Զարիական մահ սրբոց Քոց Քրիստոս՝ ընդ երկնային զօրսն այսօր երգակցեալ տօնեմք.
Որք հանդիսացան ընդդէմ բռնութեան թշնամւոյն:
Անմարմինք ի մարմնի ցուցան՝ գեր ի վերոյ սրոյ եւ հրոյ տանջանաց.
Զպատուական մահս իւրեանց ընծայեցին Քեզ Քրիստոս բանաւոր զենմունք:
Նահատակեալք ճգնութեամբ ի փորձ զանազան տանջանաց՝
Համբերութեամբ վանեալ զթշնամւոյն պատերազմ. փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:
(Շարակնոց)
Արծրունեաց տոհմի Սահակ եւ Համազասպ փառաւոր մեր իշխաններն ու պատուական նախարարները, որ հարազատ եղբայրներ էին, Գագիկ Արծրունու որդու՝ Վահանի որդիներն էին: Նրանք ապրել են ութերորդ դարում՝ Եսայի կաթողիկոսի, Կոստանդին կայսեր եւ Մուսէի ու նրա եղբօր՝ Հարունի ամիրապետութեան օրօք եւ իրենց եղբայր Մեհրուժանի հետ տիրում էին Վասպուրական աշխարհին: Այդ ժամանակաշրջանում հայոց իշխանները, նեղութիւններ կրելով եւ հարստահարուելով այլազգի ոստիկանների կողմից, վտարեցին նրանց երկրից, եւ իւրաքանչիւր նախարար նստեց իր գաւառում՝ պահելով այն թշնամիներից: Եւ քանի որ նախարարների մէջ նշանաւոր էր Համազասպ Արծրունին, նրան կարգեցին որպէս Հայոց երկրի մարզպան, իսկ եղբայրները՝ Սահակը եւ Մեհրուժանը, նրա օգնականները եղան: Այս երեք եղբայրներն էլ անուանի եւ քաջ այրեր էին պատերազմներում, իսկ հաւատքի եւ քրիստոնէական կարգի մէջ՝ աներկբայ ու անսայթաք, մանաւանդ նրանցից երկուսը՝ երանելի Համազասպն ու Սահակը, անարատութեամբ էին քայլում Տիրոջ օրէնքներով եւ պատուիրաններով:
Իսկ սկզբնաչար սատանան, նախանձելով պատուական այրերի բարի համբաւին, իր արբանեակների սրտում նրանց դէմ չարութիւն բորբոքեց: Որոշ քծնողներ ամիրապետի առջեւ չարախօսեցին նրանցից եւ ամբաստանեցին, թէ Հայոց աշխարհի ապստամբութեան պատճառն այն երեք Արծրունի եղբայրներն են: Ամիրապետ Մուսէն սաստիկ բարկացաւ այդ բանից եւ յորդորեց իր եղբօրը՝ Հարունին, որին յանձնուած էին Հայոց աշխարհի հոգսերը, վրէժխնդիր լինել նրանցից: Եւ նա անմիջապէս մեծ զօրքով Հայաստան ուղարկեց Եղիտ անունով ոստիկանին ու Խուզիմայ հազարապետին, որպէսզի ահաբեկէր բոլորին, սպառնալիքներով ու կեղծաւորաբար նուաճէր ապստամբներին եւ վրէժ առնէր Արծրունեաց իշխաններից՝ կա՛մ նրանց այլազգի դարձնելով, կա՛մ էլ սպանելով:
Գալով Հայաստան աշխարհ՝ նրանք խաղաղութեամբ նուաճեցին բոլոր իշխաններին: Հազարապետը հրաւիրակներ ուղարկեց նաեւ երեք Արծրունիների մօտ՝ սիրով եւ խաղաղութեամբ իր մօտ գալու համար: Չյայտնեցին, թէ ինչ չարիքներ էին խորհում նրանց մասին, իսկ նրանք թէպէտ կասկածում էին նրանց խարդախութեանը, սակայն առանց խղճմտանքի ելան ու աներկիւղ համարձակութեամբ գնացին եկած հրաւիրակների յետեւից՝ երկրի վերակացութիւնն ու իրենց գործերը յանձնելով Դաւիթ Մամիկոնեանի ձեռքը: Երբ հազարապետը տեսաւ նրանց, սկզբում արտաքուստ ընդունեց մարդասիրութեամբ եւ ապա ինչ-ինչ պատճառաբանութեամբ գնաց Պարտաւ քաղաք՝ իր հետ տանելով պատուական Արծրունի նախարարներին: Եւ երբ տեղ հասան, նա յայտնի դարձրեց քօղարկուած չարիքները՝ առաջարկելով կա՛մ ուրանալ քրիստոնէութիւնը, կա՛մ մեռնել խոշտանգուելով, որովհետեւ այլազգիները մտածում էին, որ իրենք անվտանգ կը լինեն այս քաջ այրերից, եթէ նրանք զրկուեն կեանքից կամ ուրանան քրիստոնէութիւնը: Իսկ քաջ նախարարներն ընտրեցին մահը, քան թէ ուրացութեամբ ապրելը: Այնժամ հազարապետը հրամայեց շղթայակապ բանտարկել նրանց եւ պատգամ ուղարկեց՝ խրատելով յանձն առնել իրենց կրօնն ու այդպիսով մէջտեղից վերացնել ապստամբութեան թուացեալ խորհուրդները, սիրելի լինել ամիրապետին, հաւատարիմ լինելով արքունիքին՝ ընդունել մեծամեծ պարգեւներ եւ պատիւներ, որոնցով շքեղ եւ նշանաւոր երեւալ տաճկաց տէրութեան բոլոր կողմերում:
Բայց քանի որ քաջ նախարարներն իրենց մտքում եւ խորհուրդներում ամուր էին Սուրբ Երրորդութեան հաւատքի եւ առաքելական հաստատուն վէմի վրայ, նրանց խոստումները մանկական խաղեր ու պառաւական առասպելներ համարեցին: Նրանց մօտ ուղարկուած չարի արբանեակները՝ որպէս արձակուած նետեր, յետ էին դառնում իբրեւ ամուր պարսպից: Հազարապետը խոշտանգելու եւ կտտամահ տանջանքներով կեանքից զրկելու սպառնալիքներ էր շարունակ յղում նրանց չարաշշուկ դահիճների միջոցով, որոնք բանտ գալով՝ ահաբեկում էին գործադրել այդ սպառնալիքները եւ չարաչար մահուան դատապարտել նրանց:
Այս ահաբեկումներն անտանելի թուացին թուլամտութեամբ վարակուած Մեհրուժանին: Նա հեռացաւ եղբայրների միաբանութիւնից. նախքան տանջանքներին ենթարկուելը, ինքնակամ մերկացաւ հաւատքի հանդերձից եւ ի Քրիստոս մկրտութեան օծումից ու ձախողակի ընթացքով անյապաղ գնաց դէպի իր կործանումը՝ հազարապետի մօտ: Նա յանձն առաւ իսկոյն թլփատուել եւ այդպէս հեռացաւ ու արագ չորացաւ, ինչպէս թզենին, որը չպտղաբերեց իր տիրոջ համար: Եւ իմանալով եղբայրների ի Քրիստոս հաստատուն միտքն ու մեռնելու կամաւոր յօժարութիւնը՝ իշխանական ճոխութեամբ եկաւ-մտաւ Վասպուրական աշխարհ՝ եղբայրների փոխարէն տիրելու երկրին: Այս լսելով՝ Դաւիթ Մամիկոնեանը շտապեց ընդառաջ գնալ ուրացողին եւ պատահելով գլխատեց նրան ու Արծրունեաց տնից վերացրեց նախատինքը:
Իսկ երիցս երանելի Համազասպն ու Սահակը շնորհներով հաստատուած էին Քրիստոսի սիրոյ մէջ եւ ծարաւի հոգով սպասում էին իրենց նահատակութեանը: Երբ նրանք լսեցին իրենց եղբօր անկման մասին, մեծ ողբով, դառն արտասուքներով եւ հառաչանքներով աղաղակեցին իրենց յոյս Քրիստոսին, որ չլինի թէ զուրկ լինեն Աստուծոյ ամրածածուկ պահպանող աջի նախախնամութիւնից եւ իրենց թշուառ եղբօր պէս չբռնուեն բանսարկուի հնարքներով, այլ հաստատուն մնան Քրիստոսի հաւատքի մէջ, որով լուսաւորուելով՝ կնքուեցին Սուրբ Հոգով: Ուստի ուրախութեամբ էին տանում բանտի կապանքներն ու բոլոր խոշտանգումները եւ խնդրում էին բազումողորմ Տիրոջը պարգեւներ գտնել մարտիրոսական նահատակութեան հանդէսում:
Իսկ ամենաչարն իր արբանեակ հազարապետին նախկինից առաւել էր զինում սուրբերի դէմ սպառնալիքներով, ահաբեկելով եւ ողոքական խաբէութիւններով, որ թերեւս կործանի նրանց մահածին մոլար մտքերի պղտոր հրապոյրներում: Եւ հազարապետը հրապարակում հաւաքուած ամբոխով դէմ առ դէմ ատեան բացեց: Կանչեց նաեւ հայոց նախարարներից ոմանց, որոնց միջնորդ էր բռնել Համազասպին եւ Սահակին՝ պատրելու մոլորութեան մէջ ու նրանց յորդորելու, որ գոնէ արտաքուստ կատարեն հազարապետի կամքը, բայց իրենց սրտում պահեն Քրիստոսի հաւատը: Սակայն սուրբ վկաները մերժեցին չարի բոլոր հրապոյրները եւ չվախենալով մահից՝ ատեանի առաջ համարձակ դաւանեցին քրիստոնէական հաւատքի ճշմարտութիւնն ու յայտնապէս անարգեցին մոլորեցուցիչ կրօնները: Զինուած Քրիստոսի հաւատի խօսքերով եւ աւետարանական պատմութիւններով, ըստ կարգի, բռնաւորի առաջ աներկիւղ համարձակութեամբ համառօտ խօսեցին Հօր Բանի անսկիզբ էութեան, ժամանակի մէջ տնօրինութեան ու միասնական Երրորդութեան աստուածաբանութեան մասին եւ վկայեցին, որ իրենք անդրդուելի են այդ նոյն ճշմարտութեան մէջ: Բոլորը մեծապէս զարմացան նրանց համարձակութեան վրայ, յատկապէս երբ անարգեցին օտարոտի կրօնները եւ մոլորութեան պաշտօնեաներին, որոնք չընդունեցին Քրիստոսի տիեզերալուր հաւատքը, մարգարէների քարոզութիւնը եւ Քրիստոսի աստուածութեան ճշմարիտ վկաներին՝ սուրբ առաքեալներին: Նաեւ Տիրոջ խօսքով լռեցրին չար խրատներ տուող նախարարներին, մինչեւ որ իսպառ ամաչեցրին նրանց: Յիշեցրին նաեւ տէրունական սպառնալիքները եւ մէջբերեցին կենարար Փրկչի ասած խօսքերը, թէ «Ով որ գայթակղեցնի Ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը»[1] եւ թէ «Վա՛յ այն մարդուն, որի ձեռքը գայթակղեցնում է, լաւ կը լինէր, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»[2]:
Խիստ զայրացած բռնաւորն, իրենց առաջնորդին եւ հռչակուած օրէնսդրին արհամարհելու եւ նախատելու համար, ապուշ կտրած մտածում էր, թէ ինչ չարիք նիւթի սուրբերի դէմ: Այնուհետեւ հրամայեց անյապաղ կեանքից զրկել նրանց:
Դահիճները նրանց տարան նահատակութեան վայրը: Սուրբերը գնում էին՝ քայլելով հպարտութեամբ, ինչպէս նրանք, ովքեր հրաւիրուած են հարսանեաց առագաստին: Քայլում էին անտրտում ուրախութեամբ եւ գնում դէպի մարտիրոսութեան հանդէսը: Ճանապարհին հարազատ եւ միաբան եղբայրները յորդորում էին միմեանց աներկիւղ համարձակութեամբ մօտենալ մարտիրոսական վկայութեան վայրին ու չհոգալ աշխարհի կեանքի, կանանց եւ որդիների համար: Միմեանց ասում էին. «Յիշենք մեր յոյսի՝ Քրիստոսի գալստեան աւետիսը, Ով ասաց. "Չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ Ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք"[3]: Յիշենք Պետրոսի ասածները Փրկչի մասին եւ Փրկչի պատասխանները, թէ "Դուք, որ եկաք Իմ յետեւից, երկրորդ գալստեան ժամանակ, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին"[4]: Յիշենք Փրկչի այն յորդորը, թէ. "Եթէ մէկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ Իմ յետեւից, որովհետև ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի, եւ ով Ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն"[5]: Յիշենք նաեւ Ղովտի կնոջը, որը նայեց դէպի Սոդոմ: Մտաբերենք Փրկչի սպառնալիքներն ու խոստումները՝ ուղղուած խոստովանողներին եւ ուրացողներին: Չզլանանք գնալ Կանչողի յետեւից դէպի յաւիտենական հանգիստը ու մեզ վրայ վերցնենք քաղցր լուծը եւ թեթեւ բեռը: Վայել չէ աշխատասէր մշակին ձեռքը դնել մաճին եւ ապա յետ նայել: Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի այլ գործերով, այլ կը մարտնչի ըստ օրէնքի եւ պսակ կը ստանայ: Չզարհուրենք նրանցից, որ մարմինն են սպանում եւ աւելին չեն կարող անել: Համբերութեամբ շահենք մեր հոգիները եւ նայենք մեր հաւատի Զօրագլխին՝ սրբազնագործ Յիսուսին, Որի մէջ կայ եւ բնակւում է խաղաղութիւնը՝ ի փառս Իր աստուածութեան: Նա յանձն առաւ մեղաւորներիս համար մեռնել խաչելութեամբ, ուրեմն մենք էլ պարտաւոր ենք մեռնել Նրա համար, մանաւանդ իսկ՝ մեզ համար: Եւ եթէ Արդարը մեռաւ անարդարներիս համար, ապա պարտաւոր ենք հետեւել նրա մահուան օրինակին: Չամաչենք մեր մահուամբ վկայ լինել Նրա Աստուածութեանը, որպէսզի Քրիստոս էլ չամաչեցնի մեզ, երբ գայ Հօր փառքով եւ սուրբ հեշտակներով, ինչպէս որ գրուած է»:
Այս եւ այլ օրինակներով յորդորում էին միմեանց հաստատուն մնալ Քրիստոսի հաւատի մէջ, բարի համարել մեռնելը Նրա սիրոյ համար, քան ժամանակաւորապէս լիանալը եւ զրկուելը Սուրբ Երրորդութեան երկնաքաղաքացի լինելու պատուից: Նրանց յետեւից գնում էին բռնաւորը, հայոց նախարարները եւ քաղաքի բազմամբոխ բազմութիւնը՝ տեսնելու սուրբերի նահատակութիւնը: Թիկունքից բռնաւորն ասում էր նրանց. «Ինչո՞ւ էք զուր մեռնում: Դուք չլսեցիք իմ քաղցրահնչիւն ողոքիչ խօսքերը: Թողէ՛ք ձեր յամառութիւնը եւ ապրէ՛ք մեզ հետ»: Սուրբերն ասացին. «Մենք լսել ենք Քրիստոսի աւետաբեր եւ կենսածին վարդապետութիւնը, եւ մեր լսելիքները Նրան ենք ծառայեցրել, Որով սրբուել է բանսարկուի նախկին աղտեղութիւնը: Քա՛ւ լիցի, թէ դարձեալ լսենք կործանիչ եւ դառնաշունչ քո ձայնը, որն անդառնալիօրեն կորստեան է տանում: Քո պարգեւներն ու վայելքները թող քեզ եւ քեզ նմաններին լինեն եւ ոչ թէ մեզ, որ ճանաչել ենք ճշմարտութիւնը եւ Սուրբ Հոգուց սովորել ընտրել չարն ու բարին: Ինչ տեսակ մահով քեզ հաճելի թուայ, կատարի՛ր բանսարկուի թելադրանքով վճռուած արքունի հրամանը: Իբրեւ ոչխարներ՝ մենք պատրաստ ենք մեռնել անմահ Գառի սիրոյ համար, որ կախուեց խաչափայտից եւ վերցրեց աշխարհի մեղքերը»:
Հասան նահատակութեան վայրին: Դահիճները բռնաւորի հրամանով պատրաստում էին իրենց սրերը, իսկ սուրբերը, որոնց առանձնացրել էին ամբոխից, ծնրադրեցին եւ յորդահոս արտասուքներով աղօթեցին առ Աստուած, որ հասցնի Իր օգնականութիւնը եւ զօրացնի իրենց՝ անվեհեր մտքով մօտենալու բանաւոր պատարագի զոհաբերման վայրին: Ապա մօտեցան չարի սպասաւորները՝ սրով վերջ տալու սուրբերի կեանքին: Այնժամ աւագ եղբայրը՝ Համազասպը, ասաց երանելի Սահակին. «Եղաւ, որ ըստ մարմնի՝ դու ինձ համար կրտսեր եղբայր եղար, բայց այժմ ինձնից առաջ անդրանիկ վկայ պիտի լինես: Դու, որ մի ժամանակ փոքր էիր համարւում իմ իշխանութեան մէջ, այժմ քո մարտիրոսական վկայութեամբ պիտի նստես առաջին գահին: Երբ զուարթարար բաժակով զմայլուած ուրախանում էինք մարմնաւոր խրախճանքով, գինու առաջին գաւաթը ես էի ըմպում հրաւիրուածների մէջ, բայց այժմ առաջ դու պիտի ըմպես Քրիստոսի փրկութեան բաժակից, եւ Տիրոջ անունը նախ կը փառաւորուի քո նահատակութեամբ»: Իսկ սուրբ Սահակը, ուրախութեամբ ընդունելով մեծարանքի այդ հրաւէրը, արիաբար սրին ընդառաջ գնաց: Կնքեց իր բոլոր զգայարանները սուրբ Խաչի նշանով եւ խոնարհեցրեց պարանոցը սրի առջեւ: Եւ դահիճը, հանելով սուրը, գլխատեց երանելուն:
Այնժամ սուրբ Համազասպը, ձեռքերը դէպի երկինք տարածելով, աղօթեց՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, որ արժանացրիր մեզ մեռնել Քո սուրբ անուան համար՝ հաստատուն պահելով մեր յոյսը, որ ունենք Քո հանդէպ: Դու ուրախացրիր մեզ մեր մէջ բնակուող մխիթարիչ Սուրբ Հոգով՝ արհամարհել տալով անցաւոր փառքը, իսկ մենք մերկացանք հին մարդուց եւ հագանք նորը, որը Քո Որդու պատկերն է, Ով հրաւիրեց մեզ այդ երկնաւոր հարսանիքին: Փա՛ռք Քեզ, սուրբ եւ զուգահաւասար Երրորդութիւն, որ նախ տարար իմ եղբօրը՝ մարտնչելու եւ յաղթելու հակառակորդին, եւ ուրախացրիր ինձ Սահակի հեղուող արեան յորդահոս վտակի բաժակով, որի անունը թարգմանաբար խնդութիւն է նշանակում: Լսի՛ր իմ խնդրանքները Քո այս ծառայի արեան հեղմամբ, որը կամաւոր յանձն առաւ մեռնել Քո մեծ եւ ահաւոր փառաւորեալ անուան համար, որպէսզի կատարեալ վկայ լինի Քո ճշմարիտ աստուածութեանը: Երրորդութեան էութիւնն անբաժան է մեր խոստովանութեան մէջ, եւ երեք դէմքերի եւ մի աստուածութեան Անձերն անշթոփ են մեր վկայութեան մէջ: Այս է Քո կանխասացութեան ժամանակը, որը յայտնեցիր աշխարհի խորհրդածուներին, թէ կը գայ ժամանակ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Այժմ ընդունի՛ր, Տէ՛ր, մեր զոհաբերութեան բանաւոր պաշտամունքը՝ ի փառս Քո Որդու եւ ի պատիւ զուգափառ Սուրբ Հոգուդ: Լսի՛ր, Տէ՛ր, Քո ծառայի պաղատանքները եւ արժանացրո՛ւ խառնել իմ արիւնը եղբօրս արեան հետ, որը հեղուեց Միածնիդ սուրբ Արեան համար, որ հեղուեց մեզ համար: Թող մենք միաբանուենք վկայական այս ճգնութեամբ, եւ փառաւորուի Քո անունը մեր այս նահատակութեամբ, քանզի Քոնն է իշխանութիւնը, տէրութիւնը եւ փառքը յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Երբ սուրբը տեսաւ, որ դահիճները դանդաղում են, շարունակեց աղօթել եւ դարձեալ ձեռքերը դէպի երկինք տարածած, հառաչանքներով, վտակահոս արտասուքներով բաւական երկար աղօթեց երկրի, նրա բնակիչների եւ նրանց համար, ովքեր իրենցից յետոյ պատրաստւում էին տիրել երկրին ու ասաց. «Քրիստո՛ս, Փրկի՛չ աշխարհի, երեւալով երկրի վրայ՝ Դու Քո աշակերտների միջոցով խաղաղութիւն աւետարանեցիր: Այժմ մի՛ անտեսիր Քո ծառայի աղաչանքները, հեռացրո՛ւ թշնամիների յարձակումները եւ խաղաղեցրո՛ւ Եկեղեցին Քո անանց խաղաղութեամբ: Հայոց աշխարհի զօրավարներին եւ զօրքին շնորհի՛ր բարեյաղթութեան շնորհներ՝ ընդդէմ պատերազմողների: Երկրի բնակիչներին հանդարտեցրո՛ւ հարաւային քամիների յուզումներից, որ խռովեցնում են մեզ: Լիացրո՛ւ Քո երկրպագուներին բարեխառն եղանակներով, շահեկան անձրեւներով եւ առատաբուխ աղբիւրներով: Զօրացրո՛ւ Քո ժողովրդի տկարութիւնը Քո ամենազօր բազուկով, որովհետեւ Քոնն է կարողութիւնը, զօրութիւնը, պատիւը եւ փառքը յաւիտեանս. ամէն»:
Այս ասելով՝ երանելին ծնրադրեց եւ խոնարհեցրեց իր պարանոցը, իսկ դահիճը բռնաւորի ակնարկով մերկացրեց իր սուրը եւ կտրեց սուրբ Համազասպ վկայի գլուխը: Այսպէս պատուական նախարարները նահատակուեցին ցանկալի մահուամբ ու բարի խոստովանութեամբ բարի յիշատակ թողեցին երկրին՝ ի պարծանս Եկեղեցու եւ ի փառս Սուրբ Երրորդութեան:
Պանծալի եւ երանելի Սահակ իշխանների նահատակութիւնը եղաւ Տիրոջ 785 թուականին, Մուսէի եւ նրա աթոռակից եղբօր Հարունի ամիրապետութեան օրօք, որոնց ժամանակ մեծ հալածանքներ էին յարուցւում քրիստոնեաների դէմ: Արդ, սոյն փառաւոր վկայութեամբ Արծրունեաց եղբայրները, որոնցից Մեհրուժանը զատուեց նրանցից եւ կորստեան մատնուեց, կատարուեց Աստուծոյ մարդու՝ սուրբ Մովսէս Խորենացու մարգարէութիւնը Սահակ Արծրունուն ուղղուած թղթում, որ գրուել է երեք հարիւր տարի առաջ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Սահակ եւ սուրբ Համազասպ Արծրունի իշխաններին յիշատակում է Վարագայ սուրբ Խաչին յաջորդող հինգշաբթի օրը
[1] Մատթ. ԺԸ 6:
[2] Հմմտ Մատթ. ԺԸ 8:
[3] Մարկ. Ժ 29-30:
[4] Մատթ. ԺԹ 28:
[5] Մատթ. ԺԶ 24:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: