Առաքինասէր վարուք հաճոյացան սուրբ վկայքն.
Եւ ընտրեցան կամաւոր մահուամբն իւրեանց
Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն Երկնից:
Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.
Եւ հեղմամբ արեանն իւրեանց եղեն վկայք Քրիստոսի,
Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն Երկնից:
Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ
Պարգեւեա մեզ Քրիստոս մասն եւ բաժին
Ընդ հրաւիրեալսն ի կոչումն Արքայութեանն երկնից:
(Շարակնոց)
Քրիստոսի մեծ, փառաւորեալ եւ սքանչելագործ Դեմետրիոս վկան ապրել է Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս ինքնակալների օրօք եւ ծնուել Թեսալոնիկէում, ազնիւ ու բարեպաշտ ծնողներից: Նա քաջ, առաքինի եւ զուարթերես մի այր էր, որի մէջ դեռեւս մանկուց երեւում էին մարմնաւոր եւ հոգեւոր շնորհները: Իր առաքինութիւններով նա գերազանցում էր շատերին, կիրթ էր աստուածպաշտութեան մէջ եւ յաջողակ ամէն բանում: Առաջադէմ գտնուելով նաեւ զինուորական կարգի մէջ՝ նա ստացաւ աւագութեան բարձր աստիճան եւ Հելլադայում միառժամանակ նշանակուեց անթիպատոսի պաշտօնում՝ դառնալով Յունաստանի բդեշխի փոխարինողը:
Ժամանելով թեսալոնիկէցիների քաղաք՝ Մաքսիմիանոս Հերակլէս կայսրն սկսեց հալածանքներ յարուցել քրիստոնեաների դէմ: Քաջ Դեմետրիոսը չփախաւ քաղաքից եւ ոչ էլ թաքցրեց իր անձը: Աւելին, նա ընդդէմ հակառակորդների քաջալերում էր հաւատացեալներին եւ քարոզում ճշմարտութիւնը: Նա չէր վհատւում մահուան երկիւղից, որը տնկուած է մարդու բնութեան մէջ, այլ անտեսելով թագաւորի մեծ սպառնալիքները՝ յայտնապէս խոստովանում էր իր անձը որպէս քրիստոնեայ: Փրկչական անունը, որ մեծ համարձակութեամբ կրում էր իր մէջ, աւանդում էր բոլոր իրեն մօտեցողներին եւ մինչեւ իսկ շատերին հեթանոսութեան խաւարից դարձնում դէպի աստուածգիտութեան լոյսը: Քաջատեղեակ լինելով աստուածային Սուրբ Գրքին՝ այս երանելին բոլորին մեկնում էր ծածկուած կենդանարար խորհուրդները եւ յաճախակի վարդապետում՝ ասելով. «Անհնազանդութիւնն առաջին մարդուն մոլորեցրեց ճշմարտութիւնից, որի պատճառով մենք մահկանացու դարձանք, եւ կռապաշտութիւնն այս աշխարհ մտաւ: Այս պատճառով Բանն Աստուած, որ անճառաբար ծնուեց Հայր Աստծուց, եկաւ այս աշխարհ, մարմին առաւ, որպէս Լոյս ծագեց աշխարհին, կանգնեցրեց ընկածներին, բարձրացրեց գլորուածներին, գտաւ կորուսեալներին եւ սրբեց նրանց մեղքերի բոլոր աղտերից: Եւ ոչ միայն այս բարի գործերն արեց, այլեւ Իր խօսքն ընդունողներին ուսուցանեց սրբութիւն, արդարութիւն, հեզութիւն եւ հանդարտութիւն, սէր եւ խաղաղութիւն, սովորեցրեց արհամարհել ժամանակաւորը եւ հանդերձեալների յոյսով ընդունել մշտնջենաւոր եւ անժամանակ կեանքի առհաւատչեան»: Երանելին այս եւ նման խօսքերով մխիթարում էր իրեն մօտեցող բազմաթիւ մարդկանց, որոնք գալիս էին իր մօտ՝ լսելով իր համբաւի մասին: Տիրոջ զօրութեամբ նաեւ հրաշագործութիւններ եւ բժշկութիւններ էր անում, որի պատճառով արքունի խուզարկուները հեշտութեամբ գտան նրան ու իբրեւ թէ մեծ որս բռնած՝ տարան աստուածամարտ Մաքսիմիանոսի ատեանի առջեւ:
Իսկ թագաւորն այդ ժամանակ գտնւում էր քաղաքի մրցասպարէզում, ուր ըմբիշները պատրաստւում էին մենամարտել՝ ի տես ամբողջ ժողովրդի: Այնտեղ տախտակամած էին շինել եւ եկողների համար նստելու քարակոփ տեղ էին պատրաստել: Արդ, դահիճները Դեմետրիոսին բերեցին մրցասպարէզ եւ կանգնեցրին արքայի առաջ, իսկ թագաւորը, որը լսել էր նրա համբաւի մասին, կամեցաւ որսալ այդ նշանաւոր մարդուն եւ նրանով էլ՝ միւս քրիստոնեաներին: Այնժամ սկսեց հարցաքննել նրան, մեծամեծ խոստումներով հրապուրել իր մոլորութեան մէջ, բայց նաեւ խստօրէն սպառնաց, եթէ չհամաձայնուի պաշտել կուռքերին: Առաքինի վկան մէկ առ մէկ աներկիւղ պատասխանեց նրա բոլոր հարցումներին եւ ապա աւելացրեց. «Ինձ նեղութիւն կը լինի այնժամ, երբ քո դահիճներն ինձ անխնայ չտանջեն: Իսկ այն պատիւն ու հարստութիւնը, որը խոստանում ես տալ քեզ հնազանդուողներին, ինչպէ՞ս կարող են ամոքել ինձ, քանզի նախանձելի համարուող քո ծիրանին եւ արքայական թագը՝ բոլոր գանձերով հանդերձ, արհամարհելի են եւ ոչ առաւել փոշուց: Ես տենչում եմ մեռնել Քրիստոսի համար, որը երկնաւոր Թագաւորի անանց Արքայութեան մէջ ճշմարիտ կեանքի պատճառ կը լինի»: Մաքսիմիանոսը զարմացաւ վկայի համարձակութեան եւ իմաստութեան վրայ ու չկամեցաւ ամբոխի առաջ նրա հետ պայքարի մտնել, որպէսզի չամաչի, եւ նաեւ չխափանուի առաջիկայ հանդիսամարտը: Իբրեւ թէ ժամանակ տուեց նրան խելքի գալու համար եւ բանտարկեց հնոցի բաղնիքի մօտ, որը գտնւում էր մրցասպարէզի մօտ: Ապա պահապաններ նշանակեց բանտին, մինչեւ կ՚արձակէր հաւաքուած բազմութեանը:
Մինչ երանելին բանտում էր, նրա ոտքերի մօտ մի կարիճ երեւաց, որը պոչը բարձրացրած կամենում էր խայթել նրան: Սակայն երբ սուրբը խաչակնքուեց, կարիճն իսկոյն սատկեց՝ ի նշան աներեւոյթ գազանի դէմ նահատակի տարած յաղթութեան: Այնժամ իսկոյն երեւալով՝ Աստուծոյ հրեշտակը պսակ դրեց Դեմետրիոսի գլխին եւ ասաց. «Խաղաղութի՛ւն քեզ, Քրիստոսի՛ նահատակ, քաջալերուի՛ր եւ զօրացի՛ր, որովհետեւ շուտով պիտի ընդունես վկայական պսակը»: Նա զուարթութեամբ խօսում էր Աստուծոյ հետ եւ ծարաւ լինելով՝ ցանկանում ըմպել մարտիրոսութեան բաժակից:
Իսկ մրցասպարէզում մունետիկն աղաղակում էր եւ ասում. «Ով կամենում է թագաւորի առաջ մենամարտել հսկայ Լէոսի հետ, նրանից մեծ պարգեւներ կը ստանայ»: Այս Լէոսն անուանի ըմբիշ էր, վանդալների հեթանոս ազգից, մի յաղթանդամ եւ հսկայ մարդ, որը զարհուրեցրել էր բոլորին՝ իր անգութ բնոյթով եւ բոլոր ախոյաններին անխնայ սպանելով: Այդ պատճառով նա շատ սիրելի էր Մաքսիմիանոսին՝ իբրեւ մրցասպարէզում գօտեմարտողների գլուխ եւ անկրկնելի մարտնչող: Սակայն Տէրը, ինչպէս Դաւթին Գողիաթի դէմ, այնպէս էլ Նեստորիոս անունով մի մանուկ քրիստոնեայի, որը համարւում էր քաջ Դեմետրիոսի աշակերտներից մէկը, դուրս բերեց նրա դէմ: Նեստորիոսը, վստահ լինելով, որ պիտի Տիրոջ զօրութեամբ յաղթի հեթանոս մարդուն, շտապ եկաւ երանելի Դեմետրիոսի մօտ եւ խնդրեց աղօթել իր համար: Եւ նա, օրհնելով նրան, մարգարէացաւ, թէ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուամբ պիտի յաղթես Լէոսին եւ մարտիրոսանաս:
Արդ, Նեստորիոսը հանեց իր հանդերձները եւ իրեն ծածկելով մէկ պատմուճանով՝ նետուեց մրցասպարէզի հարթակ՝ կայսեր առաջ, եւ կանչեց Լէոսին՝ մենամարտելու իր հետ: Թագաւորը, տեսնելով Նեստորիոսի մանկահասակ տարիքը, զարմացաւ, կանչեց նրան իր մօտ եւ խրատեց՝ ասելով. «Որդեա՛կ, գիտեմ, որ դու աղքատութեան պատճառով կամենում ես ինչքեր ստանալ, սակայն դու կը զրկուես կեանքից զօրաւոր եւ յաղթանդամ Լէոսի ձեռքով: Ես խնայում եմ վայելուչ մանկութիւնդ, որ զարդարուած է գեղեցկութեամբ: Ես քեզ շատ գանձեր կը տամ, միայն թէ թո՛ղ հսկայազօր եւ յաղթող մարդու հետ մարտնչելու ցանկութիւնդ: Գնա՛ ուրախութեամբ եւ վայելի՛ր գեղեցկութիւնդ»:
Իսկ Նեստորիոսը տեղի չտուեց թագաւորի խօսքերին, այլ վստահելով Դեմետրիոսի մարգարէութեանը՝ զօրացաւ Քրիստոսով եւ պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, ես չեմ եկել այստեղ ունեցուածքի կամ այս անցաւոր կեանքը վայելելու համար, այլ որպէսզի յաղթեմ Լէոսին եւ հասնեմ լաւագոյն կեանքին»: Այս լսելով՝ թագաւորը եւ նրա շուրջը եղող մեծամեծները լցուեցին բարկութեամբ, Նեստորիոսի խօսքերը համարեցին պարծենկոտութիւն, որի համար գրգռեցին Լէոսին մենամարտել նրա հետ, չարաչար խոցոտել ու իսկոյն սպանել: Այնժամ դիմահար բախուեցին միմեանց. մանուկ Նեստորիոսը, զօրացած Սուրբ Հոգով, գոչեց եւ ասաց. «Դեմետրիոսի՛ Աստուած, ես փոքր եմ հասակով, ինչպէս Դաւիթը, սակայն օգնի՛ր, որ նշաւակեմ Լէոսին, ինչպէս Գողիաթին»: Եւ տեղնուտեղը թափ տալով Լէոսին՝ գետնեց, ու նա իսկոյն մեռաւ:
Այս տեսնելով՝ թագաւորը յոյժ բարկացաւ, յատկապէս երբ տեղեկացաւ, որ Նեստորիոսը քրիստոնեայ է: Յաղթողներին տրուող խոստումների փոխարէն նա հրամայեց գլխատել երանելի մանկանը Մինուտիանոս դահճապետի ձեռամբ, որը մենամարտողների հանդիսադիրն էր: Սակայն կատարուածից թագաւորը նաեւ խորապէս խոցուեց եւ յոյժ տրտմեց, որովհետեւ երկուսի մահն էլ իրեն ցաւ պատճառեց: Տխրադէմ վեր կացաւ եւ կամեցաւ արքունիք գնալ: Այնժամ որոշ չարախօս մարդիկ բանսարկութիւն արեցին նրա մօտ, իբրեւ թէ Դեմետրիոսն է եղել այդ ամէնի պատճառը: Եւ նա, մոլեգնած վայրի գազանի պէս, այնտեղ՝ հէնց ատեանում, հրամայեց գնալ եւ բանտում գեղարդով խոցել նրան: Այսպէս սուրբ Դեմետրիոսը ի Քրիստոս բարի խոստովանութեամբ նահատակուեց Տիրոջ մօտ 300 թուականին՝ հոկտեմբեր ամսի քսանվեցին:
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԵՒ ԿԱՏԱՐԱԾ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սուրբ Դեմետրիոսի նահատակութիւնից յետոյ նրա մարմինն ընկած էր գետնին: Աստուածավախ եւ վկայասէր մարդիկ գիշերով եկան, վերցրին, պատեցին մարմինը եւ թաղեցին Թեսալոնիկէում՝ նրա նահատակութեան վայրին մօտ գտնուող մի տանը: Մի այլ տեղում թաղեցին նաեւ Նեստորիոսի նշխարները:
Սուրբ Դեմետրիոսի Լուպոս անունով սպասաւորներից մէկը, որը ներկայ էր նրա նահատակութեանը, որքան կարող էր հաւաքեց նրա պատուական արիւնը սուրբի ուսանոցի մէջ, վերցրեց սուրբի մատին դրուած մատանին, այն օծեց նրա արեամբ ու դրանով բազմաթիւ բժշկութիւններ արեց: Այդ հրաշքների համբաւը տարածուեց Թեսալոնիկէի բոլոր քաղաքներում ու հասաւ Մաքսիմիանոսի ականջին, որի պատճառով իսկոյն բռնեցին Լուպոսին եւ բռնաւորի հրամանով սպանեցին:
Դրանից յետոյ, երբ ազատօրէն պաշտւում էր քրիստոնէութիւնը, Մակեդոնիայում եւ Թեսսաղիայում տարածուեց սուրբ Դեմետրիոսի հրաշագործութիւնների համբաւը: Լիւրիկեցիների եպարքոսը, որը Ղեւոնդիոս անունով մի պայծառափառ այր էր եւ ի Քրիստոս ջերմեռանդ հաւատք ունէր, եկաւ Թեսալոնիկէ քաղաք, որտեղ նա մահացու հիւանդութիւն ստացաւ: Տեսնելով, որ բժիշկները ոչինչ չեն կարող անել, այնժամ նա ապաւինեց սուրբ Դեմետրիոսին եւ հրամայեց տանել իրեն նրա գերեզմանի մօտ, որտեղ կատարեալ առողջութիւն ստացաւ: Ի երախտիք ստացած շնորհների՝ նա քանդել տուեց բաղնիքի եւ մրցասպարէզի միջեւ գտնուող այն փոքր եւ անձուկ տունը, որում գտնւում էր սուրբի տապանը եւ այդ տեղում սուրբ Դեմետրիոսի անունով գեղեցիկ տաճար կառուցեց: Սակայն երբ կամեցաւ մասունք վերցնել սուրբի ոսկորներից, տեսիլքով նրան արգելուեց: Այնժամ վերցրեց վկայի քղամիդը, որ ծածկուած էր սուրբի պատուական արեամբ, եւ մի մաս էլ նրա ուսանոցից, որ ուրար է կոչւում, ու վերադարձաւ Լիւրիկէ: Ձմռանը ճանապարհ ընկաւ դէպի Սիրմիոնի երկիրը եւ անցնելով մեծ գետը սուրբի առաջնորդութեամբ, որը երեւում էր իրեն տեսիլքներով, Սիրմիոնում՝ սուրբ Անաստասիայի տաճարի մօտ, ի պատիւ Դեմետրիոս վկայի՝ մէկ այլ եկեղեցի շինեց:
Այս ամէնից յետոյ Թեսալոնիկէի եպիսկոպոսները, հսկելով, որ որեւէ մէկը սուրբի նշխարներից մասունք չտանի, տարածեցին՝ թէպէտ վկայի տապանը գտնւում է այնտեղ, սակայն անյայտ է նրա ոսկորների գտնուելու վայրը: Յուստիանոս կայսրը, որը Կոստանդնուպօլսում շատ եկեղեցիներ էր կառուցել, արքունի հրովարտակներով հանդերձ՝ մարդիկ ուղարկեց Թեսալոնիկէի եպիսկոպոսների մօտ եւ մասունք խնդրեց Դեմետրիոս մեծ վկայի նշխարներից: Մինչ նրա ուղարկած արհեստաւորները եպիսկոպոսների երէցների հետ գործի կանցնէին, նրանց առջեւ՝ մարտիրոսական տապանին մօտ, սաստիկ լուսասփիւռ հուր ցոլաց: Հրի միջից ահընկեց ձայն լսուեց, որը յայտնապէս ասաց. «Այլեւս դադարէ՛ք որոնել»: Սոսկալով այս ձայնից՝ այն մարդիկ երեսնիվայր ընկան: Թագաւորին յայտնելով կատարուածի մասին՝ նրանք այնտեղից միայն հող վերցին, որի մի մասը եպիսկոպոսները դրեցին պահոցում, մի մասն էլ որպէս սրբութիւն ուղարկեցին թագաւորին:
Երբ թագաւորեց Մաւրիկոսը, որ հայկազն Մօրիկն է, նա իր բարեպաշտ եւ աստուածասէր կամքով ձեռնամուխ եղաւ որոնելու թեսալոնիկէցիների քաղաքում նահատակուած սուրբերի, առաւել եւս հրաշագործ, երանելի Դեմետրիոսի մասունքները: Ուստի մի նամակ գրեց Թեսալոնիկէի Եւսեբիոս եպիսկոպոսին, որպէսզի նա սուրբ Դեմետրիոսի նշխարներից մի մաս ուղարկի իրեն: Այնժամ Եւսեբիոսը թագաւորին պատասխանեց հետեւեալը. «Ո՛վ թագաւոր, մենք գիտենք, որ քո խնդրանքը ճշմարիտ հաւատքով է, որ ունես Քրիստոսի սուրբ վկաների հանդէպ: Բայց լսի՛ր, եւ ես քո բարեպաշտութեանը կը պատմեմ թեսալոնիկէցիների հաւատքի եւ եղած սքանչելիքների մասին: Այս քաղաքը չունի այդպիսի հաւատք եւ կամենում է տեսանելի բաներով պաշտել Աստծուն ու պատուել Նրա սուրբերին: Բայց եւ այնպէս իմանալի աչքերով հաստատուած է Աստուծոյ սիրոյ եւ Նրա սուրբերի մէջ եւ Տիրոջ հաւատքն ընդունում է սուրբերի այն վկայութիւններից, թէ Հոգի է Աստուած, եւ Նրա երկրպագուները պէտք է երկրպագեն հոգով եւ ճշմարտութեամբ: Այդ պատճառով այս քաղաքում ծածկուած սուրբերի մարմինները, որոնք փորձ արեց գտնել ձեր աստուածասէր Յուստիանոսը՝ լցուած քո նոյն բարեպաշտ նախանձախնդրութեամբ, ամբողջովին անյայտ են մարդկանց: Ինչպէս որ քո բարեպաշտութիւնը, այնպէս էլ նա իր վկայասէր կամքով նամակ գրեց այս քաղաքի նախկին եպիսկոպոսին՝ հայցելով մասն ինչ փառաւորեալ Դեմետրիոս վկայի նշխարներից, եւ եպիսկոպոսը կամեցաւ կատարել թագաւորի աստուածահաճոյ ցանկութիւնը: Մտնելով սուրբի վկայարան՝ փորեցին եկեղեցու յատակը, ուր կարծում էին, թէ սուրբ վկայի նշխարները դրուած են այնտեղ: Այդ գործը եպիսկոպոսը հրամայեց անել երկիւղած քահանաներին՝ հաստատապէս ճանաչելով նրանց արժանաւորութիւնը: Փորում էին՝ շրջապատուած այլ մարդկանցով, սաղմոսներով, օրհնութեամբ եւ վառուող մոմերով: Եւ երբ կամեցան խորացնել փորածը, յանկարծ ի ներքուստ հուր ելաւ, լցրեց փորուած տարածքը եւ շրջապատեց նրանց, սակայն չայրեց: Լսեցին մի ձայն, որն ասաց. «Այսուհետ դադարէ՛ք փորձել Քրիստոսի զօրութիւնը, որ միաւորուած է սուրբերի ոսկորներին»: Եւ նրանք, ամբողջովին լցուած ահուդողով, վերցրին փորուած հողից, ուղարկեցին թագաւորին եւ նամակով տեղեկացրին կատարուած սքանչելիքի մասին: Ո՛վ թագաւոր, այս ամէնը կատարուել է բարեպաշտ Յուստիանոսի օրօք: Մենք եւս ի բժշկութիւն ախտաժետների՝ քո աստուածսիրութեանն ենք ուղարկում նոյն օրհնութեան հողից, որ կայ այս եկեղեցու պահոցում: Այն ընդունելով՝ դու անկասկած կը լցուես այնպիսի մեծ ուրախութեամբ, որ ասես, թէ քեզ մօտ ունես ամբողջ վկային, ինչպէս վայել է քո հաւատքին: Դու փորձով կը տեսնես սքանչելիքները եւ մեզ անհնազանդ չես համարի քո աստուածասէր թագաւորութեանը»:
Առնելով եպիսկոպոսի այս գրութիւնը եւ օրհնութեան հողը՝ բարեպաշտ Մօրիկ կայսրը փառաւորեց Աստծուն, որ սքանչելի է Իր սուրբերի մէջ: Այդպէս սուրբ Դեմետրիոսի նշխարները յայտնի չդարձան, սակայն անպակաս էին նրանցով կատարուող սքանչելիքները: Նրա գերեզմանի վրայ իբրեւ տապանաքար կար մարմարէ մի սալ: Բոլոր ուխտաւորները գնում էին այնտեղ, եւ իւրաքանչիւրն, ըստ իր հաւատքի, ստանում էր իր խնդրանքը: Էլ չասենք բժշկարար եւ անուշահոտ իւղի մասին, որ բխում էր նրա տապանից:
Արդ, ախորժելի է լսել սուրբ վկայի այլ սքանչելիքների մասին:
Մարիանոս անունով մի ազնուական, որն առաջ թագաւորի պալատի սենեկապետն էր, լիւրիկեցիների եպարքոսութեան պատիւ ստանալով՝ եկաւ ու նստեց Թեսալոնիկէում: Սա նախ բարեպաշտ եւ արդար կամքով ուղղեց իշխանութեան սանձը, բայց յետոյ, յոռանալով հարստութեան մէջ եւ հեշտանալով փափուկ կեանքով, ծուլացաւ կատարել Աստուծոյ պատուիրանները ու երկար տարիներ տառապեց անդամալուծութեան անդարմանելի ախտով: Մի օր նա մտաբերեց Քրիստոսի սքանչելագործ վկայ սուրբ Դեմետրիոսին եւ մինչ մտածում էր նրա մասին, նիրհեց: Յանկարծ սուրբ վկան բարեկամի կերպարանքով երեւաց իրեն եւ հարցրեց, թէ ինչո՞ւ է այդքան ժամանակ տառապում այդ ախտով: Իսկ նա հեծեծալով պատասխանեց. «Տէ՛ր իմ, չեմ կարող պատմել այն տանջանքների մասին, որոնք կրում են իմ մարմնի անդամները, քանզի երբ մօտենում եմ տաքութեանը, այն մարմնիս սառն է թւում, իսկ երբ սառնութեանը՝ կարծում եմ, թէ այն տաք է: Անդամներս կախուած են առանց զօրութեան, եւ ես չեմ կարողանում շարժուել այնպէս, ինչպէս կամենում եմ: Միայն թւում է, թէ դրանք իմ անդամներն են, որովհետեւ անզգայ են եւ բոլորովին ուժասպառ: Արդեօք ի՞նչ ունես ինձ ասելու, ո՛վ սիրելի բարեկամ, որ հարցնում ես ինձ այդքան գթութեամբ եւ կամ ի՞նչ կը թելադրես իմ վշտագնած անձին»: Սուրբ Դեմետրիոսը պատասխանեց եւ ասաց. «Լսի՛ր ինձ, եղբա՛յր, եւ ես քեզ կասեմ արժանին, թէ ինչպէս կարող ես հասնել մեղքերի թողութեանը եւ մարմնիդ բժշկութեանը: Նախ յորդորում եմ, որ բարեմիտ լինես, անտրտունջ եւ գոհութեամբ կրես մարմնիդ ցաւերը ու անյուսութեամբ չընկղմուես տրտմութեան խորխորատներում: Եւ ապա յիշի՛ր, հրաշագործ Աստուծոյ կողմից ամէն բան նախախնամութեամբ է ներգործւում մարդկանց վրայ՝ ըստ իւրաքանչիւրի օգտի: Թէպէտ մէկն ըստ արժանւոյն նեղութիւն է կրում, սակայն Աստուծոյ մարդասիրութիւնն այն մեղքերի թողութիւն է համարում, որովհետեւ այստեղ կրելով մեղքերի պատիժը՝ հանդերձեալում նա պիտի գտնի Աստուծոյ մարդասիրութիւնը՝ ըստ Նաւում մարգարէի այն խօսքի՝ «Աստուած կրկին վրէժ չի առնում» [1]: Միայն թէ պէտք է գոհութեամբ կրի ցաւերը յօգուտ իր անձի, այլապէս տրտմութեամբ եւ տրտնջալով կրկնակի տանջանքներ կը ստանայ: Իսկ եթէ արդարն է ցաւեր կրում եւ գոհանում՝ մեծ զգուշութեամբ պահելով արդարութիւնը, ապա այստեղ բարի հատուցում է ստանում, իսկ հանդերձեալում որպէս կրակի մէջ զտուած ոսկի՝ պիտի պսակուի մեծապայծառ փառքով, ինչպէս որ երանելի Յոբը»: Վշտացեալ եպարքոսը հարցրեց սուրբին. «Ո՞վ ես դու, տէ՛ր, որ այդպէս վայելչական մխիթարութիւն ես տալիս ինձ, եւ որտե՞ղ է քո բնակութեան վայրը»: Սուրբն ասաց նրան. «Իմ բնակութեան վայրը թագաւորական Քաղաքն է: Երբ դու գաս այնտեղ, կը գտնես ինձ եւ կիմանաս իմ անունը»: Մարիանոսն արթնացաւ եւ տեսիլքը պատմեց մերձաւորներին: Նա չհասկացաւ սուրբի խօսքը թագաւորական Քաղաքի մասին եւ կարծելով, թէ նա ասաց Կոստանդնուպօլսի մասին, ողբաց եւ ասաց. «Վա՜յ ինձ՝ անդամալոյծ թշուառականիս, ես այստեղ՝ Թեսալոնիկ քաղաքում, ինչպէ՞ս կարող եմ գտնել քեզ Կոստանդնուպօլսում, ով տէ՛ր իմ եւ մերձաւո՛ր բարեկամ»: Այնժամ մտերիմներից մէկը՝ իմանալով, որ նախքան տեսիլքը նա խորհում էր Դեմետրիոս հրաշագործ վկայի մասին, ասաց Մարիանոսին. «Մի՛ վհատուիր, տէ՛ր իմ եպարքոս, ես քեզ կառնեմ ու կը տանեմ քո բարեկամի մօտ: Ինչպէ՞ս չիմացար, որ նա ինքը՝ Քրիստոսի գովելի վկայ Դեմետրիոսն է եղել, որը բնակւում է ոչ թէ երկրաւոր թագաւորական քաղաքում, այլ վերին Երուսաղէմում, որն անմահ Թագաւորի քաղաքն է: Նրա ոսկորները մեր քաղաքում են, որովհետեւ նա նահատակուել է այստեղ, բայց եւ միաժամանակ նա իր քաղաքում է: Քրիստոս կենդանի է Իր սուրբերի ոսկորների մէջ: Արդ, ե՛կ քեզ տանեմ սուրբի անուան տաճար, որտեղ դու կը վայելես նրա շնորհները»:
Այնժամ մահճով բարձրացրին նրան եւ տարան դրեցին եկեղեցու յատակին, որը վայելչօրէն շինուած էր սուրբի անունով: Մարիանոսը, տաճարում տեսնելով երանելու պատկերը, աչքերը յառեց նրա վրայ եւ թախանձելով ասաց. «Ո՛վ սուրբ, ամենասուրբ ճգնազգեա՛ց նահատակ եւ Քրիստոսի հարազա՛տ ծառայ, դու շատերին որպէս անուշահոտ պատարագ մատուցեցիր Աստծուն եւ ամէնքի հետ ինքդ բոլորանուէր ընծայուեցիր Նրան: Դու քո բազմաթիւ աշակերտների համար խոցուեցիր այն սիրով, որով Նա ամբողջ աշխարհի փրկութեան համար կամաւոր մատնեց Իր կողը՝ խոցուելու գեղարդով: Քո կենդանութեան օրօք դու բարերար եղար բոլորի հանդէպ, բայց դու առաւել եղար քո մահից յետոյ, երբ ճշմարիտ կենդանութիւն ստացար Քրիստոսով: Արդ, աղաչո՛ւմ եմ քեզ, Քրիստոսի կենդանի՛ վկայ, հեղի՛ր քո բժշկութեան շնորհները տառապեալիս վրայ եւ ամրացրո՛ւ խախտուած անդամներս: Ահաւասիկ անդամալոյծս ընկած եմ քո աւազանի մօտ եւ սպասում եմ քեզ՝ փառաւորեալ հրեշտակիդ, որպէսզի տաս ողորմութիւնդ՝ ցօղելով ինձ վրայ բժշկութեանդ կենարար ջուրը»: Պաղատելով այսպիսի խօսքերով՝ յոգնած ննջեց տաճարում: Եւ ահա երեւաց նրան Քրիստոսի փառաւոր Դեմետրիոս վկան այն նոյն կերպարանքով, ինչպէս որ երեւացել էր իրեն նախորդ տեսիլքում: Սուրբն ասաց. «Լա՛ւ լսեցիր ինձ եւ եկար այստեղ, տէ՛ր Եպարքոս, ես իսկոյն Աստուծոյ կամքով կը կատարեմ այն, ինչ խոստացայ քեզ: Բայց պիտի աւանդեմ քեզ իմ Տիրոջ պատուիրանը՝ «Ահաւասիկ առողջացար, դարձեալ մի՛ մեղանչիր, որպէսզի դարձեալ չար բան չպատահի քեզ»: Քանզի ընկած մարդկանց սովորութիւնն է՝ նեղութիւններ տեսնելիս խոստանում են հեռու մնալ մեղքերից, բայց հեշտութիւնների մէջ օտարանում են բարի գործերից՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Երբ Տէրը սպանում էր նրանց, նրանք փնտրում էին Իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն» [2] եւ դարձեալ՝ «Յակոբը կերաւ եւ յագեցաւ, հարուածեց սիրելիին, գիրացաւ, հաստացաւ, լայնացաւ, թողեց իր Տէր Արարիչ Աստծուն եւ հրաժարուեց իր Փրկիչ Աստծուց»[3]: Արդ, եթէ ստուգապէս հաստատուես ճշմարտութեան մէջ, Քրիստոսի ողորմութիւնը իմ բարեխօսութեամբ կը բժշկի քեզ»: Մարիանոսը պատասխանեց եւ ասաց. «Հաւատում եմ, տէ՛ր, ես զանց չեմ առնի քո պատուիրանները, միայն թէ թող Բարերարը քո միջոցով ողորմի ինձ, եւ բժշկուեն իմ անդամները»:
Եւ սուրբ վկան մեկնեց իր ձեռքը, շօշափեց նրա բոլոր քայքայուած անդամները եւ ասաց. «Թող Քրիստոս Աստուած՝ հոգիների եւ մարմինների ճշմարիտ Բժիշկը, Ով բարձրացնում է ընկածներին եւ կանգնեցնում գլորուածներին, բժշկի քեզ եւ քո ախտահարուած անդամները»: Արթնանալով տեսիլքից՝ Մարիանոսը ոտքի կանգնեց առողջացած անդամներով, գոհացաւ Աստծուց եւ սուրբ վկայից ու արտասուքներով ասաց. «Ո՜հ, Քրիստոսի վկա՛յ, որքա՜ն մեծ ուրախութիւն էր քո քաղցր ձայնը իմ հոգու համար: Գրեթէ մինչ այժմ այն հնչում է իմ ականջներում եւ ցնծութեամբ պարարում իմ ոսկորները»:
Այնուհետեւ Մարիանոսն սկսեց կրթել իրեն առաքինութեան բոլոր գործերով եւ բարեպաշտութեամբ զարդարել իր իշխանութիւնը: Իսկ նախանձ բանսարկուն, տեսնելով նրա գովելի առաքինութիւնները, Աստուծոյ թողտւութեամբ յարձակուեց նրա, ինչպէս Յոբի վրայ, եւ կարճ ժամանակ անց սկսեց կեղեքել եպարքոսի մարմինը: Նրա գրեթէ բոլոր անդամները փտեցին ու քայքայուեցին: Որեւէ բժիշկ չէր կարողանում օգնել նրան: Իւրայինները յուսահատուեցին, սակայն նա գոհութեամբ էր կրում այդ չարչարանքները: Այնժամ նրա ծառաներից մէկը, բանսարկուի դրդմամբ եւ Յոբի կնոջ օրինակով անօրէն եւ չար խորհուրդ թելադրեց իր տիրոջ ականջին՝ ասելով. «Այստեղ մի մարդ կայ, որը գիտի բժշկութեան հմայութիւնները: Նա մագաղաթի վրայ եբրայերէն լեզուով գրում է հրեշտակների, նաեւ արեգակների անունները, ինչպէս եւ այլ բազմախուռն անուանումներ, որոնք ոչ ոքի յայտնի չեն: Այդ մագաղաթը, որում գրուած է այդ ամէնը ներսից եւ դրսից, վերնազգեստի գրպանում է: Ով որ հագնի այն, բուժուած կը լինի բոլոր ախտերից: Արդ, վերցրո՛ւ այն, հագի՛ր ու ազատի՛ր մեզ քեզ հասած ցաւերիդ պատճառած տրտմութիւնից: Քո պատճառով ասես թէ թաղուած լինենք դժոխքի խորքում»: Համբերող այրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ մոլեգնած թելադրիչ, ինչպէ՞ս ես յանդգնում սովորեցնել մեզ ապստամբել Աստուծոյ դէմ եւ փորձելով սպանել հոգիս՝ ինձ քարշ ես տալիս դիւթողների, կախարդների եւ դեւերի մօտ: Այդպէս չէ, լաւ է այսպէս մեռնեմ, քան թէ հեռանամ ճշմարիտ Աստծուց»: Եւ այդպէս հեռացրեց նրան որպէս անզգամօրէն խօսողներից մէկը: Ապա չարչարանքներից մի փոքր հանգստացած՝ նիրհեց: Եւ ահա Քրիստոսի սուրբ վկայ Դեմետրիոսը դարձեալ երեւաց նրան ու կարեկցաբար հարցրեց, թէ ինչպէս է: Իսկ նա, սաստիկ հեծեծալով, պատասխանեց. «Ինչպէս որ տեսնում ես, տէ՛ր»: Եւ սուրբ վկան խանդաղատանքով ասաց. «Մի՛ երկնչիր, սիրելի՛ս, իմ Աստուածը՝ Տէր Յիսուս Քրիստոս, կը բժշկի քեզ»: Եւ այս ասելով՝ գնաց:
Մարիանոսն արթնացաւ, կանգնեց իր ոտքերի վրայ, ահով եւ խնդութեամբ լցուած հանեց հիւանդութեան հանդերձները, հագաւ նորը, մէջքին գօտի կապեց, նոր կօշիկներ հագաւ եւ գնաց սուրբի վկայարանը: Մօտենալով այն տեղին, ուր գտնւում էին նրա նշխարները, ընկաւ արծաթապատ տապանաձեւ պահոցի վրայ, որ կար վկայի սրբապատկերի առաջ եւ սկսեց արտասուքներով գոհանալ Աստծուց ու սուրբի բարեխօսութեամբ շնորհներ հայցել, որպէսզի անարատ պահուեն իր առաքինութիւնները բանսարկուի բոլոր հնարքներից: Տուն գալով՝ իր ամբողջ ունեցուածքը բաշխեց աղքատներին, իսկ թանկարժէք հանդերձները եւ ոսկու ու արծաթի բազում գանձեր տարաւ յանձնեց սուրբի անուան տաճարին՝ ի սպաս եկեղեցու:
ԱՅԼ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԵՒ ԿԱՏԱՐԱԾ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մօրիկ կայսեր ժամանակներում արաբացիների իշխանը Յունաց թագաւորի դէմ պատերազմելու համար իր շուրջը հաւաքեց բոլոր բարբարոս ազգերին: Սեպտեմբեր ամսուայ քսաներկուերորդ օրը, որ կիրակի էր, լուսաբացից առաջ նա անթիւ բազմութեամբ անակնկալ յարձակուեց Թեսալոնիկէի վրայ, գիշերուայ մէջ գաղտնի պաշարեց քաղաքը, եւ նրա զօրքը սողալով՝ թաքուն մօտեցաւ պարսպին: Իւրաքանչիւրն իր հետ սանդուղք էր տանում, եւ քանի որ չկային քաղաքի պահապանները, մինչեւ լոյսը բացուելը սկսեցին վեր ելնել: Երբ արդէն բարձրացել էին, նրանց քաջամարտիկները մերկացրած սուսերով կամեցան յարձակուել քաղաքի վրայ: Այնժամ սուրբ Դեմետրիոս վկան զինուորի կերպարանքով յանկարծ ընդառաջ ելաւ նրանց, գեղարդով մխրճելով՝ խոցեց նրանցից մէկին եւ գցեց պարսպի միւս կողմը: Այս տեսնելով՝ միւսները զարհուրեցին նրա տեսքից եւ ցած իջնելով՝ հեռացան: Իսկ երբ լոյսը բացուեց, եւ բարբարոսներն իմացան, որ քաղաքում զօրք չկայ, պարսպի արեւելեան կողմից մինչեւ արեւմտեան դուռը եւ ծովից մինչեւ ծով եղած ցամաք տեղերում վահանապատ պատնէշ կազմելով՝ լցուեցին պարսպի դրսի խրամատները եւ անհամար բազմութեամբ մօտեցան ներխուժելու: Քաղաքի բնակիչները, անյուսութեան մէջ ընկած, արտասուքներ էին թափում, իսկ Քրիստոսի սուրբ Դեմետրիոս վկան, զինուած ընդդէմ բարբարոսների, թոյլ չէր տալիս նրանց մուտք գործել: Նախախնամութեան այս տնօրինութիւնը տեսնում էին միայն հաւատացեալներից արժանաւորները:
Քաղաքը պաշարման մէջ մնաց սեպտեմբերի քսաներկուսից մինչեւ յաջորդ տարուայ յուլիս ամիսը: Երկրի բերքը հաւաքելու ժամանակ բարբարոսների զօրքը ցրուեց ամբողջ քաղաքով ու սպառեց քաղաքի ամբողջ ցորենը, գինին եւ մրգերը: Իսկ թեսալոնիկէցիները, որոնք պատրաստ չէին երկարատեւ պաշարմանը, ծայրաստիճան սովի մէջ ընկան: Այնժամ Աստուած կամեցաւ բոլորին ցոյց տալ, որ այդ քաղաքը փրկութիւն կը գտնի միայն Իր բարերարութեամբ եւ սուրբ վկայի բարեխօսութեամբ: Այդ քաղաքում կար մի մարդ, որը պատուական ազգից էր, յոյժ աստուածավախ եւ զարդարուած ամէն բարի գործերով: Մի օր իր տանը ննջելիս նա տեսաւ մի սքանչելի տեսիլք. իբրեւ թէ երկու լուսազգեստ մարդիկ, որպէս Աստուծոյ կողմից սուրբի մօտ ուղարկուած պատգամաւորներ, եկան մտան սուրբ Դեմետրիոսի վկայարան եւ ասացին. «Ո՛վ Դեմետրիոս, Տէր Յիսուս Քրիստոս ուղարկեց մեզ, որպէսզի թողնես այս քաղաքը եւ գաս Նրա մօտ, որովհետեւ այն պիտի յանձնուի բարբարոսների ձեռքը»: Իսկ նա, տխուր դէմքը խոնարհած, երկար ժամանակ լուռ էր եւ չէր պատասխանում: Ապա ասաց. «Ո՛չ այդպէս, իմ տէրե՛ր եւ ծառայակիցնե՛ր, ես չեմ հեռանայ այստեղից եւ չեմ լքի իմ հայրենի բնակավայրը, որովհետեւ ես այստեղ եմ նահատակուել եւ այստեղ եմ հովուել իմ հօտը: Իսկ դուք այսպէս ասացէք իմ Փրկչին եւ Աստծուն. «Ով Տէ՛ր, ինչպէ՞ս ես կորստեան մատնում այսքան ժողովրդին, որոնց գնեցիր Քո պատուական Արեամբ: Այո՛, Տէ՛ր, մի՛ հատուցիր մարդկանց ըստ իրենց մեղքերի, այլ ողորմի՛ր նրանց Քո մեծ ողորմութեամբ, որովհետեւ Քո ցասումը ոչ թէ կորստեան է տանում, այլ դարձի եւ ապաշխարութեան: Եւ թէպէտ խրատում ես, Տէ՛ր, քաղցրութեամբ արա եւ ոչ բարկութեամբ»»: Մարդասիրութեամբ եւ գթութեամբ ասուած վկայի այս խօսքերից յետոյ պատգամաւոր այրերը ողջոյն տուեցին նրան եւ գնացին այնտեղ, որտեղից եկել էին: Երկիւղած այրն արթնացաւ քնից եւ իսկոյն ելաւ պարսպի վրայ: Նա շրջում էր եւ քաջալերում մարդկանց: «Եղբայրնե՛ր, մի՛ վախեցէք, - ասում էր, - Քրիստոսի սուրբ վկայ Դեմետրիոսը մեզ հետ է: Նա կիջեցնի բազմագութ Աստուծոյ ողորմութիւնը, որպէսզի չկործանուի այս քաղաքը մեր անօրէնութիւնների պատճառով: Միայն թէ շտապէք խոստովանել ձեր մեղքերն ու ապաշխարել, եւ Աստուծոյ քաղցր ողորմութիւնն իսկոյն կը հասնի մեզ»: Որը կատարուեց, եւ սուրբի աղօթքը հատուցուեց, քանզի բարբարոսներն իրենք իրենց հեռացան իրենց երկիրը, եւ քաղաքն ու ամբողջ գաւառը դարձեալ փայլեցին նախկին պայծառութեամբ:
Արդ, սրան կը յաւելեմ նաեւ Քրիստոսի ողորմութեան միւս սքանչելիքի մասին, որ եղաւ սուրբ վկայի տեսչութեամբ: Լուր էր տարածուել, թէ Թեսալոնիկը պաշարուած է, որի համար պարեն բերող վաճառականների նաւերն այնտեղ չէին գալիս: Այդ պատճառով քաղաքն ազատագրուելուց յետոյ դեռեւս պաշարման մէջ էր եւ նեղւում էր սովից: Եւ ահա Իտալիայից եկող շատ նաւեր, որոնք մեծաքանակ ցորեն էին տանում, ուղղւում էին դէպի Բիւզանդիոն: Այնժամ Քիով կղզու սահմանների մօտ սուրբ Դեմետրիոսը երեւաց նրանց եւ Ստեփաննոս անունով նաւապետին ու նրա ընկերոջն ասաց. «Դէպի ո՞ւր էք նաւում, եղբայրնե՛ր»: Եւ նրանք պատասխանեցին. «Բիւզանդիոն»: Ասաց նրանց. «Ո՛չ այդպէս, այլ եկէ՛ք իմ յետեւից՝ դէպի Թեսալոնիկէ, եւ այնտեղ մեծ օգուտ կունենաք»: Նաւապետն ասաց. «Մենք լսել ենք, որ այդ քաղաքն աւերուել է բարբարոսների կողմից, ինչպէ՞ս գնանք այնտեղ»: Սուրբը պատասխանեց եւ ասաց. «Ես Քրիստոսի վկայ Դեմետրիոսն եմ՝ այնտեղի քաղաքապետը, որ նահատակուեցի այստեղ: Մի՛ երկնչէ՛ք, եկէ՛ք իմ յետեւից, որովհետեւ ես ձեզ մօտ եմ ուղարկուել Աստուծոյ կողմից»: Այնժամ վկան ուղղեց առագաստը յաջողակ փչող հողմի ուղղութեամբ, եւ իսկոյն հասան Թեսալոնիկէ: Նրանցից բացի այլ ուրիշ նաւեր եկան այնտեղ, եւ ամբողջ քաղաքն ու գաւառը լցուեց պարենով: Մարդիկ փառաւորում էին Աստծուն, որ սքանչելագործեց Իր Դեմետրիոս վկայի միջոցով: Էլ չենք թւում բժշկութեան, գերութիւնից, հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից ազատուելու բազմաթիւ նշանների մասին, որոնք սուրբի բարեխօսութեամբ լինում էին բոլոր ժամանակներում՝ ի փառս Աստուծոյ, Ով հրաշքներ է գործում Իր սուրբերով:
Արդ, բարի է լսել Ճառընտիրի հետեւեալ վերջաբանութիւնը. «Եղբայրնե՛ր, մենք յարակցեցինք այս յիշատակարանը՝ ըստ սուրբի վկայաբանութեան, որպէսզի բոլոր հաւատացեալներն ընթերցեն եւ յօժարութեամբ կատարեն սուրբերի յիշատակը: Քանզի թէ՛ այս աշխարհում եւ թէ՛ հանդերձեալում նրանց միջոցով կարող ենք գտնել Աստուծոյ ողորմութիւն, ինչպէս նաեւ մեղքերի թողութիւն եւ պատուհասներից փրկութիւն: Եւ ինչպէ՞ս ենք մենք դրանք ստանում, եթէ ոչ նրանց սուրբ աղօթքներով: Մինչ նրանք այստեղ էին, իրենց մէջ կրում էին Աստուծոյ հեզութիւնն ու մարդասիրութիւնը, իսկ երբ գնացին այնտեղ, թագաւորեցին Քրիստոսի հետ, որովհետեւ այստեղ Նրա խաչակիցներն էին: Եւ ամէն բան, ինչ մեծ համարձակութեամբ հայցում են մեզ համար, ստանում են Նրանից: Ուստի եւ մենք մեծ ջանասիրութեամբ կատարենք նրանց յիշատակը, որպէսզի արժանանանք նրանց փառքին եւ նրանց հետ յարազուարճ բերկրանքով փառաւորենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին հրաշագործ սուրբ Դեմետրիոս վկայի յիշատակը տօնում է Խաչվերացի իններորդ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը Անկիւրիայի սուրբ Բասիլիսկոս քահանայի հետ:
[1] Նաւում Ա 2:
[2] Սաղմ. ՀԷ 34:
[3] Բ Օրին. ԼԲ 15:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: