդիմանալով տանջանքներին՝ համաձայնուի զոհ մատուցել: Բասիլիսկոսն ասաց. «Ո՛վ անսուրբ, արա՛, ինչ կամենում ես, սակայն ո՛չ դու եւ ո՛չ քո խորհրդակիցներն ինձ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ Քրիստոս իմ օգնականն է»: Սատոռնինոսը հրամայեց. «Ծանր երկաթներ հագցրէք դրա պարանոցին եւ ձեռքերին, ու թող այդպէս երեւայ ինքնակալին: Իսկ այժմ թող բանտ գնայ»:
Օրեր անց հարկ եղաւ, որ թագաւորը մեկներ դէպի Արեւելք: Եւ երբ նա Անկիւրիա եկաւ, սատանայի սպասաւորները, իրենց հետ տանելով Եկատիոսի (այսինքն Անահիտի) արձանը, նրան ընդառաջ ելան: Այդ օրը ապարանք մտնելով՝ թագաւորը պարգեւներ բաշխեց քրմերին, իսկ յաջորդ օրը հանդիսակատարութիւնից յետոյ Ելպիդոսն արքային պատմեց Բասիլիսկոս քահանայի մասին: Թագաւորը հրամայեց քահանային ապարանք բերել: Սուրբ Բասիլիսկոսը եկաւ եւ զուարթադէմ կանգնեց նրա առջեւ: Յուլիանոսն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Սուրբը պատասխանեց. «Արքա՛, ըստ կարգի՝ կ՚ասեմ, թէ ես ով եմ: Նախ՝ իմ անունը քրիստոնեայ է, իսկ Քրիստոսի անունը նախքան յաւիտեաններն է եւ վեր է մարդկային բոլոր խորհուրդներից, եւ երկրորդ՝ անունս Բասիլիսկոս է՝ կոչուած ծնողներիս կողմից: Արդ, եթէ Քրիստոսի անունն անարատ պահենք մեր մէջ, դատաստանի օրը անմահութեան վարձք կը ստանանք Նրա կողմից»: Յուլիանոսն ասաց. «Մի՛ խաբիր, Բասիլիսկո՛ս, որովհետեւ ես անտեղեակ չեմ ձեր խորհուրդներից: Նրա՞ն ես հաւատում, Ով մահուան մատնուեց Պիղատոսի ժամանակ»: Բասիլիսկոսն ասաց. «Չեմ խաբում, ո՛վ արքա, ես հաւատում եմ իմ Քրիստոսին, իսկ դու ուրացար եւ մերժեցիր Աստուծոյ Արքայութիւնը: Եւ քանի որ շատ արագ արհամարհեցիր քեզ թագաւորութիւն Տուողին, ապա Նա Ինքը շուտով այն կը վերցնի քո ձեռքից»: Յուլիանոսը հասկացաւ, որ վկան համարձակ ու խիստ է խօսում, որպէսզի փութապէս մարտիրոսանայ, որի համար ասաց. «Ո՛վ անմիտ, դու ցնորուել ես, ես չեմ կատարի քո կամքը»: Բասիլիսկոսը շարունակեց՝ ասելով. «Դու չյիշեցեր ո՛չ Նրա հատուցման եւ ո՛չ էլ սուրբ Սեղանի մասին, որի միջոցով փրկուեցիր: Չպահեցիր նաեւ Նրա օրէնքները, որոնք բազում անգամ քարոզում էիր քո բերանով: Ուստի Ինքը՝ Քրիստոս մեծ Արքան, չի յիշի քեզ, այլ շատ արագ կը վերցնի քեզնից քո ժամանակաւոր թագաւորութիւնը: Դու կը վախճանուես անտանելի ցաւերով, իսկ քո մարմինը հողին չի արժանանայ»: Յուլիանոսն ասաց. «Ո՛վ անսուրբ, ես կամենում էի արձակել քեզ, բայց դու չես հնազանդւում, աւելի ու աւելի յանդուգն ես դառնում եւ անդադար ինձ անարգում: Ուստի իմ ինքնակալութիւնը հրամայում է ջլատել քեզ՝ օրէցօր քո մարմնից եօթ կաշի հանելով»: Ապա Փրուբետիմոս կոմսին հրամայեց տանել նրան ու մորթազերծ անել:
Երանելին քաջութեամբ կրում էր անմարդկային, քստմնելի տանջանքները: Ապա դառնալով կոմսին՝ ասաց նրան. «Կը ցանկանայի հանդիպել արքային ու խօսել նրա հետ»: Կարծելով, թէ նա համաձայնուել է զոհ մատուցել, կոմսն ուրախացած գնաց արքայի մօտ եւ ասաց. «Ինքնակա՛լ տէր, չդիմանալով տանջանքներին՝ Բասիլիսկոսը ցանկանում է հանդիպել քո ինքնակալութեանը»: Այս լսելով՝ թագաւորը ելաւ-գնաց Ասկլեպիոսի տաճար եւ հրամայեց այնտեղ բերել արդար մարդուն: Արդ, Բասիլիսկոսը եկաւ եւ թագաւորին ասաց. «Արքա՛, ո՞ւր են քո քրմերն ու հսկիչները, որոնք չեն հեռանում քո մօտից: Նրանք յայտնե՞լ են իմ քեզ մօտ գալու պատճառը»: Յուլիանոսն ասաց. «Ինձ այնպէս է թւում, որ դու սթափուելով եւ իմաստնանալով կամենում ես մեզ կցորդ լինել եւ այսուհետեւ ճանաչել աստուածներին»: Բասիլիսկոսն ասաց. «Արքա՛, իմացի՛ր, որ բոլոր նրանք, որոնց աստուածներ ես կոչում, ոչինչ են: Նրանք խուլ եւ կոյր կուռքեր են, որոնք դժոխք են իջեցնում բոլոր նրանց, ովքեր հաւատում են իրենց»: Այս ասելով՝ առաւ իր մաշկից կտրուած մի հատուած, շպրտեց Ուրացողի երեսին եւ ասաց. «Ա՛ռ, Յուլիանո՛ս, այս է քո ցանկալի կերակուրը: Իմ կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ: Քրիստոս է իմ օգնականը, Որին հաւատում եմ եւ Որի համար չարչարւում եմ»: Այնժամ Ուրացողն ամօթահար եղաւ եւ հրամայեց հեռացնել նրան: Քրիստոնեաները երանի էին տալիս սուրբին՝ Քրիստոս խոստովանելու եւ անտանելի չարչարանքները կրելու համար, իսկ հեթանոսները մինչեւ անգամ կարեկցում էին նրան:
Կոմսը շառագունած դուրս եկաւ արքայի մօտից, որովհետեւ հասկացաւ, որ նա բարկացաւ իր վրայ՝ իր անարգանքի պատճառ դառնալու համար: Կոմսը ապարանք մտաւ, ու նրա հրամանով սկսեցին առաւել անխնայ ու դաժանօրէն մորթազերծ անել սուրբին, մինչեւ որ բացուեց ամբողջ որովայնը: Իսկ երանելին աղօթում էր տանջանքների մէջ ու ասում. «Օրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած, քրիստոնեաների յո՛յս, որ հաստատում ես ընկածներին եւ կանգնեցնում գլորուածներին, որ փրկում ես Քեզ յուսացողներին ապականութիւնից եւ բժշկում խոցոտուածներին: Բարեսէ՛ր եւ բարեգո՛ւթ, ողորմա՛ծ եւ երկայնամի՛տ, նայի՛ր Քո փառքի սրբութիւնից եւ օգնի՛ր, որ հաւատքով աւարտեմ իմ ընթացքը՝ հաստատուն մնալով հայրերի հաւատքի մէջ ու արժանի լինեմ յաւիտենական եւ անեղծ Քո Արքայութեանը»:
Երեկոյեան կոմսը հրամայեց նրան բանտ տանել: Յաջորդ օրը Յուլիանոսը պատրաստուեց ճանապարհ ընկնել դէպի Անտիոք՝ չցանկանալով իր առջեւ տեսնել կոմսին: Այս բանից խիստ դառնացած՝ կոմսը հրամայեց դահճին իր առջեւ բերել արդար մարդուն: Ասաց նրան. «Ի՞նչ կ՚ասես, ո՛վ անմիտ, զոհ կը մատուցե՞ս, ինչպէս որ ինքնակալն է պատուիրել, թէ՞ ոչ: Արդեօք ցանկանո՞ւմ ես մեզ չհնազանդուելով կորստեան մատնուել դառը չարչարանքներով»: Բասիլիսկոսն ասաց. «Ո՛վ դու, անմի՛տ եւ անսո՛ւրբ, անցեալ օրն այնքան կաշի հանեցիր իմ թիկունքից, որ մինչեւ անգամ բոլոր տեսնողները կարեկցում էին ինձ, բայց այժմ Քրիստոսի կամքով ես ողջանդամ կանգնած եմ քո առջեւ: Ինչպէ՞ս չես հասկանում, ո՛վ տմարդի: Յայտնի՛ր քո Յուլիանոս բռնակալին, թէ որքան զօրաւոր է Աստուած, Որից նա հեռացաւ եւ խաբուելով սատանայից՝ կորստեան մատնեց իր հոգին: Չյիշեց, թէ ինչպէս Տէրն Իր սուրբ եւ Քրիստոսազգեաց քահանաների միջոցով փրկեց իրեն մահից, որոնք թաքցրեցին իրեն սուրբ եկեղեցու սուրբ եւ սքանչելի Սեղանի մօտ, բայց յետոյ նա մոռացաւ Աստուծոյ երախտիքները, նա դուրս վազեց եւ հալածեց իր Փրկչին: Հաւատում եմ իմ Քրիստոսին, որ նա ինքը կը հալածուի Աստուծոյ եկեղեցուց, կը ստանայ իր գործերի հատուցումը եւ կորստեան կը մատնուի»: Կոմսն ասաց. «Մոլեգնում ես, ցնորուա՛ծ, տիեզերքի տէր եւ անյաղթելի Յուլիանոսը համբերում է քեզ, քանզի ցուցաբերելով մեծ մարդասիրութիւն՝ նա հրամայեց մեզ տօնակից դարձնել քեզ, որպէսզի ճաշակես զոհերի եփած մսից եւ վայելես կնդրուկների անուշահոտութիւնը, սակայն դու չկամեցար հնազանդուել: Նախ մեծապէս անարգեցիր ինքնակալին եւ ապա ինձ նրան ատելի դարձրիր: Ուստի ես կը հատուցեմ քեզ տանջանքներով եւ արագ քեզ կը զրկեմ կեանքից. այժմ կը հրամայեմ, որ շիկացած շամփուրներով խոցոտեն քո որովայնը»: Բասիլիսկոսն ասաց. «Ինչպէս քաջ գիտես, բնաւ չեմ վախենում քո բռնաւորից: Մի՞թէ կարծում ես, թէ այդ խօսքերը կը վախեցնեն ինձ»:
Այնժամ կոմսը հրամայեց սրել երկաթները, շիկացնել եւ դրանցով թիկունքից խոցոտել նրան: Մինչ երանելին այս տանջանքների մէջ էր, գետնին ընկած բարձրաձայն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Լո՛յս իմ Քրիստո՛ս, յո՛յս իմ Յիսո՛ւս, ալէկոծուածների Նաւահանգի՛ստ: Գոհանում եմ Քեզնից Հա՛յր, իմ հայրերի Տէր Աստուա՛ծ, որ դուրս բերեցիր ինձ ներքին դժոխքից: Անբիծ ու անարատ պահիր Քո անունն իմ մէջ, որպէսզի մեծ Քահանայապետ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով աւարտին հասցնելով յաղթանակը եւ դէպի Քեզ իմ ընթացքը՝ ժառանգորդ լինեմ յաւիտենական Հանգստի մէջ՝ ըստ մեր հայրերին տուած խոստման: Խաղաղութեան մէջ ընդունի՛ր իմ հոգին, որովհետեւ Դու ողորմած ես, երկայնամիտ եւ բազումողորմ: Դու կենդանի ես, կաս եւ կը մնաս յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Երանելին աւարտեց իր աղօթքը եւ ասես քաղցր քնի մէջ աւանդեց իր հոգին, որը եղաւ Տիրոջ 363 թուականին՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ եւ ի պարծանս սուրբ Եկեղեցու:
Հայ Առաքեական Սուրբ Եկեղեցին Անկիւրիայի սուրբ Բասիլիսկոս քահանայի յիշատակի տօնը կատարում է սուրբ Խաչին յաջորդող իններորդ երեքշաբթի օրը հրաշագործ սուրբ Դեմետրիոս վկայի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: