ԿՐԵՏԷԻ ՍՈՒՐԲ ՄԻՒՌՈՆ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐՔԸ

Հայրապետ սուրբ եւ անբիծ՝ եւ ընտրեալ յորովայնէ.

Սքանչելագործ վկայ եւ պարծանք ազգի մարդկան.

Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր քո տօնողացս:

Հովիւ հոգեւոր բանաւոր հօտի.

Լուսաւորիչ տիեզերաց սիւն լուսոյ կանգնեալ ի մէջ եկեղեցւոյ.

Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր քո տօնողացս:

Հաստատութիւն հաւատոյ պսակ ի գլուխ եկեղեցւոյ.

Պայծառ քարոզ տիեզերաց եւ պարծանք ազգի մարդկան.

Առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր քո տօնողացս:

(Շարակնոց)

 

Սուրբ եւ սքանչելագործ Միւռոն հայրապետը, որի անունը թարգմանաբար նշանակում է «մեռոն», կամ «անուշահոտ իւղ», Կրետէ կղզու Կնոսսոնի մօտ գտնուող Ռաւկիա քաղաքից էր: Նա ծնուել է նախքան Դեկոս կայսեր իշխանութեան գալը եւ հասել մինչեւ Դիոկղետիանոսի թագաւորութեան ժամանակները: Քրիստոնեայ եւ բարեզարդ ծնողների զաւակ էր՝ դաստիարակուած Աստուծոյ երկիւղով ու առաքինի վարքով, եւ երբ չափահաս դարձաւ, նրան ստիպելով մտցրին աշխարհի կարգի մէջ եւ ամուսնացրին:

 

Միւռոնը յոյժ բարեսիրտ էր եւ մարդասէր, պարկեշտ եւ աստուածահաճոյ: Նա իր կնոջ հետ մշակում էր իր կալուածքի հողամասը եւ արդիւնքներից առատապէս բաշխում աղքատներին: Եւ այնքան պտղաբեր էր նրա հողը, որ ցորենով, գինով ու ձէթով լիացնում էր կղզու բոլոր աղքատներին: Նա բաշխում էր հաւատով եւ շռայլօրէն, որի համար Տէրն աւելի ու աւելի էր բազմացնում նրա բերքը եւ լցնում նրա շտեմարանները:

 

Եւ Աստուած նրան սքանչելագործելու շնորհներ տուեց, որոնք նա չէր կարողանում ծածուկ պահել: Մի անգամ գողերը մտան նրա ագարակի սիսեռի արտերը եւ մինչ կամենում էին բերքը հաւաքել, ուշաթափուեցին ու ընկան փշերի մէջ: Եւ մինչեւ լուսաբաց չէին կարողանում դուրս գալ փշերի միջից: Սուրբ Միւռոնը նրանց սիսեռ տուեց եւ ճանապարհեց խաղաղութեամբ:

 

Մէկ ուրիշ անգամ տասներկու գողեր եկան նրա կալատեղ եւ այնքան շատ ցորենով լցրեցին իրենց պարկերը, որ չէին կարողանում բարձրացնել: Իսկ սուրբը, մօտենալով նրանց իբրեւ անծանօթ մէկը, մէկ-մէկ բարձրացրեց պարկերը, դրեց իւրաքանչիւրի ուսին եւ պատուիրեց ոչ ոքի չասել եւ ուրիշ անգամ գողութիւն չանել, «այլ որքան ձեզ պէտք լինի, - ասաց, - եկէ՛ք ինձ մօտ, եւ ես կը տամ ձեզ»: Եւ այդ տարի Միւռոնի բերքն առաւել եղաւ:

 

Երանելի Միւռոնն աղօթքով բժշկում էր շատ հիւանդների: Ձեռք դնելով՝ փարատում էր բոլորի հիւանդութիւնները: Եւ ամէն անգամ՝ ձեռք դնելիս կամ օրհնելիս, ամենուր Տիրոջ օրհնութիւն էր իջնում:

 

Դեկոս եւ Վաղերիանոս կայսրերի օրօք նահատակուեցին շատ շատերը, ինչպէս օրինակ՝ Հռոմի Փլաւիանոս հայրապետը, Անտիոքի Բաբելաս հայրապետը, Երուսաղէմի Ալեքսանդրոս եպիսկոպոսը եւ այլ շատերը տարբեր տեղերում, ինչպէս նաեւ տասը վկաները Կրետէ կղզուց: Իմանալով այս մասին՝ Միւռոնը բորբոքուեց նախանձախնդրութեամբ եւ ինքը եւս ցանկացաւ մեռնել վկայութեամբ, սակայն Տէրը կարգեց նրան եկեղեցու առաջնորդութեան համար: Այդ օրերին Միւռոնին քահանայ ձեռնադրեցին, որպէսզի նա հոգ տանի Աստուծոյ ժողովրդի համար, եւ նա, լցուած Սուրբ Հոգով, սկսեց զօրացնել ու քաջալերել բոլորին, որպէսզի հաստատուն մնան ի Քրիստոս եւ յօժարութեամբ ու սիրով մեռնեն Նրա սիրոյ համար, եւ արդիւնքում շատերն առիթ ունեցան վկայական պսակներ ստանալ:

 

Երբ դադարեցին հալածանքները, նահատակուած վկաների փոխարեն սկսեցին եպիսկոպոսներ ձեռնադրել: Կրետէի ամբողջ բնակիչների միաբան կամքով երանելի Միւռոնը եպիսկոպոս ձեռնադրուեց՝ ծառայելու ինչպէս կարծւում է հայրենի Ռաւկիա քաղաքում, սակայն նրա օծման կարգը կատարուեց Կնոսսոնում: Այնուհետեւ առաւել լցուելով սքանչելի շնորհներով եւ աստուածային իմաստութեամբ՝ նա առաջնորդեց իր հօտը կարգաւորութեամբ ու աստուածպաշտութեան ճանապարհով:

 

Կար մի վիշապ, որը խիստ վնասակար էր Կրետէ կղզու բնակիչների համար, որից՝ իբրեւ աներեւոյթ վիշապից, բոլորը սարսում էին եւ ասում, թէ դեւը հէնց ինքն է բնակւում նրա մէջ: Պատահեց, որ մի անգամ սուրբ Միւռոնն անցաւ նրա մօտով: Այնժամ սուրբի երեսից գազանն սկսեց սարսափել եւ սաստիկ տանջանք պատճառող նշաններ ցոյց տալ: Երանելին ամենայաղթ սուրբ Խաչի նշանով կնքեց նրա վրայ եւ ասաց. «Հեռացի՛ր, չքուի՛ր այդտեղից եւ այլեւս չհամարձակուես երեւալ, առաւել եւս վնասել որեւէ մէկին»: Նա սողալով գնաց ու յանկարծակի աներեւոյթ եղաւ, եւ ըստ ոմանց, որոնք գտնւում էին այդտեղ, որպէս դիւային ծուխ՝ ցնդեց օդում:

 

Մի կիրակի օր սուրբ Միւռոն հայրապետը երիվարով գնում էր Կնոսսոն քաղաքում բնակուող եղբայրների մօտ՝ իւրայինների հետ մասնակցելու օրուայ հանդիսաւոր պաշտամունքին: Երբ նա հասաւ Տրիտոն կոչուող գետին, տեսաւ, որ գետի վարարած ջրերը հոսում են աղմկելով եւ դուրս են եկել գետի ափերից: Նա կանգ առաւ, աղօթեց, կնքեց գետը սուրբ Խաչի նշանով եւ մտրակեց իր ձիուն: Եւ ահա, երբ մտաւ գետի մէջ, ջուրը կապուեց, սքանչելապէս կանգ առաւ իր սովորական ընթացքից եւ ճանապարհ տուեց սուրբին ու նրա ուղեկիցներին: Եւ նրանք՝ չիմանալով, թէ ինչ եղաւ գետն իրենց անցնելուց յետոյ, շարունակեցին իրենց ճանապարհը: Այդ գիշեր երանելի Միւռոնը երազում տեսաւ մէկին, որի ձեռքերը կապուած էին մէջքին: Նա խնդրում էր ազատել իրեն: Եւ երբ սուրբն արթնացաւ, յիշեց, որ արգելել էր գետին հոսել: Այնժամ իր երկու սարկաւագներին մի գաւազան տուեց եւ ուղարկեց նրանց, որպէսզի դրանով հարուածեն գետին ու ասեն. «Արձակուա՛ծ ես, ո՛վ գետ, շարունակի՛ր քո ընթացքը խաղաղութեամբ՝ առանց վնասելու որեւէ մէկին»: Եւ եղաւ այնպէս, ինչպէս որ հրամայեց Աստուծոյ մարդը:

 

Սուրբ Միւռոնը հասաւ խոր ծերութեան: Մօտ հարիւր տարի նա ապրեց բարի վարքով եւ սքանչելի գործերով: Պաշտամունքներով եւ պայծառ տօնախմբութիւններով նա միշտ կատարում էր սուրբ մարտիրոսների յիշատակը, որոնք վկայեցին իր ժամանակներում եւ իրենից առաջ, քարոզում էր նրանց նահատակութեան պատմութիւնները եւ դրանք ընթերցել տալիս ի լուր ժողովրդի: Բոլորին բորբոքում էր վկայութեան հանդէպ նախանձախնդրութեամբ եւ աղօթում ամենքի համար մաս ու բաժին ունենալ բոլոր սուրբերի հետ:

 

Եւ երբ մահիճ ընկաւ, կտակով պատուիրեց իրեն պատկանող ամբողջ գոյքը բաշխել աղքատներին: Ապա խաղաղութեամբ ողջոյն տուեց մերձաւորներին եւ ասաց. «Ահաւասիկ սիրով շտապում եմ հասնել սուրբ մարտիրոսներին: Պատուիրում եմ, որ անխափան կատարէք բոլոր սուրբերի յիշատակը եւ նրանց նահատակութեան օրը ընթերցէք մարտիրոսների պատմութիւնները, որովհետեւ բոլոր սուրբերն իրենց տօնի օրն առաւել համարձակութիւն ունեն բարեխօսել Աստծուն իրենց տօնը նշողների համար»: Այս ասելով՝ բարձրացրեց աչքերն ու ձեռքերը եւ ուրախութեամբ իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Նա ննջեց Գ դարի վերջին եւ պատուով թաղուեց Կրետէ կղզում: Նրա գերեզմանի մօտ մեծամեծ հրաշքներ եւ սքանչելիքներ էին կատարւում սքանչելարար Տիրոջ կողմից, Որին փառք յաւիտեանս. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Կրետէի սուրբ Միւռոն սքանչելագործ եպիսկոպոսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սուրբ Գրիգոր հրաշագործ հայրապետի եւ սքանչելագործ սուրբ սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի հետ: