ՄԵԾ ՎԱՐԴԱՆԻ ԴՍՏԵՐ՝ ՍՈՒՐԲ ՇՈՒՇԱՆԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Պարկեշտ սուրբ կանայքն եղեն սիրողք Քրիստոսի

Եւ ընկալան զանապական զպսակն:

Եղեն տաճար սրբութեան՝ Որդւոյն Աստուծոյ.

Շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:

Առաւել քան զլուսաւորս ի մէջ աստեղաց.

Փայլին ի դասս հրեշտակաց դստերք վերինն Երուսաղէմի:

Յիշատակ Քրիստոսի սրբոց վկայիցն.

Եկայք հաւատացեալք զճգնութիւնս սոցա հռչակեսցուք.

Եւ օրհնութեամբ զԱստուած փառաւորեսցուք:

(Շարակնոց)

 

 

Խոստովանող մեծ վկայուհին եւ պայծառափայլ Շուշանը կամ այլ անուամբ կարմրերանգ Վարդենին դուստրն էր հայոց սպարապետ եւ քաջ նահատակ սուրբ Վարդան Մամիկոնեանի, որը սուրբ Սահակ Պարթեւի դստեր՝ Սահականոյշի որդին էր: Սուրբ Վարդանն իր Դխտիկ անունով աստուածասէր տիկնոջից ունեցաւ երկու դուստրեր. կրտսերին կոչեց Վարդանոյշ, որը եղաւ հայոց նշանաւոր եւ բարեպաշտ նախարարի՝ Արշաւիր Արշարունու, այսինքն Կամսարականի կինը, իսկ աւագ դստերը կոչեց Վարդանուհի կամ Վարդուհի, սակայն նրա քնքշութեան եւ պայծառ գեղեցկութեան համար նրան կոչեց փաղաքշական Շուշան կամ Շուշանիկ անուամբ ու ամուսնացրեց Մծխէթի արքայի՝ վրաց մեծ բդեշխ Վազգէնի հետ:

 

Արդարեւ, այս երկու անուանումների խորհրդով երանելին իր անուշաբոյր սուրբ վարքով ծաղկեց իբրեւ վարդ եւ շուշան, որովհետեւ զարդարուած էր երկիւղածութեամբ եւ պարկեշտութեամբ, կատարեալ հաւատով ու Քրիստոսի սիրով եւ ջանասէր էր աստուածպաշտութեան ու բարեգործութեան մէջ: Սակայն նրա ամուսինը, որ արժանի էր մատնուելու անշէջ կրակին, խոցոտիչ փուշ եղաւ, քանզի սուրբ Վարդանանց նահատակութիւնից յետոյ Վազգէնը գնաց պարսից արքայ Յազկերտի դուռը, որտեղ ուրացաւ Քրիստոսին, թողեց պատանդներ եւ վերադարձաւ իր երկիրը՝ ապահով տիրելու իր թագաւորութեանը:

 

Իսկ սուրբ Շուշանը, պատուած մեծ սուգով, որեւէ կերպ չէր մխիթարւում: Ուրացութեան համար նա սկսեց խրատել եւ համարձակ կշտամբել իր ամուսնուն, սակայն երբ տեսաւ նրան իբրեւ դարբնոցի անշարժ սալ եւ գործած չարիքի մէջ ամբողջովին անզեղջ, այլեւս չկարողացաւ որեւէ կերպ հաղորդ լինել նրան ո՛չ կենցաղով եւ ո՛չ էլ համատեղ բնակուելով՝ յոյս չունենալով, որ թերեւս նա կը սթափուի ու կը զգաստանայ: Իսկ անօրէն ամուսինը մտադիր էր կնոջը եւս անաստուածութեան դարձնել ու նմանեցնել իրեն, որովհետեւ Շուշանի աստուածպաշտութիւնն իր համար յանդիմանութիւն էր: Եւ քանի որ երանելի կինը, ընտրելով մահը, քան թէ Քրիստոսից հեռանալը, քաջաբար ընդդիմանում էր Վազգէնի կամքին, ուստի վերջինս դահճի պէս միշտ կանգնած էր սրբուհու գլխավերեւում եւ բազմիցս տանջում էր նրան ծեծով, հարուածներով, քաղցած պահելով եւ անգամ բանտարկութեամբ ու կապանքներով, որը տեւեց շուրջ վեց տարի: Շուշանի մարմինը որդնալից եղաւ չար կապանքներից ու անխնայ հարուածներից, սակայն նա ամէն բան կրում էր գոհութեամբ եւ համբերում արիաբար: Տրտունջի որեւէ խօսք չելաւ նրա բերանից, այլ գիշեր թէ ցերեկ փառաբանում էր Աստծուն ու կրում այդ բոլոր վշտերը Նրա սիրոյ համար:

 

Իսկ անհաւատ եւ գազանամիտ ամուսինը, տեսնելով Շուշանի համբերութիւնը, աւելի ու աւելի էր մոլեգնում, հայհոյում էր սուրբ Վարդանին եւ Շուշանին կոչում «աշխարհակործան» մարդու դուստր: Եւ մի օր բռնաւոր Վազգէնը կատաղեց այնքան, որ յարձակուելով Շուշանի վրայ, մտրակով մահացու հարուածներ հասցրեց: Այնժամ Շուշանի մեծ տագրը՝ Վազգէնի եղբայր Ջոջիկը, ազատեց նրան եղբօր ձեռքից եւ կիսամեռ վիճակում տարաւ ու պահեց մի ապահով տեղում:

 

Եւ այդպէս իր տառապանքների եօթերորդ տարում, երբ երանելին արդէն խիստ վտանգուած էր վերջին հարուածներից, պատրաստուեց արժանի կերպով ընդունել սուրբ Խորհուրդը եւ ելնել տրտմութեան այս հովտից: Եւ միտքը երկինք՝ առ Աստուած ուղղելով, աղօթեց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր աղախնուդ հոգին»: Այդպէս իր երանելի հօր՝ սուրբ Վարդանից յետոյ, Տիրոջ 472 թուականին՝ 45 տարեկան հասակում, հանգավ ի Քրիստոս բարի խոստովանութեամբ եւ ընդունեց կատարեալ նահատակութեան պսակը:

 

Բազմաթիւ քահանաներ եւ եպիսկոպոսներ հաւաքուելով առան նրա մարմինը եւ որպէս իրենց սուրբ թագուհու՝ արժանի պատուով թաղեցին Վրաց աշխարհում:

 

Մինչ սուրբ Շուշանը ողջ էր, նա տեսնում էր, որ իր ուրացող ամուսնու երեսից Վրաստանում զօրանում են հեթանոսական անկարգութիւններն ու ոտնահարւում են եկեղեցիները եւ սուրբ սպասքները: Հնար էր փնտռում արքունական Մծխէթ քաղաքից դուրս բերել վրացիների լուսաւորիչ Նունէ կոյսի հրաշագործ սուրբ խաչը եւ ուղարկել Հայաստան՝ իր բնիկ երկիրը՝ Տարոն, որտեղ իրենց բարեպաշտութեամբ փայլում էին իր հարազատ Մամիկոնեան ազգականները: Եւ Աստուած կատարեց նրա կամքը. Տարոնի սուրբ Ղազար վանքից Անդրէաս անունով մի աբեղայ, որը Սահակ Մեծի՝ Շուշանի մեծ պապի աշակերտներից մէկն էր, եկաւ Մծխէթ քաղաք, եւ երանելի Շուշանն իր տագր Ջոջիկի օգնութեամբ սուրբ խաչը եւ այլ սուրբ նշխարներ տուեց Անդրէաս աբեղային՝ իր վանքը տանելու համար: Արդ, երբ Անդրէասը ճանապարհ ընկաւ եւ հասաւ Սպեր գաւառ, չկարողացաւ առաջ գնալ այդ ժամանակաշրջանում տիրող խռովութիւնների եւ իրարանցումների պատճառով, որի համար շուրջ մէկ տարի մնաց Սպերի լերան խորշերից մէկում: Եւ երբ լսեց Շուշանի նահատակութեան մասին, Անդրէասը տեղեկացրեց նաեւ նշանաւոր իշխան Գրիգոր Մամիկոնեանին, որը Մեծ Վարդանի՝ Հմայեակի թոռն էր: Գալով քաջ այրերի հետ՝ նա սուրբ խաչը տարաւ Կապուտան ամրոցը, եւ այնուհետեւ Հայոց աշխարհում Նունէի այդ խաչը Շուշանի խաչ կոչուեց: Այն Կապուտանից փոխադրուեց Վանանդի վանքերից մէկը, որի համար տեղի անունը սուրբ Խաչի Վանք կոչուեց: Ինչպէս գրում է Յայսմաւուրքը, ժամանակ անց խաչը փոխադրուեց Ղարս, եւ շատ յետոյ՝ Հայոց 544 (Տիրոջ 1095թ.) թուականին, Գրիգոր Վկայասէրը Բարսեղ կաթողիկոսի գործակցութեամբ այն փոխադրեց Անի, որն Անիի անկումից յետոյ իսպառ ծածկուեց ու անյայտացաւ:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Շուշանի յիշատակը տօնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեբրոնիա եւ սուրբ Մարիանէ կոյսերի հետ:

 

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՅՈՒՇԻԿՆԵՐ - ՇՈՒՇԱՆ ՎԱՐԴԵՆԻ

 

Շուշան-Վարդուհին՝ սուրբ Սահակ քահանայապետի թոռնադստրիկը եւ Մեծ Վարդանի դուստրը, որ զարդարուած եւ հռչակուած էր այս երկու պարագլուխ ծաղիկների անուններով ու շնորհներով, իր հօր կողմից Վարդուհի կամ Վարդանուհի կամ Վարդենի կոչուեց եւ քնքոյշ ու պայծառ տեսքի համար նաեւ Շուշանիկ կոչուեց, որը մնաց իր վրայ՝ իբրեւ իւրայատուկ անուն: Շուշանիկի շուքն ու շնորհն այնքան հարստութիւնը կա՛մ Մամիկոնէից տէր Մեծ Վարդանի անուանակիր զաւակն ու ժառանգը, կա՛մ Գուգարաց բդեշխի դշխուհի եւ ոչ էլ Պարթեւեան ու Մամիկոնեան ազնուազարմ սերնդից լինելը չէր, որքան իր հօրից, մօրից ու մեծ պապից ստացած դաստիարակութիւնը, իմաստութիւնը, բարեպաշտութիւնը եւ մի խօսքով շնորհներն ու օրհնութիւնները, որոնցով աշխարհի մէջ, արդարեւ, մեծ անուն եւ հիացմունք թողնելով՝ ճանաչուեց քաջ եւ աստուածանշոյլ կանանցից մէկը եւ հարկ էր, որ իր երկրաւոր տիկնութեան օրերին եւս փայլէր ու լինէր հիւսիսի աստղն ու պսակը:

 

Ամուսնու՝ Վազգէն բդեշխի բացակայութեան ժամանակ տիրաբար հսկում էր երկրին, իսկ տան մէջ գերզգօն, բարերար եւ ազնիւ մայր էր, դայեակ բոլորի համար, եկեղեցին փայլեցնող բարեզարդիչ եւ սուրբ Սահակից բարեպաշտութիւնը, հոգեսիրութիւնն ու հայրենասիրութիւնը ժառանգութիւն ստացած արժանաւոր մէկը: Իր այս յատկանիշներով նա Ցուրտաւի եկեղեցու մէջ բացի վրացերէնից կարգաւորեց եւ մտցրեց նաեւ հայերէն ժամակարգութիւնները, եւ եպիսկոպոսները, սիրով ընդունելով նրա հրամանը, հարիւրաւոր տարիներ պահեցին այս կարգը որպէս մեծ դշխուհու աւանդութիւն եւ պատուէր:

 

Ահա այսպիսին էր բդեշխուհին, որին տեսնելու համար եկէք Ցուրտաւ գնանք: Իհարկէ, այսպիսի ձիրքերի եւ արժանիքների կողքին ծիծաղելի ու անգոսնելի պիտի լինէր հիանալ նրա վսեմափայլ կերպարանքով կամ տիկնութեան թագով ու շղարշով, ոսկէ բեհէզով, ծիրանիով, գոհարեղէնով ու մարգարիտներով: Բաւական է միայն առանց մանրակրկիտ քննութեան լռութեամբ եւ հարեւանցի նայել նրան դշխոյական ապարանքում, տեսնել նրան իր հանդիսաւոր հագուստներով եւ բնական, մեղմագնաց քայլուածքով: Կարծես իրար խառնուած շնորհները, հեզութիւնը եւ վսեմութիւնը զարդարելով միաձուլուել էին նրան ու մանրաքայլ ոտքերին բարձրացրել ամէն տեսակ փառքից էլ վեր, եւ ասես թէ արքայական իր բուն գահը հաստատուած էր աստղերի ու արեւի մօտ՝ խորանի մէջ:

 

Այժմ մի վայրկեան այս Գուգարաց բդեշխուհուն տիկնաբար ոտնակոխ արած իր շեմից տեղափոխենք Ուփրէթի զնդան եւ հասկանանք, թէ ով էր այս վեհ, վսեմ, գեղեցիկ եւ բարեպաշտ զաւակամայր կինը, եւ ով էր մեր նախապէս տեսած, բայց երեք երկաթներով կապուած, մաշուած, մարած ու ծերացած կինը, որին կին ասելն անգամ դժուար է թւում: Թերեւս պարտէզում փայլող շուշանի եւ ձմռանն անասունների տրորած չոր ծաղկի միջեւ այնքան տարբերութիւն չլինի, որքան այս երկու կերպարների միջեւ, որովհետեւ նրանց միջեւ ընկած վիհն անչափելի է: Եւ սակայն ի՞նչ չի կարող անել մարդու հոգին: Այդ մեծ ու անմահ զօրութիւնը բարութեամբ կարող է բարձրանալ մինչեւ Աստուած, բայց նաեւ չարին հետեւելով՝ կարող է սատանային գործակից լինել: Ահա մեզ աննման, անմատչելի եւ անհաւանական երեւացողը կարող է լինել այս երկու հակառակ կերպով, եւ արդէն իսկ եղել է եւ մեր ուզածից ու չուզածից աւելին է եղել: Ուփրէթի շղթայուած վշտակիրը եւ Գուգարաց շնորհաշուք դշխուհին՝ Շուշանիկը, միեւնոյն անբաժանելի անձն է՝ Մեծ Վարդանի միամօր դուստրը եւ Վազգէնի կինը, Վրաց բդեշխուհին եւ աննման Շուշանիկը, նա, ով վեց տարուց աւելի այս ահեղ եւ դժնդակ վայրում շղթաների մէջ դատապարտուած է տանջանքների ու մահուան:

 

Ո՜հ զարմանք, ո՜հ սոսկում, ի՜նչ փոփոխութիւն, եւ ինչպէ՞ս կամ ինչո՞ւ, Տէ՛ր Աստուած: Մի՞թէ այդ մեծահոգի եւ բազմաշնորհ կինը, խաբուելով իր եւ բոլորիս նախամօր նման, անհնազանդ եղաւ պատուիրանին ու վռնդուեց իր դրախտանման արքունիքից: Մի՞թէ երկնային զօրութիւնների պարագլուխ արուսեակի պէս հպարտանալով՝ ուզեց ելնել Բարձրեալի Աթոռին ու զարկուելով Նրա կայծակից՝ գլորուեց-ընկաւ խաւարի եւ օտարութեան մէջ: Թէպէտ անհուն է թւում կերպարանքների փոփոխութիւնը, սակայն այդ հիւծուած դէմքի վրայ չեն երեւում ամբարտաւանութեան եւ մեղքերի հետքեր, չարութեան ստուերն անգամ շատ հեռու է հեզ եւ առաքինի տրտմութիւնից խորշոմած դէմքից: Նուաղած եւ ցամաքած աչքերից դեռեւս գթութիւն եւ ողորմութիւն է կաթում: Պապակած շուրթերի մեջ շնորհները դեռեւս ժպտում են լռիկ: Անթագ, անպսակ մերկ ճակատին անձեռակերտ մի զօրութեամբ դեռ գրուած է՝ սա դշխուհի է արժանափառ: Նեղ բանտի մէջ կայ մէկ աղօթարան, նրա վրայ՝ երկու գրքոյկ՝ աղօթամատոյց եւ սուրբ Սահակի աստուածաշօշափ մատներով գրուած մի աւետարանիկ ու նրանց միջեւ կանգնած մի խաչափայտ, որոնք վկայում են, թէ այդ պատերից բացի մարմնով բանտուած մի անձի մէջ Սուրբ Հոգի կայ: Նրա հանդարտութիւնը, սենեակի խաղաղութիւնը եւ անգամ գրեթէ որդերի մէջ զգալի անուշահոտութիւնը շատ համարձակ վկայում են, որ նա ոչ միայն պահել է Իր անուան շնորհը, այլեւ աւելացրել է: Վկայում են, որ անպարտ է այդ դատապարտեալը, անարատ է տառապեալը, սուրբ է Ուփրէթի բանտարկեալը, հրեշտակաշնորհ է Շուշանիկը, եւ անօրինակ մի երեւոյթ է մեր այստեղ տեսածը:

 

Ուրեմն ո՞վ է այն մեղաւորը, ո՞վ է այն վայրի յանցաւորը, այն ապառաժ բռնաւորը, այն մարդագազանը, որ նրան այս վիճակին հասցրեց: Նա ինքը Վազգէնն է՝ Վրաց բդեշխը, նրա կենակիցը՝ Շուշանի ամուսինը: Անշուշտ, խելագար կամ դիւահար է նա, ով այդ արել է կամ էլ պիտի համակուած լինի դժոխային ատելութեամբ, որը չարութեամբ մոլորեցնում է մարդուն խենթից ու դեւից առաւել:

 

Աւա՜ղ Շուշանիկին: Նա ծնուեց երանելի ժամանակներում՝ իր հօր Վարդանի մեծ փառքի եւ հօրապապի՝ սուրբ Սահակի աստուածպետական գահակալութեան օրօք, սակայն դժուար ժամանակների դշխուհի եղաւ: Կեանքի ամենապայծառ շրջանում խաւարեց հայոց փառափայլ արեւը, վերցուեց Տրդատի ցեղի թագաւորութիւնը եւ սուրբ Գրիգորի քահանայապետութիւնը: Հայաստանը տակն ու վրայ եղաւ: Պարսիկները, ջանալով հայերին կրակապաշտ դարձնել, նորից բորբոքեցին տարիներ ի վեր լռած հալածանքը: Չկարողանալով խօսքերով եւ փաստերով համոզել անօրէն Յազկերտին՝ հայերը պատերազմով ցանկացան ընդդիմանալ զէնքի բռնութեանը: Սակայն նրանց մէջ պառակտում ընկաւ. մի մասը, կաշառուելով պարսիկների կողմից եւ ընդունելով մօգութիւնը, արգելք եղաւ պատերազմի յաջողութեանն ու ազատութեանը, իսկ Շուշանիկի հայր Վարդանը, առաջնորդելով հայրենեաց ուխտապահ մասին, փառքով եւ սրբութեամբ ընկաւ մեծ ճակատամարտում: Եւ անմիջապէս չգտնուեց մէկը, որ հոգով եւ զօրութեամբ յաջորդէր նրան: Իշխաններից եւ ցեղապետերից ոմանք փախան եւ թաքնուեցին, ոմանք էլ ջանացին զէնքով պաշտպանել իրենց ամրոցները: Շատերը խաբէութեամբ ընկան պարսիկների ձեռքը եւ բանտարկուեցին օտարութեան մէջ, սակայն դժբախտաբար ոչ քչերը, տարուած աշխարհի փառքով ու վայելքներով, քան թէ հանդերձեալ յոյսով, կամայ թէ ակամայ հնազանդուեցին մոգերին եւ կրակապաշտներին ու քրիստոնէութեան փոխարէն ընդունեցին արեւի եւ մոխրի պաշտամունքը: Իսկ ուխտապահները՝ ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք ու փափկասուն տիկնայք, խորշելով նրանցից եւ ասես վերստին կնքուելով ի Քրիստոս, ուխտեցին իսպառ համբերել, չարչարուել, տառապել եւ չուրանալ Քրիստոսի սուրբ հաւատքը եւ չմարել սուրբ Լուսաւորչի ջահը պիղծ մոխրապաշտ խանձողների դէմ:

 

Այս վերջին երկու դասերի մէջ միմեանցից տարբեր առանձին պարագլուխներ կարող են համարուել Գուգարաց բդեշխը եւ իր դշխուհին. Վազգէնը վասականման ուրացողների, աւիրողների, հայրենիքն ատողների եւ քրիստոսատեաց երկչոտ մարդկանց պարագլուխն էր, իսկ Շուշանիկը՝ Շամունէի նման մեծահաւատ, մեծահոգի, հայրենասէր, աստուածասէր եւ քաջասիրտ կանանց, որոնք «մոռացան իրենց կանացի տկարութիւնը եւ եղան առաքինի այրեր հոգեւոր պատերազմի մէջ ... Նրանք իրենց հոգիներում մխիթարւում էին յաւիտենական յոյսի աներեւոյթ զօրութեամբ եւ մարմնի նեղութիւններով կրում ծանրութեան բեռը: Ամենեւին չյիշեցին մայրական  փափկաւէտ ազատութիւնը, այլ իբրեւ այնպիսի մարդիկ, որոնք շինականի նման համբերել են նեղութիւնների եւ տանջուելով անց են կացրել իրենց կեանքը, յանձն առան համբերել վշտերին նրանցից առաւել: ... Նրանք նմանուեցին անարիւն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրութեամբ ապրում են առանց կերակրուելու եւ անմարմին հրեշտակների նման կենդանի են միայն օդ ծծելով»: Այսպիսինն էին այդ ժամանակի Հայոց աշխարհի ուխտապահ փափկասուն տիկնայք, ինչպէս նկարագրում է ականատես սուրբ պատմիչը: Արդեօք էլ ինչ պիտի ասէիր, ինչ քաղցրեղէն եւ հրեղէն գրչով պիտի գրէիր, ո՛վ չքնաղ Եղիշէ, եթէ լսէիր ու տեսնէիր այդ տիկնաց տիկնոջը, քո եւ մեր քաջ Վարդանի՝ Վարդենի դստրիկ Շուշանին, որն աւելի, քան ամէն մի կին, այդ հալածանքների մէջ սաստկապէս տանջուեց եւ հրաշափառապէս առաքինի եղաւ:

 

Անշուշտ, եթէ տիկնութեան սուրբ կենցաղավարութեանը զուգընթաց նայենք Շուշանիկին որպէս ուրացողի կնոջ եւ թերեւս ուրացող որդիների մօր, ապա նա կանգնած է կանանց սեռի վեհագոյնների առաջին դասում: Այդ բանը՝ ուրացողի կին լինելը, նրա համար դառն էր հազար մահից: Ամբողջ ընթացքում, մինչ անարժան ու դժնի ամուսինը՝ Վազգէնը, Պարսից արքունիքում էր, հալումաշ էր լինում՝ երկիւղելով սպասուելիք չարիքից եւ մտատանջուելով թէ՛ նրա եւ թէ՛ իր զաւակների՝ երեք որդիների եւ մէկ դստեր հոգու վտանգի համար: Այդ պատճառով երբ իրեն աւետիս տուին, թէ ահա տէրդ վերադարձել է Պարսկաստանից եւ ողջ առողջ կը հասնի իր աթոռին, նրա առաջին հարցը եղաւ. «Իսկ հոգով ինչպէ՞ս է, ո՞ղջ է...»: Դժուարասելի եւ առաւել եւս դժուարալուր պատասխան՝ Վազգէնը հիւանդ է եւ օրհասական, որովհետեւ մեռած է հոգով, քանզի «գնալով արքունի դուռը՝ նա իր կամքով եւ ոչ ստիպմամբ ու բռնութեամբ ուրացաւ քրիստոնէութիւնը, մտաւ պարսկական կրօնի տակ, լկտի եւ անառակ վարքով երկրպագեց կրակին՝ դաշինք կապելով սատանայի հետ: Պարսիկ թագաւորից իր համար կին խնդրեց, եւ թագաւորը, վստահելով նրան, իր կնոջ մօրը նրան կնութեան տուեց, իսկ նա յանձն առաւ առաջին կնոջը (Շուշանիկին) ու որդիներին եւս մոգութեան դարձնել»:

 

Երբ այս կայծակնաշար գոյժը հասաւ Շուշանիկին, ուշագնաց ընկաւ գետնին, եւ երբ սթափուեց, սգալով ու փոքր-ինչ սիրտն ամրացնելով՝ հաւաքեց իր զաւակներին, շտապելով տարաւ եկեղեցի, ընկաւ սուրբ Սեղանի դիմաց եւ ճակատը զարնեց գետնին: Երբեմն հառաչանքներով, երբեմն լռութեամբ անզաւակ Աննայի պէս մնաց գետնամած՝ գանգատուելով միայն Աստծուն եւ դիմանալով միայն Աստծով: Եկեղեցու սպասաւորները, որ սոսկումով ու ցաւով էին նայում նրան, օրուայ իրենց ծառայութիւնները կատարեցին առաւել ջերմեռանդ: Շուշանիկը տեղից չէր շարժւում. երեկոն իջաւ, իսկ Աստուծոյ տաճարն արդէն պիտի փակուէր: Շուշանիկը ոտքի ելաւ, սակայն չվերադարձաւ իր ապարանքը, այլ քաշուեց եկեղեցու մօտ գտնուող մի տնակի մէջ եւ ողջ գիշերն անցկացրեց Աստծուն գանգատուելով: Արքունի դրան քահանան վերջապէս համարձակուեց փոքր-ինչ մխիթարել նրան, որից յետոյ նա թեթեւ կերակրուեց եւ գիշերուայ մնացած մասն անցկացրեց աղօթքով: Սրտի այսպիսի հարուածների դէմ չկայ աղօթքից աւելի տեղին ու զօրագոյն հնար: Յաջորդ առաւօտեան, մասնակցելով եկեղեցու պաշտամունքին, արքունի քահանայի մօտ դարձեալ ողբաց իր զաւակների վտանգի համար. իր մինուճար դուստրը, որն արդէն չափահաս էր, անշուշտ շուտով մոխրապաշտի հարս պիտի լինէր, իսկ որդիները պիտի փեսայանային անպարկեշտ պարսկուհիներին:

 

Եւ այլ մխիթարութիւն չգնտելով՝ առաքինօրէն ձայնեց. «Հատա՜ւ, սպառուե՜ց ամբողջ յոյսը ոշխարհից ու մարդկանցից: Բայց ես յոյս ունեմ, որ ամենակալ Աստուած պիտի փրկի ինձ ու տայ աղաւնու թեւեր, որպէսզի թռչելով Սուրբ Հոգու թեւերով՝ հասնեմ ու դադար առնեմ անապատում, զօրանամ վերին օգնութիւնից, փոքր-ինչ սթափուեմ փոթորկուած բարկութիւնից եւ վհատութիւնից ... Ես պատրաստ եմ բանտարկուել, մատնուել կապանքների ու կտտանքների, որոնցով կեղեքում է ինձ ուրացողը, որպէսզի ապրեմ Աստուծով եւ մեռնեմ Նրա անուան համար՝ ամուր պահելով իմ հայրերի ու հայոց լուսաւորիչների դաւանութիւնը»:

 

Աղաւնու այն թեւերը, որ խնդրեց Աստծուց, իջան-հասան նրա հոգուն, եւ մինչ նրան Ուփրէթի բանտ տանելը, սրտի թեթեւութեամբ ելաւ, կանգնեց իբրեւ մեծ թագուհի: Այսպէս նստած էր վսեմութեամբ եւ վստահութեամբ, երբ եկան Վազգէնի կողմից ուղարկուած պաշտօնեաները, արքունեաց Յովհան եպիսկոպոսը եւ բդեշխի եղբայր մեծ իշխան Ջոջիկը: Մի պահ պապանձուեցին, կապուեցին, արտասուեցին եւ հազիւ կարողացան կմկմալով եւ ամաչելով տալ բդեշխի հրաւէրքը, որով նա կանչում էր տիկնոջը եւ միաժամանակ տեղեկացնում, որ ինքը ցանկանում է իր նման քրիստոսուրաց տիկին: Այնժամ Մեծ Սահակի թոռնուհին եւ Մեծ Վարդանի մեծ դուստրը, բանալով իր տիրական բերանը, սաստեց եպիսկոպոսին՝ ասելով. «Դու ճշմարտութեան քարոզիչ ես, եւ այդ պատգամաբերութիւնն անվայել է քո աստիճանին: Ինչպէ՞ս ես հրամայում միաբանուել անօրէն եւ աստուածուրաց մարդուն՝ լինելով խորհրդատու եւ մտախաբ այդպիսիններին: Աւա՜ղ իմ թշուառութեանը, որ ինձ համար յորդորիչ չգտաւ»:

 

Պատկառելով եւ սրտապնդուելով՝ եպիսկոպոսն ասաց. «Ճշմարիտ է ասածդ, բայց եթէ դու անդրդուելի մնաց, Վազգէնը կը հալածի ոչ միայն քեզ, այլեւ իր իշխանութեան տակ եղող բոլոր քրիստոնեաներին, կը քանդի եկեղեցիները եւ կուռքերի տաճարներ կը շինի: Մինչդեռ հիմա մեզ խոստանում է ամենեւին ձեռք չտալ նրանց եւ չստիպել որեւէ մէկի, եթէ համաձայնուես իր մօտ գնալ: Ես եւ տագրդ՝ Ջոջիկը, եկել ենք այստեղ ոչ թէ քեզ ուրացութեան հրաւիրելու, այլ յորդորելու, որ գաս ու կանգնես բդեշխի առաջ ու մի խօսք ասես: Քանզի Աստծուց յետոյ կայ միայն մէկը, որը կարող է փոխել նրա միտքը եւ շարժել սիրտը, եւ այդ մէկը դու ես՝ մեր տիկինը»: «Տիրել Վազգէնի սրտին ու փոխել, կարող է միայն Աստուած, - ասաց Շուշանը, - բայց եթէ անհրաժեշտ էք համարում իմ գնալը, ահա կը գնամ, բայց տառապելով եւ չարչարուելով»: Ասաց ու արիաբար ապարանք գնաց, սակայն չմտաւ իր փառազարդ սենեակները, այլ ինչպէս առանձին տնակի մէջ առանձնացած մի կողմ քաշուեց եւ երեք օր առանց քնելու ու կերակրուելու լաց եղաւ ու աղօթեց:

 

Երրորդ օրուայ երեկոյեան Վազգէնը պատրաստել տուեց տաճարի ընթրիքի մեծ սրահը: Վառեցին բոլոր ջահերը, իւրաքանչիւրը զբաղեցրեց իր տեղը, եւ թափուր էր միայն դշխուհի Շուշանի գահը: Բդեշխը Ջոջիկին պատուիրեց, որ ստիպելով բերի բդեշխուհուն: Շատ աղաչանքներից յետոյ Շուշանը մի կերպ համաձայնուեց: Իբրեւ մի նոր Յուդիթ, սակայն զինուած Տիրոջ հեզութեամբ եւ մեծագոյն վսեմութեամբ, գնաց մասնակցելու նոր Հողոփեռնէսի ընթրիքին: Յուդիթի պէս չընտրեց իր պերճագոյն զարդերը եւ ոչ էլ ցանկացաւ ցոյց տալ բոլորից առաւել իր փայլուն, բնական գեղեցկութիւնը, այլ միայն սքողուեց չափաւորապէս: Միակ ծածուկ զարդը, որ կրում էր, չքնաղ լանջապանակն էր անգին կնիքով՝ իր սուրբ մեծ հօր ձեռագիր փոքր աւետարանով: Եւ այդպէս մտաւ տաճարի սրահ: Մի պահ բոլորը զարմացան ու սարսեցին, սակայն ջանալով զսպել իրենց՝ խօսելով ու կերակրուելով քողարկեցին իրենց այլայլուած դէմքերը: Իսկ Շուշանը՝ որպէս երկնային բարիքներ ճաշակող յաւերժահարս, բազմած իր բարձր գահին՝ չխօսեց ու չկերակրուեց, այլ մնաց ոչ թէ Յուդիթի պէս իր նաժիշտների մախաղից փոխինդ ծամելով, այլ Եսթերի պէս լուռ, բայց բարձրախօս դէմքով, որը երբեմն մարում էր, երբեմն էլ՝ բոցավառւում առաւել շլացուցիչ, քան տաճարի բոլոր պայծառ ջահերը: Այդ օրը եղաւ նոր տեսակ՝ աննման ընթրիք: Վազգէնը վագրի պէս մռնչում էր սրտում, ուտում ինքն իրեն, բայց ծպտուն չէր հանում, իսկ իր դշխուհին՝ Շուշանը, դիմացը լուռ բազմած, անդադար յանդիմանութեան տեղատարափ էր թափում նրա եւ համախոհների վրայ, որի համար ջանացին չերկարացնել ընթրիքը, ու բոլորը, ինչպէս եւ Շուշանիկը, հեռացան:

 

Իսկ Վազգէնը, թունահամ պատառները դեռ չմարսած, շրթունքները կծոտելով եւ թողնելով Պարսկաստանից բերած վավաշոտ տիկնոջը, փնտռում էր Շուշանին ոչ այն օրերի պէս, երբ իր բարեյիշատակ Աշուշա բդեշխը՝ Մեծ Վարդանի մտերիմ բարեկամը, թագաւորական փառքով փեսայացրեց իրեն Մամիկոնեան օրիորդի հետ եւ ոչ էլ որպէս արեգակնափայլ առագաստ մտնող փառաւոր մի հսկայ, այլ իբրեւ մտրակաւոր անճօռնի Հերակլէս կամ մի կոպիտ գրաստավար: Եւ հաստ գաւազանով հանդիպեց հրեշտակափայլ հարսին, որին գտել էին ծառաները ու բռնութեամբ իր մօտ բերել: Փոխարէն տարաշխարհիկ պարգեւների, պարսից ծոցից բերուած զարդերի ու մարգարիտների՝ դաժան ծեծի մատնեց նրան, անխնայ քաշեց մազերից եւ պարկեշտ զգեստներից՝ հարուածելով բռունցքներով ու աքացիներ տալով: Մարդկութեան ամօ՛թ եւ զզուա՛նք: Մինչեւ իսկ վերջին ծառաներն անգամ, կարեկցելով ու ցաւ ապրելով, վազեցին Ջոջիկի մօտ, որն իսկոյն եկաւ ու ջանաց վերջ տալ այդ խայտառակ տեսարանին եւ ազատել անմեղ աղաւնուն գիշատիչ թռչունի ձեռքից, սակայն անհնար եղաւ: Գազանացած եղբայրը՝ իբրեւ անտառի փայտահատ, աքացիներ տալով հարուածներ էր հասցնում ոտքի տակ ընկած անձին: Հայհոյում էր նրան ու նրա հօրը, նրա հաւատքը եւ Աստծուն, մինչեւ որ, յոգնելով եւ չցանկանալով մէկ հարուածով ձեռքի տակ սպանել նախկին կողակցին, հրամայեց քարշ տալով տանել այնտեղ, որտեղից բերել էին:

 

Յաջորդ օրն առաւօտեան գնաց այնտեղ՝ տեսնելու նախորդ օրուայ իր թափած կարկուտի արգասիքը: Շնորհագեղ Շուշանը ջախջախուած էր, կզակը՝ ջարդուած, աչքերն՝ արնալից, սակայն ոչ ամբողջովին սրտաբեկ. նա դեռեւս ողջ էր: Վազգէնը հրամայեց, որ պահեն նրան հսկողութեամբ եւ թոյլ չտան, որ այցելեն: Հրամայեց այլ բան չտան, բացի գարէհացից ու ջրից, մինչեւ որ մեռնի ... : Իրենից յետոյ, չվախենալով բռնաւորից, եկաւ հաւատարիմ արքունի քահանան՝ կատարելու իր աստուածահրաման պարտքը: Եւ երբ ներս մտաւ ու տեսաւ տիկնոջը՝ արիւնլուայ գետնին ընկած ու ջախջախուած, մոռացաւ իր պաշտօնն ու սկսեց մանկան պէս արտասուել: Իսկ Քրիստոսի քաջ խոստովանողը մխիթարութիւն ստանալու փոխարէն ինքն սկսեց մխիթարել նրան ու ասել. «Ինձ համար լաց մի՛ եղիր, որովհետեւ առանց պայքարի եւ չարչարանքների ոչ ոք չի կարող արդարանալ Աստուծոյ առաջ, եւ Փրկչի շնորհներն էլ առանց ողորմութեան չեն թողնում բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Իր վրայ»: Ապա քահանան նրան մխիթարեց ու խնդրեց փոքր-ինչ ճաշակել, եւ ուժասպառ եղած Շուշանիկը մի կերպ կարողացաւ փոքր-ինչ կերակրուել:

 

Այսպէս անցաւ մի քանի ամիս: Վազգէնը հեռացել էր քաղաքից, սակայն լսելով երկրի վրայ թշնամու յարձակման մասին՝ նա դարձեալ վերադարձաւ եւ ապահովութեան համար որդիներին ցանկացաւ ուղարկել Վրաստանի կամ Կովկասի ամուր  եւ անվտանգ կողմերը: Սակայն Քուռ գետն անցնելիս որդիներից մէկը դիպուածով կամ դաւաճանաբար ընկաւ ու մեռաւ՝ մեծ սուգ պատճառելով ամբողջ երկրին: Միայն Շուշանն էր, որ ցաւեց որպէս մայր, սակայն ուրախ եղաւ որպէս քրիստոնեայ, որ իր որդին ժամանակաւոր մահուամբ ազատուեց յաւիտենական մահից եւ մեռաւ՝ սուրբ հաւատքը չուրացած: Իսկ հայրը՝ Վազգէնը, հեթանոսի պէս ողբում էր սաստիկ եւ անյուսօրէն: Իր իշխաններից զատ՝ իրեն մխիթարելու եկան վրաց թագաւորն ու պարսիկների կողմից նշանակուած մարզպանը: Իսկ անզգամը, խորամանկութիւն բանեցնելով, այդ ժամանակ Շուշանին հեռացրեց պալատից եւ հրամայեց, որ գնայ եպիսկոպոսի կեցավայրը, որ եկեղեցու մօտ էր: Դա մեծ ուրախութիւն էր Շուշանիկի համար եւ արդեն ամուսնուց ազատուած համարելով՝ նա փոխեց իր աշխարհիկ հագուստները, զգեստաւորուեց կրօնաւորի հանդերձներով եւ օրհնութիւն առաւ: Նուիրական կեանքով մեծ զուարթութեամբ յարատեւեց անդադար աղօթքների եւ բարեգործութեան մէջ, բոլորի համար եղաւ սիրելի, սքանչելի եւ գրեթէ պաշտելի: Այս լուրերը դիւաշունչ կատաղութեամբ բորբոքեցին Վազգէնի սիրտը: Եւ երբ մեծամեծ հիւրերը գնացին, կանչեց Շուշանին, պատուիրեց, որ թողնի այդ ձեւն ու կերպը, հնազանդուի իրեն եւ վայելի տիկնութեան պատիւը: Սակայն մեծահոգի Շուշանը բացէիբաց մերժեց անօրէնի հրաւէրքը՝ ասելով. «Այսուհետեւ մեր միջեւ որեւէ կապ չկայ, որովհետեւ դու ուրացար Քրիստոսին, իսկ ես առաւել մօտեցայ Նրան»: Այս պատգամի հետ Վազգէնին վերադարձրեց իր տիկնութեան տարբերանշանները, զարդերը եւ ինչ որ ունէր նրանից ստացած: Եւ իմանալով, որ նա պիտի մոլեգնի, վերջում աւելացրեց. «Ես պատրաստ եմ մեռնել, քան թէ ուրանալ իմ հայրերի դաւանութիւնը»:

 

Այլեւս չհամբերելով այս արդար նախատինքներին՝ անարդար ու մարդակերպ գազանը դարձեալ ձեռքն առաւ մտրակն ու գաւազանը եւ ծառաների բազմութեամբ վազեց խենթի պէս: Կայծակները պատեցին երկինքը, երբ առանց սարսափելու մտաւ եկեղեցի՝ իմանալով, որ Շուշանն այնտեղ է ու այնտեղից չի հեռանում: Չպատկառելով ո՛չ Աստծուց եւ ո՛չ էլ մարդկանցից, սկսեց սրբազան տաճարի մէջ ծեծել աղօթող տիկնոջը: Սոսկացին ու խորշեցին տեսնողները, գոյն առան ու գոյն տուին, բայց չհամարձակուեցին մի բան անել, միայն Աստուծոյ սպասաւոր քահանան համարձակուեց յանդիմանել նրան ու ասել. «Ի՞նչ սրտով եւ ի՞նչ իրաւունքով ես այդպէս չարաչար տանջում կնոջը»: Այնժամ անօրէն մոլագարը վերցրեց գաւազանը եւ սաստիկ հարուածեց նաեւ քահանային: Երկինքը դարձեալ համբերեց, իսկ ժողովուրդը, տեսնելով այս երկու սրբապիղծ յանդգնութիւնները, սկսեց լալ եւ բողոքել դէպի երկինք:

 

Վազգէնը, սոված գայլի պէս ընկած անմեղ գառների փարախի մէջ, հարուածում ու հրում էր, որին պատահում էր: Ապա իր ծառաների օգնութեամբ եկեղեցուց դուրս բերեց պատառոտուած զգեստներով եւ արիւնլուայ Շուշանին եւ քարշ տալով դարձեալ ապարանք տարաւ, որտեղ վերջին ուժերը թափելով խեղճ կնոջ վրայ եւ նախկինից առաւել ծեծելով ու զգեստները պատռելով՝ կիսամեռ թողեց, իսկ Ջոջիկն այնտեղ չէր, որ ջանար ազատել հարսին:

 

Մի քանի այսպիսի նողկալի տեսարաններից յետոյ Վազգէնը, որ հարկադրուած պիտի դուրս գար երկրից ու գնար Հոնաց երկրի կողմերը, Շուշանիկի վրայ թափեց վերջին դիւային եւ աննկարագրելի վրէժը: Անձամբ նրան Ուփրէթ բերելով եւ երկաթէ շղթաներ անցկացնել տալով ոտքերին, ձեռքերին ու պարանոցին՝ անպատմելի լրբութեամբ կնքեց դրանք իր կնիքով, որ որեւէ մէկը չհամարձակուի մօտենայ ու արձակի: Եւ այս վերջին պատիւն անելով կնոջը՝ տուեց վերջին հրաժեշտը՝ հայհոյելով նրա նախնիներին ու սուրբ հաւատքը: Այս կտտանքների մէջ երանելին իր վսեմ հոգով գոհացաւ Աստծուց եւ ասաց Վազգէնին. «Ուրախ եմ, որ Աստուծոյ սիրոյ համար ինձ արժանացրիր այս կապանքներին, որոնց շնորհիւ շուտով պիտի հասնեմ յաւիտենական ազատութեան: Բայց վա՛յ եւ եղո՛ւկ քեզ, որ սրան հակառակ կապանքներ ու հատուցում պիտի ընդունես Աստուծոյ արդար դատաստանի առաջ»: Շուշանի բերանից ելած այս արդար եւ ահաւոր դատաստանի վճիռը Վազգէնի սրտին հարուածեց այնպէս ազդու, սակայն անօգուտ, որ այս անգամ չկարողացաւ պատասխան տալ եւ հեռացաւ յուդայական յուսահատութեամբ:

 

Երբ վիշապի հետքը կորաւ, երեք օր յետոյ հաւատարիմ արքունի երեցը, որն իր ձագերը կորցրած թռչունի պէս ծառից ծառ շարունակ հետեւում էր իր խնամառուների կարիքներին, մտաւ բանտ: Այս անգամ խօսք չկար ասելու, այլ միայն պէտք էր ընկնել ու համբուրել տիկնոջ կարծր կապանքները եւ համարձակ երանի տալ նրան: Սուրբ Վարդանի առաքինի եւ աննման դուստրն ասաց. «Ես միայն մէկ երանութիւն ունեմ, այն այս երկաթէ շղթաներն են: Նրանք մաքրում են ինձ այնպիսի մարդու կողակիցը լինելու եւ նրան զաւակ ընծայելու համար: Ահա սրանք են այն բանի վկաները երկնքի ու երկրի առաջ, որ ես իմ յօժար կամքով թողեցի ամէն բան, ինչ որ աշխարհը կարող էր ինձ տալ եւ հանդերձեալի համար յանձն առայ այս տառապանքները, որոնցով յոյս ունեմ արժանանալ Աստուծոյ ողորմութեանը եւ հասնել Իր սուրբերին»:

 

Այսպէս Ուփրէթի բանտի մէջ Շուշանն ապրեց ու համբերեց երկար տարիներ: Ջոջիկի շատ աղաչանքներից յետոյ Վազգէնը մի կերպ համոզուեց հանել պարանոցի երկաթը, եւ սրբուհին կարողացաւ գլուխը փոքր-ինչ հանգստացնել մի կաշուէ բարձի վրայ, որը միշտ չէր անում, որովհետեւ սկսել էր չխնայել իր անձը: Բաւական չէին իր ցաւերն ու կապանքները, նա կրճատեց քնի տեւողութիւնը, որպէսզի աւելի ժամանակ ունենայ աղօթելու համար: Գարէհացն ու ջուրը շատ էր համարում եւ երկար օրեր անց էր կացնում ծոմապահութեամբ: Փոքր-ինչ ճաշակում էր միայն շաբաթ եւ կիրակի օրերին սուբր հաղորդութիւնից յետոյ, որն անխափան բերում էր հաւատարիմ արքունի երեցը: Ուրիշները եւս, կամաց-կամաց համարձակուելով, սկսեցին այցելել նրան՝ աղօթք, խրատ եւ օրհնութիւն, ոմանք էլ առողջութիւն ստանալու համար, եւ իւրաքանչիւրը գտնում էր իր ցանկացածը:

 

Ամենուր սկսեց տարածուել նրա սրբութեան, ճգնութեան եւ հրաշագործութեան համբաւը, որը Ճորապահակից լսեց մինչեւ իսկ Վազգէնը: Չորս տարի անց իր երկիր վերադառնալով՝ առաջին գործը եղաւ իր բանտարկեալին հարցաքննելը: Իմանալով, որ նրա մօտ մարդիկ են մտել, մահացու ծեծել տուեց պահապաններին եւ հրամայեց սրբուհուն հսկել նախկինից առաւել խիստ ու չարչարել: Բայց երկար ժամանակուայ փորձից լաւ իմանալով, որ չարչարանքներն օգուտ չունեն, Սաւուղի նման ցանկացաւ իր նպատակին հասնել կախարդութեամբ: Եւ մէկ տարի աշխատելով պառաւ վհուկի միջոցով՝ ոչինչ չկարողացաւ անել: Ամենազօրաւոր հնարքը եւ վրէժը, որը որդիներին ուրանալ տալն ու իր պէս կրակապաշտ դարձնելն էր, եւ որը, յիրաւի, կարող էր Շուշանի սիրտը վեր ու վար անել, թողեց ամէնից վերջում: Այս դառը գոյժը, որից այդքան ժամանակ սարսափում էր գորովագութ եւ բարեպաշտ մայրը, իր վեց տարուայ երկաթէ շղթաներից աւելի կտրուկ ու վերջնականապէս մաշեցրեց իր կիսամաշ կեանքը: Այսուհետեւ իր սրտի մէջ ոչինչ չունէր աշխարհի վրայ: Եւ ոչ անսպասելի ակնկալութիւն. նա, որ աւելի վշտեր ու տառապանքներ էր կրում, քան իր ընկերներից առաքինի ու համբերող կանայք, սակայն նրանց պէս թէպէտ ուշացած, բայց վերջապէս հասնող մխիթարութիւնն էլ չունեցաւ: Սրտառուչ պատմիչը արդարապէս ողբում է նրանց համար՝ ասելով. «Բազում ձմեռներից յետոյ հալուեցին սառնամանիքները, գարունը եկաւ, եկան նորեկ ծիծեռնակները, ու կենցաղասէր մարդիկ տեսան եւ ուրախացան, բայց նրանք երբէք չկարողացան տեսնել իրենց անձկալուն»: Սակայն երկար շրջապտոյտներից յետոյ վերջացան այն բազում ձմեռները, եւ երբ տասներեք տարի անց դարձեալ գարուն եկաւ, ու եկան նորեկ ծիծեռնակները, կենցաղասէր մարդկանց հետ ուրախացան նաեւ համբերող տիկնայք, որովհետեւ վերջապէս տեսան «իրենց անձկալիներին եւ նրանց երեսների ցանկալի գեղեցկութիւնը»: Սակայն, աւա՜ղ, գարունը չհասաւ միայն Շուշանին, չեկաւ ծիծեռնակը, չերեւաց անձկալին եւ ոչ էլ «գարնանային ծաղիկները յիշեցրին հաւատարիմ ամուսնուն»: Շուշանիկը վեց-եօթ տարի չտեսաւ կանաչ գետնի ծոցից ծլած մի ծաղիկ եւ ծաղիկ չտեսնելով՝ չկարողացաւ նրանց պէս ցանկալի յիշատակ արթնացնել: Իր ծաղիկը վշտերի փուշն էր, իսկ յիշողութիւնը՝ աստուածուրաց իր ամուսինը: Դարձեալ նորոգուեց նրանց տուն-տեղը, մաքրուեցին նորեկ հարսների փոշոտուած եւ ծխոտուած վարագոյրներն ու առագաստի սենեակները, նրանց առագաստներից մաքրուեցին սարդոստայնները, վեր խոյացան տաճարների բարձր գահերը, կարգի բերուեց նորածինների սպասքը, դարձեալ դալարեցին բուրաստանների ծաղիկները, գինէբերք որթերը ծաղկելով տարածեցին իրենց բուրմունքը, եւ սիրելիները հանդիպեցին միմեանց ուռենիների ու նռնենիների տակ: Սակայն գիշեր թէ ցերեկ, ամառ թէ ձմեռ Շուշանին տիրում էին միակերպ խաւարը, կսկիծը, տխրութիւնը, հալումաշ անող յիշողութիւնները, որոնց երկար աներեւոյթ թելը միայն մահը կարող էր կտրել: Եւ ահա մահուան սառը մկրատն արդէն մօտեցել էր այն մարգարտաշար, ոսկէօղ, սուրբ կեանքի կապին:

 

Չարչարանքների եօթերորդ տարում խոնարհուեց շնորհակաթ Շուշանի գլուխը: Լուսածարաւ աչքերի դիմաց ամբողջովին փակուեց այս աշխարհի վարագոյրը, եւ հանդերձեալի լոյսը հրաւիրեց նրա հոգուն:

 

Տարածուեց նրա մահաբեր հիւանդութեան լուրը: Ամէն լսող երանի էր տալիս նրան, ով կը տեսնէր այն սքանչելի նահատակին, որն ամէնքին չվիճակուեց: Վրաց եւ մերձաւոր Հայաստանի իշխաններն ու ազնուականները շտապեցին վերջին յարգանքը մատուցել ըստ իրենց՝ աշխարհի դժբախտ դշխուհուն: Ամէնքից առաջ հասաւ բարեսէր Ջոջիկն իր կնոջ հետ: Ընկաւ ու նախ երկրպագեց Շուշանիկի աղօթատեղիի վրայ դրուած խաչափայտին, ապա ընկաւ սուրբ տիկնոջ ոտքերը եւ գլուխը գետնին զարնելով՝ շատ արտասուքներ թափեց: Օրհնութիւն եւ մեղքերի թողութիւն խնդրեց եւ թնդացնելով բանտի պատերը հազար կտոր եղած սրտով ու հեկեկոցներով՝ հեռացաւ: Վրաց Մծխէթ քաղաքից եկաւ Սամուէլ եպիսկոպոսապետը, եկան նաեւ Ցուրտաւի արքունիքի Յովհան եպիսկոպոսը եւ այլ քահանաներ, որոնք շատ անգամ եկել ու մխիթարել էին սրբուհուն: Եկաւ դշխուհուն հաւատարիմ արքունի քահանան, որն իրապէս հաղորդ էր նրա մեծ եւ սուրբ սրտի խորագոյն վշտերին: Նա զովարար եւ մխիթարական բաժակների դիմաց, որոնք սուրբ աւետարանի խօսքով ընծայեց  իր տիկնոջը եւ հոգեւոր դստերը, Աստուծոյ եւ Նրա աղախնու կողմից արժանի եղաւ երկնաւոր մեծ վարձքի: Նրանց բոլորին՝ իբրեւ իր ծնողների եւ դայեակների, տիկինը սրտառուչ կերպով շնորհակալ եղաւ: Շնորհակալ եղաւ նաեւ իրեն վերջին անգամ այցելողներին՝ մեծամեծներին եւ հասարակ ժողովրդին: Աղօթեց եւ աղօթք խնդրեց, օրհնեց եւ օրհնուեց:

 

Աւարտուեցին մարդկային բոլոր օրէնքները, սակայն մնաց ժառանգութեան խնդիրը: Յայտնի է, որ սրբուհին իր խաչից եւ աւետարանից բացի կտակելու այլ բան չունէր, բայց մօտ կանգնածները եւ ժողովուրդը տեսնում էր նախանձելի եւ ցանկալի իրեր: Մէկը միւսից բարձր ձայնով ասում էր. «Սո՛ւրբ տիկին, որպէս յիշատակ՝ տո՛ւր ինձ մի կտոր քո երկաթներից, մի օղակ քո շղթաներից եւ մի մաս քո խշտեակից...»: Իսկ խոնարհ եւ հեզ սուրբը՝ արդարեւ սուրբը, մարած ձայնով պատասխանում էր. «Ես արժանի չեմ այդ խնդրանքներին, բայց թող Աստուծոյ կամքը լինի, արէ՛ք, ինչպէս կամենում էք»: Եւ տալով վերջին հրաժեշտը՝ բոլորին օրհնեց ու ասաց. «Ամենառատ Քրիստոս թող լիացնի ձեզ հոգեւոր օրհնութեամբ»: Ապա բազմութեանը հեռացնել տալով՝ երկրի վրայ ունեցած իր մէկ հատիկ բաղձանքը կտակեց եպիսկոպոսապետին ու նրա միաբանութեանը՝ սքանչելի խոնարհութեամբ այն յանձնելով նրանց կամքին ու ասելով. «Եթէ արժան կը համարէք իմ խնդրանքը, ապա մարմինս կը թաղէք այնտեղ, որտեղ տանջեցին ինձ առաջին անգամ»: Ահա սա էր Շուշանիկի միակ կտակն ու փափագը. մարմինը թողնել այնտեղ, ուր կորցրեց տիկնութիւնը, փառքը, աշխարհը եւ վայելքները, ուր Աստուծոյ սիրոյ եւ հաւատքի համար սկսուեցին հարուածները, չարչարանքներն ու վշտերը, ուր պատրաստուեցին հոգեւոր տիկնութեան մրցապայքարները: Վարդանածին դշխուհին մինչեւ իր վերջին շունչը հոգու վեհագոյն շնորհների հետ պահեց նաեւ հայրենիքի հանդէպ մեծ սէրը: Ապա ամփոփուելով ինքն իր մէջ՝ արձակեց վերջին գոհութեան ձայնն առ Աստուած, որ արժանացրեց իրեն այդ չարչարանակիր նահատակութեանը: Աղաչեց Աստծուն ընդունել իրեն իր կարօտած հայրերի եւ սուրբերի մօտ եւ խաչակնքուելով հեզաբար աւանդեց հոգին, որի նման հզօրը եւ պայծառը շատ քիչ է ճանաչուած տկար սեռի բնութեան մէջ:

 

Բարեպաշտ կանայք մեծ պատուով լուացին սրբուհու պարկեշտ եւ մաշուած մարմինը, սակայն աւելի շատ ջերմ արտասուքներով, քան թէ անուշաբոյր ջրերով: Ապա երկու եպիսկոպոսներ ու քահանաներ ամփոփեցին նրան խնկերով եւ անուշահոտ իւղերով ու ժողովրդի բազմութեան հետ Գուգարաց նոր դշխուհուն իր բարձրագոյն գահին դարձնելով՝ դրեցին Ցուրտաւի ընդհանրական եկեղեցում: Կատարեցին երեկոյեան եւ գիշերային ժամակարգութիւնները, իսկ յաջորդ օրը՝ իբրեւ սուրբերի տօնահանդէս, կատարեցին հոգեհանգստեան պատարագը: Ապա վերցնելով սրբաբոյր մարմինը՝ դրեցին իր փափագած տեղում, այնտեղ, որտեղ առաջին անգամ տանջեցին նրան եւ որտեղից սուրբը յոյս ունէր կեանքի ձմեռուայ աւարտից յետոյ բացել նոր երկրի քրիստոսանորոգ գարուն, վերաբուսնել յարութեան պայծառ ծաղկով, վերաթռչել երկնաւոր Թագաւորի առաջ եւ անբաժան գրկախառնուել իր նախափառաւորեալ հոգուն:

 

Այդ ընտրեալ եւ սրբուած վայրը բարեպաշտ անձանց համար դարձաւ ժողովատեղի՝ հայոց եւ վրաց նշանաւոր ուխտավայրերից մէկը: Հինգ հարիւր տարի անց Սեբաստիայի եպիսկոպոսը վկայում է. «Դեռեւս մնում են նրա նահատակութեան չարչարանքների տեղերը, դեռեւս կայ նրա սուրբ եւ պատուական նշխարների հանգստարանը, որին այցելում եւ խոնարհւում ենք բազմաթիւ անգամ»:

 

Եթէ դու էլ բախտ ունենաս՝ համբոյր տալու այդ սուրբ վայրերին, մի՛ մոռացիր մէկ անգամ բարձրանալ Բողնեաց գետն ի վեր եւ հազարամեայ աւերակների մէջ փնտռել Ուփրէթի բուիճաբոյն բերդի մամռապատ մնացուկները: Միտդ բեր ոչ այնքան նիւթեղէն շէնքը, որքան դրա մէջ չարի դէմ ճակատող սքանչելուհուն: Տե՛ս եւս մէկ անգամ Շուշանավարդին՝ ըստ այդ անուանումի բնութեան եւ անարատութեան: Տե՛ս նրան մէկ իր արքունի փառքի գահին, մէկ էլ երկաթէ կապանքների, որդերի մէջ՝ անլոյս, անճրագ, անմխիթար թողած: Համրի՛ր նրա՝ աղբի մէջ ընկած մարգարտի վեցամեայ վշտերի եւ ըստ պատմիչի՝ իւրաքանչիւր տարուայ, ամսուայ, շաբաթուայ, օրերի եւ ժամերի չարչարանքները: Նկատի՛ր այն մեծահոգի, ծովատարած սրտի անդադար ծփացող եւ աղէկտուր ալիքները եւ ապա դարձի՛ր ու նայի՛ր քեզ:

 

Ո՜վ տրտնջացող եւ կենցաղասէր մարդիկ, ո՜վ անհամբեր, դիւրագայթ տիկնայք, ո՜վ փոքրոգի Քրիստոսի լուծ կրողներ, որ այդչափ գանգատւում էք ձեր կեանքից ու կարիքներից, գնացէ՛ք Ուփրէթի բերդը եւ տեսէ՛ք ՇՈՒՇԱՆ-ՎԱՐԴԵՆՈՒՆ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 345:
2. Ղ. Ալիշան. “ՅՈՒՇԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ”, Վենետիկ, 1921: