ԵԶՐԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ՄԱՐԳԱՐԷԻ ՎԱՐՔԸ

Որ առաքեցեր նախընթաց Քում գալստեանդ սուրբ զմարգարէսն.

Աւետարանել տիեզերաց զիջումն Քո՝ ի հայրական ծոցոյ ի փրկութիւն հեթանոսաց.

Բարեխօսութեամբ սոցա Քրիստոս խնայեա ի մեզ:

Որ խոնարհեցար յանպատում փառաց Որդի Աստուծոյ.

Եւ եկիր ի կատարումն մարգարէցն. նախաձայն քարոզութեանցն անճառ խորհրդով.

Բարեխօսութեամբ սոցա Քրիստոս խնայեա ի մեզ:

(Շարակնոց)

 

Եզրը՝ այն նոյն  Եզրասը, որն Աստուծոյ քահանան եւ մարգարէն էր, օրէնուսոյց եւ դպիր էր, Ահարոնի որդիներից սերուած Սարայիա քահանայապետի որդին, որը որդին էր Ազարիայի, սա էլ Քեղկիայի: Ինչպէս կարծում են, նա Յովսեդեկ քահանայապետի եղբայրն էր եւ Յովսեդեկեան տոհմից Յեսուի հօրեղբայրը: Ծնուել է Բաբելօնում գերութեան օրերին եւ մեծացել Աստուծոյ օրէնքներով: Արդէն չափահաս տարիքում լի էր Աստուծոյ Հոգով: Նա Մովսէսից աւանդուած օրէնքների նախանձախնդիրն ու ամբողջ ժողովրդի պատուական օրէնուսոյցն էր, եւ առաւելը՝ նա նորոգեց ոչ միայն օրէնքներն ու դատաստանները, այլեւ Աստուածաշունչ Սուրբ Գիրքը, որի համար նաեւ օրինադպիր է կոչւում:

 

Երբ քաղդէացիները Երուսաղէմի տաճարի հետ այրեցին նաեւ բոլոր մատեանները, որոնք գտել էին, Իսրայէլի մէջ դադարեց կրթութիւնը հին եբրայական, այսինքն Մովսէսի գրքերով եւ մարգարէական մատեաններով, որոնք գրուած էին նոյն նշանագրերով: Այդ նշանագրերի օրինակը մնացել էր սամարացիների մօտ, որին հրեաներից շատերն անծանօթ էին, իսկ աստուածային մատեաններ հազուադէպ կարելի էր գտնել թաքստոցներում: Ապա օրէնքներում եւ մարգարէութիւններում խօսող Սուրբ Հոգու յատուկ տւչութեամբ եւ ազդեցութեամբ Եզրասը, որ քաջարուեստ[1] էր սերտողութեան մէջ եւ բերանացի գիտէր ամբողջ Սուրբ Գիրքը, ի մի ժողովեց Սուրբ Գրքի հին օրինակները եւ, բովանդակելով ամբողջը, գրեց նորովի, ճարտար գրչութեամբ, ոչ թէ նախկին նշանագրերով, այլ քաղդէական տառերով, որին այդ ժամանակներում հրեաներն ընտելացած էին: Եւ դա մի գիր է, որը հրեաները գործածում են մինչ օրս, որովհետեւ նախկինը, որը սամարացիների կամ շամրտացիների գիրն է, քչերը գիտեին: Եւ այդպէս Եզրը Իսրայելի տանը վերստին վարժեցրեց օրէնքների ընթերցողութեան մէջ եւ Բաբելոնում Աստուծոյ փառքի համար ի լուր ամէնքի՝ միշտ ընթերցում էր օրէնքը եւ կրթում նրանց օրինապահութեամբ՝ գործակից ու աջակից լինելով ժամանակի քահանայապետներին՝ Յովսեդեկին, Յեսուին եւ նրանց յաջորդներին, քանի որ երկարակեաց էր:

 

Նա պատուելի եղաւ ոչ միայն հրեաների, այլեւ հեթանոսների կողմից: Իր աստուածային իմաստութեան եւ ամեն բանում յաջողուած լինելու համար սիրելի եղաւ նաեւ պարսից Արտաշէս արքային, որը Կիւրոսին յաջորդող արքաների մէջ «Երկայնաձեռն» էր կոչւում: Քրիստոսից չորս հարիւր վաթսուն տարի առաջ այս Արտաշէսի հրամանով Եզրը մեծ պատուով Բաբելոնից Երուսաղէմ ուղարկուեց՝ Աստուծոյ օրէնքը հրեաներին բանաւոր եւ գրաւոր ուսուցանելու համար: Եւ գալով՝ սրբագործեց ժողովրդին ու քահանաներին՝ հեռացնելով նրանցից այլազգի կանանց՝ իրենց որդիներով հանդերձ: Հաւաքելով իր ազգին Զօրաբաբելի նորաշէն տաճարում՝ ամէն օր  ի լուր ժողովրդի ընթերցում էր Աստուծոյ օրէնքների ու դատաստանի մասին եւ առաջնորդում բոլորին ապրել Տիրոջ պատուիրաններով ու հրամաններով՝ համաձայն Մովսէսի եւ մարգարէական մատեանների: Եւ այդպէս՝ բազմաթիւ տարիների իր վաստակով ու առաքինի վարքով, իր կեանքի օրերն ապրեց Երուսաղէմում եւ պատուով այնտեղ էլ թաղուեց:

 

Նրանից յետոյ Աստուծոյ խօսքով եւ աստուածաշունչ տառով այլեւս ուրիշ մարգարէ չեղաւ մինչեւ Փրկչի գալուստը, Ով մարգարէների Տէրն է եւ Ով եկաւ կատարելու այն խօսքերը, որոնք աշխարհի փրկութեան համար ասաց Իր ծառաների միջոցով: Մաղաքիան՝ մարգարէներից վերջինը, Եզրի ժամանակակիցն էր, եւ ոմանք անգամ երկուսին իբրեւ մի էին կարծում, ուրիշներն էլ Եզրին նոյնացնում էին Նէէմայի կամ Յովսեդեկի հետ, որովհետեւ ապրում էր նրանց օրօք եւ աւելի նշանաւոր էր, քան նրանք:

 

Իսկ միւս Եզրը, որին Սաղաթիէլ են կոչում, եւս ապրում էր Բաբելոնում եւ սգում էր Երուսաղէմի աւերման համար: Այդ պատճառով Տէրն առաքեց Իր հրեշտակին եւ մխիթարեց նրան: Աստուծոյ Սուրբ Հոգով նա գրեց բոլոր օրէնքներն ու մարգարէութիւնները, որոնք հրի եւ ջրի մէջ եղծուել ու ապականուեցին անօրէնների ձեռքով:

 

Նա նոր գիրք գրեց եւ ուսուցանեց ժողովրդին: Տեսաւ գերեվարուածների վերադարձը եւ մխիթարուեց: Նա պատռել տուեց յղի կանանց որովայնները, որոնք կրում էին այլազգիների սերմը, եւ ամբողջ ժողովուրդն այդ ընդունելով՝ ընթացան համաձայն նրա կամքի: Նա մեռաւ Երուսաղէմում եւ թաղուեց այնտեղ[2]: Նա տեսաւ Աստուծոյ հրեշտակին եւ հարցրեց նրան, թէ ինչ է պատահում արդարներին եւ մեղաւորներին, երբ նրանք ելնում են աշխարհից: Հրեշտակը պատասխանեց նրան. «Արդարները լոյսի մէջ են, եւ նրանց համար պատրաստուած է յաւիտենական հանգիստ կեանքը, իսկ մեղաւորների համար՝ անվախճան տանջանքները»: Եզրն ասաց նրան. «Եթէ այդպէս է, ապա երանի երկրի անասուններին, գազաններին եւ սողուններին ու երկնքի թռչուններին, որոնց համար չի լինելու յարութիւն եւ դատաստան»: Հրեշտակն ասաց. «Մեղանչում ես՝ այդ ասելով, որովհետեւ Աստուած ամէն բան արարել է մարդու համար եւ մարդուն՝ Աստուծոյ համար: Եւ Աստուած ինչ բանում որ գտնի մարդուն, դրանով պիտի դատի նրան»: Եզրը հարցրեց. «Երբ առնում ես մարդու հոգին, ո՞ւր ես տանում»: Հրեշտակը պատասխանեց. «Արդարների հոգիներին տանում եմ՝ երկրպագելու Աստծուն եւ պահում օդի վերին կայանում, իսկ մեղաւորների հոգիները բռնւում են դեւերի կողմից եւ արգելափակուած են օդում»: Եզրը հարցրեց. «Հոգին, որը բռնւում է սատանայից, ե՞րբ է ազատւում»: Հրեշտակը պատասխանեց. «Եթէ հոգու համար լինի մէկը՝ որպէս այս աշխարհում բարի յիշատակ, ապա իր աղօթքներով եւ ողորմութեամբ կ՚ազատի նրան սատանայից»: Եզրը հարցրեց. «Ինչպէ՞ս»: Հրեշտակը պատասխանեց. «Աղօթքներով, ողորմութեամբ եւ պատարագներով»: Մարգարէն հարցրեց. «Եթէ մեղաւորի հոգին չունենայ բարի յիշատակ, որ օժանդակի իրեն, ի՞նչ կը լինի այդ հոգին»: Հրեշտակն ասաց. «Այդպիսինը կը մնայ սատանայի ձեռքին մինչեւ Քրիստոսի Գալուստը: Երբ հնչի Գաբրիէլի փողը, այնժամ հոգիները կ՚ազատուեն սատանայի ձեռքից, սլանանալով կþիջնեն, իւրաքանչիւրը կը միաւորուի հող դարձած իր մարմնին, որին փողի ձայնը կը նորոգի եւ կ՚արթնացնի ու նրանք ընդառաջ կը գնան մեր Քրիստոս Աստծուն, Ով գալու է դատելու աշխարհը՝ արդարներին եւ մեղաւորներին, ու հատուցելու նրանց ըստ իւրաքանչիւր գործի»:

 

Անճառելի Աստուա՛ծ, Քո հոգեպատում[3] մարգարէների աղաչանքներով ողորմի՛ր այս գիրը թողնողին:

 

 

[1] Քաջարուեստ – մեծ վարպետութիւն ունեցող:

[2] Կարծիք կա նաեւ, որ նրա շիրիմը գտնւում է Խուռնայում, որը գտնւում է Բաղդատի եւ Բասրայի սահմանամիջում, Տիգրիս եւ Եփրատ գետերի միախառնման տեղում: Այն որպէս Եզրի գերեզման՝ ուխտատեղի է բնակիչների եւ անցորդների համար:

 

[3] Հոգեպատում – Սուրբ Հոգով պատմող կամ ճառող: