Յաղթող նահատակքն Քրիստոսի. որք քաջութեամբ մարտեան ընդ թշնամւոյն.
Եւ զբռնութիւն լուծին զտանջանաց. զի զանտանելի զվէրսն ի յանձն առին:
Լոյս փառաց փարեր զնոքօք եւ հրեշտակք ի յերկինս ուրախանան.
Զի կարապետք եղեն տիեզերաց եւ լուացողք մեղաւորաց:
Դասք անմարմնոցն աղաղակեն եւ ասեն. փութացարուք զհետ կոչմանն Քրիստոսի.
Եւ խնկազգեացք վայելեցէք յաւիտենից ի յարքայութիւնն:
(Շարակնոց)
ՍՈՒՐԲ ՊՕՂՈՍ ԱՆԱՊԱՏԱԿԱՆԻ ՎԱՐՔԸ
(III-IV դար)
Շատերի մօտ բազմիցս հարց է առաջանում, թէ ո՞վ է եղել անապատում բնակուողներից առաջինը: Ոմանք նախ յիշատակում են երանելի Եղիային ու Յովհաննէսին եւ համարում, որ նրանք են սկիզբ դրել անապատական կեանքին: Սակայն մենք կարծում ենք, որ մեր այս նախնիները եւ անապատում մեծացած անձինք վեր էին, քան բնութիւնը, որովհետեւ Եղիան մեծ է բոլոր մենակեացներից, իսկ Յովհաննէսն էլ սկսել է մարգարէանալ նախքան իր ծնուելը: Ոմանք էլ շարունակում են վիճել՝ առաջնորդ համարելով Անտոնին: Թէպէտ քիչ թէ շատ հաւատանք նրանց պնդումներին եւ ընդունենք, որ Պօղոս Անապատականն առաջինը չէր, սակայն նրանով շատերը նախանձախնդրութիւն ունեցան եւ հրաւիրուեցին աստուածպաշտութեան: Նոյն երանելի Անտոնի աշակերտները, մանաւանդ Ամատասն ու Մակարիոսը, որոնք թաղեցին նրան, մինչ օրս պնդում են, թէ սկզբնադիրն ու առաջնորդը եղել է այս Պօղոս Թեբայեցին, որը հաստատում ենք մենք եւս:
Արդ, քանի որ երանելի Անտոնի վարքի մասին վկայում են ոչ միայն յոյների, այլեւ հռոմայեցիների եւ ասորիների խօսքերն ու գրքերը, ես կարեւոր համարեցի գրի առնել Պօղոսի վարքը սկզբից մինչեւ վերջ, թէ ինչպէս նա կրօնաւորութեան եկաւ միջին տարիքում, ինչպիսի ճգնութիւններ կրեց եւ սատանայի ինչ փորձութիւնների համբերեց, որոնք ծածկուած են շատերից, որովհետեւ անապատում մարդկանցից ոչ ոք չտեսաւ նրան ու չխօսեց նրա հետ, բացի երանելի սուրբ Անտոնից, որն ամփոփեց նրա սուրբ նշխարներն ու դրեց գերեզմանում: Այժմ նոյն սուրբի աղօթքների օգնութեամբ կը սկսեմ շարադրել նրա պատմութիւնը:
Դեկոս եւ Վաղերիանոս անօրէն եւ հալածիչ թագաւորների օրօք, երբ երանութեամբ վախճանուեցին Կոռնելիոսը Հռոմում, իսկ Կիպրիանոսը՝ Կարքեդոնում (Կարթագենում), ընդհանրական եկեղեցին շատ չարչարանքներ ու փորձութիւններ կրեց Եգիպտոսում եւ Թեբայիդում: Իւրաքանչիւր առաքինի եւ աստուածասէր քրիստոնեայ շտապում էր մեռնել Քրիստոսի անուան համար: Սակայն ճշմարտութեան թշնամի սատանան կամենում էր սպանել ոչ միայն նրանց մարմինները, այլեւ հոգիները, ինչպէս սուրբ վկաներից մէկին, որը համբերելով շատ ճգնութիւնների եւ անգամ խաչի վրայ յաղթելով տանջանքների մէջ՝ ամաչեցրել էր սատանայի արբանեակին: Անօրէն դատաւորը հրամայել էր նրա ողջ մարմինը պատել մեղրով եւ ձեռքերը մէջքին կապած՝ թողնել միջօրէի արեւի տակ, որպէսզի նա, որին չէին յաղթել շիկացած տապակները, խայթուի մեղուներից եւ պիծակներից ու անտանելի ցաւերից համաձայնի անօրէն հրամանին: Եւ երանելին, կսկծալով տապից ու խոցոտուելով խայթոցներից, համբերում էր անպարտելի նահատակութեամբ:
Դարձեալ՝ մէկ այլ պատանու հրամայեց տանել մի ծաղկաւէտ բուրաստան եւ այնտեղ պայծառ շուշանների, անուշահոտ վարդերի, խաղաղահոս վտակների եւ ծառերի տակ, որոնց տերեւներն օդի հետ մեղմօրէն շարժւում էին ախորժալուր ձայներով, փափուկ անկողին փռել, սուրբին կապել թոյլ կապանքներով եւ պառկեցնել մէջքի վրայ: Եւ սուրբին գայթակղելու համար բերեցին գեղեցիկ դէմքով մի պոռնիկ կնոջ: Սպասաւորները, կատարելով իրենց հրամայուածը, հեռացան, իսկ կինը, մօտենալով լիրբ երեսով, լկտիացաւ սուրբի առաջ, որը պատմելն ինձ անվայել է: Եւ արդ, ի՞նչ պէտք է անէր, կամ ի՞նչ մտածէր Քրիստոսի զինուորը: Նա, որ չյաղթուեց տանջանքներից, մի՞թէ պատրաստւում էր յաղթուել ցանկութիւններից ու գրգիռներից: Արդ, լսի՛ր եւ զարմացի՛ր, ինչպէս որ հրեշտակներն ու հրեշտակապետերն էին զարմանում Քրիստոսի վկայի աստուածասիրութեան վրայ: Ինքը եւս՝ բոլորի Տէրը, Իր հրեշտակներին ուրախութեամբ ցոյց էր տալիս Իր վկայի սէրը: Քանզի Քրիստոսի վկան ու նահատակը, ուժ առնելով երկնքից ու զօրանալով Սուրբ Հոգով, ատամներով կտրում էր իր լեզուն, համբոյրի փոխարէն թքում պոռնիկի երեսին եւ այդպէս ցանկութեան բոցը մարում ցաւերով: Այս տեսնելով՝ երկնային զօրքերը պար բռնած փառաբանում էին ամէնքի Տիրոջը, իսկ բելիարի ձախակողմեան գունդը, կորագլուխ եւ ամօթահար եղած, տանջուեցին ու հալածուեցին, որովհետեւ այսպիսի սաստիկ պատերազմի յաղթանակն առաւել մեծ է, քան տանջանքների եւ մահուան յաղթանակները: Եւ ինչպէս ասացի, այսպէս առաւել ջանում էին սպանել հոգին, քան թէ մարմինը:
Արդ, այսպիսի դժուար ժամանակներում երանելի Պօղոսը, որն այդժամ տասնվեց տարեկան էր, իր ամուսնացած քրոջ հետ ապրում էր Վերին Թեբայիդում: Մեծահարուստ ծնողների մահից յետոյ նա մեծ ունեցուածքի ժառանգորդ էր դարձել: Խորապէս ուսումնասիրած լինելով յոյների եւ եգիպտացիների իմաստութիւնը՝ նա առաւել բարձր էր դասում հոգու խոնարհութիւնն ու սէրն առ Աստուած: Ապա լսելով հալածանքների մասին՝ նա թաքնուեց մի ագարակում: Սակայն ագահութիւնը, որ բոլոր մարդկանց ստիպում է մեծամեծ ոճիրներ գործել, բռնել էր նրա քրոջ ամուսնու միտքը երանելու ծնողներից մնացած ժառանգութեան պատճառով եւ միաժամանակ կամենալով շնորհներ առնել անօրէն իշխաններից՝ նա ջանում էր մատնել երանելուն, որին մանաւանդ արժան էր հոգ տանել: Ո՛չ կնոջ արտասուքները, ո՛չ ազգակցական կապը, ո՛չ օրէնքը, ո՛չ ամենագէտ Աստուած եւ ո՛չ էլ Նրա ամենայաղթ երկիւղը յետ չէին պահում նրան այդ չար խորհուրդներից: Նա մնում էր նոյն անողորմ խստութեան մէջ եւ շտապում էր աստուածպաշտութիւնը փոխանակել մատնութեամբ: Եւ երանելին, զգալով եւ իմանալով դաւաճանութեան մասին, խուսանաւեց անապատ մի վայր, թաքնուեց անառիկ լեռներում եւ սպասեց, որ դադարեն հալածանքները: Մտածում էր եւ ինքն իրեն ասում. «Ես ի՞նչ ունեմ ամբողջ աշխարհում կամ ի՞նչ օգուտ ունեմ ես նրանից»: Եւ այսպիսի բարի խորհուրդներով ուրացաւ աշխարհը, որոշեց այլեւս չվերադառնալ անապատից ու այնտեղ ծառայել Տիրոջը: Այս մտքից քաղցրացաւ երանելու սիրտը անճառ ուրախութեամբ: Կամաց-կամաց առաջ գնալով՝ հասաւ մի ապառաժ լերան եւ այնտեղ գտաւ մի քարայր՝ փակուած փոքր քարերով: Գլորելով դրանք՝ ներս մտաւ եւ ըստ մարդկային բազմախոյզ սովորութեան քարայրի ներսում անյագաբար փնտռեց ու գտաւ մաքուր եւ յստակ աղբիւր: Այնուհետեւ կամեցաւ մնալ այդտեղ՝ իբրեւ այն Աստծուց իրեն շնորհուած եւ իր ամբողջ կեանքն անցկացրեց այդտեղ՝ հանդերձ եւ սնունդ ունենալով տեղում աճող արմաւենիներից: Եւ ես այսպիսի խստակրօն վարքի վկայ տեսայ այն նոյն անապատում, որ մօտ էր տաճկաց կողմերին: Վկայում եմ Աստուծոյ եւ սուրբ հրեշտակների առաջ, որ կար մի մենակեաց, որն ամբողջ երեսուն տարի ապրեց միայն գարեհացով եւ պղտոր ջրով: Մէկ ուրիշն էլ ապրում էր գբում, որը բաւարարւում էր օրական տասնհինգ թզով եւ սակաւ ջրով: Վկայելով իմ աչքի տեսածը՝ ես պատմեցի այս, որովհետեւ կան մարդիկ, որոնք չեն հաւատում, երբ լսում են խստակրօն վարքի մասին, քանի որ հեռացել են եւ չեն ցանկանում աստուածային փափագելի վարքը: Իսկ մենք շարունակենք սկսած պատմութիւնը:
Հարիւր տասներեքամեայ երանելի Պօղոսն ապրում էր երկրի վրայ երկնային կեանքով, իսկ հայր Անտոնը, որն այդժամ իննսունամեայ էր, բնակւում էր անապատի միւս կողմում, ինչպէս որ նա ինքն էր յաճախ ասում: Արդ, հայր Անտոնի միտքը մի խորհուրդ ընկաւ, որը գիշեր թէ ցերեկ նեղում էր իրեն: Մտածում էր՝ կա՞յ արդեօք որեւէ մենակեաց, որ բնակւում է խոր անապատում: Եւ գիշերը յայտնուեց նրան. «Կայ մէկն աւելի խոր անապատում, որն առաւել է քեզնից, եւ արժան է շտապ գնալ ու տեսնել նրան»: Եւ երանելի ծերը՝ ցուպը ձեռքին ու յենուած վրան, յաջորդ օրն իսկ՝ վաղ առաւօտեան, վեր կացաւ եւ ճանապարհ ընկաւ: Նա բնաւ չգիտէր, թէ ուր պիտի գնար: Չէր տկարանում քայլելուց նաեւ կեսօրուայ տապին, երբ արեգակն իր տապով կիզում էր ամէն բան: Նա ասում էր. «Հաւատում եմ իմ Աստծուն, որ եթէ Նա խոստացաւ ցոյց տալ իր ծառային, ապա ճշմարտապէս ցոյց կը տայ»:
Առաքինի նահատակը, ձեռքն առաւծ հաւատի վահանը եւ յոյսի զրահը, անցնում էր սկսած ճանապարհը եւ լայն անապատի տարածութեան մէջ տեսնելով շատ գազանների հետքեր՝ մտածում, թէ ինչ պէտք է անի, մանաւանդ որ իջնում էր երկրորդ օրուայ երեկոն: Միայն աչքի առաջ ունէր այն միտքը, թէ անհնար է, որ Քրիստոս թողնի իրեն: Երկրորդ օրուայ գիշերն անցկացրեց աղօթելով: Լուսաբացին լերան ստորոտին շատ մեծ ինձ տեսաւ, որը շնչակտուր վեր էր ելնում: Նա շտապ գնաց գազանի յետեւից, եւ երբ երկուսն էլ մօտեցել էին քարայրին, գազանը ներս մտաւ, իսկ նա, մօտենալով, նայում էր գազանին առանց վախենալու, ինչպէս որ գրուած է, թէ կատարեալ սէրը վանում է երկիւղը: Ակնապիշ նայելով՝ հազիւ լոյս նկատեց քարայրի մէջ եւ կամաց մօտենալով քարայրի մուտքին՝ հարուածեց մի քարով՝ փորձելու, թէ կա՞յ արդեօք որեւէ մէկը: Հարուածի ձայնը բարձր լսուեց քարայրի ներսում: Երանելի Պօղոսը, լսելով ձայնը, վեր կացաւ եւ փակեց մուտքը, որն այդժամ բաց էր: Այնժամ սուրբը, որը մինչեւ օրուայ վեցերորդ ժամն ընկած էր մուտքի մօտ, աղաչում էր բացել դուռը՝ յայտնելով, թէ ով է ինքը, որտեղից է գալիս եւ ինչի համար: «Գիտեմ, - ասում էր, - որ արժան չեմ քեզ տեսնելու, սակայն եթէ չտեսնեմ, այստեղից չեմ հեռանայ: Դու, որ ընդունում ես գազաններին, ինչո՞ւ ես մերժում մարդկանց: Ես փնտռեցի քեզ եւ գտայ ու բախում եմ, որ բացես իմ առջեւ, որին եթէ չարժանանամ, կը մեռնեմ այստեղ՝ քո դրան առաջ, որ գոնէ մարմինս տեսնելով՝ թաղես ինձ»: Այսքանը եւ սրանից աւելին խնդրելուց յետոյ երանելի Պօղոսն ասաց. «Ոչ ոք այդպէս սպառնալով չի խնդրել եւ ոչ էլ արտասուքներով յանդիմանել է կամ էլ բողոքել»: Եւ շնորհալից խօսքեր ասելով՝ նրա առջեւ բացեց դուռը ու տալով միմեանց անունները՝ ողջագուրուեցին: Սուրբ ողջոյնից յետոյ սուրբ Պօղոսը նստեց սուրբ Անտոնի հետ եւ ասաց. «Ո՞ւմ էիր այդքան չարչարուելով ցանկանում տեսնել: Ահա տեսնում ես զառամեալ ալեւոր մարդու, որը շուտով հող պիտի դառնայ, սակայն սէրն ամէն բանի համբերում է: Արդ, սիրեցեալ Անտո՛ն եղբայր, անապատի եւ մենակեաց կրօնաւորների զա՛րդ, բարո՛վ եկար, որովհետեւ Տէրը վաղուց ինձ խոստացել էր ծանօթացնել քեզ, եւ ես կարօտով սպասում էի քո սուրբ գալստեանը: Այժմ ասա՛ ինձ, աղաչո՛ւմ եմ քեզ, ինչպէ՞ս են ապրում մարդիկ, ի՞նչ նոր շինութիւններ կան նախկին քաղաքներում, ինչպէ՞ս է աշխարհը հնազանդւում թագաւորներին, եւ կամ իշխանները դեռեւս գերուա՞ծ են դիւային մոլորութիւնների եւ պատրանքների մէջ»: Եւ մինչ խօսում էին, ահա մի ագռաւ, հեզիկ թռչելով անապատի խորքերից, նստեց մի տնկենու ոստին, որ կար նրանց դիմաց: Բերանին ունէր մի ամբողջ հաց, որը դրեց նրանց առաջ, եւ մինչ նրանք զարմացած նայում էին, ագռաւը թռաւ: Թռչնի գնալուց յետոյ հայր Պօղոսն ասաց. «Տէրը մեզ կերակուր ուղարկեց, արդարեւ Նա ողորմած է եւ մարդասէր, որովհետեւ վաթսուն տարի է, ինչ ես այստեղ եմ, օրական կէս հաց էի ընդունում, բայց երբ դու եկար, Քրիստոս Իր զինուորներին ուղարկեց կրկնակին»: Եւ այդպէս գոհանալով Տիրոջից՝ երկուսով նստեցին աղբիւրի մօտ եւ մինչեւ մութն ընկնելը հակառակւում էին միմեանց, թէ ով պիտի առաջինը կտրի հացը: Վերջիվերջոյ որոշեցին երկուսով բռնել հացը եւ կտրել Տիրոջ անունով: Եւ այդպէս գոհանալով Աստծուց՝ ճաշակեցին ու ամբողջ գիշերն արթուն անցկացնելով՝ աղօթեցին:
Առաւօտեան Պօղոսը հայր Անտոնին ասաց. «Իմ եղբա՛յր եւ ծառայակի՛ց, Տէրը վաղուց ինձ խոստացել էր ծանօթացնել քեզ եւ յատնել էր, որ դու բնակւում ես այս վայրերում: Ես կարօտով սպասում էի քո սուրբ գալստեանը, որովհետեւ մօտեցել է իմ ննջման ժամը: Ես ամէն ժամ ցանկանում էի վերանալ եւ Քրիստոսի հետ լինել: Եւ ահա, ի Տէր եղբա՛յր իմ, հասել է ժամը, եւ սպասում է ինձ արդարութեան պսակը: Դու ուղարկուել ես Տիրոջ կողմից, որպէսզի մարմինս ամփոփես հողում, եւ հողը հողին յանձնես»: Լսելով այս՝ հայր Անտոնն արտասուքներով եւ հառաչելով աղաչում էր նրան, որ ինքը յետ չմնայ նրանից, այլ ուղեկից լինի նրա ճանապարհին: Իսկ հայր Պօղոսը պատասխանեց նրան՝ ասելով. «Պէտք չէ խնդրել միայն քեզ համար, այլ նաեւ ընկերոջ, քանզի եթէ քեզ օգուտ է վայր դնել մարմնիդ բեռը, սակայն դա օգուտ չէ շատ եղբայրների համար, որոնք քեզ նմանուելու նպատակ ունեն: Բայց եթէ դժուար չէ քեզ, արա՛ ինչ որ ասեմ. խնդրում եմ, որ շտապ գնաս եւ մարմինս պատանելու համար բերես Աթանաս եպիսկոպոսի քեզ շնորհած հանդերձը»: Երանելի Պօղոսն այս խնդրեց ոչ թէ հանդերձը ցանկանալով, այլ քանի որ գիտէր իր հողին դառնալը, ցանկանում էր մենութեան մէջ հեշտութեամբ եւ խաղաղութեամբ հրաժարուել կեանքից: Իսկ հայր Անտոնը զարմացաւ, երբ տեսաւ, որ նա գիտէր Աթանասի եւ նրա հանդերձի մասին: Այնուհետեւ իբրեւ Քրիստոս տեսնող՝ նրա մէջ տեսաւ Քրիստոսին ու նրա ոտքերի մօտ երկրպագեց Տիրոջը: Երկար ժամանակ պատասխանել չէր համարձակւում: Ապա շատ արտասուքներ հեղելով համբուրեց նրա ձեռքերն ու աչքերը եւ շտապեց վերադառնալ իր վանքը՝ ասելով. «Աղօթի՛ր ինձ համար, պատուակա՛ն հայր»: Եւ երբ նրանից ստացաւ իր խնդրանքը, ուրախութեամբ ճանապարհ ընկաւ՝ ամբողջ ընթացքում արտասուքներ թափելով:
Երբ հասաւ իր վանքը, իր երկու աշակերտները, որոնք երկար ժամանակ սպասաւորում էին իրեն, ընդառաջ եկան եւ ասացին. «Ո՞ւր էիր այսքան ժամանակ, հա՛յր»: Եւ նա պատասխանեց՝ ասելով. «Վա՛յ ինձ՝ մեղաւորիս, որ մենակեացի անուն միայն կերպարանքով ունեմ, քանզի անապատում տեսայ Եղիային, տեսայ նաեւ Յովհաննէսին եւ արդարեւ դրախտում տեսայ եւ Պօղոսին»: Այդպէս գոչելով եւ լալով՝ ծեծում էր կուրծքը: Վերցրեց պատանքը, որ խնդրել էր սուրբը, դուրս եկաւ վանքից եւ ճանապարհ ընկաւ: Իսկ երբ եղբայրները ցանկացան իմանալ, թէ այն ինչի համար է, նա պատասխանեց. «Կայ խօսելու ժամանակ, եւ կայ լռելու ժամանակ»: Եւ հրաժեշտ տալով նրանց՝ անոթի շտապեց այնտեղ, որտեղից եկել էր, որովհետեւ ծարաւի էր սուրբի տեսութեանը եւ տենչում էր դարձեալ տեսնել նրան: Ամէն ժամ աչքի առաջ նրան ունէր եւ կասկածում էր՝ գուցէ նախքան իր գնալը հոգին աւանդած լինի Տիրոջը: Եւ միւս օրուայ երրորդ ժամին ճանապարհին տեսաւ հրեշտակների գնդեր եւ մարգարէների ու առաքեալների դասեր, եւ նրանց մէջ՝ երկինք ելնող ձեան պէս սպիտակ եւ պայծառացած երանելի Պօղոսին: Եւ նոյն պահին երանելի Անտոնն ընկաւ երեսնիվայր: Աւազը գլխին լցնելով՝ բարձրաձայն ողբաց եւ հառաչելով՝ ասաց. «Ինչո՞ւ թողեցիր ինձ, տէ՛ր Պօղոս, ինչո՞ւ հեռացար՝ չտալով վերջին ողջոյնը»: Ապա վեր կացաւ եւ շտապեց հասնել երանելի Պօղոսի մօտ այնքան մեծ արագութեամբ, որ երանելի ծերի՝ Անտոնի ընթացքը համեմատ էր թռչնի արագութեանը, ինչպէս որ ինքն էր պատմում դրանից յետոյ: Մի վայրկեանում կտրեց-անցաւ մեծ ճանապարհը, ներս մտաւ եւ քարայրում տեսաւ երանելի Պօղոսին՝ ծնրադրած, պարանոցն ուղիղ պահած եւ ձեռքերը տարածած: Նախ կարծելով, թէ նա ողջ է, ինքը եւս ծնրադրելով աղօթեց նրա հետ, բայց երբ չլսեց նրա հառաչանքներն ու հեծեծանքները, որ երանելի Պօղոսն սովոր էր անել աղօթելիս, այնժամ իմացաւ, որ նրա սուրբ մարմինն է երկրպագում Աստծուն, Ում համար ամէն սուրբ բան կենդանի է: Եւ ըստ քրիստոնէական պաշտամունքի աւանդութեան՝ ջերմ արտասուքներով, սաղմոսներով ու օրհնութեամբ պատանեց նրա սուրբ մարմինը: Մեծ Անտոնը խոր տրտմութեան մէջ ընկաւ՝ իր հետ փայտատ չբերելու պատճառով, որով կը փորէր հողը եւ կը թաղէր երանելի մարմինը: Այնուհետեւ մտածեց շտապ վանք վերադառնալ, սակայն վախենում էր՝ յիշելով ճանապարհի երկարութիւնը, որովհետեւ չէր կարող այն անցնել չորս օրուայ ընթացքում: Ասում էր. «Ո՜հ, Տէ՛ր, թող ես էլ մեռնեմ քո ծառայի հետ, ինչպէս որ վայել է: Ինձ եւս տար այս ախտալից կեանքից, ինչպէս կամենում ես եւ մխիթարիր»: Եւ մինչ այս մտորումների մէջ էր, անապատի խորքից ահա երկու առիւծներ եկան-հասան այնտեղ, ուր սուրբերն էին: Տեսնելով նրանց՝ երանելի Անտոնը նախ զարհուրեց եւ ապա միտքն առ Աստուած բարձրացնելով՝ հեռացրեց իրենից երկիւղը ու նայեց նրանց իբրեւ ոչխարների: Իսկ առիւծները, մօտենալով սուրբ ալեւորի մարմնին, ընկան նրա ոտքերը: Նրանք քծնում էին ու բարձրաձայն մռնչում: Այնժամ սուրբ Անտոնն իմացաւ, որ նրանք ողբում են սուրբ Պօղոսի մարմնից անջատուելու համար: Այնուհետեւ թաթերով փորեցին հողը եւ աւազը դուրս թափեցին: Եւ երբ մի մարդաչափ տեղ հող փորեցին, իսկոյն եկան երանելի Անտոնի մօտ խոնարհեցրին իրենց գլուխները եւ լիզեցին նրա ոտքերն ու ձեռքերը, որովհետեւ հայցում էին իրենց վաստակի վարձը: Եւ նա՝ հասկանալով, որ գազաններն օրհնութիւն ստանալ էին խնդրում իրենց վաստակի դիմաց, բերկրեց՝ անտարակոյս հիանալով Աստուծոյ փառքով, որովհետեւ նաեւ անխօս բնութիւնն է ճանաչում լաւագոյնը: Եւ ասաց. «Տէ՛ր, առանց քո կամքի ու հրամանի ծառից տերեւ եւ երկնքից թռչուն չի ընկնում: Դու հատուցիր սրանց, ինչպէս որ գիտես»: Եւ ձեռքի նշանով հրամայեց նրանց գնալ:
Նրանց հեռանալուց յետոյ վերցրեց սուրբ մարմինը եւ ըստ կարգի՝ դրեց գերեզմանի մէջ: Մէկ օր անց, իբրեւ օրինական ժառանգորդ, վերցրեց պարեգօտը, որ երանելի Պօղոսն էր պատրաստել արմաւենիներից, եւ ճանապարհ ընկնելով՝ վերադարձաւ իր վանքը: Երբ տեղ հասաւ, աշակերտները, որոնք ամէն ժամ սպասում էին նրա վերադարձին, ընդառաջ եկան: Այնժամ իր աշակերտներին արտասուքներով պատմեց ամբողջ կատարուածը: Զատկի տօնին եւ Պենտեկոստէին նա միշտ կապում էր երանելի Պօղոսի պարեգօտը եւ ուրախ լինում:
Արդ, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ընթերցում են այս, յիշեն Երոնիմոս մեղաւորիս, որ փոքրիշատէ հաւաքեց երանելի Պօղոսի մասին այս պատմութիւնը, որի պարեգօտը կամենում էի առաւել, քան թագաւորական ծիրանին՝ ի պատիւ սուրբի եւ փառս մեր Տէր Քրիստոս Աստուծոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: