Սուրբ Աստուած՝ Արարիչ յաւիտենից.
Որ նստիս ի Քերովբէս խնայեա՜ յարարածս Քո.
Աստուած հարցն մերոց:
Սուրբ Աստուած՝ Թագաւորդ մեր Քրիստոս.
Որ իջէր ի Հօրէ. եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն.
Աստուած հարցն մերոց:
Սուրբ Աստուած՝ որ աղբիւրդ ես անսպառ.
Լցուցեր զմարգարէսն եւ զառաքեալսն՝ աւետարանել զՔեզ.
Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Եկեղեցու լուսաւոր վարդապետութեան մեծապայծառ ջահը, որն անմարելի էր հակառակ փչող քամիների, այսինքն թշնամիների հալածանքների դէմ, հայրերի մէջ սքանչելի սուրբ Մելիտոս հայրապետն էր: Նա ծննդեամբ Փոքր Հայքի Մելիտենէ քաղաքից էր, ըստ Պալադիոսի՝ ազգութեամբ հայ եւ ապրել է Կոստանդիանոսի որդու՝ Կոստանդ արքայի ժամանակներում: Ծաղկուն, առաքինի վարք ունէր եւ իմաստութեամբ յոյժ հռչակուած էր թէ՛ ուղղափառների եւ թէ՛ այլափառների մեջ, որի համար նրա կենդանութեան օրօք սուրբ Եպիփանը նրան դրուատում էր գովեստի բազում խօսքերով, իսկ եկեղեցական այլ մատենագիրներ նրան համարում էին աստուածային եւ սքանչելի այր: Այսպիսի բարի համբաւի համար ուղղափառների ու արիոսականների հաւանութեամբ Մելիտոսը ձեռնադրուեց Սեբաստիայի եպիսկոպոս: Այդ կողմերում զօրացել էին արիոսականները, եւ որոշ ուղղափառ, սակայն բամբասասէր անձինք, որոնք թշնամի էին սուրբին, համարեցին, թէ նա ձեռնադրուել է այլափառների կողմից եւ իբրեւ թէ սկզբում եղել է նրանց կուսակիցը: Բայց ըստ ճշմարտապատում գրիչների՝ ճշմարիտն այն էր, որ արիոսականները նոյնիսկ կամակից են եղել Մելիտոսի ձեռնադրութեանը՝ կարծելով, թէ Աստուծոյ մարդուն համախոհ կը դարձնեն իրենց: Այդ պատճառով հետզհետէ ջանացին առաւել մեծ պատուի հասցնել նրան, սակայն նրանց խորհուրդներն ունայնացան:
Արդ, միառժամանակ մնալով Սեբաստիայի Աթոռին եւ տեսնելով եկեղեցու շուրջ ժամանակի հերձուածողների ամէնօրեայ աղմուկները, ինչպէս նաեւ անխրատ ժողովրդի ըմբոստութիւնը, Մելիտոսն առանձնացաւ ասորական Բերիա աւանում եւ իր անձը մատնեց ճգնակեցութեան: Այդ օրերին Անտիոքի Աթոռը զաւթել էր արիոսական Եւդոքսիոսը, որը բազմաթիւ անկարգութիւններից ու խռովութիւններից յետոյ մերժուեց եւ գնաց Կոստանդնուպօլիս ու այդ թագաւորանիստ քաղաքում հոգեմարտ Մակեդոնից յետոյ եպիսկոպոս դարձաւ: Այդ օրերին Կոստանդ արքան Անտիոք քաղաքից ժամանել էր այդտեղ՝ պարսից դէմ պատերազմելու համար, բայց միառժամանակ նրանց հետ հաշտութիւն կնքելուց յետոյ թիւր խորհուրդներով կամենում էր նաեւ խաղաղութիւն հաստատել եկեղեցու մէջ՝ ցանկանալով արիոսականներին միաբանել ուղղափառների եւ ուղղափառներին՝ արիոսականների հետ: Այս առիթով հաւաքեց եպիսկոպոսների բազմութեանը եւ ստիպեց նրանց վերացնել կարծեցեալ պառակտութեան պատճառները միմեանց հակառակ «համագոյ» եւ «այլագոյ» բառերի շուրջ, որոնցից առաջինն ամուր պահում էին ուղղափառները, իսկ երկրորդը՝ չարափառները: Հաւաքուածներն արքային առաջարկեցին նախ հովիւ ընտրել Անտիոքի Աթոռի համար եւ ապա նրա հետ խորամուխ լինել հաւատքի շուրջ խնդիրների մէջ: Ուղղափառներից ու այլափառներից առաջ եկան այլեւայլ անձինք, սակայն նրանք չմիաբանուեցին եւ չընտրեցին որեւէ մէկին: Այնժամ պաղեստինեան Կեսարիայի Ակակիոս եպիսկոպոսը՝ Եւսեբիոս Կեսարացու աշակերտը, որ մի այր էր՝ համախոհ արիոսականներին եւ լի խորամանկութեամբ, բայց միաժամանակ հետամուտ՝ հաճոյ լինելու ուղղափառներին, յորդորեց թագաւորին ընտրել Սեբաստիայի մեծանուն Մելիտոս եպիսկոպոսին: Այս խորհրդի շուրջ միաբանուեցին արիոսական եպիսկոպոսներից ոմանք՝ յոյս ունենալով յետագայում որսալ նրան դէպի իրենց կողմը: Նրա ընտրութիւնը յօժարակամ ընդունեցին նաեւ ուղղափառ եպիսկոպոսները, որոնց մէջ նշանաւոր էր Սամոսատի սուրբ Եւսեբիոս եպիսկոպոսը, որովհետեւ նա քաջածանօթ էր երանելի Մելիտոսի ողջամիտ վարդապետութեանը եւ նրա աստուածամերձ առաքինութիւններին:
Ուստի երկու կողմերի միախոհ հաւանութեամբ եւ հիմնաւոր համաձայնութեամբ արձանագրուեց Մելիտոսի ընտրութեան թուղթը: Ստորագրուելուց յետոյ այն որպէս աւանդապահի տրուեց Սամոսատի Եւսեբիոս եպիսկոպոսի ձեռքը, եւ այնուհետեւ թագաւորի կողմից հրաւիրակներ ուղարկուեցին Սեբաստիա՝ Մելիտոսին պատուով եւ արքունի երիվարներով բերելու համար: Սուրբի համբաւը տարածուել էր այնքան, որ բոլոր քահանաները եւ եկեղեցու սպասաւորները՝ թէ՛ ուղղափառ եւ թէ՛ արիոսական, ինչպէս նաեւ քաղաքի թէ՛ քրիստոնեայ, թէ՛ հրեայ եւ թէ՛ հեթանոս քաղաքացիների բազմութինը, կարօտ լինելով Աստուծոյ մեծահռչակ մարդու տեսութեանը, ընդառաջ ելան:
Եւ այսպէս Տիրոջ 360 թուականին Մելիտոսին նստեցրին Անտիոքի հայրապետական Աթոռին: Տեղում գումարուած եպիսկոպոսների ժողովը, որ միտուած էր հաւատքի խնդիրներին, նախեւառաջ ցանկացաւ լսել Մելիտոսին: Իսկ երանելի հայրապետը՝ որպէս իմաստուն բժիշկ եւ կեանքի առաքելանման քարոզիչ, իր ատենախօսութեան սկզբում եկեղեցականների, պառակտուած ժողովրդի եւ հերձուածողների մասին ոչ մի խօսք առաջ չբերեց, այլ սկսելով խօսել վարքի ուղղութիւնից ու բարեկարգութիւնից՝ ազդու խօսքերով բորբոքեց ունկնդիրներին՝ հոգու մոլեկան ախտերը վերացնելու եւ առաքինութիւններ ձեռք բերելու համար, բայց առաւելապէս յորդորեց աստուածասիրութիւն եւ եղբայրասիրութիւն, որոնցով միայն եկեղեցում խաղաղութիւն կը հաստատուէր: Եւ ապա աստիճանաբար շարունակելով՝ յայտնապէս քարոզեց ճշմարիտ ուղղափառ հաւատքը: Նախ առանց անուանապէս նախատելու ժխտեց արիոսականների այլագոյութիւնը ու անժխտելի ցոյց տուեց Հօր եւ Որդու նմանագոյութիւնը, որն ընդունում էին կիսաարիոսականները եւ ուրանում էին եւնոմեականները: Միաժամանակ ըստ նիկիական դաւանութեան՝ տիրապէս խօսեց համագոյութեան մասին եւ հաստատեց, թէ Բանն արարած չէ, այլ Հօր ճշմարիտ ծնունդը եւ Աստուած է Աստծուց, որից այլափառների դասն ամօթահար եղաւ:
Մի անգամ արքան հրաման արձակեց, որ եպիսկոպոսներից ոմանք եկեղեցու ատեանի առաջ խօսեն հաւատքի վարդապետութիւնից եւ ինչպէս որ գիտեն, մեկնեն առակի հետեւեալ խորիմաստ խօսքերը. «Տէրը ստեղծեց Ինձ Իր ճանապարհի սկզբին՝ Իր գործերի համար»[1] եւ կարգեց դպիրների՝ նրանց խօսքերը գրագրելու համար: Անամօթաբար նախ առաջ եկաւ լաւոդիկեցիների Գէորգ եպիսկոպոսը եւ չար մտքով խեղաթիւրելով գրուածը՝ բորբոքեց Արիոսի մոլորութիւնը բոլորի ականջներում: Նրանից յետոյ Ակակիոս Կեսարացին մեկնաբանեց կնճռոտ խօսքերով եւ թէպէտ հերետիկոսական հայհոյութիւններ չարեց, բայց նաեւ չճառեց ուղղափառութեան ճշմարտութեան մասին: Այնժամ առաջ եկաւ մեծն Մելիտոսը եւ սկսեց իմաստուն կարգաբանութեամբ ուսուցանել աստուածաբանելու օրինաւոր կարգը Աստուածութեան եւ Աստուծոյ Բանի տնօրինութեան մասին: Ըստ մարգարէական եւ առաքելական քարոզութեան՝ հաստատահիմն խօսքերով առաջ բերեց ընդհանրական Եկեղեցու ողջամիտ վարդապետութիւնը՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ խոտորուելով արքայական ճշմարիտ շաւղից:
Այնժամ ամբողջ ժողովուրդն սկսեց յայտնապէս գովաբանել նրա կողմից ասուած խօսքերը եւ աղաչել նրան, որ հակիրճ խօսքերով բովանդակի ճշմարտութեան իմաստը, որպէսզի կարողանան հեշտութեամբ մտապահել նրա աստուածուսոյց վարդապետութիւնը: Այս բանից չարացած՝ Անտիոքի եկեղեցու սարկաւագապետը մօտեցաւ հայրապետին, իր ձեռքով փակեց նրա աստուածաբան բերանը, որպէսզի դադարէր խօսել այնպիսի բաներ, որոնք չէր ախորժում լսել ո՛չ արիոսական եպիսկոպոսների բազմութիւնը եւ ո՛չ էլ թագաւորն ինքը, որը համախոհ էր դարձել նրանց:
Իսկ երանելի Մելիտոսը, տարածելով իր ձեռքերը ժողովրդի կողմը, բերանի փոխարէն ժողովրդի խնդրանքն ուսուցանեց ձեռքով. նախ վեր բարձրացրեց երեք մատերը, եւ ապա երկուսը պահելով՝ միայն մէկը ցոյց տուեց: Հասկանալով այս բանի յայտնի դիտաւորութիւնը՝ սարկաւագը բաց թողեց նրա բերանը եւ կամեցաւ բռնել ձեռքերը: Այնժամ սուրբ Մելիտոսն արձակ լեզուով բացատրեց ցոյց տուած երեք եւ մէկ մատերի խորհուրդը: «Երեքն են, - ասաց, - որոնց իմանում ենք, սակայն խօսում ենք որպէս Մէկի մասին»՝ յայտարարելով, թէ մի է համագոյ Սուրբ Երրորդութեան բնութիւնը:
Ուղղափառների դասը լցուեց ուրախութեամբ, տաճարի մէջ ցնծութեան ձայնով սկսեց օրհնել Աստծուն եւ մեծապէս գովաբանել սուրբ հայրապետին, իսկ բոլոր արիոսականներն ամօթահար եղան եւ թագաւորի հետ գլխիկոր հեռացան եկեղեցուց, որովհետեւ խորտակուեց իրենց յոյսը, եւ բռնուեցին իրենց խորամանկութեան մէջ: Այնուհետեւ որոշեցին Մելիտոսին անմիջապէս հեռացնել Աթոռից: Արքունի հրամանով նախ Մելիտոսին հեռացրեցին եկեղեցուց, որպէսզի այլեւս չվարդապետի ժողովրդին, ապա կանչեցին նրան եւ յորդորեցին, որ ժողովրդի առջեւ խօսի հակառակ իր ասածների եւ ցոյց տայ, որ զղջացել է իր նախկին խօսքերի համար: Իսկ քաջ նահատակն ու ճշմարտութեան առաքինի քարոզիչը անդրդուելի մնաց հաւատքի Նիկիական դաւանանքի մէջ եւ չդադարեց նոյնը քարոզելուց ու մոլորուածներին յանդիմանելուց: Այդ պատճառով միաբանուած արիոսականները թագաւորի մօտ չարախօսեցին Մելիտոսից, թէ նա, դէմքերը խառնելով եւ երեք Անձերը միաւորելով, խորհում է ըստ Սաբէլի: Եւ այս պատճառով արքայից հրաման ելաւ, ըստ որի՝ հայրապետական Աթոռը ստանձնելուց երեսուն օր անց նա պէտք է հեռացուէր Աթոռից: Այդպէս գիշերուայ մէջ երանելուն հեռացրին Անտիոքից եւ աքսորեցին իր հայրենի Մելիտենէ քաղաքը: Նրա տեղում նստեց անարժան Եւզոյոսը, որը Արիոսի գլխաւոր արբանեակներից մէկն էր: Բայց Անտիոքի եկեղեցին, որը մէկ ամիս վայելեց սուրբ Մելիտոսի վարդապետութիւնը, այնուհետեւ հաստատուն մնաց հաւատքի Նիկիական դաւանութեան մէջ, եւ ինչպէս սուրբ Եպիփանն է ասում, դա եղաւ երանելի Մելիտոսի ամենամեծ ու պանծալի գործերից մէկը:
Դրանից յետոյ արիոսականները ճիգ ու ջանք չէին խնայում Սամոսատի սուրբ Եւսեբիոսի ձեռքից սուրբ Մելիտոսի ընտրութեան մասին թուղթն առնելու եւ պատռելու համար, սակայն չկարողացան, որովհետեւ երանելի Եւսեբիոսը խոյս տուեց նրանց երեսից ու գնաց Սամոսատ: Եւ թէպէտ արիոսականների դրդմամբ թագաւորը նրա յետեւից սուրհանդակ արձակեց՝ թուղթն առնելու համար, բայց Եւսեբիոսը արքունի սուրհանդակին պատասխանեց. «Ես չեմ կարող այդ թուղթը տալ որեւէ մէկին, եթէ նոյն վայրում չգտնուեն բոլոր նրանք, ովքեր այն յանձնեցին ինձ՝ հաստատուած իրենց ընդհանուր դաշինքով»: Այս լսելով՝ թագաւորը բարկացաւ եւ դարձեալ սուրհանդակ ուղարկեց՝ հրովարտակով հանդերձ, որում սպառնում էր՝ կտրել նրա աջ ձեռքը, եթէ չտար թուղթը: Բայց երանելի Եւսեբիոսը բնաւ չվախենալով մեկնեց իր երկու ձեռքերը եւ սուրհանդակին ասաց. «Ե՛կ, կտրի՛ր ոչ միայն իմ աջ ձեռքը, այլեւ ձախը: Ես չեմ տայ որոշման գրութիւնը, որն ամբարիշտ արիոսականների յաւերժական կշտամբիչն է»: Երբ այս խօսքերը հասան թագաւորին, նա զարմացած գովաբանեց Եւսեբիոսին ու դադարեց պահանջել թուղթը:
Սակայն երանելի Մելիտոսի անմեղութեան եւ ողջամտութեան այսչափ յայտնի տարացոյցից յետոյ անգամ նրա վրայ միահամուռ հալածանքներ սկսուեցին այլափառների եւ ուղղափառների կողմից: Անտիոքացի ուղղափառների մի մասը, որոնք նրա շնորհիւ հաստատուել էին հաւատքի Նիկիական դաւանութեան մէջ, համախոհ էին նրան եւ հաղորդութիւն չունէին արիոսական Եւզոյոս եպիսկոպոսի հետ, այլ հաճախում էին քաղաքից դուրս՝ հին թաղամասի եկեղեցին: Սակայն քաղաքում կար նաեւ ուղղափառների մէկ այլ դաս, որոնք Անտիոքի սուրբ Եւստաթէոսի անուամբ կոչւում էին եւստաթէոսականներ: Սրանք ինչպէս որ խորշում էին Եւզոյոսից, նոյնպէս էլ չէին կամենում հաղորդակցուել ուղղափառ մելիտոսեանների հետ՝ պատճառաբանելով, թէ Մելիտոսը ձեռնադրուել է արիոսականների կողմից, եւ մելիտոսեաններն էլ արիոսականների ձեռամբ են մկրտուած: Այսպէս ուղղափառների դասը Անտիոքում բաժանուած էր երկու մասի:
Արդ, այդ ժամանակներում՝ Տիրոջ 361 թուականին, մեռաւ Կոստանդ կայսրը՝ զղջում ապրելով իր աստուածասէր հօր՝ Կոստանդիանոսի շաւիղներից հեռանալու համար, եւ համայն կայսրութեանը տիրեց Յուլիանոս ուրացողը: Նա հրաման արձակեց, ըստ որի՝ Կոստանդ կայսեր հրամանով բոլոր աքսորուածները պէտք է վերադառնային իրենց տեղը եւ իրենց Աթոռին: Այնժամ Անտիոքի Աթոռին վերադարձաւ նաեւ սուրբ Մելիտոսը, սակայն նա խաղաղութիւն չգտաւ, որովհետեւ նախքան նրա Անտիոք հասնելը քաղաքացիների միջեւ խորացել էր պառակտութիւնը նոր նշանակուած եպիսկոպոսի պատճառով, որն ընտրուել էր խաղաղութիւն հաստատելու համար: Արեւմտեան առաջնորդներից երկուսը՝ հռոմէացիների սուրբ Եւսեբիոս Վերկեղացի եպիսկոպոսը եւ Սարդինիա կղզու Լուկիփեր Կալարիտացին, որոնք Կոստանդ արքայի կողմից աքսորուած էին եղել Թեբայիդ, որոշեցին նախքան արեւմուտք վերադառնալը խաղաղութիւն հաստատել արեւելեան երկփեղկուած ուղղափառների միջեւ: Եւսեբիոսը գնաց Ալեքսանդրիա՝ Աթանաս Մեծի մօտ՝ միասին քննարկելու եւ այդ խնդրի շուրջ խորհուրդ անելու, իսկ Լուկիփերը, առանձնանալով նրանից, եկաւ Անտիոք եւ կամենալով անձամբ հարթել իրավիճակը՝ սկսեց յորդորել երկու կողմերին՝ եւստաթէոսականներին եւ մելիտոսեաններին համախմբուել սիրոյ շուրջ՝ մէկ միաբանութեան մէջ: Տեսնելով, որ եւստաթէոսականներն ամուր են իրենց դիրքում եւ չեն միաբանւում, անցաւ նրանց կողմը եւ որպէս ուղղափառների միւս դասից զատուած առանձին հօտի հովիւ՝ եպիսկոպոս ձեռնադրեց նրանց առաջնորդ Պաւլինոս երէցին: Անտիոքում երկու դասերի հերձուած հաստատուեց, որը պէս-պէս հակառակութիւններով տեւեց ութսունհինգ տարի: Եւստաթէոսականները կոչուեցին պաւլինեաններ, նաեւ լուկիփերեաններ, որը խայթելի անուն էր, որովհետեւ տարածուած կարծիք կար, որ Լուկիփերոսը նաեւ այլ մոլեկան հերձուածների յարուցիչն էր: Պաւլինոսի եպիսկոպոս ձեռնադրուելուց յետոյ Ալեքսանդրիայից Անտիոք եկաւ սուրբ Եւսեբիոս եպիսկոպոսը: Տեսնելով երկու ուղղափառ դասերի երկփեղկուածութիւնը, թէպէտ յոյժ տրտմեց եւ դժկամեց Պաւլինոսի ընտրութեան համար: Բայց որպէսզի չերեւար, թէ մեղաւոր է համարում ձեռնադրողին, լուռ մնաց եւ միւս կողմից բամբասանքի չենթարկուելու համար զգուշացաւ հաղորդ լինել այս կամ այն կողմի հետ, մինչեւ որ կարողանար եպիսկոպոսների ժողովի միջոցով խաղաղութեան ելք գտնել: Եւ մինչ նա Անտիոքում էր, Տիրոջ 362 թուականին այնտեղ եկաւ նաեւ Անտիոքի Աթոռի հարազատ հովիւը՝ սուրբ Մելիտոսը, որին մելիտոսեաններն իսկոյն յարեցին, իսկ պաւլինեանները հեռացան: Տեսնելով ցրուած, նաեւ չարաչար կերպով երկու դասի բաժանուած հօտին՝ սուրբ Մելիտոսը չգիտէր, թէ ինչ անէր: Անհնար էր հեռացնել Պաւլինոսին՝ բռնութեամբ հօտն իր կողմը ձգելով եւ առաւել սխալ կը լինէր ժողովրդի կէսին թողնել առանց հովուի ու հեռանալ: Ուստի ճիշտ համարեց առաջնորդութիւնը վարել ժողովրդի մի մասի համար, որ պարսպից դուրս էր, իսկ Պաւլինոսին թոյլ տալ առաջնորդել նրանց, ովքեր պարսպից ներս էին, ուր նստում էր նաեւ արիոսական Եւզոյոսը:
Արդ, այս կերպով Անտիոքում եղան ուղղափառների երկու հօտ եւ երկու հովիւ: Եւ թէպէտ հովիւները Աստուծոյ երկիւղած այրեր էին, սակայն ժողովուրդն աստուածավախ չէր, որովհետեւ հօտի բաժանումը բոլոր անկարգութիւնների սկիզբն է: Նրանցից անպակաս էին հակառակութիւնները, նախանձութիւնը եւ միմեանց չարախօսելը: Մինչեւ իսկ այս կամ այն կողմի եկեղեցական շատ նշանաւոր անձինք արհամարհում էին միմեանց, որին մարդկայնօրէն տրուեց նաեւ Աստուծոյ սքանչելի այր Հերոնիմոս Գաղմատացին, որը ձեռնադրուելով Պաւլինոսի կողմից՝ սկսեց խածոտել Մելիտոսին եւ մելիտոսեաններին:
Եւ երբ այս անգամ սուրբ Մելիտոսը զբաղեցրեց իր Աթոռը, չանցած մէկ տարի կամ աւելի քիչ, Յուլիանոս ուրացողը եկաւ Անտիոք՝ պարսից դէմ պատերազմելու համար: Այդ նոյն օրերին մի քրմի որդի, ապաւինելով սուրբ Մելիտոսին, սուրբ մկրտութիւն էր խնդրում նրանից: Սուրբ Մելիտոսը փախցրեց նրան Երուսաղէմի սուրբ Կիւրեղ հայրապետի մօտ, եւ երբ այս մասին տեղեկացրին Յուլիանոսին, նա սաստիկ զայրացաւ եւ սուրբ Մելիտոսի վրայ այլ մեղադրանքներ բարդելով՝ հրամայեց արտաքսել նրան: Եւ այդպէս քաջ հովիւը երկրորդ անգամ վտարուեց իր Աթոռից:
Կարճ ժամանակ անց Յուլիանոսը մեռաւ Պարսկաստանում, եւ երբ նրա փոխարէն Տիրոջ 363 թուականին թագաւորեց բարեպաշտ Յովիանոսը, նրա հրամանով Յուլիանոսի կողմից բոլոր աքսորուածները վերադարձան: Այդ թւում սուրբ Մելիտոսը եւս պատուով վերադարձաւ Անտիոք՝ իր Աթոռին: Այնժամ ինքնակալը Յովիանոսն էր, որը քաջատեղեակ էր Մելիտոսի սրբութեանն ու իմաստութեանը եւ պատւում էր նրան որպէս Աստուծոյ մարդու: Հրաման արձակեց, որ քաղաքում հրաւիրուի եպիսկոպոսաց ժողով, եւ ըստ նիկիական դաւանութեան՝ հաստատուի ուղղափառ հաւատքը: Այնժամ արիոսական եպիսկոպոսները Ակակիոս Կեսարացու գլխաւորութեամբ ստիպուած եղան միաբանուել ուղղափառների հետ եւ ընդունել նիկիական «համագոյակից» սահմանումը, որովհետեւ երկիւղ ունէին թագաւորից եւ ակնածում էին սուրբ Մելիտոսից, որը սիրելի էր արքային: Այդ պատճառով սուրբ Մելիտոսից եւ այլ ուղղափառ եպիսկոպոսներից յետոյ իրենք եւս ձեռք դրեցին ուղղափառ հաւատքի սահմանումի վրայ:
Այնժամ թագաւորը Մելիտոսին՝ որպէս քաղաքի հարազատ հայրապետի, շնորհեց անտիոքացիների «Տէրունիք» կոչուող մեծ եկեղեցին, որը կառուցուել էր Կոստանդիանոսի կողմից, եւ որին մինչ այդ բռնի ուժով տիրում էին արիոսականները: Այնուհետեւ Մելիտոսն առաւել համարձակ էր վարում իր հովուապետական պաշտօնը եւ քարոզում ճշմարիտ հաւատքը ընդդէմ հեթանոսների ու հերեսիովտականների: Իսկ Պաւլինոսը, որն իբրեւ առանձին եպիսկոպոս նստում էր այդ քաղաքում, պահում էր իր սեփական ժողովրդին, որին Մելիտոսը կայսեր միջոցով թէպէտ կարող էր կցել իրեն, սակայն չկամեցաւ տրտմեցնել Պաւլինոսին:
Այդ շրջանում Անտիոքում շատ նշանաւոր մարդիկ աշակերտեցին սուրբ Մելիտոսին եւ դաստիարակուեցին նրա օրինակով: Նրա ձեռամբ սարկաւագ ձեռնադրուեց Բասիլիոսը՝ նոյն Բարսեղ Կեսարացին, որը յետոյ եղաւ սելեւկիացիների եպիսկոպոսը: Սակայն բոլորից առաւել եղաւ Մելիտոսի ձեռնասուն աշակերտ սուրբ Յովհան Ոսկեբերանը՝ տիեզերալոյս վարդապետը, որը եւս չափահաս տարիքում մկրտուեց նրա կողմից: Տեսնելով, որ Ոսկեբերանը խորամուխ էր եղել օտար ուսմունքների մէջ, երանելի Մելիտոսը դարձրեց նրան աստուածային իմաստութեանը, որը եթէ չանէր, Ոսկեբերանը պատրաստւում էր լինել Լիբանիոս իմաստասէրի յաջորդը հելլենական դպրութեան մէջ, իսկ եկեղեցին կը զրկուէր նման լուսաւոր վարդապետից: Այնպէս որ սուրբ Մելիտոսն իրաւամբ ճանաչւում է բոլոր բարիքների սկզբնառիթը, որոնք սուրբ Ոսկեբերանի միջոցով եղան ընդհանրական եկեղեցուն:
Սուրբ Մելիտոսն Անտիոքի Աթոռը պահեց հինգ-վեց տարի եւ այս էլ երրորդ անգամ արիոսական Վաղէս արքայի կողմից աքսորուեց ուղափառ վարդապետութեան համար: Վաղէսը թէպէտ նախկինում յարում էր ուղղափառութեանը, սակայն յետոյ արիոսականներին յետեւող իր կնոջ թելադրանքով իսպառ անցաւ նրանց կողմը եւ հալածանքներ յարուցեց ընդդէմ ուղղափառների՝ արտաքսելով նրանց առաջնորդող բոլոր եպիսկոպոսներին: Այդ թւում Անտիոքի Աթոռից հեռացրեց նաեւ սուրբ Մելիտոսին եւ մօտ 370 թուականին ուղարկեց Հայոց աշխարհ: Ոսկեբերանն այս մասին գրում է. «Մելիտոսը Հայաստան գնաց ոչ թէ միայնակ, այլ անտիոքացիների ողջ քաղաքն իր հետ տանելով, որովհետեւ ժողովրդի սիրտն իր հովուի հետ էր: Եւ թէպէտ մարմնով հեռացան նրանից, սակայն հոգով նրա հետ էին, որովհետեւ նա սրտով անդադար հոգ էր տանում իր հօտի համար՝ նաեւ նրանցից հեռու լինելով»: Ժողովրդից ոմանք կամենում էին քարկոծել քաղաքապետին, որը Մելիտոսին կառքով տանում էր դէպի աքսորավայր, սակայն սուրբ հայրապետն արգելեց նրանց եւ իր հանդերձներով ծածկեց ու պաշտպանեց քաղաքապետին: Այս դէպքը պանծալիօրէն նկարագրում է Ոսկեբերանը Մելիտոսին նուիրուած ներբողական ճառի մէջ: Եւ մինչ սուրբ Մելիտոսը գտնւում էր Հայաստանում, ուր առանձնութեամբ ճգնում էր մի ագարակում, նրան ողջունելու եկաւ Կեսարիայի Բարսեղ Մեծ հայրապետը եւ իբրեւ ըստ Աստուծոյ ճշմարիտ բարեկամ՝ մխիթարակից եղաւ նրան:
378 թուականին, երբ Վաղէսը վախճանուեց դաժան, օրհասական մահով, այնժամ Գրատիանոս բարեպաշտ կայսրը Թէոդոս Մեծ սպարապետի յորդորով, որին յետոյ դարձրեց իր գահակիցը, հրամայեց, որ Վաղէսի կողմից աքսորուած բոլոր եպիսկոպոսները վերադառնան իրենց Աթոռներին: Եւ այդպէս Անտիոք վերադարձաւ նաեւ սուրբ Մելիտոսը, բայց այս անգամ եւս խաղաղութիւն չգտաւ պառակտուած ուղղափառների պատճառով, որովհետեւ Պաւլինոսին միաբանուածները չկամեցան հաղորդութիւն ունենալ իր հետ: Այնքան մեծ էր պառակտութիւնը, որ մինչ Մելիտոս խոստովանող հայրապետը աքսորուած եւ վտարանդի շրջում էր՝ հալածանքներ կրելով, այնքան աւելի ու աւելի էր զօրանում Պաւլինոս եպիսկոպոսը: Նա ցանկանում էր նստել Անտիոքի առաջնորդութեան Աթոռին եւ ստանալ արեւմտեանների հովանաւորչութիւնը իր կողմից ձեռնադրուած Հերոնիմոսի զօրաւոր գրչի միջոցով, որը համամիտ էր չարախօսներին եւ ճիշտ կարծիք չունէր Մելիտոսի մասին: Մինչեւ իսկ Հռոմի հայրապետ սուրբ Դամասոսն առաւել համակրում էր Պաւլինոսին, քան Մելիտոսին՝ հաւատալով այն խօսակցութիւններին, որոնք տարածում էին այդժամ արեւելքում բնակուող հերոնիմեաններն ու արեւմտականները: Այս մասին ոմն Բարոնիոսն անկեղծութեամբ գրում է. «Յայտնի է սուրբ Բարսեղի վկայութիւնից, որ սուրբ Դամասոսը, ինչպէս սովորաբար լինում է, խաբուել էր իր ականջին հասած ինչ-ինչ սուտ պատմութիւններից, այլապէս բոլոր միւս Աթոռները եւ մեծամեծ հայրերը որպէս Անտիոքի արժանաւոր հովիւ չէին ընդունի Պաւլինոսին, այլ Մելիտոսին: Նրանք էին սուրբ Աթանաս Ալեքսանդրացին, սուրբ Եւսեբիոս Սամոստացին, սուրբ Գրիգոր Աստուածաբանը, սուրբ Բարսեղը եւ նրա եղբայր սուրբ Գրիգոր Նիւսացին, սուրբ Ամփիլիքիոս Իկոնացին, սուրբ Կիւրեղ Երուսաղէմացին, սուրբ Պելագիոս Լաւոդիկեցին եւ ուրիշներ»: Արդ, թէպէտ նրանք բոլորը սուրբ Մելիտոսի հետ կարող էին հեռացնել Պաւլինոսին, սակայն խնայեցին նրան որպէս բարի եւ ծեր մարդու: Միաժամանակ չկամեցան ալէկոծել արեւմտեան թեւին, բայց նաեւ չէին կարողանում տանել աղմուկները, որոնք յուզում էին արեւելքին Պաւլինոսի կուսակիցների պատճառով: Սրանք՝ որպէս հերձուածողների, խորշում էին մելիտոսեաններից եւ խօսքեր էին փնտռում՝ իրենց հերձուածը հաստատելու համար: Այսպէս ատելութիւն զօրացաւ երկու կողմերի մէջ, եւ սկսեցին միմեանց կոչել հերետիկոսներ, արիոսականներ, սաբէլականներ: Մելիտոսեաններն առաւելապէս գործածում էին երեք Անձեր բառերը անձնաւորութեան նշանակութեամբ, իսկ պաւլինեաններն ընդունում էին մի անձնաւորութիւն՝ գոյութեան նշանակութեամբ: Նրանց բոլորի միտքն ուղիղ էր, սակայն նրանց միտքը ուղիղ չէր ընկերոջ մտքի հանդէպ: Բոլոր հակառակութիւնների արմատը նոյն քաղաքը երկու Աթոռների բաժանուած լինելն էր: Այս բանի համար սուրբ Մելիտոսն ու սուրբ Բարսեղը կրեցին շատ չարչարանքներ եւ գրութեամբ հանդերձ՝ պատգամաւոր ուղարկեցին Հռոմի հայրապետի եւ արեւմտեան եպիսկոպոսների մօտ՝ հակառակութեան տանող այդ արգելքները վերացնելու համար: Այդ ընթացքում բազմաթիւ տառապանքներ կրելուց յետոյ՝ 379 թուականին՝ տարուայ առաջին օրը, Բարսեղ Մեծը հեռացաւ կեանքից, եւ ինն ամիս անց՝ նոյն տարուայ հոկտեմբեր ամսին, Անտիոքում գումարուեց եպիսկոպոսաց ժողով: Այնտեղ էր եկել նաեւ առաքինի Շապուհ զօրավարը, որն ուղարկուել էր կայսեր կողմից՝ արիոսականների յանդգնութիւնը սանձելու եւ եկեղեցու խռովարարներին սանձահարելու համար:
Արդ, ժողովում շատ կարծիքներ եղան. մելիտոսեանները պնդում էին, թէ Անտիոքի Աթոռի հարազատ ժառանգորդը Մելիտոսն է, իսկ Պաւլինոսը՝ նորամուտ, եւ պաւլինեաններն էլ՝ թէ Պաւլինոսը ձեռնադրուած է ուղղափառների ձեռամբ, իսկ Մելիտոսը՝ արիոսականների: Կռուին վերջ չկար, եւ խնդիրը լուծում չէր ստանում: Այնժամ երանելի Մելիտոսը, որ հեզ էր մարդկանց բոլոր որդիներից առաւել, սկսեց քաղցրութեամբ խօսել Պաւլինոսի հետ եւ ասել. «Արդ, Տէրն այս ոչխարների հոգածութիւնը նաեւ ինձ է յանձնել եւ դու էլ նրանց մի մասի խնամքը քեզ վրայ ես առել: Արդ, ոչխարները ճշմարտապէս միաձայն են՝ բարեպաշտութիւնը խոստովանելիս: Ուրեմն ե՛կ միաբանութեամբ միաւորենք Տիրոջ հօտը, ո՛վ բարեկամ: Հեռացնենք մէջտեղից գահասիրութիւնը եւ միեւնոյն հոգով արածեցնելով հօտը՝ միօրինակ խնամք տանենք նրա բարեկարգութեան համար: Իսկ եթէ այս Աթոռը, որ կայ մեր միջեւ, պառակտութիւններ կը ծնի յաջորդների մէջ, ապա ես դրանք կը վերացնեմ: Ահաւասիկ աստուածային Աւետարանը ես կը դնեմ նրա վրայ եւ վկայութիւն կը տամ, որ մեզնից ոչ ոք չի նստի Աթոռին, այլ երկուսս էլ կը նստենք նրա երկու կողմերին: Եթէ լինի, որ ես փոխուեմ աշխարհից քեզնից առաջ, այնուհետեւ դու միայնակ կը հովուես այս հօտը, իսկ եթէ վիճակուի, որ ինձնից առաջ դու վախճանուես, ապա ըստ իմ կարողութեան՝ ես հոգ կը տանեմ քո հօտի համար»:
Հաւաքուածները միաբանուեցին այս իմաստուն առաջարկութեան շուրջ ու երդում տալով՝ ստիպեցին բոլոր նրանց, որոնք կարծում էին, թէ պէտք է լինէին Անտիոքի Աթոռի յաջորդ զբաղեցնողները, քանզի երկուսից՝ Մելիտոսից եւ Պաւլինոսից մէկի վախճանից յետոյ, երբ միւսը ողջ մնար, նա չպէտք է լինէր ժողովրդի մի մասի եպիսկոպոսը: Բայց ծերունի Պաւլինոսը, իւրայիններից դրդուած, չկամեցաւ յանձն առնել խաղաղասէր Մելիտոսի առաջարկը եւ պնդեց, թէ Անտիոքի բուն Աթոռը պատկանում է իրեն եւ իր յաջորդներին, որովհետեւ իր ձեռնադրութիւնը եղել է ուղղափառների կողմից:
Այնժամ Շապուհ զօրավարը բարկացաւ եւ ըստ արքունի իշխանութեան, որ ունէր, անտիոքացիների եկեղեցին յանձնեց Մելիտոս Մեծի ձեռքը, իսկ Պաւլինոսը մնաց որպէս առանձին եպիսկոպոս, այսինքն ժողովրդի զատուած մասի տեսուչ: Ժողովուած եպիսկոպոսները թէպէտ չկարողացան իսպառ վերացնել Աթոռի շուրջ եղող վէճերը, բայց գործադրեցին իրենց բոլոր ջանքերը, որպէսզի խաղաղութիւն եւ սէր հաստատէին ուղղափառների երկու դասերի՝ մելիտոսեանների եւ պաւլինեանների մէջ: Եւ այնուհետեւ որեւէ մէկը չէր խորշում իր եղբօրից՝ որպէս հերձուածողի, այլ միաբանուած սիրով՝ բոլորը եղան իբրեւ ոչխարներ ողջամիտ հովիւների ներքոյ:
Մինչ ընթանում էին այս իրադարձութիւնները, նոյն՝ 379 թուականին Գրատիանոսի բարեպաշտ եւ առաքինի Թէոդոս սպարապետը բարբարոսներին ոչնչացնելուց յետոյ անձամբ եկաւ կայսեր մօտ՝ յաղթութեան աւետիս տալու համար: Բայց նախքան ինքնակալի մօտ գալը, գիշերային տեսիլքի մէջ նա տեսաւ Աստուծոյ մարդուն՝ Անտիոքի Մելիտոս հայրապետին, որն իր վրայ արքայական քղամիդ գցեց, իսկ գլխին կայսերական պսակ դրեց: Առաւօտեան արթնանալով՝ այն պատմեց իր մերձաւոր մէկ- երկու բարեկամներին, եւ ահա քիչ օրեր անց Գրատիանոսը, ստուգելով Թէոդոսի յաղթանակի իսկութիւնը, նրան գահակից դարձրեց իրեն եւ թագաւորեցրեց ինքնակալութեան արեւելեան կողմերի վրայ՝ իր հօրեղբօր՝ Վաղեսի տեղում:
Տիրոջ 380 թուականին Թէոդոս թագաւորը եկաւ Կոստանդնուպօլիս եւ կամեցաւ տիեզերական ժողով գումարել՝ արիոսական մոլորութեան մնացուկները եւ հոգեմարտ մակեդոնականների նորընձիւղ աղանդները վերացնելու եւ միաժամանակ Գրիգոր Աստուածաբանին թագաւորանիստ քաղաքի պատրիարքութեան Աթոռին հաստատելու նպատակով: Բոլոր կողմերից հրաւիրեց բազմաթիւ եպիսկոպոսների, սակայն իբրեւ առաքելանման մարդու՝ առանձին մեծարանքով հրաւիրեց սուրբ Մելիտոսին, որին ճանաչում էր ոչ թէ տեսնելով, այլ տեսիլքից, եւ որը եղաւ գլխի պսակ՝ ժողովուած հարիւր յիսուն սուրբ հայրերի համար: Քանզի բոլորը համարում էին նրան իբրեւ եկեղեցու սիւն եւ ճշմարիտ դաւանութեան գործերով փայլող ու սուրբ վարքով պայծառացած ուղղափառութեան ջահ, որին չի յագենում գովաբանել Գրիգոր Աստուածաբանը: Նրան կոչում էր քաջ հովիւ եւ առաքինի առաջնորդ, որն ունէր պարզ սիրտ եւ անկեղծ վարք, լի էր Աստուծոյ Հոգով եւ փայլում էր շնորհալի ու պատկառելի դէմքով, որի երեսից Սուրբ Հոգու զեղումը սփռւում էր իրեն տեսնողներին: Եւ ինչպէս որ իր անունն էր՝ Մեղիտոս, այսինքն մեղրաւէտ, այնպէս էլ իր գործերն էին:
Ժողովի սկզբում մի հիասքանչ դէպք կատարուեց: Երբ եպիսկոպոսները հաւաքուեցին Կոստանդնուպօլսում, Թէոդոս ինքնակալը պատուիրեց, որ ոչ ոք չասի իրեն, թէ նրանցից ով է Մեծն Մելիտոսը, որովհետեւ ինքն էր կամենում գտնել նրան՝ ըստ տեսիլքում տեսած կերպարանքի: Արդ, երբ եպիսկոպոսների ողջ բազմութիւնը մտաւ պալատ՝ ողջունելու ինքնակալին, արքան, նայելով իր շուրջը, թողեց բոլորին եւ մօտենալով սուրբ Մելիտոսին՝ խանդաղատանքով գրկեց նրան, ինչպէս կը գրկէր որդին հարազատ հօրը, անյագաբար համբուրեց սուրբի աչքերը, բերանը, գլուխը, լանջերն ու ձեռքերը եւ բոլորին պատմեց, թէ ինչպէս է տեսիլքի մէջ տեսել երանելի Մելիտոսին: Եւ ապա ողջունելով բոլոր սուրբ հայրերին՝ խնդրեց խորհրդակցել եկեղեցու կարեւոր խնդիրների շուրջ, որի համար հաւաքուել էին: Այնժամ ամէն բանից առաջ սուրբ ժողովի հայրապետները, իրենց առաջնորդ ունենալով սուրբ Մելիտոսին, Գրիգոր Աստուածաբանին նստեցրին Կոստանդնուպօլսի պատրիարքութեան Աթոռին, սակայն նա ժողովի վերջում ոմանց չարակնութեան պատճառով ինքնակամ հրաժարուեց այդ պատուից: Արդ, մինչ սուրբ ժողովն ընդդէմ ժամանակի հերձուածների քննարկում էր հաւատքի շուրջ եղած խնդիրները, երանելի Մելիտոսը հիւանդացաւ եւ արդէն ծերացած լինելով՝ քիչ օրեր անց յաղթուեց իր հիւանդութիւնից եւ փոխուելով այս կեանքից՝ Տիրոջ 381 թուականին գնաց դէպի անանց կեանք ու միացաւ սուրբ հայրապետներին: Մեծ սուգ պատեց ժողովի բոլոր հայրերին եւ ինքնակալին: Եպիսկոպոսների բազմութիւնը՝ թագաւորով եւ թագաւորանիստ քաղաքի բոլոր բնակիչներով հանդերձ, մեծաշուք հանդիսութեամբ յուղարկաւորեցին նրան: Ողջ քաղաքը սգում էր կենդանի սուրբից զրկուելու համար: Եւ այդ օրերին Կոստանդնուպօլսում բնակչութեան այնպիսի շարժ ու ամբոխում եղաւ, որ մարդիկ միմեանց ասում էին՝ այսօր յայտնի եղաւ, թէ բնակիչների որքան բազմութիւն կայ այս քաղաքում:
Իսկ ժողովի հայրերը, մի քանի օր թողնելով իրենց առաջ դրուած խնդիրների քննարկումը, ատեանի առաջ ներբողական ճառերով միայն գովաբանում էին սուրբ Մելիտոսին եւ ողբում նրա համար գերեզմանական ու դամբանական ատենախօսութեամբ: Ոչ թէ հայրերից մէկը կամ երկուսը ներբողեցին սուրբ Մելիտոսին, այլ բոլորը, որոնք միանգամայն ճարտար էին իրենց խօսքով: Գրիգոր Աստուածաբանից եւ սուրբ Ամփիլոքիոսից յետոյ Գրիգոր Նիւսացին ասաց իր պանծալի այս ճառը. «Առաքեալների թուին աւելացաւ այս նոր առաքեալը: Սուրբերը դէպի իրենց ձգեցին իրենց նմանօրինակին, նահատակները՝ նահատակին, պսակուածները՝ պսակուողին, մաքուր սրտերը՝ մաքուր հոգուն, Բանի սպասաւորները՝ Բանի քարոզչին: Երանելի է մեր հայրը առաքելական խորանակցութեամբ[2] եւ առ Քրիստոս վեր ելանելով, իսկ մենք ողորմելի ենք այնքան, որ մեր վաղահաս որբութիւնը թոյլ չի տալիս երանի տալ մեր հօր արժանաւորութեանը: Լաւ էր նրա համար հեռանալով Քրիստոսի հետ լինել, սակայն ծանր է մեզ համար զրկուել հօր հովանուց, քանզի ահա խորհրդի ժամն է, բայց խորհրդատուն լուռ է, մեր շուրջը պատերազմ է յարուցուած, հերձուածողական պատերազմ, եւ չկայ զօրավարը: Վտանգուած է եկեղեցու մարմինը ընդհանուր հիւանդութեամբ, եւ բժիշկ չենք գտնում: Ես, որ կաշկանդուած եմ տկարութեամբ, կամենում եմ որքան հնարաւոր է ելնել եւ արձակել պատշաճ խօսքեր, ինչպէս արեցին այն առաքինի մարդիկ, որոնք դամբանական ճառ խօսեցին ինձնից առաջ: Ո՜հ, չար նաւաբեկութիւն, ինչպէ՞ս նաւաբեկուեցինք մեր յոյսի նաւահանգստում, ինչպէ՞ս սուզուեց ծանրաբեռնուած նաւը՝ երբեմնի հարուստներիս մերկ թողնելով: Ո՞ւր է այն պայծառ առագաստը, որը միշտ տարածւում էր Սուրբ Հոգով: Ո՞ւր է մեր հոգիների անսայթաք ղեկը, որով անվտանգ նաւարկում էինք հերձուածողական խռովայոյզ ալիքների միջով: Ո՞ւր է հանճարի անայլայլ խարիսխը, որում աներկիւղ հանգստանում էինք յոգնածներս: Ո՞ւր է քաջ ղեկավարը, որն իր նաւակն ուղղում էր դէպի վերին ժայռերը ... : Եւ արդ, ճանաչէ՛ք, թէ ով էր այն մարդը՝ ազնուազարմ, անարատ, արդար, ճշմարիտ, աստուածապաշտ մէկը, արեւելեան կողմերից, որ հեռու էր բոլոր չարիքներից: Չի նախանձի Յոբ Մեծը, եթէ զարդարեմ նրան, ով նման էր իրեն վկայաբանութեամբ ... »:
Երանելի Մելիտոսի սուրբ անձի մէջ ժողովուած էին Դաւթի, Սողոմոնի, Մովսէսի, Սամուէլի, Յովսէփի, Դանիէլի, Եղիայի, Յովհաննէս Մկրտչի եւ Պօղոս առաքեալի շնորհները: Մի կողմ թողնենք նրա առաքինութիւններն ու արիութիւնը, ճշմարտութեան համար եւ ի փառս մենասուրբ Երրորդութեան՝ երեք տարագրութիւնները:
Սուրբ Մելիտոսը փոխուեց այս աշխարհից փետրուարի տասներկուսին կամ տասներեքին: Սգոյ օրերը լրանալուց յետոյ բարեպաշտ Թէոդոս թագաւորի հրամանով սուրբի պատուական մարմինը մեծ փառքով դուրս բերուեց թագաւորանիստ քաղաքից եւ նրա հօտի ցանկութեամբ տարան իր Աթոռը՝ Անտիոք: Բոլոր քաղաքներում, որոնցով անցնում էին, լինում էր նոր յուղարկաւորութիւն՝ երգասացութեամբ եւ օրհնութիւններով հանդերձ: Հասան Անտիոք քաղաք եւ թաղեցին նրան Անտիոքի Բաբելաս հայրապետի շիրմի մօտ: Նրա մարմնի փոխադրութիւնից հինգ տարի անց՝ Տիրոջ 386 թուականին, սուրբ Յովհաննէս Ոսկեբերանը ներբողական ճառ ասաց սուրբ Մելիտոսի համար, որն սկսւում էր այսպէս. «Նայում եմ ժողովրդի բոլոր խմբերին եւ տեսնում, որ ամբողջ քաղաքը եկել է այստեղ: Չգիտեմ, թէ նախ ում երանի տամ, սուրբ Մելիտոսի՞ն, որն այսպէս եւ այսչափ պատիւ է վայելում իր մահից յետոյ, թէ՞ բարեհամբաւեմ ձեր սէրը, որ այդպիսի բարեմտութիւն էք ցուցաբերում ձեր հօտապետի հանդէպ նրա վախճանից յետոյ ... : Քանզի ահաւասիկ անցել է հինգ տարի, ինչ ձեր հայրապետը իր փափագելի Քրիստոսի մօտ է, բայց դուք այնպիսի ջերմեռանդ սիրով ընդառաջ եկաք, որ ասես թէ երէկ կամ երկու օր առաջ էք ողջ տեսել նրան»:
Արդ, բազմապատիկ գովաբանութիւններից զատ, յիշատակում է նաեւ այն սքանչելի յանգամանքը, որ թէ՛ սուրբի կենդանութեան եւ թէ՛ իր մահից յետոյ նա այնքան սիրելի էր իր հօտին, որ մայրերը, թողած իրենց հայրերի եւ նախնիների անունները, երանելի Մելիտոսի անունով էին կոչում իրենց ծնած որդիներին: Եւ սա անում էին շատ շատերը, այնքան, որ ամենուր՝ փողոցներում, ագարակներում, ճանապարհներին, շուրջ բոլորը հնչեցւում էր սուրբի անունը: Եւ ինչ որ արեցին նրա անուան համար, նոյնն արեցին եւ մարմնի համար, քանզի նրա սուրբ պատկերը նկարում էին գաւազանների, մատանիների, սեմերի, առագաստի պատերի, սենեակների վրայ եւ ամենուրէք»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետի յիշատակի տօնը կատարում է սուրբ Խաչին յաջորդող իններորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մինաս Եգիպտացու, Բուրաս քահանայի եւ Շինու սարկաւագի հետ:
[1] Առակ. Թ 22:
[2] Դասակցութիւն, բնակակցութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: